Jump to content

Պաշտպանական մեխանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Գոյա․ «Բանականության քունը ծնում է հրեշներ»

Պաշտպանական մեխանիզմներ (հոգեբանական պաշտպանություն), խորքային հոգեբանության հասկացություն։ Պաշտպանական մեխանիզմ հասկացության տակ հասկացվում է այն չգիտակցվող հոգեկան գործընթացը, որն ուղղված է նեգատիվ ապրումները նվազագույնին հասցնելուն։ Պաշտպանական մեխանիզմները ընկած են դիմադրության պրոցեսների հիմքում։ Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից։ Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը։ Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները (կոնֆլիկտները) վերացնելուն։ Սա յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի բնական պահանջմունքն է և նույն կերպ յուրաքանչյուր հոգեկան պրոցես կարելի է համարել այս նպատակին հասնելու ձգտում։ Հոգեվերլուծության մեջ պաշտպանական մեխանիզմները անգիտակցականից եկող հագեբանական ռազմավարություններ են իրականությունը փոխելու, ժխտելու, աղավաղելու համար։ Սա նպատակ ունի նվազեցնել լարվածությունը, անընդունելի իմպուլսները[1]։ Պաշտպանական մեխանիզմների թվին են պատկանում արտամղումը, ռացիոնալիզացիան, սուբլիմացիան և այլն։ Հոգեվերլուծության մեջ արտամղումը համարվում է մնացած մեխանիզմների հիմքը։

Առողջ մարդիկ իրենց կենսագործունեության ընթացքում օգտագործում են մեխանիզմների տարբեր տեսակները։ Դրանց կիրառումը հասնում է պաթոլոգիկ աստիճանի, երբ դա բերում է ոչ ադեկվատ վարքի, որն էլ բացասաբար է ազդում անհատի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա։ Պաշտպանական մեխանիզմների նպատակներից է Ես-ի պաշտպանումը լարվածությունից, սոցիալական սանկցիաներից, խուսափումը այն իրավիճակներից, որը Ես-ը չի կարողանում է հաղթահարել։

Կառուցվածքային մոդել ՝ Այն, Ես, Գեր Ես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանական մեխանիզմները հասկանալու համար նախ և առաջ պետք է իմանանք Ֆրոյդի ներկացրած կառուցվածքային մոդելը։ Այս կառուցվածքային մոդելը ընկած է Զիգմունդ Ֆրոյդի տեսության հիմքում։ Վերջինիս համաձայն Այն-ից եկող ազդակները հիմնվում են հաճույքի սկզբունքի վրա (ցանկություններ, երազանքներ, պահանջմունքներ)։ Ըստ Ֆրոյդի Իդ-ը ներառում է մարդու բնազդային դրսևորումները, ինչպես օրինակ Թանատոսը կամ մահվան բնազդը և Երոսը կամ սեռական բնազդը։

Հոգեկանի Կառույցներ

Ֆրոյդը անձի մեջ առանձնացնում էր 3 հիմանական կառույց՝

  • Այն, լիբիդոյի անգիտակցական պահեստը, անձի եսասեր, երեխայական, դեպի հաճույքը կողմնորոշված կառույցն է։
  • Գեր Ես, անձի հոգեկանի այս կառույցը ներառում է սոցիալական և ծնողական ներքնայնացված ստանդարտները, օրինակ ՝ «սխալ» կամ «ճիշտ», «լավ» կամ «վատ» վարք։ Հետևաբար սա ներառում է բարոյական նորմեր, կանոններ, արժեքներ։
  • Ես հանդես է գալիս որպես վերոնշյալ 2 կառույցների միջնորդ։ Այն ճանապարհներ է փնտրում բախումը լուծելու համար։

Օրինակ երբ Նա-ից եկող իմպուլսը (սեռական կապի մեջ մտնել անծանոթի հետ) բախվում է Գեր Ես-ին ( համոզմունքը այն մասին, որ ճիշտ չէ սեռական կապի մեջ մտնել անծանոթի հետ) առաջանում է լարվածությւոն, տագնապ, անհանգստություն, դիսկոմֆորտ։ Այս դեպքում այս բախումը լուծելու, տհաճությունը նվազեցնելու համար Ես-ը դիմում է պաշտպանական մեխանիզմների օգնությանը։

Հասկացության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը 1894 թվականին ներմուծել է Զիգմունդ Ֆրոյդը «Պաշտպանական նյարդապսիխոզներ» գրքում և հետագայում այն օգտագործվել է իր մյուս աշխատանքներում՝ Ես-ի և իր հիվանդագին մտքերի և աֆֆեկտների միջև պայքարը նկարագրելու համար։ Ի սկզբանե Զիգմունդ Ֆրոյդը դրա տակ նկատի ուներ արտամղումը։ Հետագայում մնացած մեխանիզմները մշակվեցին այլ հոգեվերլուծողների կողմից՝ առաջին հերթին Աննա Ֆրոյդի։ Այսօր այս հասկացությունը կիրառվում է համարյա բոլոր հոգեթերապևտների պրակտիկայում, անկախ այն հոգեբանական ուղղվածության, որին նրանք հետևում են։

Հասկացության բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական պաշտպանության նպատակը և ֆունկցիոնալ իմաստը կայանում է ներանձնային կոնֆլիկտի նվազեցման մեջ, որը պայմանավորված է սոցիալական փոխազդեցության ընթացքում առաջացած անգիտակցականի բնազդային ազդակների և արտաքին աշխարհի կողմից ներկայացվող պայմանների միջև հակասություններով։ Թուլացնելով այդ կոնֆլիկտը` պաշտպանությունը կարգավորում է մարդուն, բարձրացնում նրա հարմարվողական ընդունակությունները, հոգեկանի հավասարակշռությունը։

Հոգեվերլուծաբաններ Կեվին Հոլը և Հարդներ Լինդսին առանձնացրել են պաշտպանական մեխանիզմների 2 հիմնական բնութագրումներ՝

  • իրականության աղավաղում և արտամղում,
  • գործողությունները անգիտակցական մակարդակում

Առավել հաճածխ մարդիկ օգտագործում են այս մեխանիզմները միասին։ Բայց մարդիկ կարող են որոշները «նախընտրել» մյուսներից ավելի շատ, այնպես կարծես դա տեղի է ունենում սովորության համաձայն։

Հիմնական պաշտպանական մեխանիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հոգեբանների մեծ մասը ընդունում են պաշտպանկան մեխանիզմների որոշակի հավաքածու, որոնք համարյա ունիվերսալ են դարձել։ Նենսի-Մակ Ուիլյամսի գրքում ըստ պրիմիտիվության առանձնացված են պաշտպանական մեխանիզմների 2 մակարդակ կախված նրանից, թե որքան ուժեղ է դրա կիրառումը խանգարում անհատին ադեկվատ ընկալել իրականությունը։ Համաձայն Զիգմունդ Ֆրոյդի Ես-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Գեր Ես, Այն), գործածում է մի շարք պաշտպանական մեխանիզմներ։ Դրանք են՝ արտամղում, պրոյեկցիա, տեղափոխում, ռացիոնալիզացիա, ռեակտիվ գոյացությո��ն, ռեգրեսիա, սուբլիմացիա, բացասում։

Արտամղում, Զիգմունդ Ֆրոյդը արտամղումը դիտում էր որպես Ես-ի առաջնային պաշտպանություն, ոչ միայն այն պատճառով որ վերջինս հիմք է հանդիսանում ավելի բարդ պաշտպանական մեխանիզմների առաջացման համար, այլև նրա համար, որ այն ապահովում է տագնապից հեռանալու ավելի ուղիղ և պարզ ճանապարհ։ Արտամղումը, որը երբեմն նկարագրվում է որպես “կանխամտածված մոռացում”, իրենից ներկայացնում է գիտակցության՝ իրեն ցավ պատճառող մտքերից և զգացմունքներից հեռացում։ Արտամղման գործունեության արդյունքում անհատները չեն գիտակցում իրենց տագնապահարույց կոնֆլիկտները և չեն հիշում անցյալի տրավմատիկ իրադարձությունները։ Զիգմունդ Ֆրոյդը գտնում էր, որ ճնշված, արտամղված մտքերն ու գրգիռները չեն կորցնում իրենց ակտիվությունը անգիտակցականում, և դրանց պոռթկման կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի ծախսում (այստեղ ֆրոյդը նկատի ունի, որ արտամղված ապրումները պետք է արտահայտվեն, ծախսվեն այլ ոլորտներում)։ Առօրյա կյանքում արտամղումը հեշտությամբ բացահայտվում է։ Օրինակ մենք ասում ենք՝ «ես հեռուստացույց եմ նայում, որպեսզի ցրվեմ, մոռանամ»։ Արտամղումը դերակատարում ունի ամեն տեսակ նևրոտիկ վարքում, փսիխոսոմատիկ հիվանդություններում, հոգեսեռական խանգարումներում։ Սա հիմնական և ավելի հաճախ հանդիպող պաշտպանական մեխանիզմն է։ Արտամղման մեխանիզմով մոռացվածը մեծ մասամբ վերականգնվում է հիշողության մեջ հոգեվերլուծության ընթացքում։

Պրոյեկցիա, անդրադարձ, որպես պաշտպանական մեխանիզմ իր տեսական նշանակությամբ պրոյեկցիան հետևում է ճնշմանը։ Վերջինս իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի միջոցով անհատը սեփական անընդունելի մտքերը, զգացմունքները և վարքը վերագրում է այլ մարդկանց կամ շրջապատին։ Այսպիսով, պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անլիարժեքության կամ սխալների մեղքը բարդել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Պրոյեկցիայով են բացահայտվում է նաև սոցիալական նախապաշարմունքները և “քավության նոխազի” երևույթը, քանի որ էթնիկական և ռասային կարծրատիպերը իրենցից ներկայացնում են ինչ-որ մեկ ուրիշին սեփական նեգատիվ անձնական առանձնահատկությունները վերագրելու հարմար թիրախ։

Տեղափոխում, այս անունը ստացած պաշտպանական մեխանիզմում ի հայտ է գալիս ավելի շատ սպառնալի օբյեկտից կամ անձնավորությունից ավելի քիչ սպառնալիին վերահասցեավորվելու բնազդային իմպուլս։ Տարածված օրինակ է, երբ երեխան, որը ծնողների կողմից պատժվելուց հետո հրում է իր փոքրիկ քույրիկին կամ կոտրում է վերջինիս խաղալիքները։ Քիչ տարածված է տեղափոխման այն տարատեսակը, երբ վերջինն ուղղված է դեպի սեփական անձը. ուրիշներին հասցեագրված թշնամական գրգիռները վերահասցեավորվում են սեփական անձին, որն էլ առաջ է բերում ճնշվածության զգացում և ինքնադատապարտում։

Ռացիոնալիզացիա, Ֆրուստրացիայի և տագնապի դեմ պայքարի մեկ այլ միջոց է իրականության աղավաղումը, դրանով իսկ ինքնագնահատականի պահպանումը։ Ռացիոնալիզացիան վերաբերվում է այն կեղծ փաստարկներին, որոնց միջոցով իռացիոնալ վարքը ներկայացվում է այնպես, որ շրջապատի աչքերում երևում է ամբողջովին տրամաբանական և արդարացի։

Ռեակտիվ գոյացություն, երբեմն ես-ն արգելված գրգիռներից կարող է պաշտպանվել վարքում և մտքերում ամբողջովին հակառակ ուղղվածություն ցուցաբերելով։ Այստեղ մենք գործ ունենք Ռեակտիվ գոյացության հետ։ Այս պաշտպանական մեխանիզմը իրագործվում է երկաստիճան ձևով՝ անընդունելի գրգիռը ճնշվում է և հետո գիտակցական մակարդակում ի հայտ է գալիս ամբողջովին հակառակը։ Նմանատիպ օրինակ է այն, երբ սեփական հոմոսեքսուալ մղումներից պաշտպանվելով շատ տղամարդիկ ծաղրում են հոմոսեքսուալիստներին։

Ռեգրեսիա, բնորոշ է վերադարձը վարքի երեխայական մոդելներին։ Սա տագնապի թեթևացման միջոց է՝ վաղ մանկության տարիքին վերադառնալով, որն ավելի անվտանգ ու հաճելի է։ Մեծահասակների մոտ այն դրսևերվում է նաև անզսպությամբ, անգոհունակությամբ, հեղինակություններին հակառակվելով և այլն։

Սուբլիմացիա, ըստ Զիգմունդ Ֆրոյդի, սուբլիմացիան մեխանիզմ է, որը մարդուն հնարավորություն է տալիս փոխել իր գրգիռները այնպես, որ այն ընդունվի հասարակության կողմից, համապատասխանում է այնտեղ առկա նորմերին և կանոններին։ Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները ենթագիտակցորեն փոփոխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կողմից ընդունված ձևերի։ Սուբլիմացիան դիտվում է որպես անցանկալի գրգիռների սանձահարման միակ առողջ և կառուցողական(կոնստրուկտիվ) ռազմավարություն (ստրատեգիա), քանի որ վերջինս թույլ է տալիս փոխել գրգիռների նպատակը կամ օբյեկտը՝ առանց նրանց դրսևորումը զսպելու։ Այսինքն այս մեխանիզմի կիրառումը փոքրացնում է նևրոզի առաջացման ռիսկը։

Բացասում, երբ մարդ հրաժարվում է ընդունել այն փաստը որ տհաճ բան է կատարվել, ապա դա նշանակում է որ նա գործի է դնում պաշտպանական այնպիսի մի մեխանիզմ, ինչպիսին է բացասումը։ Իրականության բացասումը առկա է նաև այն դեպքում, երբ մարդիկ ասում կամ պնդում են՝ «նարավոր չէ որ ինձ հետ այսպիսի բան կատարվի», չնայած դրան հակառակ փաստի ակնհայտ ապացույցների։ Համաձայն Ֆրոյդի, բացասումը բնորոշ է փոքր երեխաներին և ցածր ինտելեկտի մակարդակ ունեցող հասուն մարդկանց։ Բացասումը և նկարագրված մյուս բոլոր մեխանիզմները ներկայացնում են իրենցից արտաքին և ներքին սպառնալիքների դեմ օգտագործվող միջոցներ։ Պաշտպանություն ստեղծելու յուրաքանչյուր մասնավոր դեպքում ծախսվում է հոգեբանական էներգիա, որի արդյունքում սահմանափակվում է Ես-ի ուժն ու ճկունությունը։

Հոգեբույժ Ջորջ Էման Վալենթը ներկայացրեց պաշտպանական մեխանիզմների 4 մակարդակային բնութագրում[2]՝

  • Մակարդակ I- պաթոլոգիկ պաշտպանություն (պսիխոտիկ Ժխտում, զառանցանքային Պրոյեկցիա)Առաջին մակարդակում մեխանիզմները գրեթե միշտ պաթոլոգիկ են։ Օրինակ դրանցից զառանցանքային ժխտումը այն վիճակն է, երբ մարդը զառանցանքներ ունի իրականության հետ կապված։ Ժխտման դեպքում մարդը չի ընդունում իրականությունը, քանի որ այն չափազանց սպառնալի է։ Մարդը ժխտում է գիտակցել, ընկալել կյանքի տհաճ ասպկետները։
  • Մակարդակ II- անկատար պաշտպանություն (երևակայություն, Պրոյեկցիա, պասիվ ագրեսիա)։ Այս մեխանիմզները կոչվում են չհասունացած, քանի որ նրանց հետ գործ ունենալը դժվար է։ Սրանք չափից դուրս շատ կիրառումը բերում է մարդու արդյունավետ հարմարման լուրջ խնդիրների։ Սրանք շատ հաճախ հանդիպում են անձնային խանգարումների, դեպրեսիայի դեպքում։ Երևակայության դեպքում, մարդը կոնֆլիկտը լուծելու համար դիմում է երևակայության։ Պրոյեկցիան այս մակարդակում պարանոյայի պարզագույն ձևերից է։
  • Մակարդակ III- նևրոտիկ պաշտպանություն (Ռեսպրեսիա, դիսոցացիա)։ Օրինակ Իզոլացիայի դեպքում նկատվում է օտարացում զգացմունքներից, դեպքերից։ Օրինակ՝ մարդը մանրամասնորեն նկարագրում է մարդասպանության դեպքում, առանց հուզական ռեակցիա ցուցադրելու։
  • Մակարդակ VI- հասուն պաշտպանություն ( հումոր, սուբլիմացիա, ալտրուիզմ)։ Ավելի կոնստրուկտիվ պաշտպանության ձև է։ Ալտրուիզմի դեպքում, օրինակ, մարդը ծառայություններ է մատուցում այլոց՝ դրա հետ մեկտեղ հաճույք և բավարարվածություն ստանալով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «archive of: www.3-S.us What is a self-schema?». Info.med.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  2. Vaillant, George E. (1977). Adaptation to life. Boston: Little, Brown. ISBN 0-316-89520-2.