Հունաստանի թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Հունաստանի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող միակ թեմը, որը ներկայացնում է Հունաստանում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Առաքելական հայության մյուս մասի հոգևոր կյանքը ներկայացնում է Հունաստանի հայոց թեմը, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Առաջնորդանիստը՝ Աթենքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն է։ 2022 թվականից թեմի առաջնորդն է Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը։

սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Աթենք

Պատմություն

խմբագրել

Հունաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները մինչև 1920-ական թվականները պատկանել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը, որից հետո ձևավորվել է էջմիածնապատկան հունահայոց թեմը (Հունաստանի հայոց թեմ)։ 1958 թվականին թեմում եղել է պառակտում և թեմի եկեղեցիներն անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ 1959 թվականին Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովն արդեն գոհունակությամբ արձանագրում է ոչ միայն Հունաստանի, այլև Իրանի տարածքում գործող երեք (Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի) թեմերի միացումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ինչն արդեն պաշտոնապես ամրագրվում է 1965 թվականի փոփոխված կանոնագրության մեջ։ Մինչդեռ թեմական քարտեզի այս վերաբաժանումները Մայր Աթոռն այսօր էլ հայտարարում է հակականոնական։

1992 թվականին հունահայոց անթիլիսական թեմը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին սուրբ Էջմիածնի ենթակայությանը վերադառնալու խնդրանքով, սակայն շատ արագ դիմումը ետ է կանչվել և այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել։

Եկեղեցիներ

խմբագրել
 
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սալոնիկ

Հայկական եկեղեցիներից մի քանիսը կառուցվել են Հյուսիսային Հունաստանում՝ Կոստանդնուպոլսից Հունաստան գաղթած հայերի կողմից, որոնց մեծ մասը հաստատվել էր այդտեղ հույն-թուրքական պատերազմից (1919-1922) հետո՝ բնակչության փոխանակության ժամանակ։ 1903 թվականից Սալոնիկում գործում է սուրբ Աստվածածին եկեղեցին, 1927 թվականից Քսանթիում՝ սուրբ Աստվածածինը, 1932 թվականից Կավալայում՝ սուրբ Խա��ը, ավելի վաղ՝ Դիդիմոտիխոն քաղաքի սուրբ Գևորգը։ Ավելի վաղ՝ 1834 թվականին, սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կոմոտինի քաղաքում։

Աթենքում 1900 թվականին կառուցվել է հայկական մատուռ, 1933 թվականին սուրբ Գրիրգոր Լուսավորիչ տաճարը, 1921 թվականին սուրբ Հակոբը, 1922 թվականին փայտաշեն սուրբ Կարապետը, իսկ 1992 թվականին նույն անունով այլ վայրում քարե շենք է կառուցվել։

17-րդ դարի վերջին հայկական եկեղեցի է հիմնադրվել նաև Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում (սուրբ Հովհաննես Կարապետ), որը, սակայն, ենթարկվում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը։ Նախքան 17-րդ դարը այն պատկանել էր Վենետիկի հանրապետությանը (1205-1669) և կոչվում էր սուրբ Գևորգ, իսկ օսմանցիների կողմից կղզու գրավումից հետո տրվել էր հայերին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: