Ինտերֆերոն
Ինտերֆերոն ( լատին․՝ inter-փոխադարձ և ferio-հարվածել, ճնշել), պաշտպանական սպիտակուց, որն արտադրվում է կաթնասունների և թռչունների օրգանիզմում, ինչպես նաև վիրուսներով վարակված բջջային կուլտուրաներում։ Ճնշում է վիրուսների բազմացումը բջջում։ Ինտերֆերոն անջատել են անգլիացի գիտնականներ Ա. Այզեքսը և Զ. Լինդենմանը (1957 թվականին), գրիպի վիրուսով վարակված հավի բջիջներից։ Բջիջներում ինտերֆերոնի առաջացումը օրգանիզմի պատասխան ռեակցիան է բջջի մեջ վիրուսային օտարածին սպիտակուցի թափանցման հանդեպ։ Հետագայում պարզվել է, որ ինտերֆերոնը գոյանում է նաև ի պատասխան որոշ բակտերիաների, ռիկետսիաների, տոքսինների, նուկլեինաթթուների, սինթետիկ պոլինուկլեոտիդների։ Ինտերֆերոնը բաղկացած է ցածր մոլեկուլային զան��ված ունեցող սպիտակուցներից (մոլեկուլային զանգվածը՝ 25000-110000), .որոնք կայուն են PH-ի լայն սպեկտրում, նուկլեազների, տաքացման, սառեցման և լիոֆիլացման նկատմամբ, քայքայվում են պրոտեոլիտիկ ֆերմենտների և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։
Հայաստանում ինտերֆերոնն առաջին անգամ ստացել են Փորձառական կենսաբանության ինստիտուտում (1965 թվականին)՝ Մ. Գ. Բոստանջյանի ղեկավարությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 359)։ |