Դիրլեթոն ամրոց
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դիրլեթոն ամրոց, միջնադարյան բերդ Դիրլեթոն գյուղում, Շոտլանդիայի արևելյան Լոթիան շրջանում։ Գտնվում է Հյուսիսային Բերվիքից մոտավորապես 2 մղոն (3․2 կմ) դեպի արևմուտք և Էդինբուրգից մոտավորապես 19 մղոն (31կմ) դեպի արևելք։ Ամրոցի ամենահին մասերը կառուցվել են 13-րդ դարում, իսկ այն լքվել է մինչև 17-րդ դարի վերջը։
Նկարագրություն | |
Տեսակ | Ասպետական աշտարակ |
Հասցե | Dirleton, North Berwick EH39 |
Վարչական միավոր | Արևելյան Լոթիան[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կազմված է մասերից | Dirleton Castle Tower? և Gateway, Castle Mains, Dirleton? |
Ընթացիկ սեփականատեր | Historic Environment Scotland? |
Վերահսկվում է | Historic Environment Scotland? |
Կայք | historicenvironment.scot/visit-a-place/places/dirleton-castle/ |
Dirleton Castle Վիքիպահեստում |
Ձեռնարկված լինելով մոտավորպես 1240 թվականին Ջոն դե Վոուի կողմից, ամրոցը մեծապես վնասվել է շոտլանդական անկախության պատերազմների ընթացքում, երբ երկու անգամ գրավվել է անգլիացիների կողմից։ 14-րդ դարում Դիրլեթոնը վերականգնվել է Հալիբուրթոն ընտանիքի կողմից, իսկ Ռութվենների կողմից ձեռք է բերվել 1505 թվականին։ Ռութվենները ներգրավված էին Շոտլանդիայի թագուհի Մերիի ու թագավոր Ջեյմս VI-ի դեմ մի քանի դավադրության մեջ, որն էլ ի վերջո հանգեցրել է 1600 թվականին ամրոցի բռնագրավմանը։ Դիրլեթոնը դադարել է բնակավայր լինելուց, թեև Օլիվեր Կրոմվելը 1650 թվականի անգլիական երրորդ քաղաքացիական պատերազմի ժամանակ ստիպված էր պաշարել ամրոցը, որպեսզի այնտեղից դուրս քշի թալանչիների մի հրոսակախմբի։ Վնասված ամրոցը հետո ձեռք է բերել Դիրլեթոնի լորդ Ջոն Նիզբեթը, որը որոշել է կառուցել նոր ամառանոց Արչերֆիլդ կալվածքի մոտակայքում։ Նիզբեթների ընտանիքը շարունակոմ էր պահպանել ամրոցի այգիները, նախքան 1923 թվականին Դիրլեթոնը պետության խնամքին հանձնելը։ Ավերակն ու այգիներն այժմ գտնվում են «Շոտլանդիայի պատմական շրջակայք» կազմակերպության հոգածության տակ։
Դիրլեթոն ամրոցը գտնվում է ցցուն ժայռի վրա, Դիրլեթոնի բարոնության հարուստ գյուղատնտեսական հողերի կենտրոնում, և հսկում է հյուսիսային Բերվիքի նավահանգստով Անգլիայից դեպի Էդինբուրգ մտնող ափամերձ մատույցները։ Ավերակը ներկայացնում է 13-րդ դարի դոնժոնը և 16-րդ դարի տունը, որը Ռութվեններն էին կառուցել հարևանությամբ։ 14-րդ և 15-րդ դարերում Հալիբուրթոնների կառուցված ավելացումների միայն ներքնահարկերն են կանգուն, թեև դրանք եղել են մի մեծ դահլիճ ու աշտարակավոր տուն արևելյան թևում։ Բակի ներսի մյուս կառույցները նույնպես քանդվել են։ Ամրոցը շրջապատում են այգիները, որոնք գուցե հիմնվել են 16-րդ դարում, թեև ներկայիս բուսականությունն առավելապես 20-րդ դարի է։ Պարիսպներից ներս գտնվում է 16-րդ դարի մի աղավնատուն։
Պատմություն
խմբագրելԴը Վոու
խմբագրելԴը Վոուների նորմանական ընտանիքն առաջացել է Ռուանում, Հյուսիսային Ֆրանսիա, և բնակություն հաստատել Անգլիայում 1066 թվականի Նորմանական նվաճումից հետո։ Դը Վոու երկու եղբայրներ կամ զարմիկներ Շոտլանդիա հրավիրված անգլո-նորմանական մի շարք ասպետների թվում էին, որոնց 12-րդ դարում Շոտլանդիայի թագավոր Դավիդ I-ի կողմից հողեր են հատկացվել։ Հյուբերտ դը Վոուին տրվել է Քումբրիայում Ջիլզլենդի բարոնությունը, որն այդ ժամանակ Շոտլանդիայի մաս էր կազմում, իսկ Ջոն դը Վոուին շնորհվել է Դիրլեթոնի բարոնությունը։ Ջոնն ամրոց է կառուցել Էլդբոթլում, հավանաբար ներկայիս Դիրլեթոնից հյուսիս-արևմուտք, և ևս մեկը՝ Թարբեթ ամրոց անունով Ֆիդրա կղզու վրա, թեև ոչ մեկը չի պահպանվել[3];
1220 թվականին Ուիլյամ դը Վոուի կողմից Ֆիդրան նվիրվել է Դրայբուրգի վանքի վանականներին[4]։ Ուիլյամի որդի Ջոնը պատանդ էր պահվում Անգլիայում, որպեսզի հնազանդեցվի թագավոր Առյուծ Ուիլյամը 1213 թվականին, և նա բարոնությունն ստանձնել է 1220 -ական թվականներին[4]։ Այդ ժամանակ նա Դիրլեթոնում սկսել է Թարբեթի փոխարեն կառույցի շինարարությունը, որը 1225 թվականին գրանցվել է որպես «կաստելում/ամրոց»[5], չնայած սա կարող էր վերաբերվել ավելի վաղ ժամանակի փայե կառույցի[6]։ 1239 թվականին դը Վոուն նշանակվել է Մարի դե Քոուչիի ներկայացուցիչ թագավոր Ալեքսանդր II-ի հետ նրա ամուսնությունից հետո։ Մարի դե Քոուչին Քոուչիի լորդ Էնգուերանդ III-ի (մահ․1242) դուստրն էր, որը Փիքարդիում (մոտավորապես 1220-ական թվականներին) կառուցել էր Չաթու դե Քուոչի ամրոցը, որն էլ հավանաբար որպես մոդել է ծառայել Դիրլեթոնի համար[7]։ 13-րդ դարի քարե ամրոցը, որից միայն դոնժոնն է կանգուն, իրենից ներկայացնում էր դը Վոուների դիրքի ցուցադրություն և հավանաբար պահանջել է երկար ու խաղաղ ժամանակներ, որպեսզի ավարտին հասցնի նախագծի շինարարությունը[8]։
Խաղաղ ժամանակներն ավարտվել են 1296 թվականին շոտլանդական անկախության պատերազմների սկսվելով։ Դիրլեթոնը, որը հսկում էր Էդինբուրգի ու անգլիական սահմանի միջև երթուղին, մի քանի անգամ ձեռքից-ձեռք է անցել թագավոր Էդվարդ I-ի գլխավորությամբ անգլիացիների նվաճումների ժամանակ։ 1298 թվականի ամռան արշավի ժամանակ ամրոցը պաշարվել է Դարհեմի եպիսկոպոս Անթոնի Բեկի գլխավորած անգլիական ուժերի կողմից[9]։ Դիրլեթոնը դիմադրել է մի քանի ամիս, մինչև անգլիացիների հաղթանակը Ֆոլկիրկում նրանց հնարավորություն է տվել մոտեցնել ամրոցակործան սարքեր, որից հետո ամրոցը շուտով նվաճվել է[10]։ Դիրլեթոնում տեղակայվել է անգլիական կայազոր, բայց ամրոցը պետք է որ հետ վերցված եղած լիներ շոտլանդացինների կողմից մինչև 1306 թվականը, երբ անգլիացի հրամանատար Այմեր դե Վալենսը՝ Փեմբրոքի 2-րորդ կոմսը, ևս մեկ անգամ նվաճել է Դիրլեթոնը։ Վերջին անգամ այն նվաճվել է շոտլանդաիների կողմից 1314 թվականից որոշ ժամանակ առաջ ու միտումնավոր քանդվել, որպեսզի անգլիացիներն այլևս չկարողանան այն նորից օգտագործել[10]։
Հալիբուրթոն
խմբագրելԴիրլեթոնի ամրոցն ու հողերն անցել են բերբիքշայրցի Հալիբուրթոն ընտանիքին, երբ Ջոն Հալիբուրթոնը (մահ.1355) ամուսնացել է դե Վոու ընտանիքի ժառանգորդուհու հետ 1350 թվականից կարճ ժամանակ առաջ։ Մինչև 1363 թվականն ամրոցը վերանորգվել է, երբ այն խլվել է Դուգլասի 1-ին կոմս Ուիլյամ Դուգլասի կողմից[9], թագավոր Դավիդ II-ի դեմ իր կարճատև ապստամբության ժամանակ[6], թեև այն հետագայում վերադարձվել է Հալիբուրթոններին։ 1420 -ական թվականներին սըր Վալտեր Հալիբուրթոնը (մահ․ նախքան 1447) հանդես է եկել որպես պատանդ թագավոր Ջեյմս I-ին ազատ արձակելու դիմաց փոխանակվելով, որը գերի էր պահվում անգլիացիների կողմից 1406 թվականից ի վեր[9] 1439 թվականին նրան պարգևատրել են՝ նշանակելով Շոտլանդիայի գանձապետ[11]։ Կա՛մ Վալտերին, կա՛մ իր ավագ որդի Ջոնին (մահ․ նախքան 1454)[12],։ 1440-ական թվականներին Դիրլեթոնի լորդի տիտղոսի հետ տրվել է պառլսմնետի լորդի տիտղոսը։ Հալիբուրթոններն իրականացրել են լայնածավալ աշխատանքներ Դիրլեթոնում, բարձրացնելով աշտարակներն ու հարավ-արևելքում նոր դարպաս կառուցելով։ Մեծ սրահն ու աշտարակավոր կառույցն ավելացվել են ամրոցին 15-րդ դարում, ձևավորելով արևելյան թևը[9]։ 1505 թվականին թագավոր Ջեյմս IV-ն այցելել է Դիրլեթոն ու գումար տվել որմնադիրներին, որոնք այդ ժամանակ զբաղված էին ամրոցի հյուսիս-արևելյան մասի աշխատանքներով[6][9]։ Նույն տարվա մեջ ավելի ուշ Դիրլեթոնի վերջին Հալիբուրթոն Պատրիքը մահացել է ու նրա կալվածքը բաժանվել է իր երեք դուստրերի՝ Ջանեթի, Մարգարեթի ու Մարիոտայի միջև[13]։
Ռութվեն
խմբագրելԱվագ դուստրը՝ Ջանեթը, 1515 թվականին ամուսնացել է Ռութվենի 2-րդ լորդ սըր Ուիլյամ Ռութվենի հետ (մահ․ 1552) և ամրոցն ու Դիրլեթոնի լորդությունն անցել են Ռութվեն ընտանիքին։ Ուիլյամի ու Ջանեթի որդի Ռութվենի 3-րդ լորդ Պատրիքը (մոտավորապես 1520–1566), մեկն էր այն խմբի անդամներից, որոնք սպանել էին Դավիդ Ռիչչոյին՝ Շոտլանդիայի թագուհի Մերիի անձնական քարտուղարին 1566 թվականին[13]։ Նրան ստիպել էին փախչել Անգլիա, որտեղ նա մահացել էր՝ թողնելով Դիրլեթոնն իր որդի Ուիլյամին (մոտավորապես 1541–1584), որը 1581 թվականին դարձել է Գոուրիի կոմս։ Լորդ Գոուրին դավադրություն է կազմակերպել, որը հետագայում անվանվել է Ռութվենի հարձակում, որի ժամանակ 16-ամյա թագավոր Ջեյմս VI-ը գերի է վերցվել 1582 թվականի օգոստոսին։ Հետո Ռութվենն սկսել է կառավարել թագավորի անունից, մինչ նրան պահում էին գերության մեջ։ Չնայած հաջորդ տարի Ռութվենին ներում է շնորհվել, 1584 թվականին նա ենթարկվել է մահապատժի Ստերլինգ ամրոցը նվաճելու համար մեկ այլ դավադրության մասնակցության համար և նրա հողերը բռնագրավվել են հօգուտ գահի[9]։ Լինելով շահագրգիռ սիրող անտառաբույծ, լորդ Գոուրին հիմնել է Դիրլեթոնի այգիներն ու տնկել բազմաթիվ ծառեր[6]։
Ջեյմս VI-ը Դիրլեթոնը շնորհել է Առանի կոմսին, որը թագավորին հյուրընկալել է այնտեղ 1585 թվականին[9]։ Հաջորդ տարի ամրոցը վերանորոգվել է լեդի Դորոթեայի կողմից, որն առաջին կոմսի այրին էր[13], ու մինչև 1600 թվականն այն անցել էր իրենց երկրորդ որդուն, Գոուրիի 3-րդ կոմս Ջոն Ռութվենին (մոտավորապես 1577–1600)։
1600 թվականի Գոուրիի դավադրության մեջ Դիրլեթոնը դեր է խաղացել նրանով, որ երկար ժամանակ կասկած է եղել, որ Ռութվեններից ամրոցը վերցվել ու տրվել է Թոմաս Էրսկինին որպես պարգևատրություն Ջեյմս VI-ին աջակցելու համար, որ նա սպանի Պատրիք Ռութվենի որդիներին՝ Գոուրիի 3-րդ կոմս Ջոնին ու նրա եղբորը՝ Ալեքսանդրին։ Հետագայում թագավորի կողմից ներկայացված դավադրության մեկնաբանության մեջ ասվում էր, որ թագավորն ու իր տասնհինգ վասալները, այդ թվում և Էրսկինը, 1600 թվականի օգոստոսին մի գիշեր ժամանել էին Գոուրիի տուն, որովհետև Ալեքսանդրը հրավիրել էր իրենց։ Սակայն երկու եղբայրները փորձել էին սպանել թագավորին ու դրան հաջորդած զինված քաշքշուքի ընթացքում երկու եղբայրները սպանվել էին։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում Գոուրիի տանը, մյուս երկու Ռութվեն եղբայրները՝ Ուիլյամն ու Պատրիքը Դիրլեթոնում էին, հավանաբար անտեղյակ այս դավադրությունից։ Թագավորի մեկնաբանությունը կասկածի տեղիք է տալիս և ոմանք պնդում են, որ Ջեյմսը գնացել է Գոուրիի տուն ակնհայտ նպատակով՝ սպանել Ջոնին ու Ալեքսանդրին, մասամբ որովհետև թագավորը Գոուրիի կոմսին մեծ գումար էր պարտք, մասամբ էլ որովհետև երկար ժամանակ բամբասանք էր շրջանառվում, որ Գոուրին Ջեյմս IV-ի թոռն էր, ինչը նրան Ջեյմս VI-ից առաջ էր կանգնեցնում գահի համար հերթում։ Սպանություններից հետո թագավորը բաժանել է Գոուրիի կալավածքներն ու դրանք նվիրել այն մարդկանց, ովքեր իր հետ էին եղել այդ գիշեր։ Էրսկինը նվեր է ստացել Դիրլեթոն ամրոցը, որը ոմանք ընկալում են որպես «արյունոտ փողի» մի տեսակ։ Այս ընկալումը հիմնավորվում է այն փաստով, որ 1604 թվականին[14] Էրսկինն ստացել է Դիրլեթոնի բարոն Էրսկին կոչումը։
1625 թվականին Էրսկինն ամրոցը վաճառել է սըր Ջեյմս Դուգլասին։ Դուգլասն այն վաճառել է Ալեքսանդր Մորիեսոնին Փրեսթոնգրանջից[6], որն էլ իր հերթին 1631 թվականին այն վաճառել է Իններվիքցի Ջեյմս Մաքսվելլին, (մահ․ մոտ․ 1650), որն 1646 թվականին[9] ստացել է Դիրլեթոնի կոմսի կոչում։
Քրոմվել
խմբագրելՕլիվեր Քրոմվելի բանակը նվաճել է Շոտլանդիան 1650 թվականին անգլիական երրորդ քաղաքացիական պատերազմի ընթացքում և հաղթել շոտլանդական ռոյալիստներին Դանբարում սեպտեմբերի 3-ին։ Իր հաղթանակով Քրոմվելն ստացել է հարավային Շոտլանդիայի արդյունավետ կառավարումը, բայց ռոյալիստների թալանչիական խմբավորումները շարունակում էին կողոպտել անգլիացիների պաշարները։ Այպիսի խմբավորումներից մեկը խարսխված էր Դիրլեթոնում և Քրոմվելը հրամայել է գեներալներ Մոնքին ու Լամբերտին1,600 զորախմբով նվաճել ամրոցը։ Սա տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին ականանետների օգտագործմամբ, որոնց օգնությամբ վերացվել են շարժական կամուրջներն ու ներսի դարպասը[15]։ Թալանչիների ավազակապետը կախվել է պարսպից իր ընկերներից երկուսի հետ[16]։ Ամրոցն ավերվել է ևս մեկ անգամ, ու չնայած որպես դաշտային հիվանդանոց կարճատև օգտագործմանը, այն հետո սկսել է քայքայվել[17]։ Քրոմվելի կողմից հրետանու արդյունավետ օգտագործման համար պատասխանատու զինվորն ու ինժեները գերմանացի էր, մայոր Ժոակիմ Հանը։ Նա նաև ամրոցներ էր նախագծել Ինվերնեսի մոտ ու Այրում, ինչպես նաև ղեկավարել ականանետների կրակը Ստեռլինգ ամրոցում 1651 թվականի օգոստոսին։ Հետագայում մեկ տարի է անցկացրել լրտեսելով Քրոմվելի պետքարտուղար Ջոն Թուրլոյին[18]։
Նիզբեթ
խմբագրել1663 թվականին իրավաբան Ջոն Նիզբեթը (մոտավ․ 1609–1687) Դիրլեթոն ամրոցն ու կալվածքը գնել է Դիրլեթոնի այրիացած կոմսուհուց։ Նիզբեթը, որը Դիրլեթոնի լորդի տիտղոս էր ստացել դատավոր նշանակվելիս, Արչերֆիլդում նոր տուն է կառուցել, գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։ Նիզբեթները շարունակել են պահպանել ամրոցի շրջակայքի այգիները որպես Արչերֆիլդի շրջակա զբոսայգու մի մաս ու պատեցին բոուլինգի կանաչով։ 19-րդ դարի այգու պարիսպներն ավելացվել են Մերի Նիզբեթի՝ լեդի Էլջինի կողմից (1778–1855), որն Էլջինի կոմսի կինն էր, որպես Դիրլեթոն գյուղի «գեղեցկացման» մաս[19]։ 19-րդ դարի կեսերին գլխավոր այգեգործ Դավիդ Թոմփսոնի կողմից ավելացվել է երկու նոր ծաղկանոց։ Չնայած ոչ մեկը չի պահպանվել, արևմտյան այգին 1993 թվականին վերականգնվել է, հիմնվելով 19-րդ դարի նախագծի վրա։ Հյուսիսային այգին 1920-ական թվականներին փոխարինվել է «արհեստ ու արվեստ» ոճի խոտաբուսային այգիներով[20]։ Նաև 1920-ական թվականներին ամրոցն անցել է պետական հսկողության տակ և այժմ պահպանվում է «Շոտլանդիայի պատմական շրջակայք» կազմակերպության կողմից, որը շոտլանդական կառավարության գործակալություն է[6]։
Ամրոցն ու հողերը պաշտպանվում են որպես ազգայնորեն կարևոր պատմական հուշարձան[21], իսկ այգիները գրանցված են «Շոտլանդիայի այգինեերի ու նախագծված բնապատկերների գույքացուցակում», որը պատմական այգիների ազգային գրանցամատյանն է[6]։ Ամրոցը, աղավնատունը և սահմանային պարիսպները առաջին կատեգորիայի կառույցներ են, որն ապահովում է Շոտլանդիայի պատմական կառույցների ամենաբարձր պաշտպանությունը[19]։
Նկարագրություն
խմբագրելԱմրոցը կառուցված է բնական ժայռոտ հենքի վրա, ցածր բլրակողմում և նայում է դեպի արևելյան Լոթիանի գյուղատնտեսական տարածքները։ Բաղկացած է 40 մետր (130 ոտաչափ) և 27 մետր (89 ոտաչափ) չափսերով օդապարուկաձև բակից, հարավային ու արևելյան կողմերից կառույցներով շրջապատված։ Հիմնական ավերակները Ռութվենի կացարանից են, պահակատնից ու հարավում գտնվող դե Վոուների դոնժոնից, իսկ արևելյան թևից պահպանվել են միայն ներքնահարկերը։ Հյուսիսային ու արևմտյան կուրտինայից հատվածներ շրջապատում են բակը, որը սկզբնապես 16-րդ դարի կառույցներով բաժանված է եղել երկու մասի։ Ամրոցի մուտքը եղել է հարավից, կամրջով ու 3․4 մետր (11 ոտաչափ) շարժակամրջով, որը գցված էր 15 մետր (49 ոտաչափ) լայնությամբ խրամի վրա։ 16-րդ դարում արևմուտքից Ռութվենի կացարան մտնելու համար կառուցվել են աստիճաններ[5]։
Դոնժոն
խմբագրելԴոնժոնը կամ բարձր աշտարակը անվնաս պահպանվել է 13-րդ դարից և ձևավորում է ներկայիս ամրոցի հարավ-արևմտյան մասը։ Ճարտարապետական պատմաբան Վ․ Դ․ Սիմփսոնի կողմից նկարագրվելով որպես «կլաստերային դոնժոն»[22], այն իրենից ներկայացնում է մի մեծ կլոր աշտարակ հարավում, ավելի փոքր կլոր աշտարակ արևմուտքում, որոնք միացած են քառակուսի աշտարակով։ Երեսապատված է քառակուսաձև քարերով։ Դժվար է ասել, թե ինչի համար էին նախատեսված ներսի սենյակները[5], թեև կլոր աշտարակները հնարավոր է ծառայած լինեն որպես Դիրլեթոնի լորդի ու նրա տիկնոջ մասնավոր հարկաբաժիններ[23]։ Մեծ աշտարակում գտնվում է վեցկողմանի մի սենյակ գետնահարկում, հավանաբար խոհանոց, որից վերև գտնվում է վեցկողմանի գլխավոր սենյակը։ Այս սենյակն ունի կամարակապ առաստաղ, հարավային պատի մեջ մեծ պատուհաններ պատուհանագոգերով և քանդակազարդ բուխարի հյուսիսում։ Դեպի արևելք կողմնային դուռն է, ցածում ջրհորը։ Ջրհորի հարևանությամբ մտոցի դռնակն է, որը հավանաբար թույլ է տվել սնունդը խոհանոցից անմիջապես տեղափոխել վերևի մատուցասրահը[24] Արևմտյան քառակուսի աշտարակում մի սենյակ, հավանաբար լորդի ննջասենյակը[9], առաստաղի մեջ անցքեր ունի, որտեղից դուրս է եկել կրակարանների ծուխը։ Ավելի շատ ավերված արևմտյան կլոր աշտարակում հավանաբար եղել է մի ուրիշ դահլիճ, վերևում սենյակներով, ցածում պահեստներով[23]։ 17-րդ դարում գլխավոր կլոր աշտարակը ցածրացվել ու ձևափոխվել է, որպեսզի դառնա կրակահարթակ[25]։
13-րդ դարի ամրոցի մնացած մասից հատվածներ են կանգուն։ Չորրորդ աշտարակը, որտեղ այժմ գտնվում է Ռութվենի կացարանը, գուցե լրացրել է «կլաստերային դոնժոնը»[9]։ Ամրոցի հարավ-արևելյան ու հյուսիս-արևելյան անկյուններում կլոր աշտարակների հիմքեր են երևում ավելի ուշ կառուցված պարիսպների տակ։ Հյուսիս-արևմտյան պարսպի որոշ հատվածներ 13-րդ դարի աշխատանք են, ինչպես նաև արևելյան թևի ներքնահարկի փակված մուտքը[9]։ Ամրոցի ընդհանուր նախագիծը, սակայն, մեծ փոփոխությունների չի ենթարկվել հետագա վերականգնողական աշխատանքների ընթացքում։ Դիրլեթոնը Շոտլանդիայում ամենավաղ թվագրմամբ ամրոցի օրինակն է, որն ունի կլոր աշտարակներ, որոնք գտնվում են կուրտինայից դուրս, ի հակադրություն Դանստաֆնիջ ամրոցի, որի աշտարակները գտնվում են պարիսպների ներսում[8]։ Այս նոր ձևը հետագայում օգտագործվել է 13-րդ դարի մյուս ամրոցներում, ներառյալ Բոթվելն ու Քիլդրամին[8]։
Արևելյան թև ու պահակատուն
խմբագրելՊահակատունը, խոհանոցներն ու արևելյան թևը կառուցվել են Հալիբուրթոնների կողմից 14-րդ և 15-րրդ դարերում։ Պահակատունը, որը կառուցվել է 14-րդ դարում դոնժոնից դեպի արևելք, նման է մոտակայքում գտնվող Թանթալոն ամրոցին[9]։ Առջևում բարձր սրածայր կամար է, նախկինում ամրաշինական կառույցներով՝ կլոր փոքրիկ աշտարակներով, վերնամասում։ Դարպասը պաշտպանվում էր շարժակամրջով, որը բացվում էր արտաքին խրամի վրա, երկաթե ճաղադարպասով ու երեք դռնով։ Պահակասենյակները բացվում էին դեպի մուտքի միջանցքը, իսկ տանիքի վրայի կլոր բացվածքը, որը հայտնի էր որպես «սպանության անցք» թույլ էր տալիս պաշտպաններին իրեր նետել ցանկացած հարձակվողի վրա, որը կանցներ արտաքին դարպասը[26]։
Ընդարձակ խոհանոցներն զբաղեցնում էին ամրոցի հարավ-արևելյան անկյունը։ 9 մետր բարձրությամբ (30 ոտաչափ) գլխավոր խոհանոցն ուներ երկու 4 մետր լայնությամբ (13 ոտաչափ) օջախ կերակուր պատրաստելու համար և մի կլոր օդանցք կամարակապ առաստաղի մեջ[5]։ Հատակի վրայի դռնակով անցքերը մուտք ունեն դեպի ցածում գտնվող (11․5 մետր խորությամբ) ջրհորն ու մառանները։ Կողքի միջանցքը կապում էր խոհանոցն արևելյան թևի դահլիճի հետ։
Արևելյան թևը տարածվում էր ամրոցի ամբողջ արևելյան կողմի երկայնքով և սկզբնապես բաղկացած է եղել մի մեծ սրահից, հյուսիս-արևելյան կողմում քառակուսի աշտարակով։ Թեև պահպանվել է միայն ներքնահարկը, այն իր ժամանակի Շոտլանդիայում եղել է լավագույն ազնվականական տներից մեկը և կարող է նման եղած լինել իր ժամանակակից Դոուն ամրոցի կառույցներին[27]։ Ներքնահարկը մեկ կամարակապ թունել է ցածր պատերով, որոնք տարածքը բաժանում են հատվածների։ Երկու մեծ օջախ ու մի ջրհոր գտնվում են հարավային ծայրում, իսկ արևելյան ծայրին 13-րդ դարի մի կողմնադուռ, որը փակվել է, երբ պատը հաստացվել է, որպեսզի կարողանա պահել վերևի նոր կառույցների ծանրությունը, և վերօգտգործվել որպես կրակատեղի[28]։ Գետնահարկի հյուսիսային ծայրին կամարակապ բանտ է քաղաքային ազատների համար, իսկ դրանից ցած՝ ծայռափոր խուց 3 մետր քառակուսի գեղջուկ բանտարկյալների համար[28]։ Բանտից վեր, բայց դեռ գետնահարկում, կամարակապ մատուռ է տարբեր արարողակարգային փորվածքներով, ինչպիսիք են աղոթատունն ու ջրի ավազանը[28]։ Վանականի համար հատուկ սենյակ կա հարևանությամբ։ Վերևի սրահը 22 մետրը 7․5 մետրի[22] վրա չափերով սենյակ է և մի ժամանակ ունեցել է բարձր գերանե տանիք ու երաժիշտների համար նախատեսված պատշգամբ հարավային ծայրում։ Գեղազարդերով փորագրված մի քարե բուֆետ կամ պահարան է գտնվում այս պատի վրա, որը խոհանոցի հարևանությամբ գտնվող մատուցասրահի մասն էր կազմում[28]։ Ամրոցի հյուսիս-արևելյան անկյունում աշտարակավոր տունը տարածք էր ապահովում լորդի ընտանիքի ու հյուրերի համար։ Եվ կրկին պահպանված է միայն ամենացածր հարկը, մատուռից վերև։ Սա հավանաբար եղել է լորդի մասնավոր հարկաբաժինը, որը կապված է եղել հարևան սրահին[28]։
Ռութվենի կացարան
խմբագրել1515 թվականին Ռութվենների կողմից ամրոցը ձեռք բերելուց հետո նրանց կողմից կառուցված լինելով, Ռութվենի կացարանը ներկայացնում է Դիրլեթոնում կառույցի վերջնական փուլը։ 16-րդ դարի վերջին այն Գոուրիի առաջին կոմսի կնոջ՝ լեդի Դորոթեայի ու նրանց 15 զավակների բնակավայրն էր[29]։ Եռահարկ շինությունը կառուցվել է Հալիբուրթոնի թևի նման չերեսապատված քարերով, չնայած Ռութվենի կացարանի պատերը զարդարված են հորիզոնական շարվածքներով։ Մեծ պատուհանները պաշտպանված են երկաթե ճաղերով ու փոքրիկ կրականցքերով[29]։ Ուղղանկյունաձև կացարանը գտնվում է դե Վոուների շենքի հյուսիսային կողմում, որից բաժանված է նեղ անկանոն բակով, որտեղ կարելի է մտնել կացարանի գետնահարկի անցումի միջով։ Գետնահարկն զբաղեցրել են մառանները, իսկ ընտանեկան սենյակներն ու ննջասենյակները գտնվել են վերին հարկերում։ Առաջին հարկի ճաշասենյակի հատակը շարված է եղել նախշավոր հախճասալերով, իսկ առաստաղը գուցե եղել է փայտե նկարազարդ[29]։
Այգիներ
խմբագրելԱմրոցը կառուցված է ընդարձակ այգիների մեջ, շրջապատված 19-րդ դարի պարսպով։ Այգիները գցվել են 16-րդ դարում, բայց ենթարկվել են շատ փոփոխությունների։ Ամրոցի արևմուտքում կանաչ խոտածածկույթ է, եզրերին կենիներ, որոնք գուցե մի ժամանակ այս տարածքի ծաղկանոցների շուրջը ցանկապատ են կազմելիս եղել[30]։ Խոտածածկույթի արևմտյան կողմում ծաղիկների պարտեզն է, որը ձևվորվել 1993 թվականին 18-րդ դարի նախագծով, որտեղ նաև աճում են կենիներ, մայրիներ, չիլիական սոճիներ և գետնանոճիներ։ Դեպի հյուսիս գտնվում է 1920-ական թվականներ «արվեստ ու արհեստ» ոճի այգին, որտեղ գտնվում է 215 մետրանոց (705 ոտաչափ) երկրության խոտածածկութային սահմանը, որի վրա տեսարան է բացվում 19-րդ դարի ամառանոցից։ Սահմանն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարն աշխարհում։ Այգիների մնացած մասը մարգագետիններ են բազմաթիվ հասուն նմուշների ծառերով, ինչպիսիք են սեքվոյան, հաճարենին և սպիտակ թխկին[6]։
Կա լավ պահպանված 16-րդ դարի աղավնատուն մեղվի փեթակի կառուցվածքով։ Այն 7․6 մետր (25 ոտաչափ) բարձր է և պարունակում է մոտավորապես 1000 բույն աղավնիների համար, որոնք ամրոցի բնակիչների ուտելիքի հիմնական աղբյուրն էին։ Հյուսիս-արևելքում, այժմ տեղակայված ամրոցի այգիներից դուրս, գտնվում է 16-րդ դարի մի դարպաս, որը նախկինում սպասարկել է ամրոցին, իսկ այժմ ՝ հարևան ագարակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Historic Environment Scotland ID
- ↑ Nisbet, Alexander, A System of Heraldry Speculative and Practical : with the True Art of Blazon ..., p.93 [1] and: Vans Agnew, Sketch of a genealogical and historical account of the family of Vaux, Vans ..., p.23 [2] The English family of de Vaux, Baron of Gilesland in Cumberland, bore arms: Argent, a bend checqy or and gules (Vans Agnew, p.23)
- ↑ Tabraham (2007), p.21
- ↑ 4,0 4,1 Tabraham (2007), p.22
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 McWilliam, pp.174-177
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 (Historic Environment Scotland GDL00136)
- ↑ Tabraham (2007), p.23
- ↑ 8,0 8,1 8,2 Tabraham (1997), p.40
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Salter, pp.41-42
- ↑ 10,0 10,1 Tabraham (2007), p.24
- ↑ Tabraham (2007), p.26
- ↑ «John Halyburton, 1st Lord Dirletoun». thepeerage.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Tabraham (2007), p.28
- ↑ Cowan, Samuel (1902). The Gowrie Conspiracy and Its Official Narrative. London: Samson Low. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Lindsay, pp.188-190, Salter, pp.41-42
- ↑ Groome, Frances, ed. (1884). «Dirleton». Ordnance Gazetteer of Scotland. Vol. II. Thomas C. Jack. էջ 357.
- ↑ Tabraham (2007), p.30
- ↑ Frith, Charles Harding (1896). The Journal of Joachim Hane. T. F. Unwin. էջեր vi–vii.
- ↑ 19,0 19,1 (Historic Environment Scotland LB1525)
- ↑ Tabraham (2007), p.31
- ↑ (Historic Environment Scotland SM90096)
- ↑ 22,0 22,1 Lindsay, pp.188-190
- ↑ 23,0 23,1 Tabraham (2007), p.12
- ↑ Tabraham (2007), p.13
- ↑ Tabraham (2007), p.6
- ↑ Tabraham (2007), p.9
- ↑ Tabraham (2007), p.14
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 Tabraham (2007), p.17
- ↑ 29,0 29,1 29,2 Tabraham (1997), p.10
- ↑ Tabraham (2007), p.18
Գրականություն
խմբագրել- Lindsay, Maurice. (1986) The Castles of Scotland. Constable & Co. 0-09-464600-7
- McWilliam, Colin. (1978) The Buildings of Scotland: Lothian, except Edinburgh. Penguin. 0-14-071066-3
- Salter, Mike. (1994) The Castles of Lothian and the Borders. Folly Publications. 1-871731-20-8
- Tabraham, Chris. (1997) Scotland's Castles. BT Batsford/Historic Scotland. 0-7134-7965-5
- Tabraham, Chris. (2007) Dirleton Castle 2nd edition. Historic Scotland. 978-1-904966-41-8
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիրլեթոն ամրոց կատեգորիայում։ |
- Historic Environment Scotland: Visitor guide
- Dirleton Castle in the Gazetteer for Scotland
- Images from RCAHMS(չաշխատող հղում), including aerial views, plans, and historical photographs.
- History of the Barony of Dirleton
- Reconstruction of Dirleton Castle
- Tate Turner Dunbar sketchbook (a) and Tate, Turner Dunbar sketchbook (b), two sketches of Dirleton by J. M. W. Turner, Tate.