Polaroid Corporation
Polaroid Corporation (հայերեն՝ «Պոլարոիդ»), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է ֆոտոտեխնիկայի, կենցաղային էլեկտրոնիկայի (LCD-հեռուստացույց, դյուրակիր DVD-նվագարկիչներ, թվային լուսանկարի շրջանակ), ինչպես նաև հետախուզական սարքավորումների և զանազան ռազմական արտադրանքների արտադրությամբ։ Այն առավել հայտնի է միաստիճան լուսանկարչական պրոցեսների հավաքածուների, ինչպես նաև այդ հավաքածուները նկարահանող տեսախցիկների մշակմամբ և արտադրմամբ: Polaroid-ն այնքան սերտորեն է կապվել ակնթարթային լուսանկարչություն հասկացության հետ, որ դրա ապրանքանիշը երկար ժամանակ օգտագործվում էր բուն տեխնոլոգիայի և պատկերների համար, որոնք կոչվում էին «պոլարոիդային»:
Polaroid Corporation | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և camera manufacturer? |
Հիմնադրված է | 1937[1] |
Հիմնադիր | Էդվին Հերբերտ Լենդ |
Վայր | Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ և Minnetonka, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | լուսանկարչություն և Էլեկտրոնիկա |
Կայք | polaroid.com(անգլ.) |
Polaroid Վիքիպահեստում |
Պատմական ակնարկ
«Polaroid» ընկերության հիմնադիր դոկտոր Էդվին Լենդը ծնվել է 1990 թվականին Բրիջփորթում։ Մանկուց փորձարկումներ է արել լույսով, կալեյդոսկոպով և ստերեոսկոպով, ինչն նրան թույլ է տվել 1929 թվականին, լինելով Հարվարդի համալսարանի ուսանող, մշակել և ստեղծել աշխարհում առաջին բևեռացնող նյութը ազատ վաճառքի համար։ Նա առաջինն էր, որն օգտագործել է բևեռացնող սկզբունքը բազմաթիվ սպառողական ապրանքներում՝ սեղանի լամպերի, 3D ակնոցների, հաշվիչների և համակարգիչների LCD էկրանների, արևային ակնոցների համար։ Գյուտերի համար ստացված արտոնագրերի քանակով (535) Էդվին Լենդը զիջում էր միայն Թոմաս Էդիսոնին: 1963 թվականին խորհրդային գիտության զարգացման գործում ունեցած ներդրման համար Էդվին Լենդն արժանացել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական մրցանակի՝ Ազատության նախագահական մեդալի:
Polaroid ընկերությունը կազմավորվել է 1937 թվականին, և ակնոցի առաջին զույգը վաճառվել է արդեն 1930-ական թվականների վերջին։ Պահանջարկն աստիճանաբար մեծանում էր, և շուտով Polaroid-ի արտադրանքը դուրս է գալիս Եվրոպայի և Ասիայի սահմաններից։ 1948 թվականին Polaroid ընկերությունը սկսել է արտադել լուսանկարչական ապարատներ, որոնք լուսանկարելուց անմիջապես հետո տալիս էին պատրաստի լուսանկար։ Դրա համար ընկերությունը թողարկել է հատուկ ապարատներ և դրանց համար հատուկ կասետաներ։ Կասետան պարունակում է լուսանկարչական նյութեր կամ լուսանկարչական նյութերի ռեակտիվների կոմբինացիա, որոնք արդյունքում տալիս են պոզիտիվ լուսանկար թղթի վրա։ Հենց այս հայտնագործությունն է լայն տարածում բերել ընկերությանը, թեև ունի նաև այլ՝ ոչ պակաս կարևոր հայտնագործություններ, ինչպես՝ գիշերը տեսնելու հնարավորություն տվող սարք, ջերմացույց և այլն։ Այս արդյունավետ ժամանակաշրջանի ընթացքում ընկերությունն արժանացել է «հայտնագործությունների ֆաբրիկա» կոչմանը։ Ընկերության լուսանկարչական ապարատների հայտնիության գագաթնակետը 1980-1990-ական թվականներին էր։ 1977-1979 թվականներին ընկերությունը թողարկել է նաև Super 8 (Polavision) ձևաչափի շրջելի կինոժապավեն, իսկ 1983 թվականից՝ Polachrome համանման 35-մմ շրջելի կինոժապավեն։ 2000 թվականին ընկերության արտադրանքը դադարել է մրցակցել թվային լուսանկարչության հետ:
2001 թվականի հոկտեմբերին Polaroid-ը սկսել է իր առաջին սնանկության վարույթը։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում ընկերության բիզնեսի մեծ մասը վաճառվել է «Bank One»-ին պատկանող «Imaging Corporation» ընկերությանը։
2003 թվականին ընկերությունը մտել է սպառողական էլեկտրոնիկայի շուկա և սկսել արտադրել շարժական DVD-նվագարկիչներ և LCD-հեռուստացույցներ: 2005 թվականի ապրիլին «PGW» ընկերությունը «Imaging Corporation» ընկերությունից 426 միլիոն դոլարով գնել է «Polaroid»-ը։
2008 թվականի դեկտեմբերի 19-ին Polaroid ընկերությունը հայտարարել է իր սնանկության մասին՝ հիմնվելով ԱՄՆ սնանկության մասին 11-րդ հոդվածի վրա։ Ընկերությունում նշել են, որ սնանկությունը կրում է տեխնիկական բնույթ, և Polaroid-ը շարունակելու է աշխատել, իսկ 11-րդ հոդվածը թույլ կտա ընկերությանը իրականացնել ֆինանսական վերակազմավորում[2]։
2009 թվականի հունվարին՝ «CES 2009» ցուցահանդեսի ժամանակ, ընկերությունը ներկայացրել է «Polaroid PoGo Instant Digital Camera» թվային ֆոտոխցիկը։ Այդ մոդելի տարբերակիչ առանձնահատկությունը ներդրված գունավոր տպիչն է։ Այդ կերպ ընկերությունը փորձում էր թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում վերականգնել ակնթարթային լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունը[3]։
2010 թվականի հունվարի 5-ին «Polaroid» ընկերության կրեատիվ տնօրեն է դարձել երգչուհի Լեդի Գագան, իսկ 2011 թվականի հունվարին ներկայացվել են նրանց համագործակցության առաջին արդյունքները՝ «Polaroid Grey Label» նոր մոդելային շարքը և այդ շարքի առաջին մոդելը՝ «Polaroid GL10» դյուրակիր տպիչը[4]։
2014 թվականի դեկտեմբերի 22-ին ընկերության բաժնետոմսերի 65%-ը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դոլարով։ Մնացածի մեծ մասը գնել է ամերիկյան Փոլադ ընտանիքը, որին պատկանում է «Marquette Companies» ներդրումային հիմնադրամը[5]։
Արտադրանք
Ռազմական և հատուկ նշանակության արտադրանք
ԱՄՆ զինված ուժերի համար մշակված և արտադրվող ապրանքներ․
- Օդ-մակերևույթ դասի ղեկավարվող հրթիռներ և ավիառումբեր
- SX-68/SX-69 Podak՝ գաղտնի նախագիծ, որը մեկնարկել է 1943 թվականի դեկտեմբերի 18-ին «Eastman Kodak» ընկերության հետ (այստեղից էլ՝ անվանումը՝ «Podak» = «Polaroid-Kodak»)[6]
- SX-70 Dove մոդելի Օդ-մակերևույթ դասի ղեկավարվող հրթիռներ[7]՝ համաշխարհային պատերազմի պատմության մեջ ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկով առաջին հրթիռներից մեկը կամ առաջինը՝ նախատեսված տախտակամածային ավիացիայի ինքնաթիռների զինման համար[8]
- Ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկով ղեկավարվող հրթիռներ
- Ավիատիեզերական և ավիացիոն հետախուզական սարքավորումներ[9] (մշակումն սկսվել է գեներալ Ջեյմս Դուլիթլի նախաձեռնությամբ, որն այս ուղղությունը դիտարկում էր որպես հետախուզության զարգացման մեծ ներուժ)[10]
- Տեղանքի եռաչափ լուսանկարչության սարքավորումներ և պատկերների ստերեոսկոպիկ վիզուալիզացիա (պատերազմի ժամանակ ռմբակոծիչների օդաչուների համար)
- Հրետանային գործիքային հետախուզական սարքավորումներ
- Ինֆրակարմիր և գիշերային նշանառության սարքեր, գիշերային տեսողության սարքեր (ռազմական օպտիկայի բաժինն առաջացել է լեռնադահուկորդների համար նախատեսված արևային ակնոցների շարքից)[11]
- Տարբեր տիպի նշանառության սարքավորումներ, հեռաչափեր, նշանառու հեռաչափներ[12]
Ոստիկանության կառույցների և մարշալական ծառայությունների համար արտադրվում են.
- Դեպքի վայրի զննության ընթացքում իրավիճակի լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցներ
- Հսկվող և ռեժիմային օբյեկտների տեսահսկման և անվտանգության միջոցներ[13]
Պատերազմի տարիներին ընկերության շտաբում գործել է Քեմբրիջի ռազմական լուսանկարիչների դպրոցը (Polaroid War School), որը պատրաստում էր կադրեր ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերի հետախուզական ջոկատների և այլ ռազմական մասնագիտությունների համար (1944 թվականի սկզբին վերապատրաստվել և հետազոտվել են ավելի քան հինգ հարյուր կուրսանտներ)։ Ռազմական լաբորանտների զարգացման կողմնակի արտադրանքները երբեմն կարևոր նշանակություն ունեին բժշկության և այլ ոլորտներում: Այսպես, օրինակ, ռազմական լաբորատորիայի երկու քիմիկոս՝ Ուիլյամ Դյորինգը և Ռոբերտ Վուդվորդը (քիմիայի գծով ապագա Նոբելյան դափնեկիր), հիմնվելով նրանց սինթեզած քինինի վրա, մշակել են հակամալարիայի դեմ դեղամիջոց ամերիկյան զորքերի համար, որոնք պատերազմում էին Խաղաղ օվկիանոսի և Բիրմայի ռազմական գործողությունների թատերաբեմում։ Կատարել են նաև շատ այլ օգտակար նորամուծություններ:
Ծանոթագրություններ
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Polaroid начал процедуру банкротства». Вести.ру. 2008-12-19. Վերցված է 2009-07-12-ին.
- ↑ «В 2009 году Polaroid воскресит мгновенную фотографию». Podrobnosti.ua. 2009-02-11. Վերցված է 2009-07-12-ին.
- ↑ «Polaroid and Lady Gaga Announce the New GL10 Instant Mobile Printer». polaroid.com. 2011-01-06. Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին. Վերցված է 2012-08-23-ին.
- ↑ Падение великой компании — Взлеты и падения — Olligator.ru
- ↑ Wensberg, 1987, էջ 86
- ↑ Wensberg, 1987, էջ 89
- ↑ Wensberg, 1987, էջեր 77—80
- ↑ Wensberg, 1987, էջեր 111—113
- ↑ Wensberg, 1987, էջ 111
- ↑ Wensberg, 1987, էջ 71
- ↑ Wensberg, 1987, էջ 74
- ↑ Wensberg, 1987, էջ 179
Գրականություն
- Wensberg, Peter C. Land’s Polaroid: A Company and the Man who Invented It. — Boston, Mass.: Houghton Mifflin, 1987. — 258 p. — (A Peter Davison Book) — ISBN 0-395-42114-4.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Polaroid Corporation» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Polaroid Corporation» հոդվածին։ |