Գաբրիել Մենևիշյան
Գաբրիել Մենևիշյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3 (15), 1864[1] Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1936[1] (72 տարեկան) Նովի Սադ, Սերբիա[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Սերբիա |
Մասնագիտություն | լեզվաբան, հայագետ և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Հանդես ամսօրյա[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գաբրիել Գևորգի Մենևիշյան (Բյուզանդ, ապրիլի 3 (15), 1864[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1936[1], Նովի Սադ, Սերբիա[1]), լեզվաբան, հայագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին մեկնել է Վիեննա, 1882 թվականին դարձել միաբանության անդամ, իսկ 1887ին ստացել քահանայական ձեռնադրություն։ 1886-1889 թվականներին դասախոսել է միաբանության դպրոցում։ 1889 թվականին մեկնել է Կ․ Պոլիս, ապա՝ Զմյուռնիա և մինչև 1892 թվականը պաշտոնավարել տեղի Մխիթարյան դպրոցում։ 1892-1913 թվականներին՝ Կ․ Պոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրեն (որոշ ընդմիջումներով)։ 1895-1898 թվականներին եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը։ 1913 թվականին Մխիթարյան միաբանության վարչությունը Մենևիշյանին ուղարկել է Նովի Սադ՝ միաբանության տնտեսական գործերը տնօրինելու։ Մենևիշյանն իր ուսումնասիրություններում քննել է հայերեն բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր։ «Արդի լեզուագիտութիւնը» (հատոր 1, 1903) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները։ Գրել է նաև «վոլափյուք» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արուեստը», 1898), գրական քննադատության դերի և այլ խնդիրների մասին։ Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է Մենևիշյանի եռահատոր «Պատկերազարդ բնական պատմութիւն» (1897) դասագիրքը, որը ներառում է կենդանաբանությանը, բուսաբանությանն ու հանքաբանությանը վերաբերող նյութեր։ Հեղինակել է նաեւ այլ աշխատություններ՝ «Ազգաբանութիւն ազնուական զարմին Տիւզեանց» (1890), «Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը» (1910), «Գրիգոր Մագիստրոսի «Գամագտականի» ամբողջական լուծումը» (1912)։ Մենևիշյանն անդրադարձել է նաև ազգագրական ու բանասիրական այլևայլ խնդիրների։ Կատարել է թարգմանություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 461)։ |