Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնֆլիկտ (այլ կիրառումներ)

Կոնֆլիկտ (լատին․՝ conflictus - ընդհարում),

  • Հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայքարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ։
  • Գեղարվեստական ստեղծագործության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կողմերի միջև եղած հակամարտությունը, հակասությունը։ Լինելով զարգացող գործողության հիմքը, կոնֆլիկտ նրա ընթացքին համեմատ անընդհատ փոխակերպվում է, գնալով դեպի կուլմինացիա և հանգուցալուծում։

Նկարագիր

խմբագրել

Գեղարվեստն իր տարբեր տեսակներով արտացոլում է կենսական հակադրության բազմապիսի դրսևորումները, դրանք մարմնավորելով կերպարների, նրանց հարաբերությունների, հոգեբանության և տրամադրությունների մեջ։ Կոնֆլիկտի շուրջն են համախմբվում ստեղծագործության կերպարները։ Կոնֆլիկտ առաջ է շարժում գործողությունը՝ հակադիր ուժերի առաջին բախումից մինչև պայքարի լուծումն ու ավարտը։ Սյուժե ունեցող երկում կոնֆլիկտի ամենաբնորոշ ձևը դրական և բացասական կերպարների հակադրությունն է, որն արտահայտում է սոցիալ-քաղաքական ներհակ ուժերի պայքարը (օրինակ, Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի պայքարը «Սասունցի Դավիթ» էպոսում)։ Կոնֆլիկտի այդ ձևը բնորոշ է վիպական և մանավանդ դրամատիկական երկերին, որտեղ սովորաբար պատկերվում են գործողության ու պայքարի մեջ հանդես եկող հերոսներ։

Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի հոգեբանության, հույզերի ու տրամադրությունների մեջ (օրինակ, Համլետը (Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից), բացի արտաքին աշխարհի հետ ունեցած բացահայտ հակադրությունից, ապրում է նաև ներքին, սուր պայքարի, կասկածի և տատանումների լարված հոգեվիճակ)։ Քնարական ստեղծագործության հիմքում հաճախ դրվում է բանաստեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով (օրինակ, Պ. Դուրյանի, Վ. Տերյանի բանաստեղծություններում քնարական հերոսի ձգտումների և իրականության հակադրությունից բխող ողբերգական ապրումները)։ Կոնֆլիկտի տեսությունը առաջին անգամ հանգամանորեն մշակել է Գ. Հեգելը։ Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրությունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործողության հնարավորություն և անհրաժեշտություն։

Կոնֆլիկտների կառուցվածքը

խմբագրել

Կոնֆլիկտների հիմնական կառուցվածքային տարրերը հետևյալն են՝

  1. Կոնֆլիկտի օբյեկտը այն սոցիալական երևույթն է, որի պատճառով առաջացել է տվյալ կոնֆլիկտային իրավիճակը։ Այդ երևույթը կառավարելու, իշխելու իրավունքը ձեռք բերելու պայքարը բերում է կոնֆլիկտների։ Կոնֆլիկտի օբյեկտը բնութագրվում է նրանով, որ այն կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական։
  2. Կոնֆլիկտի մասնակիցները առանձին անձինք են, մարդկանց խմբեր, կազմակերպություններ, պետություններ։ Կոնֆլիկտի մասնակիցները իրականացնում են միմյանց դեմ ակտիվ կամ պասիվ գործողություններ։ Կոնֆլիկտի օբյեկտի և մասնակիցների առկայությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակ։ Կոնֆլիկտային իրավիճակ կարող է գոյություն ունենալ, սակայն կոնֆլիկտ կարող է և չլինել։
  3. Միջադեպը կոնֆլիկտի մասնակիցների կողմից իրականացվող գործողություն է, որի նպատակն է տիրել օբյեկտին և ոտնահարել նրա շահերը։

Այսպիսով կոնֆլիկտային իրավիճակին գումարած միջադեպ հավասար է կոնֆլիկտ։

Կոնֆլիկտի պատճառները

խմբագրել

Կոնֆլիկտի պատճառ են այն երևույթները, իրադարձությունները, փաստերը, որոնք նախորդում են կոնֆլիկտին և սուբյեկտների գործունեության որոշակի պայմաններում առաջանում են կոնֆլիկտներ։ Կոնֆլիկտների առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի՝ մասնավոր և ընդհանուր։

Ընդհանուր պատճառներն են՝

  1. սոցիալ- քաղաքական և տնտեսական պատճառները կապված երկրում առկա իրավիճակի հետ,
  2. սոցիալ- ժողովրդագրական պատճառները արտացոլում են մարդկանց տարբերությունները պայմանավորված նրանց սեռով, տարիքով, էթնիկ խմբի պատկանելիությամբ և այլն,
  3. սոցիալ- հոգեբանական պատճառներ, որոնք ներառում են խմբում փոխհարաբերությունները, լիդերությունը, կոլիկտիվի կարծիքը և այլն,
  4. անհատական-հոգեբանական պատճառներ, որոնք արտացոլում են անձի անհատական հատկությունները, ընդունակությունները, խառնվածքը, բնավորությունը և այլն։

Մասնավոր պատճառներն են՝

  1. գործունեության պայմաններով անբավարարվածությունը,
  2. պաշտոնական էթիկայի խախտումը,
  3. աշխատանքային օրենսդրության խախտումը,
  4. ռեսուրսների սահմանափակությունը,
  5. նպատակներում տարբերությունները,
  6. անբավարար հաղորդակցումը։

Սոցիալական բնույթ

խմբագրել

Մարքսիստական գեղագիտությունը շեշտում է Կոնֆլիկտի սոցիալ-պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լուծումը տեղի է ունենում պատմական առաջադիմության նշանակությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ այն սկըզբունքորեն թույլ է տալիս գեղարվեստական Կոնֆլիկտի անլուծելիություն՝ առանձին ըստեղծագործությունների շրջանակներում։ էնգելսը հատկապես վերապահում է անում, որ «... գրողը պարտավոր չէ պատրաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտների ապագա պատմական լուծումը»։ Գեղարվեստական Կոնֆլիկտի խնդիրը սովետական գեղագիտության մեջ մնում է այժմեական։

Կոնֆլիկտոգենեզ

խմբագրել

Կոնֆլիկտոգենեզը գործընթաց է, որի արդյունքում ժամանակակից հասարակության մեջ առաջնում և հետագա զարգացում են ունենում կոնֆլիկտի ձևերը։ Այն թողնում է իր հետքը՝ որոշումների կայացման և հետագա էվոլյուցիայի վրա։

Կոնֆլիկտը կոնֆլիկտոգենեզի հետևանքն է՝ այսինքն այն աղբյուրը, շարժառիթը կամ գռգռող գենը, որի արդյունքում ծագում է կոնֆլիկտը, կոչվում է կոնֆլիկտոգենեզ։

Կոնֆլիկտի տեսակներ

խմբագրել

Կոնֆլիկտի բնույթը կախված է հակադիր կողմերի յուրահատկություններց և այն պայմաններից, որում ընթանում է նրանց հակամարտությունը։ Տարբերում են մի քանի տեսակներ.

  • Ներքին կոնֆլիկտներ՝ փոխգործակցության հակամարտություն է տվյալ օբյեկտի ներսում։ Օրինակ՝ տվյալ կենդանինների խմբի միջև (ներքին հակամարտություն)։ Գործընթացի զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլև արտաքին և շրջակա միջավայրի շփման հետ։
  • Արտաքին կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է տարբեր օբյեկտների միջև։ Օրինակ՝ հասարակության և բնության, օրգանիզմի և արտաքին միջավայրի և այլն։
  • Անտագոնիստական (թշնամական) կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է անհաշտ հասարակական խմբերի և ուժերի միջև։ Մաթեմատիկայում «անտագոնիզմ» տերմինը համարվում է շահերի մշտական բախում (այսինքն խաղերի տեսությունը), որտեղ միշտ մեկի հաղթանակը հակադարձ հավասար է մյուսի պարտությանը։ Իրականում անտագոնիզմը տեղի է ունենում միայն շուկայական մրցակցության, պատերազմների, սպորտային մրցաշարերի և այլնի ընթացքում։‎

Կոնֆլիկտների լուծում

խմբագրել

Կոնֆլիկտների լուծումը ոչ մրցակցային, վերլուծական, խնդիրների լուծմանն ուղղված գործընթաց է, որը ենթադրում է կողմերի ուղղակի մասնակցությունը՝ արհեստավարժ պրակտիկների օգնությամբ, և կենտրոնանում է ինչպես ինքնության, այնպես էլ կառուցվածքի վրա՝ դրանք դիտելով որպես կոնֆլիկտների վերլուծության և լուծման գործընթացի առանցքային հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 586