Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր

ֆրանսիացի բուսաբան

Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր (ֆր.՝ Joseph Pitton de Tournefort, հունիսի 5, 1656(1656-06-05)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս - դեկտեմբերի 28, 1708(1708-12-28)[1][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի բուսաբան, Փարիզի դեղաբույսերի թագավորական այգու բուսաբանության պրոֆեսոր, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։

Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր
ֆր.՝ Joseph Pitton de Tournefort
Ծնվել էհունիսի 5, 1656(1656-06-05)[1][2][3][…]
Էքս-ան-Պրովանս
Մահացել էդեկտեմբերի 28, 1708(1708-12-28)[1][3][4][…] (52 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբուսաբան, պտերիդոլոգ, պրոֆեսոր, սնկաբան և բժիշկ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5]
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերFaculty of Medicine of Montpellier? և Փարիզի համալսարան[6]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7] և լատիներեն
Հայտնի աշակերտներAntoine de Jussieu?, Michel-Louis Reneaulme de Lagaranne? և Սեբաստյան Վայյան[6]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Tourn.
 Joseph Pitton de Tournefort Վիքիպահեստում

Կյանքի վաղ տարիները

խմբագրել

Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը ծնվել է Ֆրանսիայի հարավում, Էքս-ան-Պրովանսում, կրթությունը ստացել է Հիսուսյան միաբանության դպրոցում։ Ծնողները ցանկանում էին, որ նա եկեղեցական դառնար, սակայն հոր մահից հետո նա նվիրվեց բժշկությանն ու բուսաբանությանը։ Երկու տարի Ֆրանսիայի հարավում շրջելուց հետո, որի ընթացքում Ժոզեֆը բույսերի հավաքածու էր կազմում, նա ընդունվեց Մոնպելիեի համալսարան՝ աշակերտելով Պիեռ Մանյոլին։ 1683 թվականին, պալատական բժիշկ Գի-Կրեսան Ֆագոնի հովանավորությամբ նա դարձավ Փարիզի դեղաբույսերի թագավորական այգու բուսաբանության պրոֆեսոր, իսկ 1691 թվականից՝ Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։ Լյուդովիկոս XIV թագավորի հրամանով Ժոզեֆը մի քանի ճանապարհորդություն կատարեց Եվրոպայում՝ լինելով Պիրենեյներում, Ալպերում, Դոֆինեում (պատմական շրջան Ֆրանսիայում), Իսպանիայում և Պորտուգալիայում՝ կազմելով հարուստ հավաքածու։

Այցելությունը Լևանտի երկրներ

խմբագրել
 
Արարատի տեսքը Երեք եկեղեցիներից (Էջմիածին)` Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորի 1718 թվականին լույս տեսած «Ճանապարհորդություն դեպի Լևանտի երկրներ» գրքից:

1700-1702 թվականներին ճանապարհորդել է Հունաստան, այցելել Կոստանդնուպոլիս, Սև ծովի ափամերձ շրջաններ, Հայաստան, Վրաստան և Պաղեստին՝ լրացնելով իր հավաքածուն և կատարելով բուսական աշխարհի ու ազգագրական ուսումնասիրություններ։ Այդ ընթացքում նրան ուղեկցում էին գերմանացի բուսաբան Անդրեաս Գունդեսհայմերը (1668—1715) և ֆրանսիացի նկարիչ Կլոդ Օբրին (1651—1743): Նրանք Փարիզից դուրս են եկել 1700 թվականի մարտի 9-ին՝ ուղևորվելով Մարսել, որտեղից բաց ծով են դուրս եկել ապրիլի 23-ին։ Եղել են Կրետե և այլ կղզիներում, ապա անցել Մարմարա ծով և այցելել Կոստանդնուպոլիս։ Այնուհետև Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը, իր ուղեկիցների հետ, այցելել է Սև ծովի Սինոպ, ապա Տրապիզոն նավահանգիստներ։ Տրապիզոնից քարավաններով գնացել է Էրզրում, Կարս, այնուհետև Թիֆլիս, իսկ Վրաստանն իր ուղեգրություններում անվանել է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը։ Այստեղից հետո դը Տուրնեֆորը գալիս է Հայաստան, լինում Երևանում և այցելում Արարատ լեռ, որից հետո բռնում է վերադարձի ճանապարհը՝ անցնելով Կարս - Անգորա - Բուրսա - Զմյուռնիա երթուղով։ Զմյուռնիայից էլ, որ այսօր կոչվում է Իզմիր, նավարկում է դեպի Մարսել՝ տեղ հասնելով 1702 թվականի հունիսի 3-ին։ Տուրնեֆորն ու իր երկու ուղեկիցները ճանապարհին ենթարկվում են տարբեր փորձությունների և հանդիպում արկածների. փոթորիկ՝ ծովում, ապա Կարսի թուրքական իշխանություններն են կասկածանքով վերաբերվում նրանց՝ դնելով ռուսական լրտեսների տեղ, թանաքի ու թղթի պակասություն կրում և այլն։ Դեռ ավելին, քիչ էր մնացել՝ Տուրնեֆորը խեղդվեր Արարատի սողանքի ենթարկված ձյան շերտի տակ։ Բայց և այնպես, չնայած նման դժվարություններին, նա կատարում է Լյուդովիկոս XIV թագավորի բոլոր հրահանգները. այս ճանապարհորդությունը խիստ բեղուն եղավ բուսաբանության համար. Տուրնեֆորը բացահայտեց 1356 չգրանցված բուսատեսակ։

Վերադարձը հայրենիք և մահը

խմբագրել
 
Տուրնեֆորի երթուղին՝ Լևանտի երկրներ կատարած ճանապարհորդության ընթացքում:

Տուրնեֆորն ու իր երկու ուղեկիցներն Արևելքից վերադառնում են 1702 թվականին։ Հասնելով Փարիզ, նա արժանանում է Ֆրանսիայի թագավորական քոլեջի պրոֆեսորի պաշտոնին՝ դառնալով դրա բժշկության և բուսաբանության ամբիոնի վարիչը։ Ունենալով պինդ առողջություն, նա դեռ երկար ժամանակ կարող էր ծառայել գիտությանը։ Սակայն 1708 թվականի ապրիլի 16-ին, վերադառնալով Թագավորական պարտեզից, թևի տակ ունենալով բույսերի կապոց, հանկարծ ենթարկվում է բեռներ տեղափոխող մի կառքի ուժգին հարվածին և ծեփվելով պատին՝ ստանում է բազմաթիվ մանր կոտրվածքներ։ Դեպքը տեղի էր ունեցել իր տնից ոչ հեռու գտնվող մի փողոցում, որն այսօր կրում է Տուրնեֆորի անունը։ Դրանից հետո նա գամվում է անկողնուն և տառապալից ցավեր կրելուց հետո վախճանվում նույն թվականի դեկտեմբերի 28-ին։

Տուրնեֆորի ճանապարհորդության մասին պատմող գիրքը

խմբագրել

Ճանապարհորդության ընթացքում կատարած իր ուղեգրությունների հիման վրա Տուրնեֆորը պատրաստվում էր գիրք հրատարակել, որը լույս տեսավ արդեն իր մահից հետո և կրում էր «Ճանապարհորդություն դեպի Լևանտի երկրներ» վերնագիրը։ Որպես բուսաբան նա տալիս է նաև տարբեր պտուղների նկարագրերը և դրանց գործածությունը բժշկության մեջ։ Սակայն նա իր նկարագրություններում չի սահմանափակվում միայն որպես բուսաբան, այլ տալիս է նաև հնագիտական, աշխարհագրական ու մարդաբանական հարուստ տեղեկություններ ու նկարագրեր։ Օբրիի օգնությամբ Տուրնեֆորը տալիս է նաև Սև ծովի քարտեզը, նրա ափին գտնվող այն նավահանգիստների ու պաշտպանական ամրությունների պատկերները, որոնցով անցել էին։ Նա տալիս է նաև քրիստոնյաների ու մուսուլմանների նկարագրերը, իր տեսած ժողովուրդների սովորույթների ու պատմության մասին հետաքրքիր տեղեկություններ։ Կարդալով նրա այս գիրքը, տեսնում ես, թե բացի բուսաբանական հարուստ գիտելիքներից, Տուրնեֆորը նաև որքան գիտակ է աշխարհի հնագույն պատմության։ Նրա այս գիրքն այսօր էլ մնում է կարևոր աղբյուր Հունաստանի, Փոքր Ասիայի, Հայաստանի և մյուս երկրների ժողովուրդների կյանքը 17-18-րդ դարերում ուսումնասիրելու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 248