Թոքեր (լատին․՝ pulmo, հին հունարեն՝ πνεύμων), մարդու, բոլոր կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների մեծ մասի և որոշ ձկների շնչառության օրգան։ Հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։

Խոզի թոքերը

Մարդու թոքեր

խմբագրել
 
Մարդու թոքերի և շնչառական համակարգի սխեմա

Մարդու թոքերը շնչառության զույգ օրգաններ են, որ տեղակայված են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա՝ սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ՝ պարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային երկու երակները, ավշային անոթները և նյարդերը։ Թոքերի միջև գտնվող բոլոր օրգանները (սիրտ, աորտա և մի շարք այլ արյունատար անոթներ, շնչափողը և գլխավոր բրոնխները, կերակրափողը, ուրցագեղձը, նյարդեր, ավշային հանգույցներ և ծորաններ), կազմում են միջնաորմը (mediastinum

Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա՝ ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։

Բլթի ներսում թոքը կազմված է 25 մմ երկարությամբ և 15 մմ լայնությամբ բրգաձև մասերից, որոնց հիմքը ուղղված է դեպի մակերևույթ։ Բլթի գագաթում գտնվում է բրոնխը, որը շարունակական բաժանումով ստեղծում է նրա մեջ 18-20 եզրային բրոնխիոզ։ Դրանցից յուրաքանչյուրը վերջանում է թոքերի ֆունկցիոնալ կառուցվածքի մասերով՝ ացինուսներով։ Ացինուսը կազմված է 20-50 փոքրիկ բրոնխիոլներից, որոնք բաժանվում են թոքաբշտերի ծորանների, որոնց պատերը խիտ պատված են թոքաբշտերով։ Ամեն մի թոքաբշտային ծորան անցնում է վերջնաբաժիններ՝ երկու թոքաբշտային պարկերի։

Թոքաբշտերը կիսագնդաձև ուռուցիկ գոյացություններ են և կազմված են շարակցական թելային հյուսվածքից ու էլաստիկ թելերից։ Ծածկված են նրբագույն թոքաբշտային էպիթելով և պարուրված արյունատար մազանոթների խիտ ցանցով։ Թոքաբշտերում կատարվում է գազափոխանակություն արյան և մթնոլորտային օդի միջև։ Ընդ որում, թթվածինը և ածխաթթու գազը դիֆուզիայի ընթացքում անցնում են էրիթրոցիտների միջոցով մինչև թոքաբշտեր՝ հաղթահարելով թոքաբշտային էպիթելի, հիմնային թաղանթները և արյունատար մազանոթների պատերի ընդհանուր դիֆուզ սահմանը, որոնց հաստությունը 0,5 մկմ-ից մինչև 0,3 սմ է։ Թոքաբշտի տրամագիծը նորածնի մոտ 150 մկմ է, հասուն տարիքում հասնում է 208 միկրոմետրի, իսկ տարեցների մոտ՝ 300-350 միկրոմետրի։ Մեծահասակների մոտ թոքաբշտերի քանակը 600-700 միլիոն է, նորածին երեխայի մոտ՝ 30-ից մինչև 100 միլիոն։ Թոքաբշտերի ներքին մակերևույթի ընդհանուր մակերեսը արտաշնչման ու ներշնչման միջև ընկած ժամանակահատվածում տատանվում է 40 մ2 մինչև 120 մ2 սահմաններում (համեմատության համար, մարդու մաշկի մակերեսը 1,5-2,3 մ2 է)։

Այսպիսով, ավեոլներին օդը հասնում է շնչափողաբրոնխեալ ծառի միջոցով, որն սկսվում է գլխավոր շնչափողից և ճյուղավորվում գլխավոր բրոնխների, բլթային բրոնխների, բրոնխային ճյուղավորումների, միջբլթային, բլթային, ներբլթային բրոնխների։ Բրոնխներով անցնելով օդը մտնում է թոքերի շնչառական բաժին։

Տղամարդկանց աջ թոքի միջին բարձրությունը 27,1 սմ է, կանանց մոտ՝ 21,6 սմ, իսկ ձախինը՝ համապատասխանաբար 29,8 և 23 սմ։ Ըստ որոշ տվյալների՝ թոքի միջին զանգվածը կազմում է 374±14գ, իսկ առավելագույն զանգվածը՝ 470 գ[1]։ Ավելի մեծաքանակ մարդկանց մոտ կատարված այլ չափումների համաձայն՝ տղամարդու աջ թոքի միջին զանգվածը կազմում է 455 գ, կանանցը՝ 401 գ, տղամարդկանց ձախ թոքի միջին զանգվածը՝ 402 գ, կանանցը՝ 342 գ[2]։ Ընդհանուր տարողությունը տատանվում է 1290-4080 մլ և միջինը կազմում է 2680 մլ[3]։

Երեխաների թոքերի հյուսվածքը բաց վարդագույն է։ Մեծահասակների մոտ թոքերի հյուսվածքի գույնը գնալով մգանում է ներշնչվող ածխի ու փոշու մասնիկների պատճառով, որոնք կուտակվում են թոքերի հիմքի շարակցական հյուսվածքի վրա։

Թոքերն առատորեն հագեցած են զգայական, վեգետատիվ նյարդերով և ավշային անոթներոց։

Օնտոգենեզ և զարգացում

խմբագրել

Մարդու թոքերը ձևավորվում են ներարգանդային զարգացման երրորդ շաբաթվա ընթացքում։ Չորրորդ շաբաթում հայտնվում են երկու բրոնխաթոքային բողբոջները, որոնք համապատասխանաբար վերածվում են բրոնխների և թոքերի։ Բրոնխիալ ծառը ձևավորվում է հինգերորդ շաբաթից մինջև չորրորդ ամիսը։ Չորրորդից հինգերորդ ամիսներում ձևավորվում են շնչառական բրոնխիոլները, հայտնվում են առաջին թոքաբշտերը և ձևավորվում են ացինուսները։ Ծննդյան պահին բլթերի, բաժինների քանակը նույնն է, ինչ հասուն մարդու մոտ։

Այնուամենայնիվ, թոքերի զարգացումը շարունակվում է նաև ծնվելուց հետո։ Կյանքի առաջին տարվա ընթացքում բրոնխիալ ծառը մեծանում է մեկուկեսից երկու անգամ։ Ինտենսիվ աճի հաջորդ ժամանակահատվածը համապատասղանում է սեռական հասունացման ժամանակահատվածին։ Թոքաբշտային նոր ճյուղավորումների ձևավորումը ավարտվում է յոթից ինը տարեկանում, իսկ թոքաբշտերինը՝ տասնհիգից քսանհինգ տարեկանում։ Քսան տարեկան հասակում թոքերի ծավալը գերազանցում է նորածնի թոքերի ծավալը քսան անգամ։ Հիսուն տարեկանից հետո սկսում է թոքերի աստիճանական ինվոլյուցիան՝ ռեդուկցիան, որը ավելի է արագանում յոթանասուն տարեկանից հետո։

Ֆունկցիաներ

խմբագրել

Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի փոխանակությանը։

Թոքերի գազափոխանակությունը

խմբագրել

Ներշնչման ժամանակ թոքերում ճնշումը ցածր է մթնոլորտայինից, իսկ արտաշնչման ժամանակ՝ բարձր, ինչը հնարավորություն է տալիս օդին շարժվելու մթնոլորտից դեպի թոքեր և հակառակը։ Սովորական հանգիստ ներշնչումը կապված է ստոծանու մկանների և միջկողային մկանների ներքին շերտի կծկման հետ։ Եթե ներշնչումը հաճախակի է, ապա մասնակցում են նաև մի շարք այլ մկաններ՝ իրանի և պարանոցի, մեջքի լայնածավալ մկաններ, կրծ��ա-անրակա-պտկային մկանները և այլն։ Ներշնչման ժամանակ ստոծանին իջնում է, կողերը բարձրանում են, նրանց միջև տարածությունը մեծանում է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. D. E. Niewoehner, J. Kleinerman Morphologic basis of pulmonary resistance in the human lung and effects of aging(անգլ.) // Journal of Applied Physiology : journal. — 1974. — Т. 36. — № 4. — С. 412—418.
  2. William F. Whimster, Alison J. Macfarlane Normal Lung Weights in a White Population(անգլ.) // American Review of Respiratory Disease : journal. — 1974. — Т. 110. — № 4. — С. 478—483.
  3. Лёгкие // Большая медицинская энциклопедия / гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1980. — Т. 12 : Криохирургия — Ленегр. — С. 369—426. — 150 300 экз.

Գրականություն

խմբագրել
  • История исследований; актуально на начало XX века (1890–1907). «Лёгкие». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Пятин В. Ф. Глава 8. Дыхание // Физиология человека / В. М. Покровский, Г. Ф.Коротько. — М.: Медицина, 1998. — Т. 1. — С. 401—442. — 448 с. — 10 000 экз. — ISBN 5-225-009-603
  • Шмальгаузен И. И., Основы сравнительной анатомии позвоночных животных, 4 изд., М., 1947.
  • Руководство по клинической физиологии дыхания, под ред. Л. Л. Шика и Н. Н. Канаева, Л., 1980.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքեր» հոդվածին։
  Ընթերցե՛ք «թոք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 213