Jump to content

Թոմաս Գրեյ, Դորսեթի 1-ին մարկիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Գրե
անգլ.՝ Thomas Grey
Դորսեթի մարկիզ
 18 ապրիլ 1475 — 1483 աշուն
1485 օգոստոս — 20 սեպտեմբեր 1501
Նախորդող Ստեղծված տիտղոս
Հաջորդող Թոմաս Գրեյ
Էսթլիի բարոն
 17 փետրվար 1461 — 1483 աշուն
1485 օգոստոս — 20 սեպտեմբեր 1501
Նախորդող Ջոն Գրեյ Գրոուբիից
Հաջորդող Թոմաս Գրեյ
 
Ծննդյան օր 1451(1451)
Ծննդավայր Groby, Hinckley and Bosworth, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա
Վախճանի օր սեպտեմբերի 20, 1501(1501-09-20)
Վախճանի վայր Լոնդոն
Թաղված Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Գրեյ
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր Ջոն Գրեյ Գրոուբիից
Մայր Էլիզաբեթ Վուդվիլ
Ամուսին 1-ին կին՝ Աննա (Էնն) Հոլլանդ
2-րդ կին՝ Սեսիլիա Բոնվիլ
Զավակներ 2-րդ ամուսնությունից
որդիներ՝ Էդվարդ, Էնթոնի, Թոմաս, Ռիչարդ, Ջոն, Լեոնարդ, Ջորջ
դուստրեր՝ Սեսիլի, Բրիջեթ, Դորոթի, Էլիզաբեթ, Մարգարեթ, Էլեանոր, Մերի, Էնն
 
Պարգևներ
Կապիչի շքանշան

Թոմաս Գրեյ (անգլ.՝ Thomas Grey; 1451–1501 թվականի սեպտեմբերի 20 ) Դորսեթի 1-ին մարկիզը 1475 թվականից, Հանտինգդոնի կոմս՝ 1471—1475 թթ․, Գրոուբիից 7-րդ բարոն Ֆերրեսը՝ 1483 թվականից, Էսթլիի 8-րդ բարոնը՝ 1461 թվականից, Հարինգթոնի 7-րդ բարոնը և Բոնվիլի 2-րդ բարոնը (կնոջ իրավունքով)՝ 1474 թվականից, անգլիացի ռազմական առաջնորդ, Բաղնիքի ասպետ, Կապիչի շքանշանի ասպետ, Գրոուբիից Ջոն Գրեյի և Էլիզաբեթ Վուդվիլի ավագ որդին, Էդուարդ IV թագավորի խորթ որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմասի խորթ հայրն ու մայրը՝ Էդվարդ IV և Էլիզաբեթ Վուդվիլ

Թոմասը ծնվել է 1451 թվականին։ Նրա հայրը՝ Գրոուբիի սըր Ջոն Գրեյը, մահացավ 1461 թվականին Սենտ–Օլբանսի երկրորդ ճակատամարտում, որից հետո Թոմասը ժառանգեց Էսթլիի բարոնի տիտղոսը։ Այդ ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր և կրտսեր եղբոր՝ Ռիչարդի հետ գտնվում էր մոր և վերջինիս հոր՝ Ռիչարդ Վուդվիլի՝ Ռիվերսի 1-ին կոմսի խնամքի ներքո։ 1462 թվականին Էդուարդ IV թագավորն ամուսնացավ Թոմասի մոր հետ, ինչը նրան զգալի դիրք ապահովեց թագավորական արքունիքում։ Թագուհի դառնալուց հետո Էլիզաբեթ Վուդվիլը փորձեց ապահովել իր հարազատների դիրքը։ 1466 թվականի հոկտեմբերին նա Թոմասին ամուսնացրեց ամուսնու զարմուհու՝ էնն Հոլլանդի հետ, որը Էքսետերի դքսի դուստրն ու ժառանգորդն էր։ Սակայն, ամուսնությունը, պարզվեց անզավակ է, և Էննը մահացավ 1467 թվականի օգոստոսի 26-ից 1474 թվականի հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածում։

1471 թվականի մայիսի 4-ին Թոմասը, թագավորական բանակի կազմում, մասնակցեց Թյուքսբերիի ճակատամարտին, որն ավարտվեց լանքասթերների նկատմամբ թագավորի լիակատար հաղթանակով։ Իսկ նույն թվականի օգոստոսի 14-ին Էդուարդ թագավորը վերականգնեց Հանթինգդոնի կոմսի տիտղոսը՝ այն շնորհելով Թոմասին։ 1474 թվականի հուլիսի 18-ին Էլիզաբեթ Վուդվիլը թագավորի օգնությամբ երկրորդ անգամ ամուսնացրեց Թոմասին։ Նրա նոր կինը Սեսիլիա Բոնվիլն էր՝ 7-րդ բարոնուհի Հարինգթոնը և 2-րդ բարոնուհի Բոնվիլը։ Սեսիլիայի հայրը մահացավ 1460 թվականին Ուեյքֆիլդի ճակատամարտում, որից հետո նրա մայրը երկրորդ անգամ ամուսնացավ Էդուարդ IV թագավորի օրոք ամենաազդեցիկ բարոններից մեկի՝ Ուիլյամ Հաստինգսի հետ։ Քանի որ կանայք չէին կարող նստել խորհրդարանում, Սեսիլիի տեղը որպես բարոն Հարինգթոն և Բոնվիլ զբաղեցնում էր Թոմասը։ Այս ամուսնության մեջ ծնվել է 14 կամ 15 երեխա։

1474 թվականի ապրիլի 18-ին Թոմասին կարգել են ասպետ, իսկ մայիսի 14-ին նա դարձել է Բաղնիքի շքանշանի ասպետ։ 1475 թվականին Թոմասը հրաժարվեց Հանթինգդոնի կոմսի տիտղոսից։ Փոխարենը՝ մայիսի 30-ին նրա համար ստեղծվեց Դորսեթի մարկիզի տիտղոսը։ Նույն թվականին Թոմասը մասնակցեց Էդուարդ IV-ի արշավախմբին դեպի Ֆրանսիա։ 1476 թվականին Թոմասին կարգեցին Կապիչի շքանշանի ասպետ, ինչպես նաև նշանակեցին Գաղտնի խորհրդի անդամ։

1483 թվականի ապրիլի 9-ին Էդուարդ IV-ի մահից հետո Թոմասը Էդուարդ V-ի անունից նշանակվեց Թաուերի կոնստաբլ։ Բայց շուտով Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաները հայտարարվեցին անօրինական[1], իսկ Էդուարդի կրտսեր եղբայրը՝ Ռիչարդ III-ը, թագադրվեց Անգլիայի թագավոր։ Թոմասը, ինչպես և նրա հարազատները, չեն ընդունել այդ որոշումը։ Թոմասի ընտանիքի բազմաթիվ անդամներ ձերբակալվել են թագավորի հրամանով։ Թոմասի կրտսեր եղբայրը՝ Ռիչարդը, ինչպես նաև նրա մոր եղբայրներից մեկը՝ Էնթոնի Վուդվիլը՝ Ռիվերսի 2-րդ կոմսը, մահապատժի են ենթարկվել հունիսի 25-ին։

Թոմասին հաջողվել է թաքնվել Անգլիայի հյուսիսում, որտեղ նա պատսպարվել է վանքերից մեկում։ Իմանալով Հենրի Ստաֆորդի՝ Բեքինգհեմի 2-րդ դուքսի՝ Ռիչարդ III-ի դեմ մոտալուտ ապստամբության մասին, Թոմասը միացել է նրան՝ հավաքելով բանակը։ Բայց ապստամբությունը ճնշվել է, դուքս Բեքինգհեմը գերեվարվել է և հետագայում մահապատժի ենթարկվել։ Թոմասը, իր հորեղբոր՝ Էդուարդ Վուդվիլի հետ միասին, կարողացել է փրկվել և փախչել Ֆրանսիա։ Թոմասի տիտղոսներն ի վերջո բռնագրավվել են Ռիչարդ III-ի կողմից։

1484 թվականին Թոմասը Բրետանում միացավ Լանքասթերի կողմից գահին հավակնող Հենրի Ռիչմոնդին, որտեղ նա դարձավ գլխավոր աջակիցներից մեկը։ Բայց 1485 թվականին Թոմասի մայրը՝ Էլիզաբեթ Վուդվիլը, հաշտվեց Ռիչարդ III-ի հետ, որից հետո նա գրեց իր որդուն, որն այն ժամանակ Փարիզում էր՝ առաջարկելով վերադառնալ Անգլիա։ Չհավատալով Հենրի Ռիչմոնդի հաջողությանը՝ Թոմասը փորձեց վերադառնալ Անգլիա, բայց նրան ձերբակալեցին Կոմպյենյեում։ Քանի որ Հենրի Ռիչմոնդը դադարեց վստահել Թոմասին, նա վերջինիս չընդգրկեց Անգլիա կատարվող արշավախմբի մեջ՝ որպես Ֆրանսիայի թագավորի կողմից փոխառված գումարի վերադարձի երաշխիք նրան թողնելով Փարիզում Ջոն Բուրշիեի հետ։ Հետևաբար, Թոմասը չմասնակցեց Բոսվորտի ճակատամարտին, որն ավարտվեց Ռիչարդ III-ի մահով և Հենրի VII անունով Հենրի Ռիչմոնդի՝ անգլիական գահի բարձրացմամբ։

Թագավոր դառնալուց հետո Հենրի VII-ը Թոմասին վերադարձրեց իր տիտղոսները (հաստատելով դրանք 1486 թվականի նոյեմբերին), իսկ ավելի ուշ ամուսնացավ նրա համամայր քրոջ՝ Էլիզաբեթի հետ։ Սակայն Թոմասը չկարողացավ վերադարձնել իր նախկին ազդեցությունը։ 1487 թվականին, խաբեբա Լամբերտ Սիմնելի ապստամբության ժամանակ, Թոմասը կասկածվել է ապստամբության մեջ ներգրավված լինելու մեջ և որոշ ժամանակ անցկացրել է Թաուերում բանտարկության մեջ։ Այնուամենայնիվ, Սթոուկի ճակատամարտից հետո (հունիսի 16-ին) նա ազատ արձակվեց։

1492 թվականին Թոմասը մասնակցել է ֆրանսիացիների դեմ Մաքսիմիլիան Հաբսբուրգին օգնելու արշավախմբին, իսկ 1497 թվականին մասնակցել է Կոռնուոլի ապստամբության ճնշմանը։

Թոմասը մահացել է 1501 թվականի սեպտեմբերի 20-ին և թաղվել է Էստթիի (Ուորվիքշիր) տաճարի եկեղեցում։ Նրա ժառանգը ողջ մնացած որդիներից ավագն էր՝ Թոմաս Գրեյը։

Թոմասը ապագա կարդինալ Թոմաս Ուոլսիի առաջին խնամակալն էր։

Թոմաս Գրեյը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսի հերոսներից մեկն է։ Բացի այդ, Թոմասը շատ պատմական վեպերի հերոսներից մեկն է, որոնք պատմում են այս դարաշրջանի մասին։

Ամուսնություն և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին կին՝ 1466 թվականից՝ Աննա (Էնն) Հոլլանդ (մոտ 1455 թ․ –1467 թվականի օգոստոսի 26-ի և 1474 թվականի հունիսի 6-ի միջակայք), Էքսետերի 3-րդ դուքս Հենրի Հոլլանդի և Աննա Յորքի դուստրը։ Այս ամուսնությունից երեխաներ չեն ծնվել։

2-րդ կին՝ 1474 թվականի հուլիսի 18-ից՝ Սեսիլիա Բոնվիլ (մոտ 1460 թվականի հունիսի 30–1529 թվականի մայիսի 15), Հարինգթոնի 7-րդ բարոնուհի և Բոնվիլի 2-րդ բարոնուհի, Հարինգթոնի 6-րդ բարոն Ուիլիամ Բոլվիլի և Կատրին Նևիլի դուստրը։ Զավակները՝

  • Էդվարդ
  • Էնթոնի (մահացել է մանուկ հասակում)
  • Թոմաս (1477 թվականի հունիսի 22–1530 թվականի հունիսի 22), Դորսեթի 2-րդ մարկիզ, Ֆերրեսի 8-րդ բարոն Գրոուբիից և Էսթլիի 9-րդ բարոն՝ 1501 թվականից
  • Ռիչարդ
  • Ջոն
  • Լեոնարդ (մոտ 1479 թ․–1541 թվականի հուլիսի 28), Գրենյի 1-ին վիկոնտ
  • Ջորջ
  • Սեսիլի (մահացել է 1554 թվականի ապրիլի 28–ին), ամուսինը՝ Ջոն Սաթթոն (1494—1553 թթ), Դադլի 3-րդ բարոն
  • Բրիջեթ (մահացել է մանուկ հասակում)
  • Դորոթի (1480—1552 թթ․), 1-ին ամուսինը՝ Ռոբերտ Ուիլլոուբի (1472 թվական– 1521 թվականի նոյեմբերի 10), Ուիլլոուբի դե Բրոկի 2-րդ բարոն, Լաթիմերի 10-րդ բարոն։ 2-րդ ամուսինը՝ Ուիլիամ Բլաունտ (մոտ 1478 թ․– 1534 թվականի նոյմեբրի 8)
  • Էլիզաբեթ, ամուսինը՝ Ջերալդ Դիցջերալդ (1487 թ․– 1534 թվականի դելտեմբերի 12), Քիլդերի 9-րդ կոմս
  • Մարգարեթ, ամուսինը՝ Ռիչարդ Ուեյք (մահացել է 1503 թ․)
  • Էլեանոր (մահացել է 1502 թվականի փետրվարի 24-ից հետո), ամունիսը՝ սըր Ջոն Արունդել (մոտ 1473 թ․– 1545 թ․ փետրվարի 5 կամ 8)
  • Մերի(1493 թ․– 1538 թվականի փետրվարի 22), ամուսինը՝ 1503 թվականի դեկտեմբերի 15-ից՝ Ուոլտեր Դևերյե (1488թ․–1558 թվականի սեպտեմբերի 17), Հերեֆորդ 1-ին վիկոնտ։
  • Աննա (Էնն)

Ամուսնու մահից հետո Սեսիլիան երկրորդ անգամ ամուսնացել է Ուիլթշիրի կոմս Հենրի Ստաֆորդի հետ։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդուարդ IV-ի մահից հետո հայտնի դարձավ, որ Էլիզաբեթի հետ ամուսնությունից առաջ նա գաղտնի ամուսնացած էր, ուստի Էլիզաբեթի հետ ամուսնությունը չեղյալ հայտարարվեց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cokayne George E. The complete peerage of England, Scotland, Ireland, Great Britain and the United Kingdom, extant, extinct, or dormant / edited by H. A. Doubleday, Duncan Warrand and Lord Howard de Walden. — 2nd Edition. — London: The St. Catherine Press, 1910—1959. — Vol. III. — P. 295.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Grey». Stirnet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  • «Grey family». Tudor Place. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  • «Thomas Grey, 1st Marquess of Dorset». thePeerage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  • «Ferrers of Groby, Baron». Cracroft's Peerage. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.