Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոճաթիթեռ (լատին․՝ Aporia crataegi), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում տարածված է Արարատի, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերում։
Միջին մեծության է՝ 6-7 սմ թևերի բացվածքով, սպիտակ, կիսաթափանցիկ։ Հանգստի վիճակում թևերը ծալում է միասին։ Հետին զույգ թևերը ներքին եզրերով գրկում են փորը։ Թրթուրները կարճ և խիտ մազածածկույթով են։
Թիթեռների թռիչքը մայիս-հունիսին է, զուգավորումը և ձվադրումը՝ անմիջապես թռիչքից հետո։ Ձվադրում է միաշերտ կույտերով (30-150 ձու)՝ տերևի վերին երեսին։ Մեկ էգը դնում է մինչև 500 ձու։ 10-15 օր անց ձվից դուրս գալով՝ թրթուրներն ապրում են գաղութներով՝ ընդհանուր ոստայնի տակ, և կմախքացնում տերևները։ Մի քանի տերև վնասելով և 2-3-րդ հասակում վնասված տերևները ոստայնով իրար միացնելով՝ ձմեռային բույն են պատրաստում։ Հաջորդ տարի վաղ գարնանը թրթուրները շարունակում են սնումը (բողբոջներով, ապա՝ ծաղիկներով ու տերևներով) և աստիճանաբար ցրվում են ամբողջ ծառի վրա։ Զանգվածային բազմացման դեպքում լրիվ ոչնչացնում են տերևները։ Վնասում են մշակովի և վայրի պտղատու ծառերը (ալոճենի, խնձորենի, տանձենի, ծիրանենի, սալորենի և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|