Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։
Սուրբ երրորդություն, Աստծու եռամիասնություն, քրիստոնեականեկեղեցու ամենահիմնական դավանանքներից, ըստ որի, միակ Աստվածը գոյություն ունի երեք անձով՝ հայր Աստված, որդի Աստված և Սուրբ հոգի Աստված, և մի բնությամբ։ Անձերը տարբերվում են ծագմամբ․ հայրը անծնունդ է, որդին ծնվում է հորից, իսկ հոգին բխում է հորից։
«Սուրբ երրորդություն» տերմինը առաջադրել են 2-րդ դարի վերջի աստվածաբանները։ Սուրբ երրորդության դավանանքը սահմանվել է Նիկիայի 1-ին (325), հաստատվել Կոստանդնուպոլսի 1-ին (381) տիեզերական ժողովներում և տեղ գտել քրիստոնեության հավատո հանգանակո��մ։
Քրիստոնեական եկեղեցիները տարբերվում են Սուրբ հոգու մեկնաբանման հարցում։ 11-րդ դարի կաթոլիկական եկեղեցին մտցրեց Սուրբ հոգու բխումը «և որդուց» ձևակերպումը, որը արևելյան եկեղեցիները, ինչպես և հայ եկեղեցին, չընդունեցին։ Սսի 3-րդ եկեղեցական ժողովը (1251), քննելով Սուրբ հոգու վերաբերյալ Հռոմի Իննովկենտիոս 4-րդ պապի առաջադրած դավանաբանական խնդիրները, ընդունել է «հոգին հորից է բխել և որդու միջոցով երևացել» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, 1982, էջ 238) ձևակերպումը, որը, ըստ էության, մերժել է որդի աստծուց Սուրբ հոգու բխելը և պահպանել դավանաբանական հարցերում հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Սուրբ երրորդության խիստ իռացիոնալ ըմբռնումը սուր վեճեր է հարուցել քրիստոնեության ներսում։ Այն ռացիոնալիստական դիրքերից ժխտել են հակատրինիտականները (լատին․՝ trinitas - «երրորդություն»), որոնց ուսմունքը Ռեֆորմացիայի շրջանում վերածնել են հակատրինիտական բողոքականները՝ ունիտականները (լատին․՝ unitas - «միասնություն»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 202)։