Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատվի համար (այլ կիրառումներ)

Պատվի համար, Շիրվանզադեի դրամաներից, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները[1]։

Պատվի համար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
Ձևպիես
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1904
Առաջին ներկայացումդեկտեմբերի 10, 1904
Առաջին
ներկայացման վայր
Բաքու
ՎիքիքաղվածքՊատվի համար

Պատմություն

խմբագրել

Դրաման առաջին անգամ բեմադրվել է Բաքվում՝ 1904 թվականի դեկտեմբերի 10-ին։ «Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն գրել է. «1904 թվականի ամռանը «Կոջոր» ամառանոցում գրեցի «Պատվի համար»-ը։ Այս անգամ որոշեցի պիեսը տանել Բաքու և առաջին անգամ այնտեղ ներկայացնել»։ 1905 Թվականի հունվարի 3-ին դրաման բեմադրվեց նաև Թբիլիսի Արտիստական ընկերության թատրոնում։ Բաքվում և Թբիլիսիում դրաման ջերմ ընդունելություն գտավ։ Հանդիսատեսին գրավում էին դրամատուրգի խոր հումանիզմը և վառ արտահայտված դեմոկրատիզմը։ Թերթերը գրում էին. «Պիեսի ֆաբուլան վերցված է իրական կյանքից, գործող անձինք այնպիսի մարդիկ են, որոնց մենք հանդիպում ենք ամեն քայլափոխին», «...տիպերը գծված են, վառ և կենդանի»։ 1905 Թվականին դրաման լույս տեսավ առանձին գրքով։ Կարճ ժամանակում դրաման լայն մասսայականություն ձեռք բերեց հայության բոլոր հատվածներում։ Բեմադրվում էր ամենուր, հայության բոլոր հատվածներում, քաղաքներում ու գավառներում, հայկական գաղութներում, պրոֆեսիոնալ խմբերի ու սիրողների կողմից՝ մշտապես արձագանք գտնելով հանդիսատեսի շրջանում։ 1908 թվականին Աբելյան-Արմենյան խումբը Կ.Պոլսում ներկայացրեց «Պատվի համար»-ը։ Մինչև 1911 թվականը, դրաման բեմադրվել էր 300 անգամ, որը չտեսնված թիվ է ժամանակի հայ դրամատուրգիայի համար։ 1920 թվականին դրաման բեմադրվել է Աստրախանի Գեղարվեստական դրամատիկական ստուդիայում, Գանձակի Հայկական թատրոնում։ 1921 թվականին դրաման բեմադրվել է Բաքվի Հայկական թատրոնում։ 1923 թվականին դրաման բեմադրվել է Երևանի պետական թատրոնում։ 1954 թվականին դրաման բեմադրվել է նաև Էստոնիայի Ազգային դրամատիկական թատրոնում։ «Պատվի համար» դրաման թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ֆրանսերեն, էստոներեն, թուրքերեն։

Քննադատություն

խմբագրել

1914 թվականին գրականագետ Մամբրե Մատենճյանը, զեկուցում կարդալով «Պատվի համար»-ի մասին, այն համարեց մի թույլ պիես. նա խիստ նմանություն նկատեց «Պեպո»-ի և «Պատվի համար»-ի միջև։ «Պեպո»-ի մեջ կա մուրհակի և փող ստանալու խնդիրը, «Պատվի համար»-ի մեջ էլ՝ ժառանգության խնդիրը։ Զիմզիմովն ու Էլիզբարովը ուրանում են իրենց պարտքը, հետո զղջում են։ Ինչպես Պեպոն, Օթարյանն էլ պահանջողի դերում է, և ազնիվ ու բարի երիտասարդ է։ Ինչպես Էփեմիան, այնպես էլ Ռոզալիան դժգոհ է ծառայի անքաղաքավարությունից, չի հավանում գնված ապրանքները և այլն։ Շիրվանզադեի դրամատուրգիայի դեմ ուղղված քննադատության մասին իր խոսքն ասաց նաև Վահան Տերյանը, 1914 թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում կարդացած «Հայ գրականության գալիք օրը» ռեֆերատում. Անդրադառնալով Մամբրե Մատե��ճյանի քննադատությանը՝ Տերյանն ասում է. «Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի Սունդուկյանը, նա առանձին երևույթ է։ Չպետք է մոռանալ, որ կենացաղագրական և հոգեբանական դրամայի գրական լեզվով ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածքները, նրա նշանակությունը այդ ասպարեզում շատ է, մեծ ու նշանակալից...», «Շիրվանզադեն, որքան էլ թերություններ ունենա, դարձյալ կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը դեպի Եվրոպա»։ Լևոն Հախվերդյանը գրում է, որ «Պատվի համար» դրաման արտացոլում է նյութական-տնտեսական և բարոյական-ընտանեկան հարաբերությունների փոխազդեցությունը։ Պիեսն առանձնանում է թեմայի արտահայտման հոգեբանական խորքով, բացառիկորեն ցայտուն բնավորություններով, թատերագրական վարպետությամբ։ Գրիգոր Զոհրապը գտնում էր, որ ռուսահայ և ռուսական գրականության առողջ ոգին ունեցող Շիրվանզադեի լավագույն երկերը և «Պատվի համար» դրաման բարձր են ժամանակի եվրոպական շատ ու շատ հռչակված գրողների երկերից։ Բիեսին կազմվածը,-գրում էր Գրիգոր Զոհրապը,-իր պարզության մեջ հոյակապ է, և հյուսիսի գրականության հորինվածքը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագիրը շատ բարձր է Օքտավ Միրոպեն, որ, սակայն, Ֆրանսիայի փառքերեն մեկն է. իր տարազը Հանրի Պեքի դաժան, բայց անկեղծ նկարագրությունն է, իրական կյանքի դրվագներ է վերցված»։ Լիբերալ և պահպանողական քննադատության գռեհիկ հարձակումների շրջանում Հովհաննես Թումանյանը, նույն այդ մեծ արժանիքը, տաղանդի ուժն ու բարձր կուլտուրան Է տեսնում Շիրվանզադեի վեպերի ու դրամաների մեջ։ Դիմելով հայ ժողովրդին՝ Շիրվանզադեի երեսունամյա հոբելյանի օրերին, նա մի առանձին հպարտությամբ և խորունկ ցավով գրում է. «Վերջապես կը ցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի, կը համոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսի֊ները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջ է»։ Կարելի է վստահորեն ասել, որ նա նախառևոլյուցիոն շրջանի համառուսաստանյան գրողների շարքում այն հազվագյուտ գրողներից մեկն էր, որոնք ամբողջ մերկությամբ ցուցադրել են կապիտալիզմի բերած սոսկալի չարիքները, մասսաների անմարդկային թալանն ու կողոպուտը, և եթե Շիրվանզադեն լրիվ չի կարողացել ասել այն ճշմարտությունը, որ կապված էր գալիքի հետ, կիսատ է թողել իր խոսքը կամ թե այն վերջացրել է ռոմանտիկ ժպիտներով, ապա դա բնավ չի նսեմացնում նրա առաջադրած սոցիալական մեծ կոնֆլիկտների, հասարակական խնդիրների կարևորությունը, գեղարվեստական ընդհանրացումների արժեքը։ Նրա անհետևողականությունը հարցերի լուծման մեջ, խորապես կապված է հայկական կյանքի որոշ սահմանափակությունների և դեմոկրատական ինտելիգենցիայի հայտնի տատանումների հետ։

Սյուժե

խմբագրել

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ինքը ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեներ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեներ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։

Հեռուստաներկայացում

խմբագրել

Հեռուստաներկայացումը նկարահանվել է 1956 թվականին։ Բեմադրությունը՝ Արտաշես Հայ-Արտյանի, երաժշտության հեղինակ՝ Էդգար Հովհաննիսյան, Էլիզբարով՝ Հրաչյա Ներսիսյան, Մարգարիտ՝ Վարդուհի Վարդերեսյան, Սուրեն՝ Կարպ Խաչվանքյան, Օթարյան՝ Խաչիկ Նազարեթյան, Սաղաթել՝ Ավետ Ավետիսյան, Բագրատ՝ Արտյոմ Կարապետյան, Կարինյան՝ Գուրգեն Գաբրիելյան։ Կարպ Խաչվանքյանը խաղում է ոսկե երիտասարդության ներկայացուցչի՝ Սուրենի դերը և տիպիկ ներկայացնում է այդ ժամանակաշրջանի բարքերը այնպես, ինչպես Շիրվանզադեն է նկարագրել։ Հետաքրքիր է Էլիզբարյանի և Մարգարիտի զրույցը. Էլիզբարովը չի կարողանում նայել աղջկա աչքերին, հայացքը փախցնում է, քանի որ չի կարող խաբել Մարգրիտի պես ազնիվ մարդու, նա չունի Մարգարիտի հարցերի պատասխանը։ Մի քանի անգամ շոշափվում է Էլիզբարովի ազնիվ լինելու հարցը։ Մարգարիտը ազնվորեն հավատում է հորը, սակայն Օթարյանի հետ զրուցելուց և ապացույցները տեսնելուց հետո հասկանում է ամեն ինչ։ Նա երկուսին էլ սիրում է։ Սաղաթելը և Էլիզբարովը շան նման են իրար, նրանք նույն կերպ են մտածում։ Նրանց նման է մտածում նաև Բագրատը։ Էլիզբարյանների տան երկու լուսավուր կետերը Երանուհին և Մարգարիտն են։ Նրանք ազնիվ մարդիկ են, բայց ընտանիքի մյուս անդամների մտքում միայն փողն է. Նրանք չեն պատրաստվում կիսել իրենց հարստությունը մեկ ուրիշի հետ և պարզից էլ պարզ էր, որ եթե Էլիզբարովը վերադարձներ Օթարյանի ժառանգությունը, ողբերգությունը չէր լինի[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.1tv.am/hy/program/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80
  2. Հայ դրամատուրգիա։ Ընտրանի, Երևան, 1985, էջ 8։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պատվի համար (դրամա)