Կյուրին
Կյուրին կամ Գյուրուն (դասական ուղղագրությամբ՝ Կիւրին, թուրքերեն՝ Gürün), գյուղաքաղաք Թուրքիայում (պատմական Սեբաստիայի վիլայեթի Կյուրինի գավառակի կենտրոն, այժմ՝ Սիվասի մարզի Կյուրինի շրջանի կենտրոն), Թոհմասու (Մելաս) գետի բերրի և ծառաշատ հովտում։ XX դարի սկզբին ուներ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և դպրոց։ Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակավայր | ||
---|---|---|
Կյուրին | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Սիվասի մարզ[1] | |
ԲԾՄ | 1334 մետր | |
Բնակչություն | 18 009 մարդ (2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 58800 | |
| ||
Անվանում
խմբագրելՈմանք Կյուրինը նույնացնում են խեթական և ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակվող Գաուրաինա (Գուրիմմի), Թեգարամա (Տեգարամա) քաղաքների հետ, որոնք էլ ոմանք կապում են աստվածաշնչյան Թորգոմի հետ[2]։
Պատմություն
խմբագրելԿյուրինը գտնվում է պատմական Փոքր Հայքում։ Կյուրինի շրջանում գտնվել են քարանձավներ, որտեղ հնագույն ժամանակներում (մոտ մ․թ․ա․ 2000 թ․) բնակվել են մարդիկ[3]։ Կյուրինը հին ժամանակներում մաս է կազմել Կապադովկիայի թագավորության, ապա կարճ ժամանակ՝ Ծոփքի թագավորության[4]։ Բյուզանդական տիրապետության տակ մաս է կազմել Արմենիակների բանակաթեմի, իսկ Օսմանյան կայսրության կազմում եղել է Սեբաստիայի վիլայեթի Կյուրինի գավառակի կենտրոն[4]։
Քաղաքը բաղկացած էր հետևյալ գլխավոր թաղամասերից. Շուղուլ, Օրեն կամ Էրան, Տարեր, Սմկընա, Չերչիկոր, Խոնավ բլուր (Յաշ թեփէ), Աշուր, Սև բլուր (Գարա Թեփե), Ֆերման մահլե, Սաղ, Քեթեն-շայըր, Խաս-բաղ, Ձախ-ձոր կամ Չախ-ձոր[5]։ Կյուրինը հայտնի էր այստեղ արտադրված մանիսա գործվածքներով և հատուկ շալերով, որոնք մեծ պահանջարկ ունեին հարևան շրջաններում։ XIX դարի երկրորդ կեսին կյուրինցիները առևտրական կապեր էին հաստատել Ալեքսանդրիայի, Կեսարիայի, Վառնայի և Տրապիզոնի հետ, ի թիվս այլ քաղաքների[4]։ Ուներ եկեղեցիներ (հայ առաքելական, ինչպես նաև կաթոլիկ և բողոքական) և դպրոց[2][4]։ Ենթարկվում էր Կիլիկիո կաթողիկոսությանը[4]։
Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է Մեծ եղեռնի ժամանակ, որից հետո փրկվածների մեծ մասը հայտնվել է Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում։ Այն տեղերից մի մասն ներգաղթեց Սովետական Հայաստան, բայց շատերն արտագաղթեցին Արգենտինա, Ֆրանսիա, Հունաստան և Միացյալ Նահանգներ հետագա տասնամյակներում[4]։
«Կյուրնո հայրենակցական միությունը» հիմնադրվել է Բոստոնում 1899 թվականին որպես ուսանողական կազմակերպություն։ Ավելի ուշ մասնաճյուղեր են բացվել Հալեպում, Աթենքում, Բեյրութում, Բուենոս Այրեսում, Լիոնում և Նյու Յորքում։ Միությունը օգնել է ցեղասպանությունից փրկված փախստականներին։ Նաև միջոցներ է հայթայթել, որպեսզի Սովետական Հայաստանում հիմնադրվի Նոր Կյուրին գյուղը։ Հայրենակցական միությունը երկու պարբերական է հրատարակել՝ «Կյուրինի հուշ» (1930-1933 թթ․) և «Կյուրինի հուշեր» (1976-1981 թթ․), ինչպես նաև գիրք՝ «Պատմագիրք Կյուրինի» (1974 թ․) վերնագրով[6]։
Անվանի մարդիկ
խմբագրել- Անդրանիկ Ծառուկյան (1913–1989), գրող
- Հարություն Կալենց (1910–1967), նկարիչ
- Միհրան Թումաճան (1890–1973), երաժիշտ և ազգագրագետ
- Վահե Վահյան (1909–1998), գրող
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 924 — 1008 էջ։
- ↑ «4,000-year-old apartment complex in central Turkey awaits researchers, tourists». Daily Sabah (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Baronian, Luc Vartan. «The Former Armenian Community of Gurin». www.uqac.ca. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Դադայան, Խաչատուր (2014 թ․ դեկտեմբերի 19). «Կյուրին». www.irates.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Baronian, Luc Vartan. «Documents of the Compatriotic Union of Gurin». www.uqac.ca. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշ��կի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 494)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրին» հոդվածին։ |