Գրիգոր Նյուսացի
Գրիգոր Նյուսացի (հունարեն՝ Γρηγόριος Νύσσης, լատիներեն՝ Gregorius Nyssenus, մոտ 335[1] կամ 4-րդ դար, Կեսարիա, Թուրքիա - մոտ 395, ոչ վաղ քան 394 կամ 4-րդ դար, Նևշեհիր, Թուրքիա), աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է։
Գրիգոր Նյուսացի | |
---|---|
Ժամանակաշրջան | Ուշ Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | մոտ 335[1] կամ 4-րդ դար |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Վախճան | մոտ 395, ոչ վաղ քան 394 կամ 4-րդ դար |
Վախճան վայր | Նևշեհիր, Թուրքիա |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և ուղղափառություն |
Սրբացված կարգ | սրբազան |
Հիշատակության օր | Հունվարի 10 |
Աշխատանք | աստվածաբան, քահանա և գրող |
Պաշտոն | եպիսկոպոս |
Ապրելաձև | միստիցիզմ |
Մայր | Emmelia of Caesarea? |
Հայր | Basil the Elder? |
Քույր/եղբայր | Macrina the Younger?, Բարսեղ Կեսարացի և Peter of Sebaste? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կապադովկիայի Նեոկեսարիա քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ։ Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում՝ դառնալով երկու զավակների հայր։ 365 թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ[2] Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական Վաղես կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378 թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը՝ «Վեցօրեայքը»։
379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը։ Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտ և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով։
Մասնակցել է 381 թ. Կ.Պոլսի երկրորդ տիեզերական ժողովին։ Մայրաքաղաքում Գրիգորը ձեռք է բերում հեղինակավոր աստվածաբանի և քարոզիչի համբավ, կայսերական հրովարտակով նրա անունը ներառվում է այն եպիսկոպոսների ցանկի մեջ, որոնց հետ շփումը «պարտադիր է ուղղափառների համար»։
Գրիգոր Նյուսացու կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ չի ավանդված, միայն հայտնի է, որ 394 թ. նա ներկա է գտնվել Կ.Պոլսում հրավիրված տեղական նշանակության եկեղեցական ժողովին։
Հայացքներ
խմբագրելՆրա հայացքների վրա մեծ ազդեցություն է թողել Որոգինեսի աստվածաբանությունը, նորպլատոնականությունը և Փիլոն Ալեքսանդրացու գործերը։ Պատկանել է Սուրբ Գրքի մեկնողական այլաբանական դպրոցին։ Գրիգոր Նյուսացին ունեցել է մի քանի մասնավոր կարծիքներ, որոնք ընդունելի չեն Ընդհանրական Եկեղեցու համար, ինչպես օրինակ՝ դժոխքի ժամանակավոր տանջանքների մասին ուսմունքը, կամ ապոսկատաստիսը (Քրիստոսի Երկրորդ գալստից հետո արդարների և մեղավորների, ինչպես և սատանայի ու դևերի համընդհանուր վերականգնումը)։
Աշխատություններ
խմբագրելԹեև Գրիգոր Նյուսացին հիմնականում ստեղծագործել է իր կյանքի վերջին տարիներին (380–394 թթ)՝ նրա մատենագրական ժառանգությունը բազմազան և հարուստ է։ Թողել է դավանաբանական, մեկնողական, բարոյախրատական գրվածքներ, քարոզներ, նամակներ, ողբեր և այլն։ «Ընդդէմ Եվնոմիոսի» աշխատության մեջ հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը։ Երրորդաբանական տեսությունը շարադրված է «Սուրբ Հոգու մասին» աշխատությունում, «Առ Եւստաթէոս բժիշկ. Յաղագս Սրբոյ Երրորդութեան» թղթում, ճառերում, որոնցից նշանավոր է «Ոչ երեք Աստուածք»-ը և այլ գրվածքներում։ «Հրահանգ քրիստոնէական հաւատքի» գործը հորդոր է ուղղված նորադարձ հեթանոսներին ու հրեաներին, պարունակում է նաև հերետիկոսությանը հակաճառելու եղանակներ։ «Ընդդէմ Ապողինարիոսի» երկում հերքել է Ապողինար Լաոդիկեցու ուսմունքը, իսկ «Ընդդէմ մանիքեցիների» երկում քրիստոնեության տեսանկյունից փորձել է ապացուցել, որ Աստված չարի պատճառ չէ։ «Մարդու արարչագործման մասին» երկասիրության մեջ խոսվում է մարդու մեջ Աստծո պատկերի նախաստեղծ արժանիքների, հոգու ոգեղենության, նրա զորությունների, հարության, մարդու բնության մեջ սողոսկած արատի, դրա ծագման մասին։ Նյուսացու դավանաբանական գլխավոր երկը «Քրիստոնեական»-ն է («Ճառ յաղագս մեծին քրիստոնէականին»), որը հեղինակի ուղղափառ վարդապետության ամփոփումն է։ Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են։ Հեղինակել է նաև ծիսապաշտական քարոզներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության, Զատկի և Հարության, Համբարձման, Հոգեգալստյան տոներին, գրել բարոյախրատական բնույթի ճառեր, ներբողներ, դամբանականներ, խրատներ, նամակներ[3]։
«Մարդու կազմության մասին» աշխատությունը
խմբագրելԳրիգոր Նյուսացին իր «Մարդու կազմության մասին» աշխատության մեջ անդրադառնում է ժամանակակից հոգեբանության շրջանակներում ուսումնասիրվող կարևորագույն երևույթների պարզաբանմանը՝ զգայություններ, հույզեր, խելք, քնի ու երազի նշանակությունը և այլն։
Մարդը մեծագույն արարչագործություն է, արարչագործություններից վերջինը, քանի որ նա այնպես է ստեղծված, որպեսզի ճանաչի, հետազոտի արարվածը։ Մարդն իր հոգևոր առավելություններով ստեղծվել է թագավորելու համար։ Հոգին հենց ցույց է տալիս գերակայություն, ամբողջությամբ, ազատորեն տիրապետում է իր ցանկություններին։ Մարդը չունի շատ ճանաչողական ուժեր, բայց զգացումներով կարողանում հայել այն, ինչ ապրում է։ Մարդու ուժը խելքն է, որն իրեն հայտնաբերում է յուրաքանչյուր զգայության մեջ։ Նա աչքի միջոցով տեսնում է, ականջի միջոցով կապակցում ասածը, սիրում է հաճելին և զզվում այն ամենից, ինչը տհաճություն է պատճառում, գործում է ձեռքով, ինչպես իրեն հարմար է, բռնում կամ հետ է քաշում, եթե իր համար նպատակահարմար է գտնում։ Չնայած մարդու ճանաչողության գործիքերը տարբեր են, նրանց գործող, շարժիչ ուժը առաջադրված նպատակն է։ Մարդը լույս աշխարհ է գալիս խեղճ, անզեն՝ կարիք ունենալով կյանքի համար ամեն ինչի։ Նա չունի ոչ մի ծածկույթ պաշտպանության համար․ ո՛չ ամուր ատամներ, ո՛չ եղունգներ, ո՛չ մահացու թույն, ինչպես շատ կենդանիներ, որպեսզի իր սեփական անվտանգության համար ուրիշների օգնության կարիքը չունենա։ Ի տարբերություն բոլոր նմացած կենդանիների՝ միայն մարդն է ի ծնե անպաշտման բնական գործիքներով։ Հենց մարդու բնության անբավարարությունն է հիմք ծառայել բնությանն իշխելու համար։ Կենդանիների հետ անմիջականորեն պայքարելու անհնարինության շնորհիվ մարդը ստեղծել է սուրը, երկաթը, որը ճիշտ է միշտ մեզ հետ չէ, բայց ժամանակավորապես օգնելով, այնուհետև մնում են իրենք իրենցով, նետը՝ տալով մեզ թռչունի արագություն։ Այն, որ մարդու ոտքերը քայլքի ժամանակ դիմանում են ցավին, քերծվում, հիմք են հանդիսացել կոշիկի ստեղծման համար։ Մարդն ունի ուղղաձիգ կեցվածք, նրա դեմքը ուղղված է երկնքին, դրանով իսկ նշանակում է նրա իրավունքը թագավորական իշխանության։ Մարդու համար հենարան են ծառայում նրա ձեռքերը ուղղաձիգ կեցվածի համար, քանի որ երկու ոտքով նա անվտանգ կանգնում է գետնի վրա։ Ձեռքերի միջնորդությունն օգնում է և խոսքի պահանջմունքին։ Ձեռքերի ծառայությունը բառային առանձնահատկությունն է, բայց ոչ այնքան գրավոր, որքան հենց բառի արտասանությունը։
Այս առանձնահատկությունը հենց պայմանավորված է արարչագործության հերթականությամբ. բույսեր, այնուհետև անխոս կենդանիներ, ապա մարդը, քանի որ կենդանիների համար օգտակար են բույսերը, մարդու համար անասունները՝ ախոս կենդանիները։ Հենց խոսքն է սովորեցնում որ կենսական և հոգևոր ուժը դրսևորվում է երեք տարբերակներում․ բուսական սննդարար ուժը, զգայական գործունեությունը և զգայական հասկացումը։ Մարմնի մեջ կատարյալ կյանքը դիտվում է խոսքային սկզբում․ մարդը սնվում է, քնում է, ունի խոսքի ընդունակություն, կառավարում է բանականությունը։ Զգայականը բաժանվում է բառայինի և ոչ բառայինի։ Քանի որ մարդը խոսքային կենդանի էակ է, նրա մարմինն էլ պետք է ունենա համապատասխան կառուցվածք, համապատասխան գործիք, խոսելու, բառի արտասանման համար։ Հենց դրա համար էլ մարմնին տրվել են ձեռքեր։ Մի զգայությունը չի խառնվում մյուսին. լսողությունը չի խոսում, ձայնը չի լսում։ Խելքը, «դիտարկելով» յուրաքանչյուր մուտք գործած զգայություն, «տեղավորում է» համապատասխան գիտելիքները։ Հաճախ զգայության տարբեր օրգաններից «հավաքվում է» մեկ ճանաչողություն, քանի որ միևնույն առարկան զգայվում է բացմացան զգայությունների կողմից, տեղի է ունենում նաև հակառակը՝ մեկ զգայությամբ ճանաչում ենք շատ բազմազանություններ՝ իրարից միանգամայն տարբերվող։ Յուրաքանչյուր զգայություն տալիս է գիտելիք՝ առարկայի առանձնահատկությունների մասին իր հասկացմանը համապատասխան։
Այս կերպ, խելքը տարբերվում է զգայություններից։ Եթե այն լիներ զգայություն, ապա պետք է որոշակի ընդհանրություն ունենար զգայական գործունեություններից մեկի հետ։ Բայց զգայությունները տարբեր են միանգամայն իրարից և չեն խառնվում, այն դեպքում երբ խելքը հավասարապես հատուկ է յուրաքանչյուր զգայությանը։ Խելքն անհասանաելի, անճանաչելի գոյացություն է։
Հոգու մտավոր ուժը հաճախ խախտվում է տառապանքներից, բանականությունը թուլացնում է իր գործունեությունը մարմնական որոշակի խնդրի պատճառով։ Հույզերի ապրման գործում մեծ նշանակություն մարդու մարմնի գոտկային հատվածը։ Որպես ապացույց կարող է լինել հանգամանքը, որ զայրացած մարդիկ անմիջապես դեղնում են, գունատվում, ինչի պատճառը մեծ քանակությամբ լեղու արտադրումն է։
Գոյությունը միշտ դեպի առաջ շարժման մեջ է։ Կյանքն անընդհատ փոփոխվում է, շարժվում է հակասություններով, համանմանը փոխում է համանմանով․ քունը թուլացնում է առույգության վիճակի լարվածությունը, առույգությունը լարվածության է բերում այն, ինչը թուլացած է։ Այս վիճակներից ոչ մեկը չեն շարունակվում միմյանց հետ․ մեկը զիջում է մյուսին, այս կերպ, մարդը վերականգնում է ինքն իրեն։ Քնի ժամանակ զգայությունը անգործուն է, չի կատարվում բնական շարժում, որպեսզի սննդի մարսողության գործընթացը հարմար կատարվի։
Այս կերպ, խելքը գործառնում է առույգության ժամանակ, ինքը շարժվում է, գործում է, իսկ քնի ժամանակ նա անշարժ է, ընդ որում քնած երազկոտությունը չպետք է համարել խելքի աշխատանք։ Երբ հոգին քնի ժամանակ անջատված է զգայություններից, ուստի այդ ժամանակ նա, ըստ անհրաժեշտության, նաև դուրս է մտավոր գործունեությունից, քանի որ զգայությունների միջոցով տեղի է ունենում նաև խելքի աշխատանք, իսկ երբ նրանք չեն գործում, անգործ է նաև միտքը։ Հոգում գործառնում են իրեն գերազանցող ուժեր, քնի ժամանակ միայն գործում է նրա բուսական-սննդարար մասը։ Նրանում հոգու հիշողական ուժի միջոցով «վերակենդանանում են» նրա տպավորությունները, մարդու անուրջները։ Քնի ժամանակ խելքը չնայած իր ուժը չի աշխատեցնում զգայությունների միջոցով, այն ամբողջությամբ չի մարում, այլ շարժվում է։ Երազատեսությունը ընդհանուր է բոլորի համար։ Հոգու հիշողության մեջ մնում են առօրյա զբաղմունքների հետքեր, երբեմն քնի վիճակը հարաբերվում է մարմնի համապատասխան դիրքի հետ․ օրինակ՝ ծարավ մարդուն թվում է, թե նա աղբյուրների մոտ է, պատանին երազում է իր կրքերին համապատասխան։ Երազները որոշ մարդկանց մոտ նաև նորմերի հիման վրա են կառուցվում․ որոշ անուրջներ մարդկանց մոտ համարձակ են, որոշները՝ վախկոտ մարդկանց մոտ, որոշները՝ իրենց չզսպող մարդկանց մոտ, մյուսները՝ բարոյական մարդկանց մոտ և այլն։ Եվ այսպիսի անուրջներ հոգու մեջ ձևավորում է ոչ թե միտքը, այլ անբանական կազմավորում․ այն, ինչի մասին հոգին ընտելացել է մտածել արթուն ժամանակ, դրա պատկերները նա ձևավորում է երազներում։
Լինում են դեպքեր, երբ խելքը հետևում է բնական ձգտումներին՝ դառնալով ծառայող, երբեմն նրան կառավարում է մարմնական գոյացությունը․ քաղցի զգացում, կամ այլ պահանջմունքի, հաճույքի ցանկություն, և այս ժամանակ խելքը նրան տրամադրում է միջոցներ հաճույքի բավարարման համար։ Իսկական հոգին միակն է, խելացի, անառարկայական, զգայությունների միջոցով միացված մարմնական գոյության հետ․ հնարավոր չեն զգայություններ՝ առանց առարկայական գոյացության, և մտավոր գործունեության։ Խելքը մարդու առանձին մասերի մեջ չէ, այն հավասարաչափ է յուրաքանչյուր մասում՝ չգտնվելով նրանցից դուրս կամ նրանց ներսում։
Հոգու մեջ ներառված են բնական որոշակի նշաններ, որոնց շնորհիվ նրանում տարբերակվում է որոշակի «սեփականություն»։ Անհասկանալի կլիներ, եթե մենք բնությունից չունենայինք մեր մեջ ինչ-որ անընդհատ բան։ Արդյունքում վերջինս մնում է անփոփոխ, իսկ մնացածը փոփոխվում[4]։
Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա
խմբագրելՆյուսացին եղել է Հայ եկեղեցու սիրված և ընդունված հայրապետներից։ Նրա գործերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V-VIII դդ. («Առ այնոսիկ որք ասեն, եթէ մեծ է Հայր քան զՈրդի», «Մեկնութիւն Ժողովողի», «Խաւսք յինն երանութիւնսն», «Ի Հայր մեր որ յերկինսն», «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւնն», «Յաղագս կուսութեան», «Յաղագս Երգոյ երգոցս», «Բան խոստովանութեան հաւատոյ» և այլ աշխատությունները)՝ լայն ճանաչում գտնելով և լայնորեն օգտագործվելով միջնադարյան հայ վարդապետանոցներում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118541919 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 244։
- ↑ Григорий Нисский, свт. Об устроении человека
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 245։
Արտաքին հղումներ
խմբագրել- Սուրբ Գրիգոր Նյուսացի «ՏԵՍՈՒԹԻՒՆ Ի ՄԱՐԴՈՅՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ» Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
- Սուրբ Գրիգոր Նյուսացի «Մովսեսի կյանքը»
- Սուրբ Գրիգոր Նյուսացի «Մեկնություն Ժողովողի» Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Նյուսացի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Նյուսացի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 219)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |