Դանստաֆնիջ ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Արգայլ ընդ Բյութ |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Կառուցված | 1220 |
Պատվիրող | Donnchadh of Argyll? |
Ընթացիկ սեփականատեր | Historic Environment Scotland? |
Վերահսկվում է | Clan MacDougall? և Historic Environment Scotland?[1] |
Կայք | historicenvironment.scot/visit-a-place/places/dunstaffnage-castle-and-chapel/(անգլ.) |
Dunstaffnage Castle Վիքիպահեստում |
Դանստաֆնիջ ամրոց (գաել.՝ Caisteal Dhùn Stadhainis), մասնակիորեն ավերված դղյակ արևմտյան Շոտլանդիայի Արջիլ և Բյուտ տարածաշրջանում։ Տեղակայված է Էթիվ լճի հարավ-արևմտյան մասում գտնվող հրվանդանի կոնգլոմերատ ժայռի վրա և երեք կողմից շրջապատված է ծովով[2]։
Ամրոցը թվագրվում է 13-րդ դարով, հանդիսանում է Շոտլանդիայի ամենահին քարե ամրոցներից մեկը՝ խումբ կազմելով նույն տարածքում գտնվող Սվին և Չիրամ ամրոցների հետ[3]։ Գտնվելով ռազմավարական տարածքում՝ ամրոցը կառուցվել է Լոռնի ՄաքԴուգալ լորդերի կողմից, իսկ 15-րդ դարից ի վեր այն զբաղեցրել են Քեմփբելները։ Ցայսօր գոյություն ունի Դանստաֆնիջի ժառանգական կապիտան, որը սակայն ամրոցում այլևս չի բնակվում։ Պահպանվում է «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության կողմից, բաց է հանրության առջև, թեև 16-րդ դարի պահակատունը համարվում է կապիտանի մասնավոր սեփականությունը։ Անվան մեջ dun նախածանցը գելական շոտլանդերենում նշանակում է "ամրոց", իսկ մյուս մասը ծագում է հին սկանդինավյան stafr-nis արտահայտությունից, որը նշանակում է "գլխավոր հրվանդան"։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանստաֆնիջից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան այս ամրոցի կառուցումը, 7-րդ դարում Դանստաֆնիջում հավանաբար գոյություն է ունեցել Դալ Ռիադա գելական թագավորության Dun Monaidh անունով ամրոցը[4]։ 1612 թվականին Ջոն Մոնիպենին հայտնում էր, որ Իռլանդիայից բերվելուց հետո «Ճակատագրի քարը» պահվել է այստեղ, այնուհետև 843 թվականին տեղափոխվել Սքուն պալատ։ Սակայն ավելի հավանական է, որ այն պահված լինի Այոնայում կամ Դանեդ հնաքաղաքում՝ հաշվի առնելով դրանց կապը վերոնշյալ թագավորության ու Ստրաթքլայդ թագավորների հետ[5]։ Հեկտոր Բոիսը գտնում էր, որ քարը պահվում էր Էվոնիում քաղաքում, որն ավանդաբար նույնացվել է Դանստաֆնիջի հետ, թեև 2010 թվականին գրող Ա․ Ջ․ Մորտոնը Էվոնիումը նույնացրել է Այրշայրում գտնվող Իրվին քաղաքի հետ[6]։
ՄաքԴուգալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդում, որպես Լոռնի լորդ ու Սոմերլեդի թոռ Դունկան ՄաքԴուգալի նստավայր[7]։ 1237 թվականին նա ճանապարհորդել էր դեպի Հռոմ, նաև մոտակայքում գտնվող Արդչաթեն մենաստանի հիմնադիրն էր[8]։ 1240-ական թվականներին Դունկանի որդի Էվեն ՄաքԴուգալը ժառանգել է հոր տիտղոսներն ու ընդլայնել ՄաքԴուգալների ազդեցությունը՝ ինքն իրեն անվանելով "Կղզիների արքա"։ Հնարավոր է, որ Էվենն է կառուցել ամրոցի երեք կլոր աշտարակներն ու ընդարձակել ներսի մեծ դահլիճը[9]։
Երբ Ալեքսանդր III-ը չեզոքացրել է նորմանական ազդեցությունը Արջիլում, ՄաքԴուգալներն աջակցել են շոտլանդական միապետին, ու Էվենի որդի Ալեքսանդրը 1293 թվականին դարձել է Արջիլի առաջին շերիֆը։ Սակայն մի քանի տարի անց սկսված Շոտլանդիայի անկախության համար պատերազմներում նրանք անցել են Ջոն Բալիոլի կողմը։ 1308 կամ 1309 թվականներին Բրանդերի կիրճի ճակատամարտում Ռոբերտ Բրյուսը պարտության է մատնել ՄաքԴուգալ տոհմին ու կարճատև պաշարումից հետո տիրել նաև Դանստաֆնիջ ամրոցին։
Թագավորական ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով արքայական սեփականություն՝ Դանստաֆնիջն ունեցել է մի շարք տերեր։ 1431 թվականին Ջեյմս I-ը Ինվերլոչիի ճակատամարտից հետո նվաճել է ամրոցը, քանի որ իր թշնամիները թաքնվում էին այնտեղ։ 1455 թվականին Դուգլասի 9-րդ կոմս Ջեյմս Դուգլասը, երբ գնում էր բանակցություններ վարելու Կղզիների լորդ Ջոն ՄաքԴոնալդի հետ, ճանապարիհին հյուրընկալվել է Դանստաֆնիջում[10]։ Սրան հաջորդել է Դուգլասների իշխանության վրա Ջեյմս II-ի հարձակումը, որը հանգեցրել է Ուեստմինստեր-Արդթորնիշի համաձայնագրի կնքմանը։ Մյուս տիրակալ լոռնեցի Ջոն Ստյուարտը Ալեն ՄաքԴուգալի մրցակիցն էր, ու դանակահարվել է իր աջակիցների կողմից, երբ 1463 թվականին գնում էր Դանստաֆնիջ մատուռում ամուսնանալու, թեև ապրել է այնքան, որ կարողանա երդումները տալ։ Չնայած ՄաքԴուգալը գրավել է ամրոցը, Ջեյմս III-ը նրան վտարել է այդտեղից ու 1470 թվականին Դանստաֆնիջը շնորհել Արջիլի 1-ին կոմս Քոլին Քեմփբելին[11]։
Քեմփբելների կլան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանստաֆնիջը վերահսկելու համար Արջիլի կոմսերը կապիտաններ են նշանակել, որոնք նրանց անունից այն մարտական վիճակում էին պահում։Կառույցներում փոփոխություններ են կատարվել, հատկապես պահակատունը, որը կառուցվել է այս ժամանակահատվածում։ Քեմփբելներն արքայական տան հավատարիմ դաշնակիցներ էին, ու 15-16-րդ դարերում Դանստաֆնիջն օգտագործվել է որպես Կղզիների լորդ ՄաքԴոնալդների դեմ արշավանքների բազա։ Թագավոր Ջեյմս IV-ը երկու անգամ եղել է Դանստաֆնիջում[10]։
1644 թվականին, քաղաքացիական պատերազմի ընթացքում Դանստաֆնիջը դուրս է եկել Մոնտրոզի բանակի դեմ։ Ամրոցը հրդեհվել է թագավորական զորաջոկատների կողմից, որին նախորդել էր կաթոլիկ Ջեյմս VII-ի դեմ 1685 թվականի Արջիլի ապստամբությունը[12]։ 1715 և 1745 թվականների յակոբինյան ապստամբությունների ընթացքում կառավարական զորքերը գրավել են ամրոցը։ Ֆլորա ՄաքԴոնալդը, որն օգնել էր գեղեցկադեմ արքայազն Չառլիին փախչել Շոտլանդիայից, կարճ ժամանակով բանտարկվել է այստեղ, երբ նրան տանում էին Լոնդոնում բանտարկելու[10]։
Ըստ Վ․ Դուգլաս Սիմփսոնի, ամրոցը հիշատակվում է Ջորջ Թոբայաս Սմոլեթի «Համֆրի Քլինկեր» վեպում, թեև չի անվանվում Դանստաֆնիջ, այնուամենայնիվ ներկայացնում է "տասնութերորդ դարի երրորդ քառորդում ամրոցի կյանքի գեղեցիկ պատկերումը"[13]։
Անկում և վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմփբելները շարունակում էին ամրոցի շինարարությունը, 1725 թվականին հին արևմտյան հատվածում նոր տուն կառուցելով, սակայն ամրոցի մնացած մասն արդեն քայքայվում էր։ 1810 թվականին հանկարծակի հրդեհով այրվել է պահակատունը և կապիտանները դադարել են ապրել այնտեղ ու տեղափոխվել թն 2 կմ հարավ-արևելքում գտնվող Դանստաֆնիջ պալատ[10]։ Ամրոցի ներսում վարձակալներ էին ապրում մինչև 1888 թվականը[14]։
Ամրոցի սեփականատիրոջ՝ Արջիլի կոմսի կողմից վերականգնման աշխատանքներ են սկսվել 1903 թվականին։ Աշխատանքները հետաձգվել են Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, և նախատեսված ամբողջական վերականգնումն այդպես էլ չի ավարտվել[15]։ 1958 թվականին 21-րդ կապիտանն ու դուքսը համաձայնել են ամրոցը հանձնել պետության հոգածությանը[14] և այն այժմ բաց է հանրության առջև որպես «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության սեփականություն։ Ե՛վ ամրոցը, և՛ մատուռը ազգայնորեն կարևոր հուշարձաններ են[16][17]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարիսպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանստաֆնիջն անկանոն քառակուսի կառույց է՝ երեք անկյուններում կլոր աշտարակներով, մոտավորապես 35 մետր երկարություն, 30 մետր լայնություն չափսերով, շրջանագիծը՝ մոտավորապես 120 մետր։ Պարիսպները կառուցված են ավազաքարով երեսապատված գետաքարից և ժայռային կոնգլոմերատ պատվարի հետ ունեն մինչև 18 մ․ բարձրություն։ Պարիսպները մինչև 3 մ․ հաստություն ունեն և այս խիստ ռազմավարական դիրքի համար ապահովում են ուժեղ պաշտպանություն։ Ցածրիկ եզրապատերով քայլատարածքը, որը մի ժամանակ անցնում էր ամբողջ պարսպի երկայնքով, մասամբ փոխարինվել է նոր քարե սալերով։ Նետերի համար նախատեսված ճեղքերը, որոնք հետագայում փոխակերպվել են հրանոթների համար նախատեսված անցքերով, պարիսպների միակ բացվածքներն են։ Իսպանական Արմադայի խորտակված նավերից վերցված պղնձե թնդանոթներ են մի ժամանակ բարձրացվել պարիսպների վրա[2]։
Կլոր աշտարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի պարիսպների կառուցումից անմիջապես հետո հյուսիսային, արևելյան ու արևմտյան աշտարակների վրա կառուցվել են երեք կլոր աշտարակներ։ Հյուսիսային աշտարակը, կամ դոնժոնը, ամենամեծն է, կազմված է եղել 3 կամ 4 հարկից ու այստեղ են տեղակայված եղել լորդի անձնական հարկաբաժինները[18]։ Արևմտյան աշտարակը համարյա ներսակողմային է, որը հազիվ է երևում կուրտինայի կլոր անկյունից։ Գետնահարկում գտնվում էր բանտախուցը, որտեղ կարելի էր մտնել միայն վերևից։ Արևելյան աշտարակը համարյա ամբողջությամբ վերակառուցվել է 15-րդ դարում, որպես պահակատուն։ Յուրաքանչյուր աշտարակ հավանաբար ունեցել է կոնաձև տանիք[19]։
Պահակատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահակատունը կառուցվել է Քեմփբելների կողմից 15-րդ դարի վերջին ու փոխարինել է արևելյան անկյունում ավելի վաղ կառուցված մի կլոր աշտարակի։ Այն քառահարկ աշտարակավոր կառույց է, որի մուտքն անցնում է կամարակապ գետնահարկի կեսով, իսկ մյուս կեսում գտնվում են պահակների սենյակները, որտեղից դարպասին նայող անցքեր են բացված նետերի համար։ Այսօր դարպասին կարելի է մոտենալ քարե սանդուղքով, որը փոխարինում է ավելի վաղ ժամանակի շարժակամրջին[20]։ 18-րդ դարում աշտարակը ձևափոխվել է և ավելացվել են ընդունելության սենյակներ ու մասնավոր հարկաբաժին։ Տանիքում գտնվող ձեղնահարկի լուսամուտները ծածկված են 1725 թվականին կառուցված տան քարե վերնաճակատներով ու կրում են տարեթիվը, Քեմփբելների զինանշանը և AEC ու DLC սկզբնատառերը, համապատասխանաբար 11-րդ կապիտան Աենեաս Քեմփբելի ու նրա կնոջ՝ տիկին (դեյմ) Լիլիասի անուններով։ Վերնաճակատի քարերն այստեղ են տեղափոխվել 1903 թվականի վերականգնողական աշխատանքների ընթացքում[21]։
Ներքին հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան շարքը տեղակայված էր հյուսիսային ու արևելյան աշտարակների միջև, թեև նույնիսկ հիմքերը չեն պահպանվել։ Սա կառույցի հիմնական մասն էր ու այստեղ էր գտնվում կամարակապ նկուղների վրա կառուցված մեծ դահլիճը[22]։ Դահլիճն ուներ կրկնակի նեղ-կամարագագաթ պատուհաններ, որոնք զարդարված էին փորագրանախշերով․ մնացորդները կարելի է տեսնել արևելյան կուրտինայի վրա։
Երկրորդ շարքը տեղակայված էր հյուսիս-արևմտյան պարսպի երկայնքով, ու դահլիճի շարքին գուցե միացած է եղել դոնժոնի աշտարակով։ Առաջին հարկում խոհանոցն է եղել։ 1725 թվականին այս շարքը վերափոխվել է երկհարկանի տան, որտեղ կարելի է մտնել քարե սանդուղքով, իսկ տանիքին գտնվում էին այժմ պահակատան մաս կազմող ձեղնահարկի լուսամուտները։ Առջևում գտնվող ջրհորը պահպանվել է, թեև այն շրջապատող քարե պատաշարն ավելացվել է 19-րդ դարում[23]։
Դանստաֆնիջ մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի հարավ-արևմուտքից մոտավորապես 150 մ․ հեռավորությամբ գտնվում է ավերված 13-րդ դարի մի մատուռ։ Սա նույնպես կառուցվել է Լոռնի Դունկան ՄաքԴուգալի կողմից, որպես մասնավոր մատուռ ու աչքի է ընկնում գերազանց որակի նրբաճաշակ քարակառույցներով։ Մատուռն ունի 20 մ․ երկարություն ու 6 մ․ լայնություն և սկզբնապես ծածկված է եղել փայտե տանիքով։ Արդեն 1740 թվականին գտնվում էր ավերակ վիճակում, երբ նրա արևելյան կողմում կառուցվեց թաղման թևը, որպեսզի որպես գերեզման ծառայի Դանստաֆնիջի կապիտանների ու նրանց ընտանիքների համար[24]։
Դանստաֆնիջի կապիտան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար այն սպան, որը կոչվում էր Դանստաֆնիջի ժառանգական կապիտան, պատասխանատու էր ամրոցի ու նրա պաշտպանության համար։ Պաշտոնն այսօր էլ գոյություն ունի, ու որպեսզի պահպանի այդ տիտղոսը, հանձնակատարը պետք է երեք գիշեր մնա ամրոցում։ Ուրիշ ոչ մի առավելություն կամ պատասխանատվությանուն չունի։
Ամրոցի ուրվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասում են, որ Դանստաֆնիջում ուրվական է ապրում։ Նրա արտաքինը նմանեցվում է ժառանգական պահապանների կյանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ 2,0 2,1 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Dunstaffnage». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 8 (11th ed.). Cambridge University Press. էջ 684. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ Tabraham, p.33
- ↑ Coventry, p.195, and Grove, p.19. Grove notes that there is no firm archaeological evidence for 7th century occupation of the site.
- ↑ Grove,p.19
- ↑ Cowing, Emma (2010 թ․ դեկտեմբերի 19). «Stone of Destiny 'from Ayrshire, not Perthshire'». Scotland on Sunday.(չաշխատող հղում)
- ↑ Walker, p.237
- ↑ Tabraham p. 36
- ↑ Grove, p.23. Tabraham, p. 36, mentions excavations which show that the north tower, at least, was an early addition to the structure, and suggests that Ewen MacDougall may have made these changes to suit his increased status.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Coventry, p.195
- ↑ Grove, p.26
- ↑ Coventry, p.195, Grove, p.27
- ↑ Simpson, p.57
- ↑ 14,0 14,1 Grove, p.29
- ↑ Grove, p.29, Walker, p.238
- ↑ (Historic Environment Scotland SM90120)
- ↑ (Historic Environment Scotland SM90121)
- ↑ Grove, p.11
- ↑ Lindsay, p.215
- ↑ Lindsay, p.213
- ↑ Walker, p.238
- ↑ Lindsay, p.214, Grove, p.11
- ↑ Grove, p.13
- ↑ Grove, p.15, Walker, p.241
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coventry, Martin. The Castles of Scotland (3rd Edition), Goblinshead, 2001
- Grove, Doreen. Dunstaffnage Castle & Chapel, Historic Scotland, 2004
- Lindsay, Maurice. The Castles of Scotland, Constable & Co. 1986
- Historic Environment Scotland|num=SM90120|desc=Dunstaffnage Castle|access-date=25 February 2019
- Historic Environment Scotland|num=SM90121|desc=Dunstaffnage Castle Chapel|fewer-links=yes|access-date=25 February 2019
- Simpson, W. Douglas. Dunstaffnage Castle and the Stone of Destiny, Oliver and Boyd, 1958
- Tabraham, Chris. Scotland's Castles, BT Batsford/Historic Scotland, 1997
- Walker, Frank Arneil. The Buildings of Scotland: Argyll and Bute, Penguin, 2000
- «Dunstaffnage Castle». Canmore. Historic Environment Scotland. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- «Dunstaffnage Chapel». Canmore. Historic Environment Scotland. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանստաֆնիջ ամրոց» հոդվածին։ |
|