Իզոգծեր
Իզոգծեր (հին հուն․՝ ισος, «հավասար»), գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական քարտեզների, կտրվածքների և գրաֆիկների վրա իրար են միացնում որևէ մեծության համարժեք կետերը։ Արտահայտում են հետազոտվող մեծության անընդհատ փոփոխությունը՝ կախված երկու այլ փոփոխական մեծություններից (աշխարհագրական լայնությունից և երկարությունից քարտեզի վրա)։ Քարտեզներում օգտագործվում են անընդհատ կամ տարածության մեջ աստիճանաբար փոփոխվող մեծությունների (օդի ջերմաստիճանի) արժեքների որոշման համար։
Իզոգծերի օգնությամբ ցույց են տրվում երևույթների քանակական բնութագրումների փոփոխությունը ժամանակի ընթացքում (Երկրի մագնիսականության բաղադրիչների դարավոր փոփոխությունները), շարժման արագությունը (քամու արագությունը), տևողությունը (ձնածածկ օրերի թիվը), կրկնությունը կամ հավանականությունը (ամպրոպների կրկնությունը)։ Եթե անկախ փոփոխականներից նույնիսկ մեկը ոչ թե աշխարհագրական կոորդինատ է, այլ որևէ ուրիշ մեծություն, իզոգծերը կոչվում են իզոպլետներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 313)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզոգծեր» հոդվածին։ |