Jump to content

Գանձատուն թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանձատուն թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
Հիմնադրվել է1982
Քարտեզ
Քարտեզ

Գանձատուն թանգարան (Ալեք և Մարի Մանուկյան), բացվել է 1982 թվականին, որի երկհարկանի շենքը (Նոր վեհարանի հարավարևմտյան կողմում) կառուցվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգային գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։ Գանձատանը պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, որոնք բերվել են Աևիից, Թոքատից, Կ. Պոլսից, Վանից, Սեբաստիայից, Կեսարիայից, Վասպուրականից, Արցախից, Կիլիկյան Հայաստանից և այլ վայրերից, ինչպես նաև՝ հայկական գաղթավայրերից։ Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը, Ավետարանների կրկնակագմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները (հիմնականում՝ արծաթե՝ երբեմն ագուցված կիսաթանկարժեք քարերով)։ Հայկական մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարանները և աջերը։ Ուշագրավ են Նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների, ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոլծևերի հավաքածուները։ Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեցական գործվածքների բազմաթիվ նմուշներ (եկեղեցական զգեստներ, վարագույրներ, սկիհի ծածկոցներ, սրբիչներ և այլն), հնագույններն են Կիլիկյան Հայաստանում ստեղծված նրբագործ արտախուրակները և Գրիգոր Ա Լուսավորչի մետաքսե խաչվառը (1448)։ Եկեղեցական ասեղնագործության նշանակալի աշխատանքներից են նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի արծվագորգը (1651), Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրը (1705-1714, Կոստանդնուպոլիս), Գեղարդավանքին նվիրաբերված խույրը (1715) և այլն։ Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոց՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը և դաջագործության նմուշներ՝ խորանի վարագույրները (1689, 1781, 1805), ժամաշապիկը (1778)։ Գանձատան հյուսվածքների հավաքածոտւմ հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները, պարսկական մետաքսագորգերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։