Սկուն (/ˈskn/ ( )) (գաել.՝ Sgàin; անգլա-շոտլ.՝ Scuin), գյուղ Շոտլանդիայի Փերթ և Քինրոս տարածաշրջանում։ Սկունի վանքի շրջակայքում կազմավորված Սկուն միջնադարյան գյուղը 19-րդ դարասկզբին լքվել է, և կոմս Մանսֆիլդը տարածքում նոր պալատ է կառուցել։ Այստեղից առաջացել է է Սկուն ժամանակակից գյուղը, որը տարբերվում է միջնադարյան Հին Սկունից։

Սկուն (Շոտլանդիա)
Քարտեզ
Քարտեզ

Երկու բնակավայրերն էլ գտնվում են Փերթշայրի Գոուրի պատմական շրջանում։ Հին Սկունը Շոտլանդական թագավորության պատմական մայրաքաղաքն էր։ Միջնադարում օգտագործվել է որպես արքայական նստավայր և միապետների թագադրավայր։ Արքայական նստավայրի շուրջ ձևավորվել է Փերթ քաղաքը և կառուցվել Սկունի վանքը։

Սկունը և Շոտլանդիան

խմբագրել
 
Սկունի վանքի կնիքը, որտեղ պատկերված է թագավոր Ալեքսանդր III-ի երդմնակալությունը
 
Սկունը Շոտլանդիայի հնադարյան մայրաքաղաքն էր ու շոտլանդացի թագավորների թագադրման վայրը։ Նկարազարդման մեջ պատկերված է Մուտ Հիլլի վրա (թգադրման բլուր) Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ի թագադրությունը։ Նրան ողջունում է ollamh rígh (արքայական պոետը), և դիմում նրան "Benach De Re Albanne" (= Beannachd Dé Rígh Alban, "Աստված օրհնի Շոտլանդիայի թագավորին") խոսքերով, որից հետո ներկայացնում է Ալեքսանդրի տոհմաբանությունը։

Շոտլանդական պոեզիայում Սկունի կապը թագավորների ու թագավորաստեղծման հետ քաղաքին բազմազան պոետիկ մակդիրներ է շնորհել, օրինակ՝ Scoine sciath-airde, որը նշանակում է "բարձր վահանների Սկուն", կամ Scoine sciath-bhinne, որը թարգմանվում է "աղմկոտ վահանների Սկուն"[1]։ Շոտլանդիան ինքը հաճախ անվանվում կամ քարտեզների վրա նշվում էր որպես "Սկունի թագավորություն"՝ Righe Sgoinde[2]։ Նմանապես, Իռլանդիան հաճախ անվանվում էր "Թարայի թագավորություն", քանի որ Թարան, Սկունի նման, արարողակարգային երդմնակալության վայր էր[3]։ Հետևաբար, վաղ շրջանի Շոտլանդական թագավորության համար Սկունը կատարում էր մայրաքաղաքի դեր։ 1163 կամ 1164 թվականին թագավոր Մալքոլմ IV-ը նկարագրել է Սկունի վանքը որպես in principali sede regni nostri, "գլխավոր նստավայրը մեր թագավորության"[4]։ Միջնադարում Սկունը կարելի էր համարել Շոտլանդիայի մայրաքաղաք և հաճախ անվանվում էր "Սկուն արքայական քաղաք"։ Շատ համեմատություններ կարելի է տանել Վեստմինստերի ու Սկուն քաղաքի միջև։ Երկուսն էլ թագավորական իշխանության միջնադարյան կենտրոններ էին, երկուսն էլ գտնվում էին գլխավոր գետերի միախառնման կետում ու համապատասխան թագավորությունների աշխարհագրական կենտրոններում։

Սկունում որևէ տեսակի բնակավայրի առաջացման սկիզբն անհայտ է։ Բնակավայրերը կարող էին լինել նախահռոմեական, քանի որ Շոտլանդիայի այս մասում Երկաթե դարաշրջանի կայացած ու հարուստ կենսափորձ ունեցող բնակչության մասին հարուստ վկայություն կա։ Սկունի պատմությունը հավանաբար սկսվել է շոտլանդական պատմությունից հռոմեացիների հեռանալուց հետո։ Մեր թվարկության 5-րդ դարում Սկունում գուցե եղել է մի գյուղ, կրոնական մի կենտրոն, նույնիսկ իշխանական մի փոքրիկ նստավայր, որն իրական կարևորություն է ձեռք բերել 9-րդ դարում պիկտական ու գելական ժողովուրդների ու թագավորությունների միաձուլման ընթացքում։ Այս պարագայում Սկունը գլխավոր դեր է խաղացել հնադարյան Շոտլանդական թագավորության ձևավորման ու կառավարման գործում։ 9-րդ դարում Քեննեթ ՄաքԱլփինը ժամանել է Սկուն՝ իր հետ բերելով սուրբ մասունք ու թագադրման քար։ Քանի որ այդ քարը պահվում էր Սկունում, այդտեղից էլ ձեռք է բերել իր անունը՝ Սկունի քար։ 12-րդ դարում տարբեր օտարերկրյա ազդեցություններից ելնելով՝ շոտլանդացի թագավորները Սկունը դարձրել են ավելի համոզիչ արքայական կենտրոն։ Շատ պատմաբաններ են պնդում, որ 1114 թվականին թագավոր Ալեքսանդր I-ը հատուկ այդ նպատակով վանք կամ մենաստան է հիմնադրել։ Սա, իհարկե, ճիշտ է, բայց պարզ է նաև, որ արքայական հրավարտակը Սկունի ստատուսի ու այնտեղ եղած կրոնական հաստատությունների վերաամրագրումն է, ոչ թե դրանց հանկարծակի հիմնադրումը։ Վկայություն կա նաև, որ «կուլդի» կոչվող քրիստոնյա վանականներ են ապրել Սկունում սկսած առնվազն իններորդ դարից կամ ավելի վաղ։ Ի վերջո կուլդիները միախառնվել են ավգուստինյան հոգևորականների հետ, որոնք 1114 թվականի "վերահիմնադրման" շրջանակներում ժամանել էին Յորքշայրի Նոստել մենաստանից։ Այս "վերահիմնադրումն" ու Սկունի ստատուսը՝ որպես ծագող շոտլանդական թագավորության ու ազգի կենտրոն հաստատելու ձգտումը շարունակվել է 1124 թվականին, երբ Ալեքսանդր I-ը հրաման է արձակել՝ ուղղված "Անգլիայի բոլոր առևտրականներին" (omnibus mercatoribus Angliae), նրանց խոստանալով անվտանգ անցում ու պաշտպանություն, եթե նրանք ծովով ապրանքներ բերեն Սկուն վաճառելու[5]։ Այդ ժամանակ Սկունը գտնվում էր Թեյ գետի նավարկելի հատվածի վրա։ Սակայն սա երբեմն հսկայական անհարմարություն էր պատճառում, քանի որ Հյուսիսային ծովով վայկինգները կայծակնային հարձակումներ էին իրականացնում։ Թեյ գետն օգտագործելով որպես 9-րդ և 10-րդ դարերում շոտլանդահպատակ տարածքների կենտրոն մտնող ջրային ուղի՝ այս ավազակները թալանում էին գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև կրոնական կառույցները, օրինակ՝ Դանքելդի վանքը։ 904 թվականին Սկունի շրջակայքում մի ճակատամարտ է տեղի ունեցել, որը հաճախ անվանվում է Սկունի ճակատամարտ, թագավոր Կոնստանտին II-ի առաջնորդությամբ շոտլանդացիների ու վայկինգների միջև։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով Սկունի մերձական գետը դարձել է պակաս նավարկելի։ Սա ստիպել է թագավոր Դավիթ I-ին Սկունից ներքև մոտակա ամենահարմար տարածքում նոր բերդաքաղաք հիմնադրել և դա Փերթն էր[6]։ Վերջինս գտնվում էր միջնադարյան Սկունից մեկ մղոն հեռավորության վրա, ինչպես Ուեստմինստերյան աբբայությունը՝ Լոնդոնյան Սիթիից։

Այսպիսով, 1114 և 1122 թվականների ընթացքում թագավոր Ալեքսանդր I-ը Սկունում "վերահիմնադրել է" ավգուստինյան մենաստանը։ 1163 կամ 1164 թվականին թագավոր Մալքոլմ IV-ի գահակալության տարիներին Սկունի մմենաստանի ստատուսն ընդլայնվել է ու այն դարձել է աբբայություն[7]։ Այն ունեցել է կարևոր թագավորական գործառույթներ, լինելով շոտլանդացի թագավորների թագադրման վայրն ու պահպանելով թագադրման քարը, մինչև որ Անգլիայի թագավոր Էդուարդ I-նն այն գողացել է 1295 թվականի Շոտլանդիայի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Սկունի վանքն ակնհայտորեն կատարում էր այն դերը, ինչ Ուեստմինստերյան աբբայությունը Անգլիայի թագավորների համար, չնայած շոտլանդական թագադրություններն ավելի հեթանոսական արարողություններ էին, որոնք ներառում էին Մուտ Հիլլի (թագադրման բլուր) օգտագործումը։ Հնարավոր է, որ շոտլանդական երդմնակալություններն ընթանում էին երկու մասով․ քրիստոնեական արարողությունն արվում էր վանքում, իսկ այն, ինչը համարվում էր հեթանոսական (գելական) արարողություն, տեղի էր ունենում Մուտ Հիլլում։ Ինչպես պատմաբան Թոմաս Օուեն Քլանսին է նշում, սա կարելի է վերագրել երդումը in colle՝ ավանդական բլրի վրա տալու գելական ավանդույթի կարևորությանը, մի բան, որ մայրցամաքային քրիստոնյաներն ակնհայտորեն չեն կարողացել հաղթահարել[8]։ Բայց Ուեստմինստերի հետ զուգահեռը Էդուարդ I-ի մտքում իհարկե եղել է, որը 1297 թվականին Սկունի վանքի թագադրման մասունքները՝ թագը, գավազանն ու քարը տեղափոխել է Ուեստմինստեր, Շոտլանդիան իր ազգային նկարագրից զրկելու բացահայտ նպատակով։ Շոտլանդիայի ազգային մասունքներն ու խորհրդանիշները պատրաստվել էին[պարզաբանել] անգլիական թագավորական սուրբ Էդվարդ Խոստովանողի պաշտոնական ներկայությամբ[9]։

Ավանդական թագադրման վայր

խմբագրել
 
Սկունի քարը թագադրման աթոռի մեջ․ Ուեստմինստերյան աբբայություն, 1855 թ․
 
"Մուտ Հիլլն" ու իր մատուռն այսօր

Թարայի նման՝ Սկունը նույնպես ասոցացվում էր թագավորության ավանդույթների ու ծիսակարգերի հետ, որը Դ․ Ա․ Բինչին նկարագրել է որպես "հնացած պտղաբերական ծես, որը բնորոշ էր ամբողջ աշխարհի պրիմիտիվ (պարզունակ) թագավորություններին"[10]։ Անշուշտ, եթե Սկունը պիկտերի ժամանակաշրջանում կապ չի ունեցել նմանատիպ բաների հետ, ապա հետագայի շոտլանդացի թագավորները ջանք են գործադրել այն այդպիսին դարձնելու համար։ Թագադրման քար ունենալու կարևորությունը, որը կապվում էր թագադրման հնադարյան վայր լինելու հետ, այնպիսի առավելություն էր, որով Սկունը նմանվում էր միջնադարյան Իռլանդիայի մի շարք այլ տեղավայրերի, ոչ միայն Թարային[11]։ Սակայն այսպիսի "ոչ քրիստոնեական" ծեսերը տասներկուերորդ դարում Շոտլանդիայի անգլո-ֆրանսիական հարևանների ծագող աշխարհում դուրս են մղվել[12]։

Հետևաբար Սկունի դերը վտանգվել է, քանի որ Շոտլանդիայի տասներկուերորդ դարի թագավորներն աստիճանաբար դառնում էին ավելի ֆրանսիացի ու պակաս գալիացի։ Պատմագիր Վալտեր Քովենթրիացին Շոտլանդիայի թագավոր Ուիլյամ I Առյուծի գահակալության տարիներին գրում էր, որ "ժամանակակից թագավորներն իրենց համարում են ֆրանսիացի և՛ արմատներով, և՛ բարքերով, և՛ լեզվով ու մշակույթով․ նրանք միայն ֆրանսիացիների են պահում արքունիքում ու շքախմբում, ու արգելում շոտլանդացիներին զբաղեցնել բարձր պաշտոններ"[13]։ Չնայած չափազանցված՝ այստեղ ճշմարտությունն առկա է։ Այս նույն պատճառով, երբ Շոտլանդիայի Դավիդ I թագավորը (Dabíd mac Maíl Choluim) 1124 թվականի ամռանը ժամանել է Սկուն այնտեղ թագադրվելու, սկզբում հրաժարվել է մասնակցել արարողակարգին։ Ըստ քահանա Այլրեդ Ռիվալուայի, որը Դավիդի ընկերն էր ու որոշ ժամանակ նրա արքունիքի անդամը, Դավիդն "այնքան էր ատում մեծարանքի այս ծեսերը, որոնք շոտլանդական ազգը մատուցում է այնպես, ինչպես իրենց նախնիներն էին վարվում իրենց թագավորներին թագադրելիս, որ եպիսկոպոսները նրան մեծ դժվարությամբ ստիպեցին ընդունել դրանք"[14]։ Ակնհայտորեն սա է Սկունին կարևորություն հաղորդել որպես ծիսական և պաշտամունքային կենտրոն, թեև երդմնակալության արարողակարգը տասներեքերորդ դարում ենթարկվել է որոշակի նորամուծության[15] ու շոտլանդացի թագավորները շարունակել են թագադրվել այնտեղ մինչև 1651 թվականը, երբ Չարլզ II Ստյուարտը դարձել է այնտեղ թագադրված վերջին շոտլանդացի միապետը[16]։ Մինչև ուշ միջնադար թագավորները շարունակում էին բնակվել այնտեղ, և հաճախ պառլամենտը ևս նիստեր էր գումարում Սկունում[17]։

2007 թվականին հնէաբանները հայտնաբերել են միջնադարյան վանքի մնացորդներ, որոնք մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել, թե որտեղ է եղել գլխավոր ալտարն ու որտեղ են պահված եղել այնպիսի մասունքներ, ինչպիսն է Սկունի քարը կամ «ճակատագրի քարը», ու որտեղ են թագադրվել Մակբեթի ու Ռոբերտ Բրյուսի նման թագավորները, նախքան Մուտ Հիլլ բարձրանալը, որպեսզի այնտեղ շարունակեն իրենց երդմնակալության հեթանոսական մասը։

Հետագա պատմություն

խմբագրել
 
Սկունի խորհրդանշական խաչը․ ահա այն ամենը, ինչ մնացել է հին գյուղից մեր օրերում

Չնայած Սկունը պահպանում էր թագադրումների հարցում իր կարևորությունը, որպես մայրաքաղաք նրա դերը ուշ միջնադարում անկում է ապրել։ Վանքը տասներկուերորդ դարում հրդեհվել է, այնուհետև ենթարկվել լայնածավալ հարձակումների շոտլանդական անկախության առաջին պատերազմի ընթացքում, որի ժամանակ այնտեղից գողացվել է Շոտլանդիայի ամենապաշտելի մասունքը՝ Սկունի քարը։ Տուժել է նաև հովանավորների պակասից, ինչպես այդ ժամանակաշրջանի բոլոր շոտլանդական վանքերը։ Սակայն վանքը սիրված ուխտատեղի էր, քանի որ այնտեղ էր պահվում սուրբ Ֆերգուսի գլուխը, որը վանականներն արծաթե տուփի մեջ դրել էին ալտարի մոտ։ Վանքում ու գյուղում անց էր կացվում հին փառատոն, օրինակ՝ «Սկունի ֆուտբոլը», որը ֆուտբոլի միջնադարյան տարբերակն էր, որի ժամանակ ամբողջ գյուղը բաժանվում էր երկու թիմի ու խաղում։ Կոմպոզիտոր Ռոբերտ Քարվերը ևս Սկունին զգալի համբավ է բերել[18]։ Տասնվեցերորդ դարում շոտլանդական բարեփոխումները վերջ են դրել Շոտլանդիայում բոլոր վանքերի ու աբբայությունների կարևորությանը։ 1559 թվականի հունիսին վանքի վրա հարձակվել է Ջոն Նոքսի կողմից կատաղության հասցրած ռեֆորմիստների ամբոխը, որի արդյունքում վանքը խիստ վնասվել է։ Սկունում վանական կյանքը պահպանվել է մինչև մոտավորապես 1640 թվականը, որից հետո վանահայրերը ցրվել են։ 1581թվականին Սկունը դարձել էր Ուիլյամ Ռութվենի համար ստեղծված Գոուրիի կոմսության մի մասը, որը հետագայում՝ 1600 թվականի Գոուրիի դավադրությունից հետո, երբ Ռութվենները թագավոր Հակոբ Ա-ի դեմ մահափորձ էին արել, բռնագրավվել է։ Արդյունքում 1606 թվականին Սկունը հանձնվել է Դավիդ Մյուրեյին՝ Սկունի նորանշանակ լորդին, որը 1621 թվականին դարձել է Ստորմոնտի դերկոմս։ Վանքն ու պալատը գտնվում էին պատշաճ վիճակում, քանի որ դերկոմսերը որոշ վերականգնումներ են արել ու շարունակել բնակվել այնտեղ՝ երբեմն Չարլզ II-ի նման կարևոր հյուրեր ընդունելով, որն այնտեղ էր եկել 1651 թվականին՝ թագադրվելու։

Ասում են, թե Սկունում պահպանվում է Շոտլանդիայի ավելի քան 1000 տարվա պատմությունը։ Սկունի Մյուրեյները յակոբինյաններ էին և իրենց զարմիկներ Աթոլի դքսերի հետ արտաքսված Ստյուարտ միապետների կողմնակիցներն էին։ Յակոբինյանների աջակցությունը, որին գումարվել էր Շոտլանդիայի պատմության մեջ Սկունի կարգավիճակը, Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի թագավոր՝ «Հին Հավակնորդ» Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտին դրդել է օգտագործել Սկունի պալատը որպես Շոտլանդիայում իր հենարան 1715 թվականի յակոբինյան ապստամբության ժամանակ։ Նա Շոտլանդիա է ժամանել 1715 թվականի դեկտեմբերի 22-ին ու մեկնել Սկուն, որտեղ յակոբինյան կայազոր էր տեղակայված։ Այնտեղ վեց շաբաթ անցկացնելուց հետո Ջեյմսն ու յակոբինյան բանակը հունվարի 30-ին նահանջել են Մոնտրոս։ Ապստամբությունից հետո, որը պարտություն էր դատապարտված նույնիսկ նախքան Ջեյմսի ժամանումը, թագավորը հունվարի 31-ին նավ է նստել ու ընդմիշտ հեռացել Շոտլանդիայից։ Սակայն նա Սկուն այցելած վերջին յակոբինյանը չէր․ նրա որդին՝ հանրածանոթ գեղեցկադեմ արքայազն Չարլին մեկ գիշեր մնացել է Սկունի պալատում 1745 թվականի Երկրորդ յակոբինյան ապստամբության ժամանակ։

1803 թվականին Սկունի Մյուրեյների ընտանիքը սկսել է կառուցել £70,000 արժողությամբ նոր պալատ՝ աշխատանքը վստահելով անվանի անգլիացի ճարտարապետ Ուիլյամ Աթկինսոնին[19]։ Նեո-գոթական ոճով նոր պալատի կառուցումն ավարտվել է 1812 թվականին ու ընդհանուր առմամբ ունեցել 120 սենյակ։ 1842 թվականին իր հոբելյանական շրջագայության ժամանակ թագուհի Վիկտորիան այցելել է Սկուն և պալատում անցկացրել մեկ գիշեր։

1844 թվականին ավելացվել է դպրոց ու եկեղեցի, հայտնի քահանաներից էր պատվելի Չառլզ Քալդեր Ստյուարտը (1804-1876 թթ․), որը ծառայել է 1847 - 1873 թվականների ընթացքում, նրան հաջորդել է պատվելի Ա․Ք․ Մակմուրչին։ 1887 թվականին կառուցվել է նոր ազատ եկեղեցի[20]։

Ժամանակակից քաղաք

խմբագրել

Նոր պալատի կառուցումը նշանակոմ էր հին քաղաքի քանդում ու բնակիչներին տեղափոխում նոր բնակավայր։ Նոր գյուղը կառուցվել է 1805 թվականին՝ որպես նախագծված բնակավայր ու անվանվել Նոր Սկուն։

Այն գտնվում է 1¼ մղոն (2 կմ) հին բնակավայրից դեպի արևելք ու Փերթից հեռու է 1 մղոն (1½ կմ)[21]։ Մինչև 1997 թվականն անվանվում էր "Նոր Սկուն", բայց այժմ պաշտոնապես կոչվում է Սկուն[22]։ 2001 թվականի շոտլանդական մարդահամարով գյուղում ապրում էր 4,430 բնակիչ, որոնց 84.33% շոտլանդացիներ էին[23]։

Լրացուցիչ տեղեկություն

խմբագրել

Սկունը հիշատակված է Ուիլյամ Շեքսպիրի Մակբեթ ողբերգության 2-րդ արարի 4-րդ տեսարանում որպես Մակբեթի թագադրավայր, երբ նա սպանել էր նախորդ թագավորին՝ իր զարմիկ Դունկանին։ Այն նաև պիեսի վերջին բառն է․ "Այսպիսով, շնորհակալ եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, որոնց հրավիրել ենք տեսնելու, թե մենք ինչպես ենք թագադրվում Սկունում"։

Տես նաև

խմբագրել
  • Սկունի վանահայր
  • Թարա, Իռլանդիա
  • Փերթ, Շոտլանդիա
  • Սկունի վանք
  • Սկունի օդանավակայան – Փերթի օդանավակայան (Շոտլանդիա)
  • Սկունի պալատ
  • Շոտլանդիան Բարձր Միջնադարում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Skene (1867), pp. 84, 97.
  2. Skene (1867), p. 21.
  3. See, for instance, Skene (1868–70), p. 88.
  4. Barrow (1960), no. 243.
  5. Lawrie (1905), p. 43.
  6. Spearman (1988), p. 47; Lawrie (1905), p.296.
  7. Cowan & Easson (1976), pp. 97–98.
  8. Clancy (2003), p. 103.
  9. Barrow (2003), p. 201.
  10. Binchy (1958), p. 134.
  11. See FitzPatrick (2003).
  12. e.g. O'Meara (1951), p. 110.
  13. Stubbs (1872), p. 206.
  14. Anderson (1908), p. 232; Ailred was keen to portray David as a good Anglo-Norman, and was anxious to relieve David of anti-Scottish prejudice being made to debase his image in the Anglo-Norman world.
  15. Bannerman (1989); for some of the innovations, see Duncan (2003).
  16. James II of Scotland was not crowned there, but at Holyrood Abbey; he was however a child, and there were political problems which made Scone too dangerous. His son James III of Scotland, who succeeded as a child also, was not apparently crowned there either; however, these coronations did not reverse the ancient precedent, which was "revived" by James IV of Scotland.
  17. See McNeill & MacQueen (1996), pp. 159–182, for places of charter issue.
  18. Fawcett (2003), pp. 170–172.
  19. Fawcett (2003), pp. 172–174.
  20. Ewings Annals of the Free Church
  21. Compare geo.ed.ac.uk – Old Scone and geo.ed.ac.uk – New Scone.
  22. «Scone (New Scone), Perth and Kinross». Gazetteer for Scotland. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  23. https://web.archive.org/web/20150402134248/http://www.scrol.gov.uk/scrol/browser/profile.jsp?profile=Population&mainArea=Scone&mainLevel=Locality

Նշումներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել