Ֆյոն, լեռներից փչող տաք ու չոր պոռթկուն քամի։ Արագությունը երբեմն հասնում է զգալի չափերի։ Առաջանում է լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշման մեծ տարբերության հետևանքով։ Լեռնաշղթայի մթնոլորտային բարձր ճնշում ունեցող լանջից օդը բարձրանում է վեր և ուղղվում հակառակ՝ դեպի ցածր ճնշում ունեցող լանջը։ Բարձրանալիս օդի ջերմաստիճանը հողմակողմ լանջին, մինչև խտացման մակարդակին հասնելը, յուրաքանչյուր 100 մ-ում նվագում է 1 °C-ով, իսկ ավելի բարձր՝ 0,5-0,6 °C-ով։ Հողմահակառակ լանջով իջնելիս օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ-ում բարձրանում է 1 °C-ով և դառնում է ավելի տաք ու չոր։ Ֆյոնային քամիները հիմնականում դիտվում են գարնանն ու ձմռանը և, որպես կանոն, ուղեկցվում են օդի խոնավության խիստ անկումով և ջերմաստիճանի բարձրացմամբ։ Ձմռանը խոնավության մեծ պակասորդ ունեցող տաք ֆյոնը, իջնելով ձնածածկ լանջն ի վար, առաջացնում է ձյան արագ հալք և գոլորշացում, որի պատճառով այդ քամին հաճախ անվանում են ձյուն «խճռող»։ Հայաստանում ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին և Զանգեզուրի տարածաշրջանին։ Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամվա ընթացքում ֆյոնի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 15-20 °C-ով։ Երկրագնդի տարբեր շրջաններում ֆյոնը տարբեր անվանումներ ունի. ԱՄՆ-ի ժայռոտ լեռներում կոչվում է չինուկ, Չիլիական Անդերում՝ պուելչե, Արգենտինյան Անդերում՝ զոնդա, Սումատրա կղզում՝ բոխորակ, Աֆղանստանից Թուրանի դաշտավայրը իջնող ֆյոնը՝ աֆղանացի, Միջերկրական ծովի հարավում՝ սիրոկկո ևն։

Միստրալի արդյունքում ձևավորված խցանի ծառ։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոն» հոդվածին։