Տոքսիններ
Տոքսիններ (հուն․ to£ixov - թույն), բակտերիային, կենդանական և բուսական ծագման սպիտակուցային նյութեր, որոնք ունակ են ընկճել կենդանիների և մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիաները և հիվանդության կամ մահվան պատճառ դառնալ։ Երբեմն «տոքսիններ են անվանում նաև ոչ սպիտակուցային բնույթի թունավոր նյութերը։ Ի տարբերություն մյուս օրգանական և անօրգանական թունավոր նյութերի, տոքսինների օրգանիզմ թափանցելիս հանգեցնում են հակամարմինների առաջացման։ Տոքսինների մոլային զանգվածը բարձր է 4-5 հազարից (ցածրամոլեկուլային նյութերը, իմունածին չեն)։ Տոքսսինները նման են օձերի, կարիճների, սարդերի և այլ թունավոր կենդանիների ու մի շարք թունավոր բույսերի թույների բաղադրության մեջ։ Առավել տարածված և ուսումնասիրված են բակտերիային տոքսիններ (օրինակ, փայտացման, դիֆթերիայի, բոտուլիզմի տոքսիններ և այլն), որոնք ստորաբաժանվում են Էքսոտոքսինների (երբ տոքսինները միջավայր են դուրս գալիս բակտերիայի կենսագործունեության ընթացքում) և էնդոտոքսինների (երբ տոքսինները ազատվում են բակտերիայի ոչնչացումից և քայքայումից հետո)։
Ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության բնույթի տարբերում են
- նեյրոտոքսիններ, որոնք ազդում են նյարդային ազդակի հաղորդման տարբեր փուլերի վրա,
- ցիտոտոքսինները քայքայում են կենսաբանական թաղանթները,
- ինհիբիտոր տոքսինները ընկճում են որոշակի ֆերմենտների ակտիվությունը,
- ֆերմենտ-տոքսինները քայքայում են օրգանիզմի կարևոր օրգանական նյութերը (սպիտակուցներ, բազմաշաքարներ և այլն)։
Տոքսինները օգտագործվում են անատոքսինների, բուժիչ շիճուկների ստացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |