Աշխարհագրական դետերմինիզմ
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
Աշխարհագրական դետերմինիզմ (լատին․՝ determinante, որոշել), հայեցակարգ, որն աշխարհագրական միջավայրը կամ նրա առանձին տարրերը դիտում է իբրև հասարակական-քաղաքական զարգացման անմիջական և վճռական գործոն։
Աշխարհագրական դետերմինիզմն աշխարհաքաղաքականության հիմնարար հասկացություններից է։
Հին աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման կարգի գաղափարներ արտահայտվել են դեռևս Հին աշխարհում (Հերոդոտոս, Հիպոկրատ, Ֆուկիդիդ և այլք)։ Արիստոտելը «Քաղաքականություն» աշխատությունում, ընդգծելով Կրետե կղզու դիրքի աշխարհագրական առանձնահատկությունները, գրում է.
«Կրետե կղզուն կարծես թե նախասահմանված է գերիշխել Հունաստանում... նրա աշխարհագրական դիրքը հիանալի է»։
Պոլիբիոսը Արկադիայի բնակիչների բարքերի խստությունը բացատրում էր երկրի ցուրտ կլիմայով։ Մեծ աշխարահագրական հայտագործությունների դարաշրջանը աշխարհագրական դետերմինիզմի զարգացման նոր փուլն էր։
Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի Ժ. Բոդենը «Վեց գիրք հանրապետության մասին» (1577 թվական) աշխատությունում նշել է, որ պետությունների կառուցվածքային տարբերություններն ու փոփոխությունները պայմանավորված են երեք գործոններով
- Աստվածային կամքով
- մարդկանց կամայականություններով
- բնության ազդեցությամբ։
Ընդ որում կարևորն աշխարհագրական՝ հատկապես կլիմայական գործոնն է։
Աշխարհագրական դետերմինիզմի գաղափարները տարածում են գտել XVIII - XIX դարերում Ֆրանսիայում։ «Օրենքների ոգու մասին» աշխատությունում Շ. Լ. Մոնտեսքյոն պետության օրենքների բովանդակությունն ու բնույթը բխեցնում է աշխարհագրական պայմաններից, իսկ կառավարման ձևը՝ պետության տարածքի չափերից։ Տարածքային կլիմայի պայմաններում մարդիկ ավելի բարոյական են և ազատասեր, իսկ շոգը թուլացնում է մարդկանց կամքը, որն էլ Արևելքում ստրկության զարգացման պատճառն է։
Անգլիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում համանման գաղափարներ է զարգացրել Հ. Բոքլը, որի կարծիքով ժողովրդի պատմությունը համապատասխանում է նրա երկրի աշխարհագրական պայմաններին։
Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դետերմինիզմն առավել ամբողջական և համակողմանի կերպով մշակել են գերմանացի մտածողները։ Այսպես Յ․ Գ. Հերդերը և Ա. Ֆ. Հումբոլդտը ենթադրում էին, որ քաղաքակրթության զարգացման համար էական է աշխարհի ամբողջական նկարագիրը (աշխարհագրական դիրքը, կլիման և այլն) տվող աշխարհագրության ազդեցությունը։ Կ. Միտերի կարծիքով՝ մարդու գոյությունը հազարավոր արմատներով կապված է հողի հետ։ Այս և նման գաղափարներն առավել խոր և համակողմանի զարգացրել են Ֆ. Ռատցելը և Ռ. Չելենը։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դետերմինիզմին հարել են նաև հայ մտածողները Ա. Գարագաշյանը, Ս. Պալասանյանը և այլք։ Դա արտահայտվել է մասնավորապես հայ ժողովրդի պատմության որոշ հարցերի մեկնաբանման մեջ։ Աշխարհագրական դետերմինիզմի ներկայացուցիչների մի շարք կարևոր տեսական դրույթները հետագայում նպաստեցին աշխարհաքաղաքականության ձևավորմանը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 481)։ |