Jump to content

Կառլ XII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ XII
Ծնվել է՝հունիսի 27, 1682(1682-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրՀորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահացել է՝դեկտեմբերի 11, 1718(1718-12-11)[1][2][3] (36 տարեկան) death in battle?
Վախճանի վայրՀալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[1]
Կարոլինսկա[4]
Երկիր Շվեդիա
ՏոհմՊֆալց-Ցվայբրյուկկենյան տոհմ
զորավար և միապետ
ՇրջանավարտՈւփսալայի համալսարան
ՀայրԿարլ XI[1]
ՄայրՈւլրիկա Էլեոնորա դանիացի[1]
Հավատքլյութերականություն
ՍտորագրությունИзображение автографа

Կարլ XII (շվեդ.՝ Karl XII, լատինացված տարբերակ՝ Կարոլուս Ռեքս (Carolus Rex), հունիսի 27, 1682(1682-06-27)[1][2][3][…], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - դեկտեմբերի 11, 1718(1718-12-11)[1][2][3], Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[1]), Շվեդիայի թագավոր 1697 թ.-ից 1718 թվականներին, զորավար։

Հենվելով Շվեդիայի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով Եվրոպայի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է Դանիային և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից (Ռուսաստան, Սաքսոնիա, Լեհաստան, Դանիա1700 թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ 1708 թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր Պետրոս Մեծը, Կարլ XII փախել է Թուրքիա, որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։

Կառլը Շվեդիայի Կառլ XI թագավորի և դանիացի արքայադուստր Ուլրիկա Էլեոնորայի երկրորդ երեխան և ավագ որդին էր: 1693 թվականին մահացել է նրա մայրը։ Կառլը սերտ հարաբերություն է ունեցել իր հոր հետ և հաճախ ուղեկցել է նրան ստուգումների և տարբեր պաշտոնական առիթների ժամանակ։ Հոր մահից հետո՝ 1697 թվականի ապրիլին, տասնհինգ տարեկան հասակում բազմել է Շվեդիայի գահին։ Նա առաջին և միակ շվեդ թագավորն էր, որը ժառանգել է բացարձակ միապետական իշխանություն։ Կառլ XI-ն իր ժառանգի համար ռեգենտություն էր նախատեսել, սակայն ռեգենտները ցանկանում էին ստանալ նոր թագավորի համաձայնությունը բոլոր որոշումներում։ 1697 թվականի նոյեմբերին ժողովված պառլամենտը Կառլ XII-ին ճանաչել է որպես չափահասի[5]:

Կառլ XII-ը լավ կրթություն էր ստացել։ Առանձնապես հզոր կամքի տեր էր և համառորեն հետևում էր այն պատկերացումներին, որոնք ստացել էր ընտանիքի և դաստիարակների բարոյական և կրոնական ուսուցումից։ Դեռահաս տարիքում հետևել է կազմվածքը ամրապնդելու անձնական ծրագրի, հատկապես սիրել է ձիավարությունը և ցուցաբերել է ռիսկի դիմելու հակվածություն, ինչը անհանգստացնում իր պալատականներից շատերին: Սկզբնապես եղել է վստահ և մարդամոտ, բայց թագավորելուց հետո հանրության առաջ դրսևորել է ավելի ինքնամփոփ վարքագիծ։ Այնուամենայնիվ, շատ է ազդվել իր հոր թողած հրահանգներից և խորհրդատուների խորհուրդներից[5]։

Հյուսիսային պատերազմ, 1700-1709

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի նախաձեռնությամբ բանակցություններ են սկսվել Կառլին՝ դանիացի արքայադստեր հետ ամուսնացնելու նպատակով։ Կառլի խորհրդատուները սպասել են, մինչև հայտնի են դարձել այլ տերություններ հետ Դանիայի բանակցությունների արդյունքները: Այդ բանակցությունների արդյունքում Դանիայի, Սաքսոնիայի և Ռուսաստանի միջև կազմվել է կոալիցիա, որը 1700 թվականի գարնանը հարձակվել է Շվեդիայի վրա: Հակաշվեդական կոալիցիայի ակնկալած շուտափույթ հաղթանակը և շվեդական ազնվականության ապստամբությունը բացարձակ միապետության դեմ չիրականացան[5]։

1700-ի օգոստոսին շվեդական զորքերը դեսանտ են կատարել Զելանդիա կղզում, ինչը ստիպել է Դանիային առանձին հաշտություն կնքել Շվեդիայի հետ։ Նույն տարվա նոյեմբերին Նարվայի ճակատամարտում շվեդական զորքերը ջախջախել են ռուսական բանակը և հեռացրել այն Շվեդիայի անդրբալթյան նահանգներից։ 1701 թվականին շվեդական բանակը անցել են արևմտյան Դվինա գետը և ցրել սաքսոնական-լեհական զորքերը։ Հյուսիսային պատերազմի այս առաջին գործողությունները ծրագրվում և ղեկավարվում էին այն սպաների կողմից, որոնց Կառլը ժառանգել էր իր հորից, սակայն թագավորը կարևոր օգնություն է ցուցաբերել բանակի բարոյահոգեբանական վիճակի ��արձրացման գործում՝ իր քաջությամբ, լավատեսությամբ և վստահությամբ։ Միևնույն ժամանակ նա հմտացել է ռազմական գործի մեջ[5]։

1702 թվականից Կառլը ավելի մեծ պատասխանատվություն է վերցրել քաղաքական և ռազմական որոշումների մեջ։ Որոշել է Սաքսոնիայի ընտրիչ և Լեհաստանի թագավոր Օգոստոս II-ին դիմագրավել Լեհաստանում և այն վերածել դաշնակցի և պլացդարմի Ռուսաստանի դեմ հետագա արշավանքի համար։ Կառլի այս ծրագիրը հաջողվել է․ Լեհաստանի թագավոր է ընտրվել Ստանիսլավ Լեշչինսկին, իսկ 1706 թվականի սեպտեմբերին շվեդական ներխուժումը Սաքսոնիա Օգոստոս II-ին ստիպել է ընդունել այս նոր իրավիճակը[5]։

Կառլ XII-ը և Իվան Մազեպան Պոլտավայի ճակատամարտից հետո (հեղինակ՝ Գուստաֆ Սեդերստրյոմ)

Կենտրոնական և արևմտյան Եվրոպայում Կառլը շարունակել է մեծ կոալիցիաների միջև «հավասարակշռող դեր» խաղալու իր նախորդների քաղաքականությունը։ Հիմնվելով Շվեդիայի՝ Վեստֆալյան հաշտության երաշխավորի դերի վրա, աջակցել է Սիլեզիայի Հաբսբուրգ կաթոլիկ կայսրերի դեմ։ Այնուամենայնիվ, 1706 թվականին նրա առաջնահերթությունն է եղել դիրքերն ապահովել Ռուսաստանի նկատմամբ, որը Պետրոս I Մեծի առաջնորդությամբ 1703 թվականից, օգտվելով Կառլի Լեհաստանում զբաղված լինելու առիթից, աստիճանաբար գրավել էր Շվեդիայի արևելաբալթյան նահանգները։ 1707 թվականի վերջին Կառլի զորքերը լքել են Սաքսոնիան և ներխուժել Ռուսաստան։ 1708 թվականի հուլիսի Գոլովչինի ճակատամարտում ռուսական զորքերը պարտության են մատնվել, սակայն ռուսական այրված հողի մարտավարությունը Կառլին ստիպել է դեպի Մոսկվա արշավելու փոխարեն ներխուժել Ուկրաինա։ Այնուհետև ռուսները հաջողությամբ խաթարել են շվեդների հաղորդակցությունը։ 1709 թվականի ամռանը Կառլ XII-ը որոշել է դիմագրավել ռուսական բանակին։ Թեև ոտքից վիրավորված լինելու պատճառով թագավորը չի կարողացել անձամբ ղեկավարել բանակը, հուլիսի 8-ին շվեդական զորքերը հարձակվել են Պոլտավայում ամրացած ռուսական ճամբարի վրա։ Հարձակումը ձախողվեց, և երեք օր անց շվեդական բանակի մեծ մասը հանձնվեց ռուսներին Պերևոլոչնայում: Կառլը դիմել է դեպի Օսմանյան կայսրության տարածքը դաշնակիցներ փնտրելու համար[5]։

Համագործակցելով Կառլի հետ, Օսմանյան Թուրքիան, որը ցանկանում էր Ազովը հետ գրավել, պատերազմ է հայտարարել Ռուսաստանի դեմ։ Սակայն Շվեդիայից ակնկալվող բանակի բացակայության պատճառով Կառլը անկարող է եղել հետևողականորեն կատարել իր ծրագրերը։ Շվեդիայի թագավորը թուրքական խարդավանքների առարկա է դարձել և 1713 թվականի փետրվարին ստիպված է եղել ճակատամարտի մեջ մտնել Բենդերում (այժմյան Մոլդովայում), որպեսզի խուսափի իրեն Լեհաստանում վերականգնված Օգոստոս II-ին հանձնելու դավադրությունից: Ժանտախտի պատճառով փակվել է թուրք-հաբսբուրգյան սահմանը, իսկ իսպանական իրավահաջորդության պատերազմի ժամանակ կազմված հակաֆրանսիական դաշինքը ձգտել է Շվեդիային թույլ չտալ Գերմանիայում նրա բազաները օգտագործել, ինչը ավելի է սահմանափակել Կառլի գործելու կարողությունը: Թուրքիայից Կառլը տարբեր վարչական և ֆինանսական բարեփոխումներ է սահմանել, սակայն սրանք կիրառվել են միայն 1714 նոյեմբերին իր վերադարձից հետո։ Թագավորը ստիպված էր եղել 14 օր ծպտյալ անցնել հաբսբուրգյան և գերմանական տարածքներով դեպի շվեդական Պոմերանիա[5]։

Ավելի քան մեկ տարի Կառլը Պոմերանիայում պայքարել է շվեդական զորքերի ներկայությունը Գերմանիայում պահպանելու համար։ Նրա նպատակներն էին վերականգնել շվեդական ռազմական ուժի վարկը, պատերազմը հեռու պահել բուն Շվեդիայից և նախապատրաստել իր դիվանագիտական ​​նախաձեռնությունը հակաշվեդական կոալիցիան պառակտելու համար․ 1714 թվականին կոալիցիային էին միացել Հանովերը և Պրուսիան։ 1715 թվականի դեկտեմբերին Կառլը ստիպված լքել է Պոմերանիան, սակայն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կանխել է Շվեդիային սպառնացող վտանգը։ 1713 թվականից Կառլը ընդունել էր, որ անհրաժեշտ է որոշ տարածքներ զիջել, բայց նպատակ ուներ պահպանել Շվեդիայի մեծապետական կարգավիճակը՝ կա՛մ տարածքներ զիջելով փողի դիմաց և որոշակի ժամկետով, կա՛մ տարածքներ զիջելով ընդմիշտ, բայց զգալի ռազմական օգնության դիմաց։ Համոզված էր, որ հնարավոր կլինի գոհացուցիչ պայմաններ ստանալ բանակցություններից միայն նոր ռազմական գործողությունների օգնությամբ։ Հետևաբար, բանակցություններ էր վարում գլխավորապես ժամանակ շահելու համար: 1718 թվականի աշնանը Կառլը 60․000-անոց բանակ էր ժողովել, սակայն չի կարողացել կատարել իր ռազմավարական ծրագիրը, քանի որ Նորվեգիա ներխուժելուց կարճ ժամանակ անց սպանվել է Ֆրեդրիկսհալդ բերդի պաշարման ժամանակ։ Թագավորի մահվանից հետո լուրեր են տարածվել, թե նրան սպանել է յուրայիններից մեկը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Karl XII (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hatton R. M., Nordlund S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. Olsson M. Riddarholmskyrkan - inventories and graves — 1937. — P. 424.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Nordlund, Sven; Hatton, Ragnhild Marie (2024-11-26). «Charles XII». Encyclopedia Britannica. Վերցված է 2024-11-29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ XII» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 324