Jump to content

Արագիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արագիլից)
Արագիլների ընտանիք
Հնդկական մարաբու
Հնդկական մարաբու (Leptoptilos dubius)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Արագիլներ
Լատիներեն անվանում
Ciconiidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արագիլներ (լատին․՝ Ciconiidae), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 20 տեսակ[1], Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ։ Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր։ Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում։ Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։

Կենսակերպ և տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով։

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։

Արագիլի թռիչքի պահին
  • Արագիլ (Ciconia)
  • Մարաբու (Leptoptimus)
    • Աֆրիկյան մարաբու (Leptoptilos crumeniferus)
    • Հնդկական մարաբու (Leptoptilos dubius)
    • Ճավայան մարաբու (Leptoptilos javanicus)
  • Յաբիրու (Jabiru)
    • Բրազիլական յաբիրու (Jabiru mycteria)
  • Ephippiorhynchus
    • Աֆրիկական յաբիրու (Ephippiorhynchus senegalensis)
    • Ասիական յաբիրու (Ephippiorhynchus asiaticus)
  • Ճեղքակտուց արագիլ (Anastomus)
    • Ասիական ճեղքակտուց արագիլ (Anastomus oscitans)
    • Anastomus lamelligerus

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Storks (Ciconiidae)». www.hbw.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 682
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլներ» հոդվածին։