Աառագաստաթիթեռներ, առագաստավորներ (լատին․՝ Papilionidae), թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների ընտանիք։
Հայտնի է մոտ 530, Հայաստանում՝ 5 (այլ տվյալներով՝ 7) տեսակ՝ մնեմոզինա (Parnassius mnemosyne), ալեքսանոր (Papilio aletanor), ապոլլոն, մախաոն, պոդալիրիուս և այլն։
Խոշոր թիթեռներ են։ Ունեն վառ գունավորում՝ ոսկեգույնից դեղնականաչ։ Տեսակների մեծ մասին բնորոշ է սեռական երկձևությունը։ Որոշ տեսակների հետին թևերն ունեն նեղ ու երկար ձգված պոչիկներ։ Մսալի, գլանաձև թրթուրները գլխի հետևի մասում կրում են հատուկ գեղձ, որից գրգռման դեպքում դուրս է ցցվում նարնջագույն եղանիկ և տհաճ հոտ արձակում (թրթուրի համար պաշտպան, միջոց է)։ Հարսնյակն անկյունավոր է՝ գոտևորված մետաքսաթելով, որով ամրանում է հիմնանյութին։ Ամենաերկարակյաց թիթեռներից են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|