Իրանական ճգնաժամ
Իրանական ճգնաժամ, միջազգային հակամարտություն մի կողմից ԽՍՀՄ-ի, մյուս կողմից՝ Իրանի և Արևմտյան երկրների միջև, տեղի է ունեցել 1946 թվականին և կապված էր Իրանի օկուպացված շրջաններից խորհրդային զորքերի դուրս բերման հետ։
Հակամարտության ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Իրանի տարածք մտցվեցին Մեծ Բրիտանիայի և Խորհրդային Միության միացյալ զորքերը։ Վերջինիս կողմից զբաղեցված տարածքներում, մինչ դրանց դուրս բերումը, գոյություն ունեցան Մեհաբադյան Հանրապետությունը (քրդական) և Հարավային Ադրբեջան չճանաչված պետական կազմավորումները։
Դաշնակցային զորքերի դուրս բերումը Իրանից հաստատվեց 1942 թվականի պայմանագրի համաձայն[1], ըստ որի՝ երկրները պետք է դուրս բերեին իրենց զորքերը Իրանից պատերազմի ավարտից վեց ամիսների ընթացքում։ 1946 թվականի հունվարի 1-ին Իրանից հեռացավ ամերիկյան զորքը։ Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ իր զորքերը կհեռանան մինչև մարտի 2-ը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԽՍՀՄ-ը պատրաստ կլինի մարտի 2-ից դուրս բերելու իր զորքերը «համեմատաբար հանգիստ» շրջաններից, այսինքն՝ Իրանի հյուսիսից։
Մարտի 4-ին և 5-ին խորհրդային տանկային շարասյունները շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան, ինչպես նաև՝ դեպի Թուրքիայի և Իրաքի սահման։ Սա խիստ արձագանքի արժանացավ ոչ միայն Իրանի, այլ նաև արևմտյան առաջատար մայրաքաղաքների կողմից։ Իրանի կառավարությունը մարտի 18-ին Անվտանգության Խորհրդի առջև կտրուկ հարց բարձրացրեց՝ խորհրդային զորքերի անհապաղ էվակուացիայի վերաբերյալ։ Մոսկվան փորձեց հետաձգել Անվտանգության Խորհրդի նիստը գոնե մինչև ապրիլի 1-ը։ Երբ դա չհաջողվեց, խորհրդային ներկայացուցիչ Ա. Ա. Գրոմիկոն լքեց Խորհրդի նիստը[2]։
Արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան երկրների կոշտ դիրքորոշումը, միջազգային նեգատիվ հասարակական կարծիքը հարկադրեցին Կրեմլին գնալ զիջումների։ Մարտի 24-ին Մոսկվան հայտարարեց, որ Թեհրանի հետ ձեռք է բերվել համաձայնություն, և խորհրդային զորքերը Իրանից դուրս կբերվեն 5-6 շաբաթվա ընթացքում։
Արդեն մարտի 24-ին թեհրանյան ռադիոն հաղորդեց Իրանից խորհրդային զորքերի դուրս բերման մասին։ Տեղեկատվության աղբյուրը պրեմիեր-մինիստր Քավամ աս-Սալթանեի և խորհրդային նոր դեսպան Ի. Վ. Սադչիկովի՝ այդ օրը կայացած հանդիպումն էր, որի ժամանակ իրանական կողմին հանձնվել էր խորհրդային հրամանատարության նամակ առ այն, որ գրավոր կարգադրություն է եղել զորքերի դուրս բերման նախապատրաստական աշխատանքները կես ամսվա ընթացքում, սկսած մարտի 24-ից, ավարտելու մասին։
Ձեռք բերված փոխզիջման շրջանակներում Թեհրանը խառը՝ խորհրդա-իրանական նավթային միություն ստեղծելու համաձայնություն տվեց, սակայն ոչ մի այլ հարցի շուրջ նա որևէ զիջման չգնաց։ Ինչ վերաբերում է Իրանական Ադրբեջանին, ապա Թեհրանի կողմից հայտարարվեց այս գավառի ազգային կառավարության հետ հարաբերությունները կարգավորելու ֆորմալ մտադրության մասին։
1946 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերի և տեխնիկայի էվակուացիան Իրանից լիովին ավարտվեց։
Իրանից խորհրդային զորքերի դուրս բերման հետաձգումը և դեպի Թուրքիայի սահմանը այդ զորքերի ուղարկումը սրեց դաշնակիցների միջև հարաբերությունները և դարձավ Սառը պատերազմի պատճառներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային հարաբերությունների hամակարգային պատմություն, (1918-2003) / Под ред. Богатурова А.Д.. — М.: Московский рабочий, 2003. — Т. III. — 718 с. — 2500 экз. — ISBN 5-901981-06-5