Սպիտակի երկրաշարժ
Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։
Սպիտակի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ԽՍՀՄ |
Տարեթիվ | դեկտեմբերի 7, 1988 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,0 |
Հիպոկենտրոնի խորություն | 10 կմ |
Էպիկենտրոնի տեղագրություն | 40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Հայկական ԽՍՀ |
Ցունամի | ոչ |
Տուժածներ | 25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1] |
Զոհվածներ | 38 000 մարդ |
Տնտեսական վնաս | 10 միլիարդ USD |
Spitak earthquake Վիքիպահեստում |
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]։
Սեյսմոլոգիական բնութագիրը
- Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե,
- Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ (φ=40,9N;λ=440, 2E),
- Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК - 64 սանդղակի,
- Գյումրիում - 9 բալ
- Վանաձորում - 8-9 բալ
- Ստեփանավանում - 9 բալ
- Երևանում - 6 բալ
- Մագնիտուդը- 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի,
- Հիպոկենտրոնի խորությունը- մոտ 10 կմ,
- Գլխավոր ցնցման տևողությունը- մոտ 35-45 վրկ.,
- Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը- մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը- մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը- 0,7-1‚0 մ։
Ավերման գոտու բնութագիրը
- Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ,
- Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի,
- Ավերված քաղաքների թիվը - 11,
- Ավերված գյուղերի թիվը - 58,
- Տուժած քաղաքների թիվը - 21,
- Տուժած գյուղերի թիվը - 342,
- Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Սպիտակի երկրաշարժ | Լոմա-Փրիետա երկրաշարժ | |
Թվական | դեկտեմբերի 7, 1988 | հոկտեմբերի 17, 1989 |
Ուժգնություն | 6.9 | 7.1 |
Վայր | Հայաստան | Հյուսիսային Կալիֆորնիա |
Մահացածներ | >25,000 | 67 |
Վիրավորներ | 31,000 | 2,435 |
Անօթևան մնացածներ | 514,000 | 7,362 |
Գույքային վնաս | Անհայտ | ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար |
Մարդկային կորուստները
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝
- Գյումրի - 17000
- Սպիտակ - 4000
- Վանաձոր - 1200
- Ախուրյան - 500
- Ստեփանավան - 125
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Պատկերներ
Հետևանքները քաղաքաշինության ոլորտում
Երկրաշարժի հետևանքով վերանայվեց Հայաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը, նախկին երկու՝ 7 և 8 բալային գոտիների փոխարեն ընդունվեց 1, 2 և 3 գոտիներով քարտեզ, որտեղ սեյսմիկ վտանգը արտահայտված էր ոչ թե բալերով, այլ սպասվելիք երկրաշարժերի մաքսիմում արագացումներով։
- 1 գոտու համար այն 200 սմ/վ2 (մոտավորապես 8 բալ)
- 2 գոտու համար այն 300 սմ/վ2 (մոտավորապես 8,5 բալ)
- 3 գոտու համար այն 400 սմ/վ2 (մոտավորապես 9 բալ)
Օրինակ, Երևանը գտնվում է 3 գոտում, այսինքն կարող է տեղի ունենալ 9 բալ ուժգնության երկրաշարժ։
Ծանոթագրություններ
- ↑ Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
- ↑ «Earthquakes». Վերցված է 2015-12-13-ին.}|publisher = earthquake.usgs.gov}}
- ↑ Информация с сайта http://www.epicentrum.ru
- ↑ Информация с сайта www.demoscope.ru
- ↑ К катастрофе самолёта Ил-76 в Иране
- ↑ Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։
Արտաքին հղումներ
- Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները
- spitakseism.info - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածու
- Սուրեն Հարությունյանի հոդվածը Սպիտակի երկրաշարժի մասին
- Վահան Ամատունու ',,ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,, հոդվածը' 9-13 դեկտեմբերի 1988 թ.