Jump to content

Ազգային ինքնորոշում միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային ինքնորոշում միավորում
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ՀիմնադիրՊարույր Հայրիկյան
Հիմնադրված1987
ԳաղափարախոսությունԵվրոպամետություն
Քաղաքական հայացքԼիբերալիզմ
Պաշտոնական գույն(եր)սև
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթ«Անկախություն» շաբաթաթերթ
ՆախորդԱզգային միացյալ կուսակցություն
Կայքaim.am

Ազգային ինքնորոշում միավորում (քրիստոնեավարներ) (կրճատ՝ ԱԻՄ(ք)), հայկական քաղաքական կուսակցություն, հիմնվել է 1987 թվականի սեպտեմբերին, կուսակցության համահիմնադիրը և առաջնորդը Պարույր Հայրիկյանն է։ Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր։ ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը ԽՍՀՄ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր։

1966 թվականի ապրիլի 24-ին Խորհրդային այլախոհներ Հայկազն Խաչատրյանը Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը հիմնադրում են «Ազգային միացյալ կուսակցություն» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը, 1966 թվականին Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է ԱՄԿ ղեկավար։ 1987 թվականի սեպտեմբերին Պարույր Հայրիկյանը դուրս է գալիս ընդհատակից և իր համախոհներ Մովսես Գորգիսյանի, Ռազմիկ Մարկոսյանի, Սուսաննա Ավագյանի և Մեխակ Գաբրիելյանի հետ ԱՄԿ-ի հենքի վրա ստեղծում Ազգային ինքնորոշում միավորումը։ ԱԻՄ-ի նպատակն էր ազգային անկախության վերականգնումը՝ հանրաքվեի ճանապարհով ինքնորշման միջոցով[1]։

Ազգային ինքնորոշում միավորումը մեծ դեր է ունեցել 1988 թվականի փետրվարին սկսված «Ղարաբաղյան շարժման» մեջ։ Նույն տարվա հուլիսի 21-ին, կուսակցության առաջնորդ Հայրիկյանը արտաքսվել է Եթովպիա[2]։ Կուսակցության համահիմնադիր, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եղել է շարժման առաջնորդներից մեկը։

Այնուհետև ԱԻՄ-ը մասնակից է եղել 1988-1994 թվականնների Արցախյան պատերազմին, որոնք ծավալվել էին Արցախի հարցի շուրջ[3]։ Կուսակցության դիքորոշմամբ այդ պատերազմը հրահրել է պաշտոնական Մոսկվան՝ Խորհրդային Միության քաղաքական ղեկավարությունը[3], սակայն Հայ ազգի ինքնորոշմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը կողմնակից լինելով՝ ԱԻՄ–ը ճիշտ էր համարում զենքով պաշտպանել Հայ ժողովրդի խախտոված իրավունքները[3]։ ԱԻՄ–ական Մովսես Գորգիսյանը զոհ գնաց հենց այդ կռիվների ընթացքում. 1990 թվականի հունվարի 19–ին Երասխավանում՝ պաշտպանելով Հայաստանի՝ Նախիջևանին սահմանակից տարածքները ադրբեջանա–թուրքական և ռուս–խորհրդային զինյալ ուժերի հարձակումից, Գորգիսյանին հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20–ին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում[3]։ ԱԻՄ–ի նախագահը՝ Պարույր Հայրիկյանը Լաչինի միջանցքում ազատագրական և ինքնապաշտպանական մարտեր մղող ջոկատներից մեկի հրամանատարն էր, իսկ 1992 թվականին նշանակվեց Լաչինի պարետ։ Հետագայում Հայրիկյանը դարձավ այդ շրջանի վարչական ղեկավարը՝ Հայաստանի խորհրդարանի և նախագահի որոշմամբ[3]։ Ընդ որում՝ Հայրիկյանը խնդիր էր ստացել այդտեղ ստեղծելու փախստականների ճամբարներ։ Արցախյան պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 ԱԻՄ–ական, որոնք հիմնականում պաշտպանում էին Ադրբեջանից մազապուրծ փախած հայերին[3]։

1991-1998 թվականներին ԱԻՄ-ը հանդես է եկել որպես ընդդիմություն։ 1991 թվականին տեղի ունեցած Հայաստանի անդրանիկ նախագահական ընտրություններում Պարույր Հայրիկյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, զիճելով միայն Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջինիս երդմնակալությանը ԱԻՄ-ականները պատասխանեցին սև դրոշների երթով։

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, կուսակցությունը 3 տեղ ստացավ Ազգային ժողովում։ Սակայն, կուսակցությունը կորցերեց Ազգային ժողովում իր քաղաքական ներկայացվածությունը 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

Ազգային ինքնորոշում միավորումը Հայաստանի կառավարության պետական ռեգիստրում գրանցվել է 2003 թ. նոյեմբերի 17-ին[4]։

2016 թվականի ապրիլին, Պարույր Հայրիկյանը ունեցավ մամլո ասուլիս Տիգրան Խզմալյանի հետ. նրանք հայտարարեցին զանգվածային ստորագրահավաք սկսելու մասին, որով քաղաքացիները պետք է պահանջեն կառավարությունից դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը և խորացնեն Եվրոպական կառույցների հետ կապը[5]։

2018 թվականի փետրվարին, ԱԻՄ-ը կտրականապես դեմ է արտահայտվել Արմեն Սարգսյանի՝ որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրմանը։ Իր հայտարարության մեջ մասնավորապես կոչ անելով մարտի 2-ին ժամը 10:00-ին սև դրոշներով հավաքվել ԱԺ դիմաց և թույլ չտալ, որ «Սահմանադրությունը կոպտորեն խախտվի»։ Կուսակցության նախագահության անդամ Արկադի Վարդանյանը Արմեն Սարգսյանի՝ «Հայաստանի Չորրորդ Հանրապետության առաջին նախագահ» արտահայտության համար անվանել է «տխմար կամ լրտես»[6]։

2019 թվականի հունիսին, մամլո ասուլիսի ժամանակ, Հայրիկյանը հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուժեղացնել ժողովրդավարական արժեքները Հայաստանում[7]։

2019 թվականի նոյեմբերի 30-ին, Հայրիկյանը Երևանում գտնվող Ուկրաինայի դեսպանատնում ելույթի ժամանակ Գոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչելու կոչ արեց Հայաստանի կառավարությանը[8]։

2020 թվականի նոյեմբերին, Ազգային ինքնորոշում միավորումը, Հայաստանի Եվրոպական կուսակցության և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության հետ երթ անցկացրեց Երևանի կենտրոնում։ Այդ երեք կուսակցությունները կոչ արեցին ռուսական քաղաքական զավթմանը վերջ տալու միջոցով իրական ինքնիշխան Հայաստան ստեղծելու և Եվրոպայի հետ մերձեցման ժամանակ Ռուսաստանից կառչելուց խուսափելու[9]։

Ընտրության արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը երեք անգամ (1991, 1998, 2013) առաջադրել է Պարույր Հայրիկյանին որպես Հայաստանի նախագահի թեկնածու։ 1991 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած նախագահական ընտրություններում Հայրիկյանը հավաքեց 7.2% ձայն և զբաղեցրեց երկրորդ տեղը, զիճելով միայն Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Հայաստանի 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում ԱԻՄ–ը հավաքեց 5.7% ձայն, կարողանալով ստանալ երեք տեղ Հայաստանի խորհրդարանում և սեպտեմբերի 12–ին կազմեց իր սեփական՝ ԱԻՄ–ի խորհրդարանական խմբակցությունը։ Խմբակցության նախագահն էր Պարույր Հայրիկյանը, խմբակցության քարտուղարն էր Ներսես Զեյնալվանդյանը, խմբակցության անդամ էր Արամազդ Զաքարյանը[10]։

1999 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը հավաքեց 2.2% ձայն, չկարողանալով հաղթահարել 5%-անոց անցողիկ շեմը և կորցրեց իր ներկայացվածությունը Ազգային ժողովում, ինչը մինչ օրս չունի։

Հայաստանի Ազգային ժողով
Տարի Համամասնական Մեծամասնական /ընդհանուր Ընդհանուր տեղեր +/–
Քվե % Տեղեր /ընդհանուր
1995 42,987 5.7%
3 / 40
0 / 150
3 / 190
steady
1999 24,681 2.2%
0 / 56
0 / 75
0 / 131
Decrease 3
2003 չի մասնակցել
0 / 131
steady
2007
0 / 131
steady
2012
0 / 131
steady
2017
0 / 105
steady
2018
0 / 132
steady
Հայաստանի նախագահ
Տարի Թեկնածու Քվե % Տեղ
1991 Պարույր Հայրիկյան 106,266 7.2% 2
1996 սատարել է Վազգեն Մանուկյանին
1998 Պարույր Հայրիկյան 76,212 5.37% 5
2003 սատարել է Արտաշես Գեղամյանին
2008 չի մասնակցել
2013 Պարույր Հայրիկյան 18,093 1.23% 4
2018 չի մասնակցել

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գաղափարախոսությամբ կուսակցությունը Եվրոպամետ է, ինչպես նաև Արևմտամետ։ ԱԻՄ-ն առաջնորդվում է քրիստոնեավարական գործելակերպով։ Ներկայումս ԱԻՄ-ի առաջնային նպատակը Հայաստանը «ռուսական գաղութացումից» փրկելն է։

ԱԻՄ կուսակցությունը և մասնավորապես նրա նախագահ Պարույր Հայրիկյանը կողմնակից են Հայերենի դասական ուղղագրության վերականգնմանը[11]։ Դրան է ուղղված նաև ԱԻՄ–ի մասնակցությամբ «Հարություն» տեսաֆիլմի ստեղծումը 2010 թվականին[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. Երևան, Հայաստան: «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն. 2004. էջ 42.
  2. Verluise, 1995, էջ 93
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The views of Armenian and Azerbaijani Political Parties on the Nagorno-Karabakh conflict and conflict resolution process․ This study was conducted by LINKS in the framework of the European Partnership for the peaceful settlement of the conflict over Nagorno-Karabakh UNION OF NATIONAL SELF DETERMINATION PARTY․[1] Արխիվացված 2019-06-19 Wayback Machine
  4. «Հայաստանի Կառավարության պետական ռեգիստր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  5. «"Citizens Concerned…": Pro-Europe activists in Armenia demand end to ties with Russia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  6. ԱԻՄ-ը առաջարկում է ի դեմս նոր նախագահի՝ մերժել կրեմլյան կադրերին (տեսանյութ)
  7. [2]
  8. «Yerevan speaks of Ukrainian Genocide».
  9. «Rally in front of Foreign Ministry calling for "resistance to Russian-Turkish occupation" in parallel with Co-Chairs' visit».
  10. ՀՀ Ազգային ժողովի պաշտօնական կայք։ «Ազգային ինքնորոշում միավորում» խմբակցություն, 1995 թուական։ [3]
  11. ՅԱՐՈՒԹԻՒՆ / (Խ․ Աբովեանի պատգամով) / 2010-2018 թթ․։
  12. ՅԱՐՈՒԹԻՒՆ։ 2011 թ․։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]