Jump to content

Արիզոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Արիզոնա
անգլ.՝ State of Arizona
Արիզոնայի դրոշ




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էSouthwestern United States? և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնThe Arizona March Song? և Arizona?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՖինիքս[1]
Ամենաբարձր կետՀամֆրիս գագաթ
ԲԾՄ1250 մետր
Օրենսդրական մարմինArizona State Legislature?
Դատական մարմինArizona Supreme Court?
նահանգապետԲիլ Ուոքեր
Միության մուտքփետրվարի 14, 1912 (48-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
7 151 502 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (16 տեղ)
Տարածք295 234 կմ²  (6 տեղ)
Հիմնադրված էփետրվարի 14, 1912 թ.
Սահմանակցում էԿալիֆոռնիա, Նևադա, Յուտա, Նյու Մեքսիկո, Ստորին Կալիֆոռնիա, Սոնորա և Կոլորադո
Ժամային գոտիUTC-7 և MDT?
ՀապավումAZ[3] և Ariz.
ՓոխարինեցArizona Territory?
ISO 3166-2 կոդUS-AZ
ՄականունThe Grand Canyon State և Talaith y Grand Canyon
Միության մուտքփետրվարի 14, 1912 (48-րդ)
az.gov(անգլ.)

Արիզոնա (անգլերեն՝ Լսել Arizona), նահանգ ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում։ ԱՄՆ-ի կազմի մեջ մտած 48-րդ նահանգն է[4]։ Գտնվում է երկրի հարավարևմտյան մասում։ Յուտայի, Կոլորադոյի և Նյու Մեքսիկոյի հետ Արիզոնան մտնում է չորս անկյուն ունեցող նահանգների ցանկում։

Տարածությունը՝ 295.000 կմ²։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Ֆինիքսն է։ Կենտրոնական մասը լեռնային է (մինչև 3861 մ)։ Հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում գտնվում են Կոլորադոյի ավազանի գետերով կտրտված սարավանդներ։ Կոլորադոյի վրա է երկրի խոշոր հէկ-երից մեկը՝ Հուվերը (Բոուլդեր-Դամ)։ Տնտեսության հիմնական ճյուղերն են ոռոգովի հողագործությունը և լեռնարդյունահանող արդյունաբերությունը։ Զարգացած է մսա-բրդատու անասնաբուծությունը։ Մշակում են բամբակենի, առվույտ, բանջարեղեն, ցիտրուսներ։ Արդյունահանվում է պղինձ (1-ին տեղը ԱՄՆ-ում), արծաթ, ոսկի։ Ունի գունավոր մետալուրգիայի, մետաղամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ավիահրթիռային, ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն։ Զարգացած է տուրիզմը։ Արիզոնայում է գտնվում Մեծ Կանիոն ազգային պարկը։

2014 թվականի հուլիսի տվյալներով նահանգի բնակչությունը 6.731.484 մարդ է։ Այս ցուցանիշով Արիզոնան 15-րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ում։

Անվանում

Անվանումը (անգլերեն՝ Arizona) ունի հնդկացիական ծագում. առաջացել է արի «փոքր» և զոն «աղբյուր» բառերից, այսինքն` Արիզոնա նշանակում է «սակավաջուր երկիր»։ Իրոք, մակերևույթի զգալի մասն զբաղեցնում են անապատները[5]։

Աշխարհագրություն

Կոլորադո գետ կորագիծը
Մեծ կիրճ
Արիզոնայի խառնարանը

Արիզոնան գտնվում է ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում։ Հարավում սահմանակցում է Կալիֆոռնիային և Նևադային, հյուսիսում` Յուտային, հյուսիս-արևելքում` Կոլորադոյին, արևելքում` Նյու Մեքսիկոյին, իսկ հարավում` Մեքսիկային։ Տարածքի մեծությամբ (295 254 կմ²) վեցերորդն է ԱՄՆ-ում։

Նահանգի տարածքի զգալի մասը բաժին է հասնում լեռներին, բարձրավանդակներին ու անապատներին։ Արիզոնայում է գտնվում դեղին սոճու ամենախոշոր անտառը։ Նահանգի հյուսիսում է գտնվում Կոլորադո գետի Մեծ կիրճը։ Արիզոնայի հարավարևմտյան մասում է գտնվում Սոնորա անապատը, ուր գտնվում են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ֆինիքսը, Տուսոնը և Յուման։ Չնայած Սոնորան ԱՄՆ-ի ամենաչոր ու շոգ անապատներից է, սակայն այն ունի կենդանական ու բուսական բազմազան աշխարհ, ինչը բացատրվում է տարվա մեջ անձրևային երկու սեզոններով։

Նահանգի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Մոհավա անապատը, որը տարբերվում է Սոնորայից ավելի բարձր դիրքով և առանձին կանգնած ծառերով։ Պեյնթեդ Դեզերտ անապատը զբաղեցնում է Կոլորադոյի բարձրավանդակի հյուսիսային մասը Արիզոնայում։ Նահանգի հարավարևելյան տարածքի ոչ մեծ հատվածը զբաղեցնում է Չիուաուա անապատը, որը Սոնորայի համեմատությամբ ավելի մեղմ ամառային կլիմա ունի։

Նահանգի խոշորագույն գետերն են Կոլարադոն և նրա ամենամեծ վտակը` Գիլան։

Արիզոնայի գրեթե ողջ տարածքը` բացառությամբ հարավային ու հարավարևելյան որոշ հատվածների, գտնվում է Կոլորադոյի ավազանում։

Նահանգի տարածքում գտնվում են ազգային երեք պարկեր։

Կլիմա

Ընդարձակ տարածքի և ծովի մակարդակից տարբեր բարձրություններ ունենալու պատճառով նահանգի կլիմայական պայմանները շրջանից շրջան խիստ տարբերվում են։ Ցածր բարձրություններում կլիման հիմնականում անապատային է` մեղմ ձմեռներով ու շոգ ամառներով։ Սովորաբար ուշ աշնանից մինչև վաղ գարուն կլիման մեղմ է` 16 °С նվազագույն ջերմաստիճանով։ Փետրվարի կեսերից նկատվում է ջերմաստիճանի բարձրացում։ Հունիսից սեպտեմբեր շոգ է ու չոր։ Արիզոնայում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկվել է Լեյք Հավասու Սիթիում 1994 թվականի հունիսի 29-ին և 2007 թվականի հուլիսի 5-ին. այն կազմել է 53 °С: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1971 թվականի հունվարի 7-ին Հոլի լճի շրջակայքում. այն կազմել է −40 °C:

Տեղումների քանակը կախված է տարվա եղանակից, տեղանքի բարձրությունից և ռելիեֆից։ Ավելի շատ տեղումներ բաժին են ընկնում կենտրոնական և հարավարևելյան մասերի լեռնազանգվածներին։ Նահանգի տեղումների տարեկան միջին ցուցանիշը 323 մմ է։ Դրանք հիմնականում թափվում են անձրևների երկու սեզոններին` ձմռանը, երբ սառը հոսանքը գալիս է Խաղաղ օվկիանոսից, և ամռանը, երբ գալիս եմ մուսսոնները։

Նահանգի հյուսիսային մասը բարձրավանդակ է, որի բարձրությունը զգալիորեն բարձր է կենտրոնի և հարավի անապատներից։ Այս տարածքին բնորոշ են Կանադայից փչող սառը զանգվածները, որոնց հետևանքով ջերմաստիճանը իջնում է −18 °C:

Բնակչություն

Բնակչության խտության քարտեզ

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Արիզոնայի բնակչությունը 6.482.505 մարդ էր։ 2010 թվականի մարդահամարի համեմատությամբ աճը կազմել է 1.42 %[6]: Ֆինիք��ի մետրոպոլի բնակչությունը 1991-ից մինչև 2001 թվականը աճել է 45.3 %-ով, ինչը Արիզոնան դարձրել է երկրորդ նահանգը բնակչության` 90-ական թվականներին ամենամեծ աճով (առաջինը եղել է Նևադան)[7]։ Ներկայումս Ֆինիքսի մետրոպոլի բնակչությունը գերազանցում է 4.3 միլիոնը։ Արիզոնայի բնակչության 58 %-ը ապրում է 100.000-ից ավել բնակչություն ունեցող քաղաքներում. սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր նահանգների մեջ։

2010 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի էթնիկ կազմը հետևյալ պատկերն է ունեցել.

  • սպիտակամորթներ - 73 %
  • աֆրոամերիկացիներ - 4.1 %
  • բնիկ ամերիկացիներ - 4.6 %
  • ասիացիներ - 2.8 %
  • հավայացիներ և Օվկիանիայի բնակիչներ - 0.2 %
  • այլ ռասաների ներկայացուցիչներ - 11.9 %
  • 2 և ավելի ռասաների ներկայացուցիչներ - 3.4 %[8]:

2009 թվականի տվյալներով Արիզոնայի բնակչությունն ունի հետևյալ ծագումը.

  • մեքսիկական ծագում - 27.4 %
  • գերմանական ծագում - 16 %
  • իռլանդական ծագում - 10.8 %
  • անգլիական ծագում - 10.1 %
  • իտալական ծագում - 4.6 %[9]:

Արիզոնայում մյուս բոլոր նահանգների համեմատությամբ ամենամեծ թվով մարդիկ են խոսում հնդկացիական լեզուներով[10]։ Այսպես, մոտ 85.000 մարդ խոսում է նավահո և 10.4 հազար մարդ` արևմտաապաչյան լեզուներով։ Արիզոնայի Ապաչ շրջանը ԱՄՆ-ում ամենախիտն է հնդկացիական լեզուն կրողներով։ 2010 թվականի տվյալներով ոչ օրինական ներգաղթյալները նահանգում կազմել են 7.9 % (երկրորդ ամենաբարձր ցուցանիշը երկրում)[11]։

2005-2007 թվականների տվյալներով նահանգի բնակչության 72.1 %-ը տանը խոսում է միայն անգլերենով, 21.7 %-ը` իսպաներենով։

Բնակչության թվաքանակի դինամիկա

  • 1950: 749 587 մարդ
  • 1960: 1 302 161 մարդ
  • 1970: 1 745 944 մարդ
  • 1980: 2 718 215 մարդ
  • 1990: 3 665 228 մարդ
  • 2000: 5 130 632 մարդ
  • 2010: 6 392 017 մարդ[12]
  • 2013: 6 626 624 մարդ

Բնակչության դավանանքը

  • կաթոլիկներ — 29 %
  • ոչ մի կրոն դեն դավանում — 17 %
  • բողոքականներ — 10 %
  • բապտիստներ — 8 %
  • մորմոններ — 6 %
  • մեթոդիստներ — 5 %
  • այլ — 25 %[13]

Տնտեսություն

Ֆինիքս

Արիզոնայի համախառն ներքին արդյունքը 2004 թվականին կազմել է 187.27 միլիարդ դոլար։ Եթե Արիզոնան լիներ անկախ, այն ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում կգրավեր 61-րդ տեղը` հետևում թողնելով Նորվեգիային, Դանիային, Չեխիային, Իռլանդիային, Ֆինլանդիային և Ռուսաստանին։ Արիզոնան ԱՄՆ-ում 21-րդ տեղն է գրավում տնտեսական աճի մակարդակով։

Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմում է 27.232 դոլար։ Պղնձի արդյունահանումը տնտեսության կարևոր ճյուղերից է, որ ապահովում է երկրի պահանջարկի երկու երրորդը։ Պղնձի արդյունահանմամբ նահանգն առաջինն է երկրում։ Պղնձի արդյունահանման խոշոր կենտրոն է Սան Մանուելը։

Արդյունաբերական առավել մեծ թվով ընկերություններ կենտրոնացված են Ֆինիքսում և Թուսոնում։ Այստեղ էլ կենտրոնացված է նահանգի բնակչության մեծ մասը։

Նահանգում է գտնվում ամենամեծ կրիոֆիրման` Alcor-ը։

Նահանգի խորհրդանիշեր

  • Նշանաբան - Ditat Deus (Աստված հարստացնում է)
  • Ծաղիկ - Սագուարո կակտուսի ծաղիկը
  • Քար - փիրուզ

Աստղագիտության մեջ

Արիզոնայի պատվին կոչվել է (793) Արիզոնա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1907 թվականին Լոուելի աստղադիտարանում։

Ծանոթագրություններ

  1. (unspecified title) (ռուս.)М.: ВИНИТИ РАН, 1964. — С. 25. — 235 с.
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
  4. Указатель географических названий // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 205. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 50.
  6. «Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2011» (CSV). 2011 Population Estimates. United States Census Bureau, Population Division. 2011 թ․ դեկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Ranking Tables for Metropolitan Areas: 1990 and 2000United States Census Bureau. April 2, 2001. Retrieved on July 8, 2006.
  8. American FactFinder — Results
  9. American FactFinder, United States Census Bureau. «Arizona – Selected Social Characteristics in the United States: 2007-2009». Factfinder.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. Arizona has most Indian language speakers. upi.com Accessed 2011-12-12.
  11. Slevin, Peter (2010 թ․ ապրիլի 30). «New Arizona law puts police in 'tenuous' spot». Washington Post. Washington, DC. էջեր A4.
  12. «Resident Population Data — 2010 Census». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  13. «U.S. Religious Landscape Survey» (PDF). The Pew Forum. 2008-02. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

  • Az.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիզոնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 59