Բրեններ երկաթուղի (գերմ.՝ Brennerbahn, իտալ.՝ Ferrovia del Brennero), երկաթուղի Ավստրիայի ու Իտալիայի միջև Ինսբրուքից մինչև Վերոնա։

Բրեններ երկաթուղի

Երկիր Իտալիա և  Ավստրիա
ՇրջանՏիրոլ, Տրենտինո Ալտո Ադիջե և Վենետո
Երկարություն275,4 կմ
Բացման ամսաթիվ1859

Համարվում է Բեռլին-Պալերմո երկաթգծային առանցքի միջեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) մի մասը։

Պատմություն

խմբագրել

Երկաթգիծը կառուցվել է Ավստրո-Հունգարական կայսրության շրջանում՝ 19-րդ դարի երկրորդ կեսերին Տիրոլի ու Հյուսիսային Իտալիայի միջև արագ հաղորդակցությունն ապահովելու նպատակով։ Ճանապարհի առաջին հատվածը Վերոնայի ու Բոլցանոյի միջև հաստատվել է 1853 թվականի հուլիսի 10-ին ավստրիացի ինժեներ Ալոիս Նեգրելիի կողմից, որ եղել է Ավստրիայում երկաթգծերի ու կամուրջների շինարարության պիոներ Südbahn ընկերության անդամ։ 1859 թվականի մարտի 23-ին բացվել է Վերոնա-Տրենտո հատվածը, իսկ 1859 թվականի մայիսի 16-ին՝ Տրենտո-Բոլցանո հատվածը։ Շինարարությամբ զբաղվել է k.k. Nord- und SüdTiroler Staatsbahn ընկերությունը, որը 1859 թվականի սկզբին անցել է Südbahn ընկերությանը։ Ինսբրուք-Բոլցանո հատվածը շահագործվել է 1867 թվականի օգոստոսի 24-ին։ Նրա գլխավոր նախագծողը եղել է Կառլ Էտցելը, որ մահացել է 1865 թվականին։ Զեմերինգի երկաթգծից հետո այս գիծը դարձել է երկրորդ երկաթգիծը, որ կառուցվել է Ավստրո-Հունգարիայում, ինչպես նաև առաջին գիծը, որ հատում է Ալպերը։

1867 թվականի հուլիսի 25-ին փորձնական առաջին գնացքն անցել է Ւնսբրուք-Բոլցանո երթուղով։ Օգոստոսի 17-ին գիծը բացվել է բեռների փոխադրումների համար։ Պալատում սգի պատճառով (սպանվել էր Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆի կրտսեր եղբայր, Մեքսիկայի կայսր Մաքսիմիլիան I-ը) երկաթգծի բացումը տեղի է ունեցել առանց հանդիսությունների։ Ամբողջ երթուղին գծագրվել էր երկու գծով, սակայն սկզբնական շրջանում, ֆինանսական դրությունից ելնելով, միայն մեկ գիծ է կառուցվել։ 1868 թվականից սկսվել է երկաթգծի ընդարձակումը, և այն վերջնական ավարտին է հասցվել 1908 թվականին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ կազմալուծվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը, երկաթգիծը բաժանվել է Իտալիայի ��ւ Ավստրիայի միջև (համապատասխանաբար Ferrovie dello Stato Italiane և Österreichischen Bundesbahnen ընկերությունների միջև)։ 1928-1929 թվականներին երկու ընկերություններն էլ ապահովել են «Բրեններ» երկաթգծի էլեկտրիֆիկացումը։ Ավստրիացիները Ինսբրուք-Բրեներզեե հատվածում կիրառել են մեկֆազանոց փոփոխական հոսանք (15 կՎ, 16 Հց), մինչդեռ իտալացիները Բոլցանո-Բրեններ հատվածում կիրառել են եռաֆազ փոփոխական հոսանք (3,6 կՎ, 16 Հց)։ Միայն 1934 թվականին է ավստրիացիներին թույլատրվել իր գծերը հասցնել Բրեներզեե կայարանից մինչև Բրեններ իտալական տարածքում՝ դրանով ամբողջովին ավարտին հասցնելով էլեկտրիֆիկացման գործընթացը։

1941-1965 թվականներին երկաթգծի իտալական հատվածը փուլ առ փուլ անցել է 3 կՎ լարումով հաստատուն հոսանքի։ Երկաթգիծն անընդհատ երթևեկությունն ապահովվել է ÖBB 1822 երկհամակարգ լոկոմոտիվների շնորհիվ։ 1990-ական թվականներից սկսած՝ երկաթգծում նոր ներդրումներ են իրականացվել երկու պետությունների կողմից էլ, ինչը հնարավորություն է տվել լավացնելու երկաթգծի ու թունելների պատկերը։ 2012 թվականի ամռանը ավստրիական կողմը կազմակերպել է Բրեններ երկաթգծի ամբողջական վերակառուցումը։

Բրեններ կայարանում, որը տեղակայված է Իտալիայի և Ավստրիայի սահմանին գտնվող համանուն լեռնանցքում, արձան է կանգնեցվել ի պատիվ երկաթգծի ինժեներ-նախագծող Կառլ Էտցելի[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Helmut K. Mißbach. Eisenbahnen in Tirol. Vorgeschichte – Bahnbau – Betrieb. Motorbuch Verlag, Stuttgart 1979, ISBN 3-87943-640-1, S. 27–55.
  • Elisabeth Baumgartner. Eisenbahnlandschaft Alt-Tirol. Verkehrsgeschichte zwischen Kufstein und Ala im Spannungsfeld von Tourismus, Politik und Kultur. Haymon-Verlag, Innsbruck 1990, ISBN 3-85218-065-1.
  • Laura Facchinelli. Die Eisenbahn Verona–Brenner. Geschichte einer bedeutenden Verkehrslinie. Athesia, Bozen 1995, ISBN 88-7014-856-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեններ երկաթուղի» հոդվածին։