Jump to content

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն
Նախկին անվանումներերեկոյան քառամյա մանկավարժական ինստիտուտ (1934), Հայկական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ (1935)
Հիմնադրված է1934
Անվանված էՄիքայել Նալբանդյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
Կայքgspi.am

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ Միքայել Նալբանդյանի անվան, Հայաստանի լուսավորության մինիստրության մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն։

Պատմություն

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը հիմնվել է 1934 թվականին, որպես երեկոյան քառամյա մանկավարժական ինստիտուտ, 1935 թվականից՝ Հայկական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը։

Առաջին ուսումնական տարում ունեցել է հայոց լեզվի և գրականության, ֆիզմաթ և պատմության բաժիններ (100 ուսանող), 1941 թվականին վերածվել է երկամյա ուսուցչական, 1945 թվականին՝ նորից քառամյա մանկավարժական ինստիտուտի, որին զուգընթաց մինչև 1950 թ.-ը գործել է երկամյա ուսուցչական ինստիտուտը։ 1947 թվականին Գյումրու մանկավարժական ինստիտուտ կոչվել է Միքայել Նալբանդյանի անվամբ։ 1960 թվականին վերստին դարձել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը, 1966 թվականից՝ ինքնուրույն բուհ։ 1964 - 1975 թթ.-ը գործել է երեկոյան բաժինը։

1976 - 1977 ուս. տարում ունեցել է ֆիզմաթ, բանասիրական, կուլտուրայի ֆակուլտետներ, ռուս-անգլերեն բաժին, 14 ամբիոն, փորձարարական ֆիզիկայի լաբորատորիա, գրադարան (մոա 110 հզ. կաոր գիրք), ուսանողական գիաական ընկերություն (ՈԻԳԸ), մարզական համալիր։ 1975 - 1976 ուս. տարում տվել է 364 շրջանավարտ՝ 6 մասնագիտությամբ։ 1980 թվականի դրությամբ ուներ շուրջ 1500 ուսանող, 150 դասախոս։ Տարբեր ժամանակներում Գյումրու մանկավարժական ինստիտուտում դասավանդել են Ա. Ղարիբյանը, Ա. Առաքելյանը, Գ. Սևակը, Ա. Տեր-Մկրտչյանը, Մ. Մազմանյանը, Մ. Փիրումյանը, Մ. Սողոմոնյանը, Ա. Շահինյանը, Լ. Սիմոնովը, Ա. Շավարշյանը, է. Աղայանը, Ն. Դաբաղյանը, Խ. Դուլանյանը և ուրիշներ։

Ֆակուլտետներ

Ներկայումս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում գործում են 6 ֆակուլտետներ։

Պատմաբանասիրական

Պատմաբանասիրական ֆակուլտետն առաջիններից է ինստիտուտում, այն ստեղծվել է 1935 թվականին։ Ֆակուլտետի առաջին վարիչը արձակագիր Անդրանիկ Հովսեփյանն էր (1935-38 թթ.)։ Տարբեր տարիներ իբրև դեկան ֆակուլտետում պաշտոնավարել են դոցենտներ Սաքո Սարգսյանը, Հայկազ Գյուրջյանը, Զարիկ Շահնազարյանը, պրոֆեսորներ Սենեքերիմ Մելքոնյանը, Սևակ Արզումանյանը, Էմմա Հովհաննիսյանը, դոցենտ Ռուդոլֆ Սիմոնյանը, պատմ. գիտ. դոկտոր Սարգիս Պետրոսյանը, 2007-ից ֆակուլտետը ղեկավարում է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը։ Ֆակուլտետը կոչվել է լեզվագիտական, ավելի ուշ՝ բանասիրական, ներկայումս՝ պատմաբանասիրական՝ իր 4 բաժիններով՝ հայոց լեզվի և գրականության, լրագրության, պատմության և իրավագիտության։ Պատմաբանասիրական Ֆակուլտետի հիմքի վրա են կազմվել ներկայումս ինքնուրույն ինքնուրույն գործող մանկավարժության և օտար լեզուների ֆակուլտետները։

Օտար լեզուներ

Օտար լեզուների ֆակուլտետը ձևավորվել է 1993 թ. բանասիրական ֆակուլտետում 1970-ական թվականների կեսերից գործող ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև 80-ականների սկզբին բացված անգլերենի բաժինների հիմքի վրա։ Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Յուրի Սաֆյանն էր, որի գործը շարունակել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սահականուշ Գրիգորյանը։ 2013 թվականից ֆակուլտետի դեկանի պարտականությունները ստանձնել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թ. Մելիքյանը։ Ֆակուլտետն համագործակցում է Երևանի պետական, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական և Ստեփանակերտի համալսարանների, միջազգային տարբեր կրթամշակութային հիմնադրամների ու կազմակերպությունների (DAAD, British Council, Peace Corps, IREX, ACCELS, Erasmus Mundus և այլն) նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանատների հետ։ Ներկայումս ֆակուլտետում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներ, ռուսաց լեզու և գրականություն, թարգմանչական գործ մասնագիտություններով սովորում են ավելի քան 800 ուսանողներ։

Ֆիզմաթ

Ֆակուլտետը գործում է ինստիտուտի հիմնադրման օրից՝ պատրաստելով ֆիզիկամաթեմատիկական կադրեր 4 մասնագիտական ամբիոններում։

Բնագիտաաշխարհագրական

Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետը ինստիտուտի ամենաերիտասարդ ուսումնական ստորաբաժանումն է, հիմնադրվել է 1993 թ.։ Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, 1995-2008 թթ. ֆակուլտետը ղեկավարել է դոցենտ Սամվել Սիմոնյանը, 2008-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Անահիտ Գրիգորյանը։ Ֆակուլտետն համագործակցում է հանրապետության և արտերկրի մի շարք գիտական և ուսումնական կենտրոնների, Ազգային սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի հետ։

Մանկավարժություն

Մանկավարժության ֆակուլտետը ստեղծվել է 1980-ին՝ կուլտուրայի ֆակուլտետից առանձնացած երաժշտության և մանկավարժության բաժնի հիման վրա։ Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Վարդգես Մուրադյանն էր։ Հաջորդաբար դեկաններ են եղել դոցենտներ Հակոբ Մեղրիկյանը, Հովիկ Մելքոնյանը, Աննա Առաքելյանը, Արտաշես Մկոյանը։ Այժմ այն ղեկավարում է մանկ.գիտ.դոկտոր Ռուզաննա Մարդոյանը։

Ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության (ՆԶՊ)

1971 թ.-ին ինստիտուտում ստեղծվում է ֆիզիկական դաստիարակության բաժինը, իսկ 1975-ին ձևավորվում է նաև կուլտուրայի ֆակուլտետը, որի հիմնադիր-դեկանն էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, դոցենտ Հովհաննես Առաքելյանը։ 1989 թ.-ից նոր մասնագիտությունների ի հայտ գալով ֆակուլտետը սկսում է կոչվել ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստականության, իսկ ներկայումս՝ ֆիզդաստիարակության և զինվորական պատրաստության ֆակուլտետ։ Տարբեր ժամանակահատվածներում ֆակուլտետը ղեկավարել են դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, պրոֆեսորներ Վարդևան Գրիգորյանը, Ռուդիկ Մանուկյանը։ Ֆակուլտետի գործող դեկանն է պրոֆեսոր Ազատ Մաթևոսյանը։ Այսօր ֆակուլտետում մասնագետ կադրեր են պատրաստում 2 մասնագիտությունների՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ, նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության գծով։ Ֆակուլտետի շրջանավարտներից 46-ը՝ Օլիմպիական խաղերի մասնակիցներ, որոնցից 10-ը հաղթողներ (Յու. Վարդանյանը և Ի. Միլիտոսյանը` ծանրամարտ, Լ. Ջուլֆալակյանը և Մ. Իսկանդարյանը`ըմբշամարտ) և մրցանակակիրներ են (Վ. Միլիտոսյան, Գ. Դավթյան, Տ.Վ. Մարտիրոսյան, Տ. Գ. Մարտիրոսյան՝ ծանրամարտ, Ա. Ալեքսանյան)։ Շուրջ երեք տասնյակ շրջանավարտներ և սովորողներ աշխարհի (Յու. Վարդանյան, Գ. Թութխալյան, Լ. Ջուլֆալակյան, Ա. Մանուկյան, Ի. Միլիտոսյան, Մ. Իսկանդարյան Ն. Ավդալյան) և Եվրոպայի (Մ. Ղազարյան, Խ. Քափանակցյան, Գ. Դավթյան, Ռ. Էմմիյան, Մ. Դալուզյան, Ն. Ավդալյան, Հ. Դավթյան, Ա. Ալեքսանյան և ուրիշներ) չեմպիոններ են, 60-ը՝ մրցանակակիրներ։ Ֆակուլտետի ուսանողների ջանքերով սահմանվել են շուրջ 80 համաշխարհային ու եվրոպական ռեկորդներ։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 554