Ստերեոսկոպ
Ստերեոսկոպ, օպտիկական սարք՝ տեղանքի կամ առանձին առարկաների նկարների դիտման համար՝ նրանց ծավալային ընկալմամբ։ Նկարները պետք է ստացվեն երկու կետից և զույգ-զույգ ծածկվեն մեկը մյուսով, որն ապահովում է օբյեկտների հաղորդումն այնպե��, ինչպես դրանք առանձին-առանձին տեսնում են մարդու աջ և ձախ աչքերը։ Բոլոր ստերեոսկոպները կառուցված են նկարների վրա դիտվող ընդհանուր կետերից (օբյեկտների պատկերներից) եկող ճառագայթների այնպիսի շեղումների հաշվարկով, որ այդ կետերն ընկալվում են համատեղված ձևով։ Ստերեոսկոպը կիրառվում է գլխավորապես նկարների վերծանման համար, ընդ որում հայտնի են այդ սարքերի մոտ 100-ի հասնող զանազան կոնստրուկցիաներ։ Ստերեոսկոպները լինում են դյուրակիր, սեղանի և ստացիոնար։ Սեղանի և ստացիոնար ստերեոսկոպների մի մասը պատրաստվում է այնպես, որ հնարավորություն է տալիս կատարել նկարների մի շարք ստերեոզույգերի միաժամանակյա դիտում, սարքի սեղանի և նրա օպտիկական համակարգի փոխտեղաշարժման միջոցով։ Գիտատեխնիկական լուսանկարների առանձնապես մանրակրկիտ ուսումնասիրման համար օգտագործում են ստերեոմիկրոսկոպներ (խոշորացնում են մինչև 70, հատուկ գլխադիրներ կիրառելու դեպքում՝ 200 անգամ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 122)։ |