Jump to content

Դիարբեքիրի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիարբեքիրի նահանգից)
Վիլայեթ
Դիարբեքիրի վիլայեթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
Հիմնադրված է1847 թ.
Մակերես47 220 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն470 000 մարդ (XIX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Ասորիներ, Թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունդիարբեքիրցի
Դիարբեքիրի վիլայեթ (Աշխարհ)##
Դիարբեքիրի վիլայեթ (Աշխարհ)

Դիարբեքիրի վիլայեթ, Տիգրանակերտի նահանգ. Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում, որի կենտրոնը Դիարբեքիր քաղաքն էր։ Եղել է Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից մեկը։ Վիլայեթը ստեղծվել է 1515-1520 թթ.։

Վիլայեթի տարածքն ընդգրկում էր Աղձնիքի զգալի մասը, Ծոփքի հարավ-արևելքը, Հայոց Միջագետքը, Ծավդեքը, Արվաստանը։ Դիարբեքիրի կուսակալությունը հյուսիսից սահմանակից էր Էրզրումի, հյուսիս-արևելքից՝ Բիթլիսի, հարավ-արևելքից՝ Վանի, հարավից՝ Մոսուլի, Դեյր Էզ Զորի և Հալեպի, հարավ-արևմուտքից՝ Ուրֆայի կուսակալություններին։ Տարածքը՝ 47220 կմ2։ Դիարբեքիրի նահանգի մեծ մասը գտնվում է Տիգրիսի վերին ավազանում։

Մինչև XIX դարի 40-ական թթ. զբաղեցրել է գրեթե ամբողջ Ծոփքը և Աղձնիքը, Հյուսիսից՝ Միջագետքի որոշ շրջաններ։ Դիարբեքիրի նահանգում պահպանվել էին հայկական փոքր իշխանապետություններ (Իսայան, Սավուր և այլն), ստեղծվել քրդական ժառանգական տիրույթներ (յուդլուկ, օջակլըկ) և կիսաանկախ իշխանապետություններ (հյուքյումեթություններ)։ Նահանգի Բերդակ, Մեծկերտ, Սաղման և Բերի գավառները XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին հայտնի էին Չարսանջակ անունով, իսկ Արղնին, Խարբերդը և Ջերմուկը միավորված էին «Հանքերի կառավարչի սահման» կոչվող ընդարձակ վարչամիավորման մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիարբեքիրի վիլայեթի տարածքով հոսում են Արևմտյան Տիգրիսը և Արածանին։ Մակերևույթը հիմնականում տափարակ է, հարավ-արևմուտքում կան կիսաանապատներ։ Հյուսիսում ձգվում են Արղնիի և Բալուի լեռները։

Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Կարաջադաղի և Մարդինի (Մասիոն, Տուրբ-Աբդին) լեռնաշղթաների շարունակությունն են Ջուդի լեռները (Տիգրիսի աջափնյակում)։ Նշանավոր լեռնագագաթներ են Շարյեքշանը (2651 մ), Կարա-Օմարը (2477 մ), Շըխաբադը (2089 մ), Կարաջալին (Աշիմուն, 1919 մ), Խաչերդումը (1560 մ), Բեմադան (Իզալա, 1520 մ)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը հարուստ է աղի (Լըջե) հանքերով, արճիճի (Արղանա-Մադեն), երկաթի (Սևան-Մադեն, Չնքուշ), պղնձի (Արղանա-Մադեն, Բալու), ոսկու և արծաթի (Արղնի), քարածխի (Բալու, Էգիլ, Կարաջադաղ, Ջեզիրե, Ջերմուկ), սիլիկատների (Սավուր), նավթի (Ջեզիրե) և ծծմբային ջերմուկներով (Ջերմուկ)։ Ընտիր հացահատիկի առատ բերքով հռչակված էին Արևմտյան Տիգրիսի հովտում գտնվող Արղնիի, Բշերիկի, Դիարբեքիրի և Սիլվանի բերդի դաշտերը։

Այգեգործության և գինեգործության կարևոր կենտրոններ էին Արղնին, Բալուի հովիտը, Էգիլը, Հազրոն, Հիսնիքեյֆը, Մարդինը, Սևերեկը, բանջարաբոստանային կուլտուրանների՝ Դիարբեքիրը, Սևերեկը, Միդիաթի (Տուր Աբդինի սարահարթը)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին ուներ մոտ 470 հազար բնակչություն (հայեր, ասորիներ, քրդեր, թուրքեր, արաբներ, հույներ, հրեաներ և այլն)։ 1882 թվականին Դիարբեքիրի նահանգում ապրել է 150 հազար հայ։ 1895 թվականի կոտորածի ժամանակ շատ հազարավոր հայեր սպանվեցին, շատերն էլ արտագաղթեցին[1]։

Կ. Պոլսի հայոց պատրիարաքարանի տվյալների համաձայն 1912 թվականին Դիարբեքիր նահանգի հյուսիսային մասում (Բշերիկ, Սիլվան, Լըջե, Դիարբեքիր, Բալու, Մադեն, Ջերմուկ) ապրում էր 105 հազար հայ (բնակչության ամենաստվար էթնիկական խումբը, 35,4 %)։ Հարավում հայերը բնակվում էին Սևերեկ, Դերիկ գավառակներում (մեծ մասամբ՝ քաղաքներում)։

1914 թվականին բնակչության թիվը կազմում էր 296 000, որից 105 000-ը հայեր էին[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Դիարբեքիրի նահանգի ավելի քան 130 հազար հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով՝ մանածագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, պղնձագործություն, զինագործություն, դարբնություն, ոսկերչություն, կոշկակարություն և այլն, առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ։ Դիարբեքիրի նահանգի հայ և ասորի բնակիչները բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Դիարբեքիրի վիլայեթում եղեռնին զոհ գնացած հայերի թիվը հասնում էր 100 000-ի[1]։ Փրկվածներն գաղթել են տարբեր երկրներում։

1975 թվականի դրությամբ Դիարբեքիրի մարզում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայեր[1]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիարբեքիրի վիլայեթը բաժանված էր երեք գավառների.

Դիարբեքիրի գավառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիարբեքիրի գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.

Արղանամադենի գավառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արղանա-Մադեն կամ Արղն գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.

Մարդինի գավառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդինի գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները[3].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 458
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 728
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 376
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։