Հայերը Հունաստանում
Հայերը Հունաստանում զանգվածային բնակություն են հաստատել V-VI դարերից։ Հայկական պետականության անկման և պարսկա-բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր ապաստանել են Հունաստանում։ Մեծ թվով հայեր 451 թ. Ավարայրի ճակատամարտից հետո տեղափոխվել են Հունաստան։ Բյուզանդական կայսրության (որի մասն էր կազմում Հունաստանը) կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ. բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ.) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում։ VIII-IX դդ. բռնի Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուսմունքի տարածողները եղան Հունաստանում և, ընդհանրապես, Բալկաններում։ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում (IV-XV դդ. 1-ին կես) պետության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին հայերը։ Նրանք կարևոր դեր են խաղացել Բյուզանդիայի հասարակական, ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Բազմաթիվ հայեր եղել են VII դ․ ստեղծված բյուզանդական ռազմական շրջանների բանակաթեմերի զորավարներ։ Դրանցից մեկն էր, օրինակ, Բյուզանդիայի կայսր, զորավար Նիկեփորոս Փոկաս II-ը (963-969 թթ.), որի հեծելազորի 1/3-ը եղել են հայեր։ Նա, բարձր գնահատելով հայ զիվորների դերը Կրետեի գրավման գործում, բազմաթիվ հայ ընտանիքների թույլ տվեց Փոքր Ասիայից տեղափոխվել Կրետե՝ տեղի բարբարոս ժողովրդին քաղաքակրթելու նպատակով։
X-րդ դարի 70-ական թվականներին Կրետեում ապրել է ավելի քան 20.000 հայ։ Այստեղ մի շարք բնակավայրեր հիմնվել են հայերի կողմից։ Հայկական համայնքներ են եղել Ռեթիմնոնում, Սիթիայում, Արմենոխորում և այլուր։ Հունաստանի հայկական եկեղեցիների մեջ Կրետեի Իրակլիոն քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ամենահինն է (1646 թ.) և գործում է առ այսօր։ 1711-1734 թթ. Կրետեի հայերի հոգևոր առաջնորդն էր Աբրահամ Կրետացին։
Վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակութային կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն) կրթվել են հայ երիտասարդներ։ Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը։ 858-867 թթ.-ին և 877-886 թթ.-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վարել է նշանավոր գիտնական, հայազգի Փոտը։ Բյուզանդական մշակույթի հայտնի գործիչներից էր կայսր Կոստանդին VII Ծիրանածինը։ Հայ-բյուզանդական մշակութային փոխազդեցություններն առկա են նաև ճարտարապետության մեջ ու արվեստում։
Կիլիկիայում հայկական պետականության ստեղծումից հետո, XI-XII դդ. բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով համայնքը նվազել է, կրկին բազմամարդ է դարձել XVII-XVIII դդ., թուրքական բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին։ Հունաստանի անկախության ձեռքբերումը (1829 թ.) նպաստել է հայերի մեծ հոսքին Հունաստան։ Համայնքը սկսել է ստվարանալ XIX դ. վերջից և շարունակվել Մեծ Եղեռնից ու հատկապես 1919-1922 թթ.-ին հույն-թուրքական պատերազմներից հետո։ Այս շրջանում հայերը հիմնականում կենտրոնացած էին Թրակիայի ու Մակեդոնիայի քաղաքներում, ինչպես նաև Աթենքում, Պիրեայում, Կրետե (1925 թ. այստեղ ապրել է 8000 հայ), Սամոս, Միտիլինի, Քիոս, Սիրա, Զակինթոս, Կորֆու և այլ հունական կղզիներում։ հայ գաղթավայրերի վարչական-մշակութային կյանքը կազմակերպում է առաջնորդարանն ու Ազգային կենտրոնական վարչությունը, որոնք ճանաչված էին հունական իշխանությունների կողմից։
Տարբեր տարիներ (1924-1929 թթ., 1932-1933 թթ., 1946-1947 թթ.-ին) Հունաստանից հայրենադարձվել են հազարավոր հայեր։ Ներկայումս Հունաստանում բնակվում է 35-40 հազար հայ (2010), որոնք կենտրոնացած են Աթենքի և Պիրեայի շրջաններում, Սալոնիկում, Թրակիայում, Կրետե կղզում, Հռոդոսում։ Զբաղվում են արհեստագործությամբ (ոսկերիչներ, կոշկակարներ, կահույքագործներ) և առևտրով։ Կան նաև հայտնի գործարանատերեր, մեծ ընկերությունների տնօրեններ։
Համայնքը ղեկավարում է Ազգային վարչությունը (որին ենթակա են տնտեսական և ուսումնական խորհուրդները)։ Գործում են 10 առաքելական (70-ամյա պատմություն ունի Աթենքի արվարձան Ֆիքսի Ս․Կարապետ եկեղեցին), 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 4 ամենօրյա (Սոֆի և Լևոն Հակոբյան, Ա․ և Ժ․ Ճենազյան, Զավարյան) և կիրակնօրյա դպրոցներ, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կապույտ խաչ, Հայ գթության խաչ, Հովարդ Կարագյոզյան հաստատության Հունաստանի մասնաճյուղը, երիտասարդական և պատանեկան միություններ, Համազգային մշակութային, Հաճնի հայրենակցական, «Արաքս», «Արարատ» միությունները և Հայ դատի հանձնախումբը։ 1996 թ.-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։
1890 թ.-ին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հունաստանում հրատարակվել են 67 անուն պարբերականներ։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945 թ.-ից), «Նոր աշխարհ» (1969 թ.-ից), «Ժողովրդային պայքար» (1982 թ.-ից), «Դրոշակ», «Բռունցք» (1991 թ.-ից), «Երիտասարդական կանչ» (1995 թ.-ից) պարբերականները։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992 թ.-ին և մինչև այժմ եղբայրական հարաբերություններ ունեն։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1980
- Վահրամ Փափազյան, «Սեր, սեր, սեր», «Սևան» տպարան, Պէյրութ, 1962