Իրանի վարչական բաժանում
Իրանի վարչական բաժանում, պետության տարածքի կառավարումը երեք վարչատարածքային միավորների միջոցով։ Դրանք են՝ օսթան (պարս.՝ استان՝ նահանգ, 31 հատ), շահրեսթան (պարս.՝ شهرستان՝ գավառ, 429 հատ), բախշ (պարս.՝ بخش՝ շրջան, 1057 հատ)։ Քաղաքային (շահր, պարս.՝ شهر՝ 1245) և գյուղական համայնքները (դեհեսթան, պարս.՝ دهستان՝ 2589) կառավարման առավել փոքր միավորներ են։
Իրանի ժամանակակից տարածքը ձևավորվել է 1857 թվականի Փարիզի պայմանագրից հետո։ Միապետության ժամանակ, մինչև Իրանի իսլամական հեղափոխությունը, նահանգների ղեկավարներին՝ «օսթանդարներին» նշանակում էր շահը, 1979 թվականից սկսած՝ Ներքին Գործերի Նախարարությունը, սակայն հաստատում է երկրի նախագահը։ Տարբեր տարիներին նահանգների թիվը փոփոխվել է։ 1906 թվականի սահմանադրության ընդունումից հետո մինչև 1950 թվականը, Իրանը բաժանված է եղել 12 նահանգի՝ Արդալան, Ադրբեջան, Բելուջիստան, Ֆարս, Գիլան, Էրաքե- Աջամ, Խորասան, Խուզեսթան, Քերման, Լարեսթան, Լոռեսթան և Մազանդարան[1]։
1960 թվականին նահանգների քանակը նվազել է մինչև 10, իսկ 1970-ականներին ավելացել ևս 13-ով։ 1987 թվականին Կենտրոնական նահանգը բաժանվեց 2 փոքր հատվածի՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Ղոմի (2), Ղազվին (4) և Գոլեսթան (27) նահանգները։ 2004 թվականին Խորասանը, որը ամենամեծն էր, բաժանվել է 3 նահանգի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկն անցել է Յազդի նահանգին։
Վերոնշյալ վարչական միավորների ղեկավարման պատասխանատվությունը կրում են համապատասխանաբար Ներքին գործերի նախարարությունը, օսթանդարին (նահանգապետարանը), ֆարմանդարին (գավառապետարանը), բախշդարին (շրջանապետարանը), դեհդարին (համայնքապետարնը)։
Իրանի վարչական միավոր | Անվանումը՝ նախքան 1935թ | Վարչ. տարածքի պատասխանատուն ներկայում | Վարչ. տարածքի պատասխանատուն նախկինում |
երկիր (պետություն) | մամալեքե մահրուսե (հպատակ երկրներ) | Ներքին գործերի նախարար | շահ |
օսթան (նահանգ) | էյալեթ (նահանգ) | օսթանդար (նահանգապետ) | հաքեմ-ե էյալեթի |
շահրեսթան(գավառ) | վիլայեթ (գավառ) | ֆարմանդար և հատուկ ֆարմանդար (գավառապետ) | վալի հաքեմ |
բախշ (շրջան) | բոլուք (շրջան) | բախշդար (շրջանի ղեկավար) | նայեբոլ հոքումե |
դեհեստան (համայնք) | ղասաբե (ավան), բոլուք | դեհդար (դեհեստանի կառավարիչ) | սար-ե բոլուքբաշի |
շահր (քաղաք) | շահր (քաղաք) | շահրդար (քաղաքապետ) | բալադիյե ռաիս |
ռուսթա (գյուղ) | ղարյե (գյուղ) | դեհյար (գյուղապետ) | քեդխոդա |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներքին գործերի նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է Նախարարների խորհրդի համաձայնությամբ սահմանակից գյուղերի, բախշերի կամ շահրեսթանների կցմամբ ու միացմամբ փոփոխել օսթանների վարչատարածքային կազմը և Իսլամական խորհրդատվական խորհրդի՝ Մեջլիսի հավանությամբ նոր օսթան կազմավորել։ Նոր օսթանը պետք է ունենա առնվազն 1մլն բնակչություն։
- Օսթանի կենտրոնն է համարվում նույն օսթանի լավագույն քաղաքներից մեկը, որը նահանգի քաղաքական, տնտեսական, մշակութային, բնական ու սոցիալական կենտրոնն է հանդիսանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gwillim Law, Statoids website. «Provinces of Iran». Վերցված է 2006 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանի վարչական բաժանում (անգլ.)
|