Մասնակից:Sergey Manvelyan/Ավազարկղ

Պարգև Սահակի Տեր-Պողոսյան
Բնօրինակ անունپارعيڢ طير بوعوسيان
Նաև հայտնի է որպեսԿույր Պարգև
Ծնվել է1907(1907)
Մերսին
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Սիրիա Սիրիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 6, 1995
Լոս Անջելես, ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, երգահան, ուդահար
Գործիքներուդ

Պարգև Սահակի Տեր-Պողոսյան (1907, Մերսին - օգոստոսի 6, 1995, Լոս Անջելես), հայ երաժիշտ կատարող, երգիչ, երգահան, ուդահար։

Կյանքը

խմբագրել

Ծնվել է 1907 թվականին, ներկայիս Թուրքիայի Մերսին քաղաքում, հոգևոր ծառայողի ընտանիքում։

Հայրը՝ Հակոբ Հարությունյանը, քահանա օծվելուց հետո ընդունել է ավազանի անուն՝ Սահակ Տեր-Պողոսյան, և դարձել ծխական թեմի առաջնորդ։ Մայրը՝ Խաթունը, եղել է ծխական, կրթական խնամակալական հաստատությունների տնօրեն։ Ընտանիքում ծնվել է երեք զավակ՝ Պարգևը, քույրը՝ Նվերը, և Հարությունը։ Պարգև Տեր-Պողոսյանը նախնական կրթությունը ստացել է առաջնորդարանի դպրոցում։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Մեծ եղեռնի ընթացքում ծնողները խոշոր գումարով կաշառելով օտարազգի կառապանին երեխաներին ուղարկել են Սիրիա՝ քեռիների մոտ։

Ծնողները, մնալով հայրենիքում, նահատակվել են։ Սիրիայի Հալեպ քաղաքում բացվել էր Ամերիկյան որբանոց, որտեղ ընդունել են հազարավոր հայ որբերի։ Որբանոցում տիրել է վատ սանիտարա-հիգիենիկ պայմաններ, և տարածված են եղել զանազան հիվանդություններ՝ տիֆ, մալարիա, տրախոմա և այլն։ Տարափոխիկ հիվանդությունների պատճառով օրական բազմաթիվ երեխաներ են մահացել։ Ահա այդ որբանոցում թյուրիամացաբար հայտնված Հարությունը կորցրել է քրոջն ու եղբորը և սովից մահացել։ Պարգևը ևս կորցրել է քրոջը՝ Նվերին, և հիվանդացել տրախոմա ակնացավով։ Նրանց քեռիները՝ Հարություն, Վահան և Խորեն Յաղջյանները (ովքեր Հալեպում ունեցել են քաղաքացիական և զինվորական հագուստի ատելյե, որտեղ աշխատել են շուրջ 20 դերձակներ), որոնել ու որբանոցում գտել են իրենց զարմիկներ Նվերին ու տրախոմայով հիվանդ Պարգևին և վերցրել իրենց խնամքին։ Նրանք Պարգևի աչքերի բուժման համար մեծ ծախսեր են կատարել, սակայն ապարդյուն՝ նա վերջնականապես զրկվել է տեսողությունից։

Երաժշտական գործունեություն

խմբագրել

Որոշ ժամանակ անց, նկատելով երեխայի՝ երաժշտության նկատմամբ ունեցած սերը, օգնել են, որ ստանա երաժշտական կրթություն։ Դեռևս որբանոցում գտնվելու ժամանակ սովորել է ջութակ նվագել։

Ավելի ուշ մասնավոր դասեր է առել Հալեպում գործող հայ ուդահար «Ուդի Սիսակից», որը համարվում էր թուրքական դասական երաժշտության հիմնադիրներից մեկը (այսօրվա Թուրքիայում ընդունված են ու սիրված նրա փեշրաֆները և սազ-սեմայիները, լոնգաները, քանթոնները, շարքիները)։

1940 թվականին հինգ ընկերներով Հալեպում հիմնադրել են «Դո ռե մի» սրճարանը, որը գտնվում էր ծառապատ այգում, ուներ ամառային ու ձմեռային բաժիններ, բեմահարթակ, շատրվաններով ու գույնզգույն ձկներով ջրավազան։ Սրճարանը մշտապես մարդաշատ էր, հայերը իրենց ընտանիքներով գալիս էին հոգեթով երաժշտություն ունկնդրելու և միմյանց տեսակցելու։ Պարգևը, բացի սրճարանում աշխատելուց, նաև ակտիվորեն մասնակցել է Հալեպի հայության հասարակական կյանքին։

Մասնակցել է Հալեպի Հայ բարեգործական ընդհանուր միության միջոցառումներին, ինչպես նաև Կիլիկյան դպրոցի և մանկապարտեզի սաների տոնահանդեսներին, որոնց ընթացքում կատարել է իր ստեղծագործությունները՝ մանկական երգերը, պարեղանակները ու «Ծաղիկների պարը» մանկական օպերետը։ Իր երեք երաժիշտ-ընկերների հետ ստեղծել է երաժշտական քառյակ և ելույթներ ունեցել հայ և արաբ հասարակայնության տարբեր խավերի համար։ Ուդ նվագելու դասեր է տվել արաբ պաշտոնյաների կանանց։ Մշտապես եղել է արաբական տոներին և խնջույքների հրավիրյալ երաժիշտ։ Մի քանի տարի անց թողնելով ուդը՝ սկսել է նվագել նոր ի հայտ եկած մեկ այլ արևելյան լարային նվագարան՝ ճումբուշ (թուրքերեն նշանակում է «խնջույք» և իրենից ներկայացնում է բանժոի ու մանդոլինի միակցումը), որը ավելի հնչեղ էր ու հոգեհարազատ։

1940 թվականին հաճախել է անվանի երգահան Համբարձում Պերպերյանի հարմոնիայի և ստեղծագործելու դասընթացներին։ Համբարձում Պերպերյանը նրա մասին ասել է, որ «օժտված է մեծ ու բարձր տաղանդով և հայկական մաքրամաքուր ակունքներին հարազատ երաժշտություն ստեղծող է»։ Պարգևը անձամբ ծանոթ է եղել Աշոտ Պատմագրյանին, Բարսեղ Կանաչյանին, Հրանտ Գևորգյանին, Նուբար Սնգրյանին, Գուրգեն Ալեմշահին, Երվանդ Սրվանձտյանին, Արա Պարթևյանի և այլ անվանի մտավորականների։ Պարգևը կնոջը սովորեցրել է նոտագրություն և ջութակ նվագել։ Կինը նոտագրել է նրա ստեղծագործությունները, մինչև որ զավակները մեծացել և երաժշտական կրթություն են ստացել։

Պարգևը հայտնի է եղել ոչ միայն Սիրիայում այլև Լիբանանում, Իրաքում, Ստամբուլում։ 1947 թվականին թողնելով բարեկեցիկ կյանքը՝ ընտանիքով ներգաղթել են հետպատերազմյան Խորհրդային Հայաստան։ 1949-1950 թվականներին նվագել է Հայաստանի ռադիոկոմիտեի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում, սակայն ուղեկցող չունենալու պատճառով դադարել է հաճախելուց։ Աշխատել է Հայաստանի կույրերի միավորման (ՀԿՄ) թ. 2 մշակույթի տանը՝ որպես քանոնի և սոլֆեջիոյի դասարանների մանկավարժ, և ժողովրդական նվագարանների ինքնագործունեության անսամբլում՝ որպես ճումբուշահար։ Երեկոները երկու ընկերների հետ, որոնցից մեկը ևս կույր էր, նվագել են Երևանի տարբեր խորտկարաններում, ապա՝ «Հանդիպում» սրճարանում։ 1955-1960-ական թվականներին նրա ստեղծագործությունները քննարկվել են մի քանի անվանի կոմպոզիտորների կողմից և հավանության արժանանալուց հետո հանձնվել Հայաստանի ժողովրդական ստեղծագործության տանը (ՀԺՍՏ), իսկ Պ. Տեր-Պողոսյանին ընդունել ՀԺՍՏ անդամ և արժանացրել «Ժողովրդական ստեղծագործող» կոչմանը։

1967-1971 թվականներին, որպես ազատ ուկնդիր, սովորել է Երևանի պետական կոնսերվատորիային առընթեր Հայաստանի ժողովրդական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում՝ պրոֆեսորներ Մ. Տերյանի, Ռոբերտ Աթայանի, Փաշինյանի, Ալեքսանդր Աճեմյանի դասարաններում և ստացել ինքնուս կոմպոզիտորի վկայական։

Բազմիցս մասնակցել է Հայաստանի, անդրկովկասյան հանրապետությունների կույրերի միավորումների երաժշտական մրցույթներին և արժանացել բազմաթիվ պարգևների։ 1975 թվականի մայիսին ՀԿՄ նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել է նրա երաժշտա-ստեղծագործական գործունեության 60 ամյակը, որին մասնակցել են անվանի գրողներ, երաժիշտներ, երգիչներ։

Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն, անգլերեն։

Ընտանիք

խմբագրել

1936 թվականին ամուսնացել է այնթապցի տարագիր ընտանիքի զավակ Մարի Տիգրանի Փոլադյանի հետ և ունեցել 3 տղա (ծնվել են Հալեպում) և 5 աղջիկ (ծնվել են Երևանում)։ Անդրանիկ զավակը՝ Սահակը, արդեն 7-8 տարեկանում դարձել է կույր հոր ուղեկիցը։

Կինը մահացել է։

1973-1982 թվականներին ամուսնացած է եղել կույր ինքնուս դերասանուհի Գրետա Սոսյանի հետ։ 1980 թվականին ցանկացել է կնոջ՝ Գրետայի հետ տեղափոխվել ԱՄՆ, սակայն վերջինս հրաժարվել է հեռանալ հայրենիքից և նրանք բաժանվել են։ 1982 թվականին մեկնել է ԱՄՆ՝ Լոս Անջելես քաղաքը, որտեղ ապրում էին իր 4 աղջիկները և որդին՝ իրենց ընտանիքներով։ Մահացել է 1995 թվականի օգոստոսի 6-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Որդիներ Վարդգեսն ու Սահակը և դուստր Նվերը ապրում են Երևանում։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Ծաղիկների պարը» մանկական օպերետ,
  • «Խոստացիր», խոսք՝ Տիգրան Չիթունու, երաժշտ.՝ Պարգև Տեր-Պողոսյանի,
  • «Պարտեզի մեջ», խոսք և երաժշտ.՝ Պարգև Տեր-Պողոսյանի,
  • «Մի խենթ կարոտ», խոսք՝ Հ. Շեմսի, երաժշտ.՝ Պարգև Տեր-Պողոսյանի,
  • «Կույր երգիչը», խոսք՝ Շուշանիկ Կուրղինյանի, երաժշտ.՝ Պարգև Տեր-Պողոսյանի,
  • «Տղաների պար»,
  • «Օրորոցային»,
  • «Սայաթ Նովա»,
  • «Երգ կոմերիտական»,
  • «Պարային սյուիտ»,
  • Հայրենասիրական երգեր,
  • Հեղափոխական երգեր,
  • Ռոմանսներ,
  • Օպերետներ,
  • Խմբերգային բազմաձայն երգեր,
  • Պարեղանակներ,
  • Պարային սյուիտներ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Մինասյան Հարություն, «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք․ Ականավոր կույր հայեր», Կենսագրական բառարան, Երևան, 2012