Բրեմենյան երաժիշտների հետքերով

«Բրեմենյան երաժիշտների հետքերով» (ռուս.՝ «По следам бременских музыкантов»), խորհրդային երաժշտական անիմացիոն ֆիլմ, որը նկարահանել է Վասիլի Լիվանովը 1973 թվականին։ 1969 թվականին էկրան բարձրացած «Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմի շարունակությունն է։

Բրեմենյան երաժիշտների հետքերով
ռուս.՝ По следам бременских музыкантов
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմյուզիքլ
ԿերպարներTrus, Balbes and Byvaly?
ՌեժիսորՎասիլի Լիվանով
ՍցենարիստՎասիլի Լիվանով և Յուրի Էնտին
ՀնչյունավորումՄուսլիմ Մագոմաև, Elmira Zherzdeva?, Գենադի Գլադկով և Anatoly Gorokhov?
Բեմադրող նկարիչՄաքս Ժերեբչևսկի
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԱՄՆ և  Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե և 38 s
ՊրիկվելԲրեմենյան երաժիշտներ
ՍիկվելThe New Bremen Town Musicians?
Թվական1973

Սյուժե

խմբագրել

Թագավորը, ցանկանալով պալատ վերադարձնել իր դստերը, վարձում է խուզարկու, որը հայտնվում է մուլտֆիլմի սկզբում՝ երգելով իր երգը. «Ես հանճարեղ խուզարկու եմ, ինձ օգնություն պետք չէ։ Ես նույնիսկ կգտնեմ բշտիկը փղի մարմնի վրա»։ Իր հետ վերցնելով թագավորի պահակներին՝ նա իր մեքենայով գնում է առաջադրանքը կատարելու։

Միևնույն ժամանակ Տրուբադուրն ու իր ընկերները՝ ավանակը, կատուն, շունն ու աքաղաղը, հանգստանում են մարգագետնում, երգում են ճանապարհին իրենց ստեղծած նոր երգը, գետում ձուկ բռնում և ճաշ պատրաստում, իսկ Արքայադուստրը ծաղիկներ է հավաքում։ Հանկարծ թագավորի պահակները և խուզարկուն, որոնք թաքնվել էին խոտի դեզի տակ, առևանգում են նրան։ Բրեմենյան երաժիշտները նետվում են նրանց հետևից, և նրանց խանգարել փորձող պահակները անհաջողություն են կրում. նրանցից մեկը կամուրջը պայթեցնելու փորձի ժամանակ ընկնում է գետը և խեղդվում, իսկ երկրորդին պայթյունի ալիքը նետում է թռչնի բույնը, որտեղ թռչունը (բնի տիրուհին), ըստ երևույթին, սխալմամբ նրան ընդունելով որպես, նրան որդ է տալիս։ Բրեմենյան երաժիշտները գրեթե հասնում են խուզարկուին, կիթառից «կրակում» են նրա վրա և նրա գլխին կաթսա են նետում, բայց նա անցնում է ամրոցի դարպասներից ներս, և դրանք փակվում են հենց երաժիշտի առաջ։ Այսպիսով, սայլը բախվում է դարպասին և վնասվում, իսկ խուզարկուի ճակատին կապտուկ է առաջանում կաթսայի հարվածի հետևանքով։

Սպասելով գիշերվան՝ Տրուբադուրը կատարում է իր հայտնի սերենադը՝ հույս ունենալով, որ արքայադուստրը կլսի իրեն։ Լսելով նրա սերենադը՝ աշտարակի վրա նստած պահակը շեղվում է և չի նկատում, որ երաժիշտներն ինքնանետիչի օգնությամբ աքաղաղին նետում են ամրոց՝ հետախուզության համար։ Նայելով պատուհաններից ներս՝ վերջինս տեսնում է, թե ինչպես է թագավորը անհաջող փորձում հաշտվել արքայադստեր հետ։ Պարզվում է նաև, որ առավոտյան պետք է գան արտասահմանցի երգիչներ, և թագավորը ցանկանում է աղջկան ամուսնացնել նրանցից մեկի հետ։ Աքաղաղը ներխուժում է պատուհանից ներս և բարձրաձայն ծուղրուղու կանչում։ Լսելով նրա ճիչը՝ խուզարկուն սուլիչով ու ատրճանակներով վազում է սենյակ, սակայն աքաղաղը հաջողությամբ թաքնվում է նրանից՝ ձևանալով հողմացույց։ Հետո տեսնելով, որ խուզարկուն հեռացել է, նա քրքջում է և թռչում տանիքից, բայց ներքևում նրան բռնում են Ատամանուհու ավազակները։ Թագավորին կողոպտելու փորձի ձախողումից հետո նրանք գողություն էին անում. գիշերը բարձրացել էին թագավորական արքունիք և գողացել խուզարկուի մեքենայի անիվները, լապտերները և ազդանշանի սարքը։ Տրուբադուրն ու ընկերները սպասում էին աքաղաղին հենց գաղտնի մուտքի մոտ։ Հենց որ աքաղաղին բռնած վերջին ավազակը տենսում է երաժիշտներին, վախենում է, բաց թողնում աքաղաղին և փախչում արդեն հեռացած իր հանցակիցների հետևից։

Առավոտյան երաժիշտ կենդանիները հագնվում են որպես օտարազգի արտիստներ և համերգ տալիս պալատի պատուհանների տակ՝ ծաղրանմանակելով 1970-ականների արևմտյան հանրաճանաչ ռոք խմբերին։ Բոլորը, ներառյալ թագավորը և խուզարկուն, խանդավառությամբ դիտում են ներկայացումը։ Արքայադուստրը փորձում է փախչել, փակում է ականջներն ու աչքերը, որպեսզի չտեսնի երգիչներին, բայց ապարդյուն։

Տրուբադուրին հաջողվում է պատուհանից ներս մտնել պալատ։ Նա արդեն տեսել էր արքայադստերը և մտածում էր, թե ինչպես փրկել նրան։ Բայց հետո, ավարտելով երգելը, էշը գցում է տաբատը՝ դրանով իսկ բացահայտելով իր ինքնությունը։ Արքայադուստրը շատ է ուրախանում։ Խուզարկուն ձեռնաշղթաներ է հանում՝ խաբեբաներին ձերբակալելու համար։ Իրարանցման մեջ գլխավոր հերոսը կտրուկ քաշում է երկար գորգը, և երեքն էլ ընկնում են։ Տրուբադուրը բռնում է արքայադստերը և նրա հետ փախչում, իսկ թագավորն ու խուզարկուն տարբեր կողմերից փաթաթվում են գորգի մեջ։

Տրուբադուրի ընկերներն իրենց սայլով փախչում են պահակներից։ Տրուբադուրն ու արքայադուստրը ամրոցից դուրս են թռչում ուղիղ սայլի վրա։ Թագավորն ու խուզարկուն ազատվում են գորգից։ Թագավորն ընկնում է շատրվանի մեջ, իսկ խուզարկուն՝ նրա գիրկը։ Տրուբադուրն ու արքայադուստրը սայլով հեռանում են կենդանիների հետ։ Թագավորության բոլոր բնակիչները անչափ ուրախ են և ծափահարում են նրանց, իսկ երաժիշտները թափահարում են ձեռքերն ու թաթերը։ Խուզարկուն փորձում է կանգնեցնել ընկերներին սավառնակի օգնությամբ, որին վերածվել է մեքենան, սակայն նրան խանգարում են լուսագրերը։ Խուզարկուն փորձում է ազատվել դրանցից, բայց մնում է կախված ֆիլմի տնօրենի անունից։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Գենադի Գլադկովի խոսքով՝ «Բրեմենյան երաժիշտների» երկրորդ սերիայի մասին ոչ ոք չէր մտածում, սակայն «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա շարունակությունը պահանջող հեռագիր է ստացվել Մոսկվայի «Բարիկադներ» կինոթատրոնի տնօրենի ստորագրությամբ, որտեղ այդ ժամանակ մուլտֆիլմեր էին ցուցադրվում[1]։ Երբ Լիվանովը, Էնտինը և Գլադկովն առաջին մուլտֆիլմի ռեժիսոր Ինեսա Կովալևսկայային առաջարկել են նկարահանել շարունակությունը, նրան դուր չի եկել այդ գաղափարը։ Նա հավատում էր, որ առաջին «Բրեմենյան երաժիշտները» մուլտֆիլմն ունի ավարտուն սյուժե, և այն շարունակելը նման է Մոխրոտի հեքիաթի շարունակմանը։ Բացի այդ, նրան դուր չի եկել սցենարը, որը կրկնում է առաջինը։ Ի վերջո, Կովալևսկայան Լիվանովին և Էնտինին առաջարկել է սպասել, մինչև ինքն զբաղվի մեկ այլ մուլտֆիլմի նկարահանմամբ և այդ ընթացքում վերջնական տեսքի բերի սցենարը։ Նա նաև առաջարկել է սյուժեի մեջ ներառել նոր կերպար՝ Խուզարկուին[2][3]։ Լիվանովը պատրաստ էր սպասել, սակայն ստուդիայում նրան առաջարկել են, որ ինքն զբաղեցնի ռեժիսորի աթոռը[3]։

Մեկ այլ վարկածի համաձայն, ըստ Յուրի Էնտինի հուշերի, գործող անձանց թվում Խուզարկուին ավելացնելու գաղափարը պատկանում է նրան.

Սկզբում մենք ընդհանրապես չէինք պատկերացնում, թե ինչի մասին գրել, բայց հետո ինձ մոտ ծագեց այն միտքը, թե քանի որ արքայադուստրը փախել է, պետք է խուզարկու վարձվի, որին թագավորը կհանձնարարի որոնել իր դստերը։ Ես գրեցի չորս տող և որոշեցի կարդալ դրանք Լիվանովի և Գլադկովի համար։ Նրանք թերահավատորեն էին տրամադրված և հարցրին. «Դե, էլ ի՞նչ ես հորինել»։ Ես ասացի, որ երկրորդ սերիան կսկսվի նրանով, որ թագավորը նստած է, սեղմում է կոճակը, հայտնվում է հանճարեղ Խուզարկուն և հնչում է երգը.

Ես հանճարեղ խուզարկու Եմ,
Ես օգնության կարիք չունեմ,
Ես նույնիսկ կգտնեմ բշտիկը
Փղի մարմնի վրա։

Նրանք մի պահ լռեցին՝ նայելով ինձ բոլորովին խենթ աչքերով։ Եվ հետո մեզ բոլորիս մոտ պարզապես սկսվեց հիստերիա, և մենք սկսեցինք կատաղի ծիծաղել։ Եվ մենք հորինեցինք շարունակությունը։

— Յուրի Էնտին[4]

Հնչյունավորողների ընտրություն

խմբագրել

Սկզբում, մի շարք պատճառներով պայմանավորված, ստեղծողները մտադիր են եղել մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրավել դերերգերի ավելի շատ կատարողներ։ Նախ՝ «Բրեմենյան երաժիշտների» հեղինակները չեն ցանկացել կրկնել այն հնարքը, երբ գրեթե բոլոր հերոսների դերերգերը կատարում է մեկ երգիչ։ Երկրորդ, ըստ Գենադի Գլադկովի, Օլեգ Անոֆրիևը, որը «Բրեմենյան երաժիշտների» թողարկումից հետո էլ ավելի հայտնի էր դարձել, ըստ երևույթին, որոշակի խնդիրներ է ստեղծել.

Օլեգը մի քիչ քմահաճություն էր անում, ինչ-որ բան նրան դուր չէր գալիս։ Իսկ յոթը մեկին չեն սպասում, ինչպես ասում են։

Ինքը՝ Անոֆրիևը, երկրորդ սերիային մասնակցելուց հրաժարվելը նրանով, որ «Բրեմենյանների» թողարկումից հետո սկսվել է նրանց անխնա շահագործումը նույն երաժշտությամբ ներկայացումների, օպերետների տեսքով, ինչը նրան վանել է[5]։

Վերջապես, երրորդն այն էր, որ առաջին սերիայի ստեղծումից որոշ ժամանակ անցած լինելու պատճառով պետք էր Տրուբադուրին ներկայացնել ավելի հասուն՝ «բարիտոնիստ»։ Դրա համար հրավիրել են Անատոլի Գորոխովի[6] ընկերոջը՝ Մուսլիմ Մագոմաևին (ով ձայնի տեմբրը փոխելու տաղանդ ուներ և արդեն իր սկավառակագրության մեջ ուներ երաժշտական պարոդիաների ձայնապնակ)[7], որին շատ էր դուր գալիս մուլտֆիլմը։

Այնուամենայնիվ, երկրորդ սերիայում կատարողները վերջնական արդյունքում նույնքան էին, որքան առաջինում։ Մուսլիմ Մագոմաևը, ինչպես և Օլեգ Անոֆրիևը առաջին սերիայում, կատարել է երեք հերոսների դերերգեր, այլ ոչ թե մեկի. նրա ձայնով, Տրուբադուրից բացի, երգում են խուզարկում և ատամանուհին[7]։ Նա նաև պետք է երգեր թագավորի դերերգը, սակայն մուլտֆիլմում ներառվել է Գենադի Գլադկովի կողմից արված փորձնական ձայնագրությունը, որն արվել է այն ժամանակ, երբ Մագոմաևը մեկնել էր Կուբա՝ համերգներ տալու։ Այս տարբերակը դուր է եկել և Մագոմաևին, և մուլտֆիլմի մնացած բոլոր ստեղծողներին[1]։

Արքայադստեր դերերգը, ինչպես առաջին ֆիլմում, կատարել է Էլմիրա Ժերզդևան։

Ձայնապնակում հեղինակի տեքստը կարդացել է Օլեգ Տաբակովը։

Ըստ պաշտոնական տվյալների (մուլտֆիլմի լուսագրերի և ձայնապնակի ծրարի վրայի նշումների)՝ Բրեմենյան երաժիշտների, ավազակների և պալատականների դերերգերը կատարել են Անատոլի Գորոխովը (առաջին մուլտֆիլմում ավանակը երգում է նրա ձայնով) և վոկալ անսամբլը։ Մուլտֆիլմի լուսագրերում և ձայնապնակի ծրարի վրա նաև նշված է որ ամբողջ երաժշտությունը կատարում է գործիքային անսամբլը՝ Կոնստանտին Կրիմեցի ղեկավարությամբ։ 2010 թվականին Յուրի Էնտինը հայտնել է, որ գործիքային պարտիաներն ի սկզբանե ձայնագրվել են Песняры անսամբի կողմից՝ Վլադիմիր Մուլյավինի գործիքավորմամբ և վոկալով։ Բայց նրա վոկալում հստակ լսվում էր ազգային, բելառուսական հնչողություն, մինչդեռ մյուզիքլի ստեղծողներին անհրաժեշտ էր «արևմտյան» վոկալ։ Песняры խմբի ձայնագրած երաժշտական նվագակցության ֆոնոգրաման թողնվել է, սակայն վերջին պահին այդ երգերի վոկալ մասերի համար հրավիրվել է Весёлые ребята խմբի[8] նախկին մենակատար Լեոնիդ Բերգերը, որը հայտնի է դարձել ԽՍՀՄ-ում «Алёшкина любовь», «Нет тебя прекрасней» և այլ երգերի կատարումից հետո։ Սակայն ոչ մուլտֆիլմի լուսագրերում, ոչ էլ ձայնապնակի ծրարի վրա նրա ազգանունը նշված չէր, քանի որ այդ պահին նա փաստաթղթեր էր ներկայացրել Ավստրալիա արտագաղթելու համար, ինչը հետագայում կարող էր խոչընդոտել մյուզիքլի թողարկմանը[9][10]։ Բերգերի արտագաղթելուց հետո նրա անունը ջնջվել է պետական հեռուստառադիոընկերության բոլոր ձայնագրություններից՝ արտագաղթած այլ արտիստների անունների հետ միասին[11]։

Անվանում Հայերեն թարգմ. Կատարող հերոս(ներ) Կատարող (հնչյունավորում)
1. Песня гениального сыщика Հանճարեղ խուզարկուի երգը Խուզարկու Մուսլիմ Մագոմաև
2. Песня придворных (Такая-сякая) Պալատականների երգը Թագավոր պալատականներ Գենադի Գլադկով
3. Серенада Трубадура (Луч солнца золотого) Տրուբադուրի սերենադը (Ոսկե արևի շողը) Տրուբադուր Մուսլիմ Մագոմաև
4. Дуэт Короля и Принцессы (Ах, ты бедная моя трубадурочка) Թագավորի և արքայադստեր զուգերգը Թագավոր արքայադուստր Գենադի Գլադկով, Էլմիրա Ժերզդևա
5. Вторая песня разбойников (Пусть нету ни кола и ни двора) Ավազակների երկրորդ երգը Ավազակներ Մուսլիմ Մագոմաև, Անատոլի Գորոխով
6. Звёзды континентов (Мы к вам заехали на час) Մայրցամաքների աստղերը (Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամով) Բրեմենյան երաժիշտներ
7. Колыбельная песня (Баю-баюшки-баю) Օրորոցայի Բրեմենյան երաժիշտներ

Քննադատություն

խմբագրել

Գենադի Գլադկովի խոսքով՝ «Բրեմենյան երաժիշտների հետքերով» մուլտֆիլմում, ինչպես առաջին սերիայում, առկա են մի շարք ակնարկներ։ Օրինակ՝ Տրուբադուրի կերպարում կարելի է տեսել Էլվիս Փրեսլիին, իսկ կենդանիների կերպարներում՝ «Բիթլզի» երաժիշտներին[1]։ Արքայադստեր կերպարում, որը, թագավորի կարծիքով, հիստերիկ վիճակում էր, ակնարկ կա գլխավոր քարտուղար Բրեժնևի դստեր՝ Գալինայի մասին, որն այդ տարիներին արդեն սկանդալային համբավ ուներ իր էքսցենտրիկ պահվածքի և բազմաթիվ սիրավեպերի պատճառով։ Այսպիսով, երբ Բրեժնևը ղեկավարում էր Մոլդովական ԽՍՀ-ն, Գալինայի առաջին սերը և առաջին ամուսինը կրկեսի արտիստ Եվգենի Միլաևն էր։ Քիշնևի կրկեսում ակրոբատն իր վրա պահել է տասնյակ մարդկանցից կազմված բուրգ։ Երբ կրկեսը հեռացել է, և նրա հետ գնացել է նաև Միլաևը, թողնելով համալսարանը և հորը՝ «Մոլդովայի տիրակալին», հեռացել է նաև քսանամյա Գալինան։ Վերջինիս ու իր երկրորդ ամուսնու՝ իլյուզիոնիստ Իգոր Կիոյի հետ ամուսնությունը տևել է ընդամենը ինը օր և չեղյալ հայտարարվել որպես անօրինական[12]։ Սակայն, ինչպես պնդում է Գենադի Գլադկովը, իշխանության վերաբերյալ ոչ մի ակնարկ նրանք չեն արել.

Հորինել ենք մեզ համար. մեզ համար հետաքրքիր էր։ Վասիլի Լիվանովը, ես, Յուրի Էնտինը, այնուհետև մեզ միացան Օլեգ Անոֆրիևը, Վիկտոր Բաբուշկինը։ Մենք ծիծաղում էինք, կատակներ անում, լիովին հիացած էինք նրանով, ինչ ստացվում էր։ Դա մեզ համար մեր կապուստնիկի պես մի բան էր, որի մեջ կար թեթևություն, պարզություն, բարեսիրտություն։ Մեզ համար դա պարզապես կատակ էր, իսկ մնացած բոլորն ասում էին՝ ահա սա ինչ-որ բանի պարոդիա է, ահա այստեղ այլ բանի ակնարկ է. այս ամենը՝ «Ո՛ւր գնում է թագավորը՝ մեծ, մեծ գաղտնիք է» կամ «Օ՜, վաղ են արթնանում պահակները»...[13]

«Серебряный дождь» ռադիոկայանը, որը ձայնապնակը ներառել է իր «Մելոդիա» ընկերության 50 կուլտային ձայնապնակները» (ռուս.՝ «50 культовых пластинок фирмы „Мелодия“») ցանկում, տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Բրեմենյան երաժիշտների առաջին մասը խորհրդային հասարակության ծաղրերգություն էր, ուստի ինը ամիս մնաց դարակի վրա։ Բրեմենյան երաժիշտների՝ Վասիլի Լիվանովի նկարահանած երկրորդ մասը նույնպես մտածված էր որպես պարոդիա, չնայած այս անգամ ոչ թե սոցիալական, այլ երաժշտական։ Երգիծանքի առարկա են դարձել բազմաթիվ վոկալ-գործիքային համույթներ, որոնք անվերջ շրջում էին երկրով մեկ»[7]։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենարի հեղինակներ Վասիլի Լիվանով, Յուրի Էնտին
Երգերի տեքստի հեղինակ Յուրի Էնտին
Կինոռեժիսոր Վասիլի Լիվանով
Բեմադրող նկարիչ Մաքս Ժերեբչևսկի
Կոմպոզիտոր Գենադի Գլադկով
Հնչյունային օպերատոր Վիկտոր Բաբուշկին
Կինոօպերատոր Միխայիլ Դրույան
Երգերի կատարողներ Տրուբադուր, Ատամանուհի, Խուզարկու - Մուսլիմ Մագոմաև,
Արքայադուստր - Էլմիրա Ժերզդևա,
Թագավոր - Գենադի Գլադկով,

Բրեմենյան երաժիշտներ, ավազակներ և պալատականներ - Անատոլի Գորոխով, Լեոնիդ Բերգեր և վոկալ քառյակ

Գործիքային անսամբլի դիրիժոր Կոնստանտին Կրիմեց
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլեգ Սաֆրոնով, Վիոլետա Կոլեսնիկովա, Վլադիմիր Զարուբին, Յուրի Կուզյուրին, Տատյանա Պոմերանցևա, Վիկտոր Շևկով, Լեոնիդ Կայուկով, Յուրի Բուտիրին, Վլադիմիր Կրումին, Նիկոլայ Կուկոլև
Օգնականներ Ելենա Նովոսելսկայա,
Ալլա Գորևա
Մոնտաժող Ելենա Տերտիչնայա
Խմբագիր Արկադի Սնեսարև
Նկարահանող խմբի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Геннадий Гладков: «Какое время — такая и музыка»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  2. ««Бременские музыканты». Непридуманная история». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Документальный фильм «По дороге с Бременскими»
  4. «Юрий Энтин: Меня критиковали практически за все песни». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  5. «Олег Анофриев о "Бременских музыкантах" "Кино Вино Домино"» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Документальный фильм "По дороге с Бременскими"» (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 «50 культовых пластинок фирмы «Мелодия» // Серебряный дождь. 2014». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  8. ««Песняры» не стали «Бременскими»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  9. «Жизнь и судьба Леонида Бергера». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  10. Геннадий Гладков: «Тоже, в общем, случайность»
  11. «Четыре страны — Четыре континента». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  12. ««Бременские музыканты». Как спелись Ливанов, Энтин, Гладков и Анофриев». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  13. «Сергей Кузнецов. Вместо надгробного псалма». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել