Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 18-28 գ։ Կոկորդի, կրծքի վերին մասի փետրածածկը բաց դեղին երանգով է, թևավերևի միջին ծածկող փետուրները՝ սև՝ սպիտակ շերտով։ Հասունի մարմնի վերևի փետրածածկը դարչնագույն է՝ բաց կանաչ երանգի խայտերով։ Կրծքի մուգ պտերն աստիճանաբար նեղանում են ու կողքերին վերածվում խայտերի։ Երիտասարդի մարմնի փետրածածկը վերևից ցայտուն խայտերով է։ Երգում է սրնգային ձայնով՝ թռիչքի պահին կամ թփուտների ծայրերին նստած։ Բնակվում է անտառեզրերին, ենթալպյան գոտու թփուտներում։ Անտառային ձիաթռչնակի մարմնի վերին մասը ավազադարչնագույն է՝ երկայնակի բծիկներով, որոնք տարածված են գլխից մինչև պոչը ծածկող փետուրները։ Պոչի և թևերի թափահարող փետուրները երիզված են բաց գույնով, պոչը գորշասև է, եզրային փետուրները կիսով չափ սպիտակ, որովայնը շիկադեղնավուն է, պարանոցը, կուրծքը ունեն գորշասև բծեր, հետին մատի մագիլը համեմատաբար կարճ է և կեռված դեպի ներս։
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, հանդիպում է ոչ խիտ անտառներում, անտառների եզրերին և բացատներում։ Չուի ընթացքում կազմում է ոչ մեծ խմբեր, իսկ սովորաբար հանդիպում է զույգերով։ Քայլում է մանրավազքով։ Բույնը սարքում է գետնին՝ փոսիկի մեջ։
Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։
Դնում է 20 մմ տրամագծով, մոխրագույն, կապտամանուշակագույն՝ փոփոխական պտերով 2-6 ձու (1 ձուն կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը)։
Թխսակալում է 10-12 օր։ Այդ ընթացքում շատ զգույշ է։ Վտանգի պահին (բույնը չմատնելու նպատակով) արագ վազքով հեռանում է այնտեղից մոտ 10 մ, ապա բարձրանում օդ։ Օրվա ընթացքում ծնողները ձագերին կերակրում են մոտ 150 անգամ։ Ձագերը բնից դուրս գալուց հետո 1 շաբաթ մնում են ծնողների հսկողության տակ, տիրապետում կայուն թռիչքի, ապա հեռանում նրանցից։
Տարածված է Եվրոպայում և Ասիայում[1]։
↑Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 22.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։