Մարտիրոս (Վայոց ձորի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոս (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Մարտիրոս | |||
Ս. Աստվածածին եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ, Շարուր-Դարալագյազի գավառ և Ազիզբեկովի շրջան | ||
Հիմնադրված է | 1283 թ. | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼601 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մարտիրոս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Մարզկենտրոնից 31 կմ հարավ-արևելք, Վայքի լեռների հյուսիսային լանջին։ Հեռավորությունը Վայք քաղաքից 20 կմ, մայրաքաղաքից՝ 155 կմ։
Մարտիրոս գյուղը բաղկացած է հին և նոր բնակավայրերից։ Գյուղը գտնվում է Գոգի լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Հին գյուղը 1960-ական թվականներին որակվեց որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ 1968 թվականին Մարտիրոսը տեղափոխվեց 2 կմ դեպի արևելք։ Սահմանակից բնակավայրերն են՝ հյուսիս-արևելքից՝ Զառիթափը, հարավ-արևմուտքից՝ Սերսը, Խնձորուտը, հարավ-արևելքից սահմանակից է Նախիջևանի հանրապետությանը։
Գյուղի տարածքը բաժանված է երկու ենթագոտիների՝ չոր լեռնատափաստանային և բարձր լեռնատափաստանային։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսը հունարեն բառ է, որը նշանակում է դավանած գաղափարի ու հավատի համար նահատակված մարդ։ Իսկ տեղի ավանդապատումի համաձայն Մարտիրոս նշանակում է մարտերի հերոս։
Մարտիրոս անվան առաջացման մասին կա մի ավանդապատում։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի տեղեկության՝ Ավարայրի ճակատամարտը վերջանալուց հետո Հայաստանի տարբեր վայրերից Ավարայր գնացած հայրենասեր մարտիկները խումբ-խումբ սկսում են հեռանալ ճակատամարտի դաշտից։ Վերադարձող հայկական մի զորախմբի, որը պիտի անցներ Արցախ, հետապնդում է պարսկական խոշոր մի հեծելազոր՝ Աթաշխուդա անունով մի զորահրամանատարի գլխավորությամբ։ Մեծաքանակ պարսկական զորքի ընթացքը կասեցնելու նպատակով, Վայոց ձորի տարածքում, Արփա և նրա վտակ Եղեգիս գետերի միախառնման վայրում, հայ մարտիկներն արյունահեղ մարտի են բռնվում խիզախ իշխան Մարտիրենի գլխավորությամբ։ Մարտիրենը և նրա զինակիցները ճակատամարտում հերոսաբար նահատակվում են, սակայն դրանով իսկ կասեցնում պարսկական զորքերի կրկնակոխ հետապնդումը։ Մարտիրեի հիշատակը հավերժացնելու նպատակով հետագայում վայոցձորցիները նրա անունով են վերանվանել գավառի բնակավայրերից մեկը՝ Մարտիրոսը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մեղմ է, զով ամառներով և ցուրտ ձմեռներով։ Համայնքի տարածքը կտրտված է բազմաթիվ ձորերի և ձորակների խիտ ցանցով։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է՝ ամենաբարձրը՝ +37 °C, ամենացածրը՝ -31 °C, տեղումների տարեկան քանակը 556 մմ, ձյունածածկ օրերի թիվը 124 օր։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոս գյուղի տարածքում պահպանվել են վայրի նապաստակ, աղվես, քարակաքավ, կզաքիս, ոզնի, գայլ, վարազ, լեռնային քարարծիվը, վայրի կատուն, հայկական վայրի ոչխարը և հայկական գյուրզան։
Գյուղի մարգագետիններում ու սարերում աճում են բազմաթիվ դեղաբույսեր ու թփեր, որոնք դեռևս վաղ ժամանակներից մարդիկ օգտագործել են ժողովրդական բժշկության մեջ։ Դրանցից են դաղձը, ուրցը, եզան լեզուն, եղինջը, մանդակը, խռնդատը, մասուրը, ալոճենին, անթառամը և այլն։
Մարտիրոսի տարածքը հարուստ է լեռնային սառնորակ աղբյուրներով, որոնք բավարարում են թե Մարտիրոսի և թե հարևան Զառիթափ համայնքի կարիքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսը մեկն է Վայոց ձորի, ինչպես նաև ողջ Հայաստանի այն սակավաթիվ գյուղերից, որի հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադրողների անունները պահպանվել են։ Այդ կարևոր տեղեկությունը արձանագրված է գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ 1283 թվականին վարդագույն գրանիտից կանգնեցված երեք մետրից ավելի բարձրություն ունեցող գեղաքանդակ խաչքարի վրա՝ ներքևում հետևյալ արձանագրությամբ.
«Ես` Դեղիկի որդի Մխիթարս, Իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի Հասանի հրամանով, 1283 թ. շինեցի Մարտիրոս գյուղը և կանգնեցրի այս խաչքարը սուրբ վկայարանի դռան առջև, ի բարեխոսություն և իմ ամուսին Մամջրին և իմ որդի Ղարիբ Շահին և իմ դուստր Ռուզաքանին, ովքեր որ ընթերցեք, հիշեցեք մեզ։ Շինվեց Շնորհավորի ձեռքով»։
Փաստերը վկայում են, որ Մարտիրոսը Պռոշ իշխանի հրամանով կառուցվել է ոչ թե ամայի վայրում, այլ վերակառուցվել է մի գյուղ, որը ունեցել է իր բնակիչները։
Մարտիրոս գյուղի շրջակայքում հաշվում է 11 մեծ ու փոքր հին բնակատեղեր, բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, բերդեր ու տարբեր տեսակի խաչքարեր։ Հին բնակատեղերից հայտնի է հատկապես Վերին լիճ բնակատեղին։ Դա գտնվում է հին Մարտիրոսից մոտ 2,5 կմ դեպի արևելք, լեռնաշղթայի գագաթի սարահարթի վրա, որը հետագայում տարածվելով իջել է նաև լեռնաշղթայի ստորոտները։ Տեղեկագրական տվյալներից ենթադրվում է, որ սա գուցե պատմական Հողացիմ գյուղն է եղել, որը հիշատակվում է V դարից։ Այդ գյուղից է Հովսեփ Վայոցձորցին՝ Մեսրոպ Մաշտոցի ավագ աշակերտներից, որը դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս և մասնակցեց Վարդանանց պատերազմին։ Այնտեղ մինչ օրս պահպանվել են Գայանե և Հռիփսիմե մատուռները, խոշոր տապանաքարերով գերեզմանները, մեծ ու փոքր խաչքարերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների մի մասը 1828 թվականին գաղթել է Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։
Մարտիրոսի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 301 | 644 | 1022 | 1293 | 1876 | 1160 | 1241 | 799 | 593 | 662 | 601[5] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրա-ների մշակությամբ։
Համայնքի վարչական տարածքը կազմում է 5662,75 հեկտար, որից 2110,85 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։ Վարելահողերը կազմում են 768,48 հեկտար, խոտհարքները՝ 72,80 հեկտար, արոտ՝ 1264,57 հեկտար։ Սեփականաշնորհված է 630 հեկտար հողատարածք։
Հողատարածքներում աճեցնում են ցորեն, գարի, առվույտ, կորնգան, կարտոֆիլ, լոբի, կաղամբ, գազար, բազուկ և այլն։ Ծառատեսակներից աճում են խնձորենին, տանձենին, ընկուզենին, սալորենին, բալենին և այլն։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսի տարածքում առկա են կավային շերտեր, բազալտներ ու գրանիտի հզոր երակներ։ Սակայն «Մարտիրոսի քար» անվանումը կապված է ֆելզիտային տուֆի անվանման հետ, որի շահագործումը սկսվել է 1953 թ.։
Դեղին, կապույտ, կանաչ երանգներով այդ քարատեսակը, որն արտաքուստ նման է բնապատկերների, Խորհրդային Միությունում օգտագործվել է հատուկ կառույցների արտաքին հարդարման համար։ Դրանցից կարելի է առանձնացնել Կրեմլի համագումարների պալատը, Մոսկվայի մետրոպոլիտենը, Երևանի մարզահամերգային համալիրը, Սան��տ Պետերբուրգի, Կիևի, Մինսկի, Սոչիի, Թբիլիսիի նշանավոր կառույցներ։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսն իր ավելի քան 700 տարվա պատմության ընթացքում թողել է բազմաթիվ պատմական ու մշակութային արժեքներ։
Մարտիրոսի ամենանշանավոր ճարտարապետական հնությունը 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին (Մարտիրոսաց վանք, 1286 թ.) վանքն է և XIII դարի խաչքարեր, որը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նազար սարի ստորին հատվածում, այն տեղում, ուր սկիզբ են առնում սառնորակ աղբյուրները։ Վանքը ամբողջությամբ կերտված է Նազար սարի ներսում, ստորգետնյա լեռան մեջ։ Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թ., իսկ ճարտարապետն է քարագործ Գրիգորիկը։
Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ՝ իր կառուցողական բարձր արվեստով։
Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200 մետրանոց հորանցքի մուտքը։ Պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում ծննդական-խաչքարի հարևանությամբ, փոքր բլրակի վրա, հին եկեղեցու տեղում 1866 թ. կառուցված մեծ եկեղեցին։ 19-րդ դարի վարպետները շինարարության մեջ օգտագործել են նաև հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Սբ. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-1990-ականներին այն վերակառուցվել է։
Հին Մարտիրոս գյուղի կենտրոնում, եկեղեցու և ծննդական-խաչքարի հայացքի առջև, հնուց բխող սառնորակ աղբյուրի վրա 1948 թ.-ից վեր է խոյանում Մեծ Հայրենականում զոհված 203 երիտասարդների հիշատակի հուշարձանը։ Մեծ եկեղեցու բակում 2000 թ. տեղադրվել է ևս մի գեղեցիկ խաչքար, որը նվիրվել է 451-454 թթ. Վարդանանց պատերազմում զոհվածների հիշատակին, 1915-1921 թթ. եղեռնի նահատակների Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակին։
Անգնահատելի տեղեկություններ պարունակում գյուղի տարածքի երեք գերեզմանոցները՝ պատմական մեծ արժեք ներկայացնող տապանաքարերով ու 13-17 դարերի խաչքարերով։ Գերեզմանոցներից մեկում մի տապանաքարի վրա կարդացվում է Իսրայել Օրու հարազատներից մեկի՝ Մելիք Մարտիրոսի անունն ու մահվան թվականը։ Այս և այլ բազմաթիվ պատմական փաստեր ևս վկայում են, որ Իսրայել Օրու ծննդավայրը Վայոց ձորի Մարտիրոս գյուղն է։
Գյուղից մոտ 3 կմ արևելք կան 3 մատուռներ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսն ունի մշակույթի տուն, գրադարան, փոստի բաժանմունք, բուժկետ, դպրոց և կապի բաժանմունք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հավատքի շշուկներ. Մարտիրոսի վիմափոր եկեղեցին
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 134» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 28-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|