Արտաշատի թատրոն
Արտաշատի թատրոն (հին), հիմնադրվել է Արտաշատում, մեր թվարկությունից առաջ։ Ծաղկում է ապրել հայոց թագավոր Արտավազդ Բ-ի օրոք, որը թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Արտաշատի թատրոնի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը, որ խաղացվել է հունարեն, մեր թվարկությունից առաջ 53 թվականին։ Այդ ներկայացման ժամանակ, ինչպես վկայում է միակ աղբյուրը՝ հույն պատմիչ Պլուտարքոսը, ասպարեզ է բերվել այդ նույն ժամանակ Խառանի ճակատամարտում սպանված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Հույն դերասան Յասոնը, վերցնելով այն, ոգևորված արտասանել է ողբերգության համապատասխան հատվածը՝ Բերում ենք սարից նոր կտրած բաղեղը, որսի երջանիկ արդյունք է։ Ենթադրվում է, որ այդ տեսարանը նախապատրաստել է Արտավազդ Բ՝ նշանավորելով իր և պարթևաց թագավոր Որոդեսի դաշինքն ու հռոմեական բանակի դեմ տարած պարթևների հաղթանակը։ Պլուտարքոսի վկայության որոշ մանրամասներ հուշում են, որ Արտավազդ Բ-ի ժամանակ Արտաշատի թատրոնն ունեցել է պալատական- ազնվականական բնույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 136)։ |