Ոջլաղեղ (լատին․՝ Pedicularis), ոջլաբույս, ոջլախոտ, խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա կիսամակաբույս խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 600 (այլ տվյալներով՝ 250), Հայաստանում՝ 7 տեսակ՝ Ոջլաղեղ հայկական (Pedicularis armena),Ոջլաղեղ Սիբթորպի (Pedicularis sibthorpii), Ոջլաղեղ հաստակնճիթ (Pedicularis crassirostris), Ոջլաղեղ մերկ (Pedicularis acmodonta) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերի ալպյան և ենթալպյան գոտիևերում։ Աճում է անտառեզրերին, թեք լանջերին, ալպյան գորգերում, մարգագետիններում և այլն։
Հողի տակ Ոջլաղեղի կարճ կոճղարմատներից բոլոր ուղղություններով շառավիղաձև տարածվում են լարանման արմատներ, երկարությունը՝ 5-15 սմ։ Դրանց ծայրերին առաջանում են 1-2 ծծիչներ, որոնք, ամրանալով հարևան բույսի արմատներին, յուրացնում են նրա սննդանյութերը։ Տեր-բույսի մահանալուց հետո բազմամյա արմատներն իրենց աճը շարունակում են կուտակած սննդանյութերի հաշվին։
Ցողունի բարձրությունը 5-60 սմ է։ Տերևները փետրաձև հատվածավոր են, հերթադիր, հակադիր կամ տերևափնջերով։ Ծաղկաբույլը հասկանման է, ձվաձև կամ երկարավուն։ Ծաղիկները բաց կամ մուգ դեղնավուն են, սպիտակադեղնավուն կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Որոշ տեսակներ պարունակում են գլիկոզիդ (աուկուբին), ալկալոիդներ և այլն։ Միջատասպան է (եփուկով լվանում են գլուխը, լողացնում կենդանիներին)։ Թունավոր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|