Պորտալ:Հունաստան/Ընտրյալ անձ
Վասիլիս Սպանուլիս (հուն.՝ Βασίλης Σπανούλης, ծնվ.՝ օգոստոսի 7, 1982թ.), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Հունաստանի բասկետբոլի լիգայում և Բասկետբոլի Եվրալիգայում մասնակցող «Օլիմպիակոս» ակումբում որպես խաղարկող և հարձակվող պաշտպան (այլ կերպ՝ կոմբոգարդ)։
Սպանուլիսը մասնագիտական կարիերան հաջողությամբ մեկնարկում է «Գիմնաստիկոս Լարիսսա» ակումբում։ 2002 թվականին նրան շնորհվում է Հունաստանի բասկետբոլի լիգայի լավագույն երիտասարդ բասկետբոլիստի մրցանակը։ Ցուցաբերած բարձրորակ խաղի շնորհիվ Սպանուլիսը տեղ է գտնում Աթենքի «Մարուսի» ակումբում։ 2004–05 մրցաշրջանում Սպանուլիսն առաջնորդում է թիմը դեպի ազգային լիգայի եզրափակիչ և Եվրագավաթի 1/4 եզրափակիչ։ 2005 թվականին Սպանուլիսը պայմանագիր է կնքում հունական լավագույն ակումբներից մեկի՝ «Պանատինաիկոսի» հետ, որի կազմում արդեն դրոշմում է իր ուրույն տեղը Եվրալիգայում։ 2005–06 մրցաշրջանում Սպանուլիսը առաջին անգամ դառնում է All-Euroleague խորհրդանշական հավաքականի անդամ։ 2006–07 մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուստոն Ռոքեթս» ակումբի հետ անցկացնելուց հետո Սպանուլիսը կրկին վերադառնում է «Պանատինաիկոս»: 2009 թվականին Սպանուլիսն իր թիմն առաջնորդում է դեպի Եվրալիգայի տիտղոսը, իսկ ինքը Սպանուլիսը ճանաչվում է «Եվրալիգայի եզրափակիչ քառյակի MVP»: 2010 թվականի ամռանը Սպանուլիսը տեղ է գտնում «Օլիմպիակոսում», որի կազմում երկու տարի անընդմեջ 2012 և 2013 թվականներին Սպանուլիսը կրկին դառնում է Եվրալիգայի չեմպիոն և կրկին արժանանում եզրափակիչ քառյակի MVP-ի մրցանակին։
Սպանուլիսը Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ համապատասխանաբար 2005 և 2009 թվականների Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև արծաթե մեդալ 2006 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։ (մանրամասն...)