Ինգե Մորատ
Ինգեբորգ Հերմինա «Ինգե» Մորատ (անգլ.՝ Ingeborg Hermine «Inge» Morath, գերմ.՝ Inge Mörat, մայիսի 27, 1923[1][2][3][…], Գրաց, Շտիրիա[4] - հունվարի 30, 2002[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), եվրոպացի և ամերիկացի լուսանկարիչ։
Ինգե Մորատ անգլ.՝ Ingeborg Hermine «Inge» Morath | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա[4] |
Մահացել է | հունվարի 30, 2002[5][1][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Great Oak Cemetery |
Քաղաքացիություն | Ավստրիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ և ֆոտոլրագրող |
Ամուսին | Արթուր Միլլեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Magnum Photos[7] |
Երեխաներ | Ռեբեկկա Միլլեր և Daniel Miller? |
Կայք | ingemorath.org |
Inge Morath Վիքիպահեստում |
Եղել է դրամատուրգ Արթուր Միլլերի վերջին կինը։ Նրանց դուստրը սցենարիստ և ռեժիսոր Ռեբեկա Միլլերն է։
Վաղ տարիներ (1923-1945)
խմբագրելԻնգեբորգ Հերմինա Մորատը ծնվել է Ավստրիայի Գրաց քաղաքում գիտնականներ Մաթիլդա (օրիորդական ազգանունը` Վիսլեր) և Էդգար Մորատների ընտանիքում[8]։ Ինգեի մանկության ժամանակ նրա ընտանիքը շատ է ճանապարհորդել` նաև լինելով Եվրոպայի համալսարաններում և տարբեր լաբորատորիաներում[9]։ Այդ ընթացքում նրա ծնողները կաթոլիկությունից անցնում են բողոքականության։ Սկզբում Ինգեն սովորում էր ֆրանսիական դպրոցներում, իսկ 1930-ական թվականներին ընտանիքով տեղափոխվում է Դարմշտադտ, ապա Բեռլին։ Նա սովորել է Բեռլինի «Bahnhof Friedrichstraße» կայարանի մոտ գտնվող «Luisenschule» դպրոցում։
Մորատն առաջին անգամ ծանոթացել է ավանգարդային արվեստին «Դեգենարատիվ արվեստ» ցուցահանդեսում, որ կազմակերպել էր նացիստական կուսակցությունը 1937 թվականին՝ Գերմանիայի հասարակական կարծիքը ժամանակակից արվեստի դեմ տրամադրելու նպատակով։ «Ինձ գրավեցին մի քանի այդպիսի նկարներ, մասնավորապես ես սիրահարվեցի Ֆրանց Մարկի «Կապույտ ձի» կտավին»,— ավելի ուշ գրել է Մորատը։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ինգեբորգն ընդունվել է Բեռլինի համալսարան, որտեղ սովորել է եվրոպական մի շարք լեզուներ։ Նա ազատ տիրապետել է ֆրանսերենին, անգլերենին, ռումիներենին և իհարկե, մայրենի գերմաներենին։ Ավելի ուշ այդ լեզուներին ավելացան իսպաներենը, ռուսերենը և չինարենը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մորատը զորակոչվել է ծառայության. նա ուկրաինացի ռազմագերիների հետ աշխատել է Տեմպելհոֆի գործարանում։ Խորհրդային ռմբակոծիչների հարձակման ժամանակ Մորատին հաջողվել է փախչել և հասնել Ավստրիա։ Ավելի ուշ Մորատը հրաժարվել է ռազմական գործողություններ նկարելուց` գերադասելով օբյեկտիվին հանձնել դրանց հետևանքները[10]։
Միջին տարիք (1945-1962)
խմբագրելՊատերազմից հետո Մորատն աշխատել է թարգմանիչ և լրագրող։ Նա հետպատերազմյան Վիեննայում պատահաբար հանդիպել է լուսանկարիչ Էռնստ Հաասի հետ. նրանք սկսում են միասին աշխատել։ 1949 թվականին Մորատն ու Խաասը միացել են ոչ շուտ հիմնադրված փարիզյան Magnum Photos ընկերությանը։ 1951 թվականին, ամուսնանալով բրիտանացի լրագրող Լայոնել Բերչի հետ (ամուսնությունը երկար չի տևել), Ինգեն տեղափոխվում է Լոնդոն։ Այդ նույն թվականին՝ Վենետիկ կատարած այցելության ժամանակ, նա կատարում է սեփական լուսանկարներ։ Դրանից հետո Մորատը մի քանի ամսով դառնում է Սայմոն Գուտմանի քարտուղարը. այս աշխատանքը նրան հնարավորություն է տալիս արհեստավարժ լուսանկարներ կատարելու։ Իր առաջին լուսանկարները նա վաճառել է Էգնի Տարոմ մականունով, ինչը իր սեփական անունն էր` հակառակ ընթերցումով[10]։
Դրանից հետո Մորատը ամուսնալուծվում է Բերչից և վերադառնում Փարիզ, որպեսզի կարիերան շարունակի լուսանկարչության ուղղությամբ։ 1953 թվականին՝ իր աշխատանքների առաջին խոշոր սերիան ներկայացնելուց հետո, Մորատը որպես լուսանկարիչ հրավիրվում է Magnum ընկերություն։ Նրա առաջին հանձնարարությունները եղել են պատմություններ, որոնց նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերել «մեծ տղաները» (անգլ.՝ the big boy): Մասնավորապես, նա` որպես լուսանկարիչ, մեկնում է Լոնդոն, որպեսզի լուսանկարի Սոհո (անգլ.՝ Soho) և Մեյֆեյր (անգլ.՝ Mayfair) թաղամասերի բնակիչներին։ Տիկին Էվելեյ Նեշի լուսանակարը, որն արվել է այդ ընթացքում, հետագայում դարձել է Մորատի ամենահայտնի աշխատանքներից մեկը։
1955 թվականին Մորատին հրավիրում են դառնալու Magnum Photos ընկերության լիիրավ անդամ։ 1950-ական թվականների վերջին Մորատը շատ է ճանապարհորդում` պատմելով ֆոտոպատմություններ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի մասին։ Նրա լուսանկարները հրատարակվել են այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են Holiday, Paris Match և Vogue: 1955 թվականին հրատարակվել է «Guerre à la Tristesse» գիրքը (Ռոբերտ Դելպիրի հետ համատեղ)։ Մորատն ընդհանուր առմամբ ունի 30 մենագրություն։ Ինչպես Magnum Photos ընկերության այլ անդամներ, Մորատը ևս մասնակվել է բազմաթիվ ֆիլմերի նկարահանումներին, որոնց թվում են Հյուսթոնի «Մուլեն Ռուժը» (1952) և «Չներվածը» (1959)[10][11]։
Վերջին տարիներ (1962-2002)
խմբագրելԱՄՆ վերադառնալուց հետո` 1960-70-ական թվականներին, Մորատն աշխատել է «տանը մոտ»` դաստիարակելով երեխաներին։ Այս թվականներին լույս են տեսնում նրա «Ռուսաստանում» (1969) և «Չինական հանդիպումներ» (1979) գրքերը, որոնցում նկարագրված են Ինգեի ուղևորությունները ԽՍՀՄ և ՉԺՀ[12]։ 1980-90-ական թվականներին Մորատը շարունակում էր կատարել խմբագրության հանձնարարությունները, ինչպես նաև աշխատում էր սեփական ծրագրերում։ 2002 թվականին ռեժիսոր Ռեգինա Ստրասեգերի հետ նա իրագործում է իր վաղեմի երազանքը` իր նախնիների հողը տեսնելը, որը Շտիրիայի և Սլովենիայի սահմանին էր։ «Վերջին ճանապարհոդություն» գիրքը (2002) և Ստրասեգերի «Սահմանային տարածություն» ֆիլմը (2002) վավերագրել են Ինգե Մորատի այս ուղևորությունները իր կյանքի վերջին տարիներին[13]։
Մորատը մահացել է 2002 թվականին քաղցկեղից Նյու Յորքում 78 տարեկան հասակում` լուսանկարներ չանելով միայն մահին նախորդող երկու շաբաթներին։ Հետմահու հրատարակվել է նրա աշխատանքը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևանքներին վերաբերող[14]։
Քննադատություն
խմբագրելՄորատի ձեռքբերումները իր ֆոտոարվեստի առաջին տասնամյակում կարևորվել են քննադատների կողմից։ Եվա Առնոլդի հետ Ինգեն առաջին կանանցից էր, որ դարձել է Magnum Photos-ի լիիրավ անդամ, իսկ ընկերությունում այդ տարիներին գերազանցապես տղամարդիկ էին աշխատում։ Շատ քննադատներ գրել են «խաղային սյուրռեալիզմի» մասին, որով առանձնանում են Մորատի աշխատանքները։ Հասուն տարիքի գործերում Մորատը վավերագրել է մարդկային ոգու դիմացկունությունը արտակարգ դժվարին իրավիճակներում, ինչպես նաև էքստազի ու ուրախության պահեր[15]։
Մորատի ձեռքբերումներից են նրա դիմալուսանկարները, որոնք ներկայացնում են ինչպես հայտնի մարդկանց, այնպես էլ անհայտ մարդկանց ակնթարթային պատկերները։ Բորիս Պաստեռնակի տանը, Պուշկինի գրադարանում, Անտոն Չեխովի տանը, Մաո Ցզեդունի ննջարանում, նկարիչների արվեստանոցներում, գերազմանոցներում արված նրա աշխատանքները կարծես «անտեսանելի մարդկանց հոգիների» արտացոլումը լինեն։ Ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը Մորատին նկարագրել է որպես «ամենագրավիչ, առույգ և, թվում է, անվնաս վուայերիստ` գաղտնի հետևորդ»[16]։
Պարգևներ և հիշատակ
խմբագրել- Մորատ ընտանիքը սահմանել է «Ինգե Մորատի ֆոնդը» (2003)
- Magnum Photos ընկերությունը սահմանել է Ինգե Մորատի անվան ամենամյա մրցանակ մինչև 30 տարեկան կին լուսանկարիչների համար (2002)
- Ավստրիայի պետական մեծ մրցանակ լուսանկարչության բնագավառում (1992)
- Կոնեկտիկուտի համալսարանի պատվավոր աստիճան (1984)
- Միչիգան նահանգի Սենատի № 295 բանաձևը` ի հիշատակ Ինգե Մորատի (1983)
- Զալցբուրգում անցկացվում է «Inge-Morath-Platz» միջոցառումը` նվիրված լուսանկարչուհու հիշատակի (2012 թվականից)
Ընտանիք
խմբագրել1962 թվականի փետրվարի 17-ին Ինգե Մորատն ամուսնացել է հայտնի դրամատուրգ Արթուր Միլլերի հետ և տեղափոխվել ԱՄՆ։ Զույգի առաջին երեխան` Ռեբեկա դուստրը, ծնվել է նույն թվականի սեպտեմբերին, իսկ երկրորդ երեխան` որդի Դանիիլը, որը Դաունի համախտանիշ ուներ, ծնվել է 1966 թվականին[17]։ Ռեբեկա Միլլերը հետագայում դարձել է կինոռեժիսոր, դերասանուհի և գրող[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119073358 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.bundeskanzleramt.gv.at/agenda/kunst-und-kultur/preise/staatspreis-fuer-kuenstlerische-fotografie.html
- ↑ http://www.magnumphotos.com/C.aspx?VP3=CMS3&VF=MAGO31_9_VForm&ERID=24KL53Z47M
- ↑ Strassegger, 2002, էջ 2
- ↑ The Telegraph, 2002
- ↑ 10,0 10,1 10,2 Martin, 2002
- ↑ 11,0 11,1 Morath, Raven, Miller, 2006, էջ 111
- ↑ Российское фото, 2015
- ↑ Le, 2014
- ↑ Gran enciclopèdia catalana, 2009
- ↑ Lahs-Gonzales, 1999, էջ 61–74
- ↑ Morath, 1986, էջ 5
- ↑ Andrews, 2007
Գրականություն
խմբագրել- Գրքեր
- Strassegger R. Inge Morath: Grenz.Räume. — Prestel, 2002. — 229 с. — (Photography Series). — ISBN 9783791327730
- Morath I. Portraits. — Aperture, 1986. — 95 с.
- Morath I., Raven L., Miller A. The road to Reno / ed. Lucy Raven, Arthur Miller, John P. Jacob. — Steidl, 2006. — 158 с. — ISBN 9783865212030
- Lahs-Gonzales O. To Unseal the Deeper Nature // Inge Morath. Life as a Photographer / ed. Sabine Folie, Gerald Matt. — München: Kehayoff Verlag, 1999. — 183 с. — ISBN 978-3929078923
- Հոդվածներ
- Martin D. Inge Morath, Photographer With a Poetic Touch, Dies at 78 // New York Times. — 2002.
- Ingeborg Hermine Morath // Gran enciclopèdia catalana. — 2009.
- Inge Morath // The Telegraph. — 2002.
- Andrews S. Arthur Miller's Missing Act // Vanity Fair. — 2007.
- Le J. G. Danube Revisited: Nine Photographers Retrace Inge Morath's Legendary Journey // Time. — 2014.
- Инге Морат: с любовью к Китаю и России // Российское фото. — 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգե Մորատ» հոդվածին։ |