Մարո Մարգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Եղիշեի Մարգարյան (դեկտեմբերի 22, 1915[1][2], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 31, 1999[2], Երևան, Հայաստան[2] (թաղված է Բյուրականում)), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։
Մարո Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1915[1][2] |
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 31, 1999[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե[1] |
Պարգևներ | |
Ամուսին | Սարգիս Բայանդուր |
Զավակներ | Անահիտ Բայանդուր և Աշոտ Բայանդուր |
Մարո Մարգարյան Վիքիքաղվածքում | |
Մարո Մարգարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
Մարո Մարգարյանը ծնվել է Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935 թ.։ 1967-1984 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։
Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում[3][4][5]՝, եղբոր՝ հայտնի աստղագետ Բենիամին Մարգարյանի կողքին[6]։
Մարո Մարգարյանի պոեզիան
Մ. Մարգարյանը կյանք էր մտել պատերազմից հետո, այն մթնոլորտում, երբ մեր պոեզիան արդեն երկու անգամ գլխատվել էր՝ 15 և 37 թվականներ, և այդ սերունդն ասես առաջին քայլերն էր անում՝ մարդկային զգացմունքը բերելով պոեզիա։ «Դարերի հետ կռվող բանաստեղծուհի Մ. Մարգարյանի պոեզիան մեր ամբողջ գրականության ինքնատիպ արտահայտություններից մեկն է և դիմանալու է ժամանակների փորձությանը»։ Բանաստեղծուհին, չնայած ժամանակի քննադատությանը, միշտ հավատարիմ մնաց իրեն տրված աստվածատուր ձիրքին։ «Էպիկական շունչը հատուկ չէ Մարո Մարգարյանին, նրան խորապես հուզում է ներքին մարդը՝ իր հարուստ հուզաշխարհով, որի խոհերում էլ հայտնվում են անցյալի լուսավոր ու ցավոտ կողմերը, հնամենի պատմության բիբլիական արձագանքները»։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունները հրապարակախոսական բնույթ չունեն, դրանք խոսում են մարդու հոգուց, նրա զգացմունքային աշխարհից։
Ձյուն, մի իջիր իր վարսերին,
Ա՜խ, ես այնքան ջահել եմ դեռ,
Մինչեւ հիմա կյանքի վերից
Երազներով սահել եմ դեռ։
Երեկ էր լոկ, որ ես ճերմակ
Զույգ ժապավեն էի կապում.
Իսկ դու այսօր պաղ ու ճերմակ
Սառուցներ ես դեմս կապում[7]։
Բանաստեղծների հայացքն անպայմանորեն կանգ է առնում մանկության օրերի վրա։ Եվ, որպես կանոն, հենց այն ժամանակ, երբ արդեն կայացել է հասունացումը։ Դեպի ետ ուղղված հայացքն իր անցած ճանապարհի մեջ, թերևս կյանք կոչվածի առեղծվածայնությունը պարզաբանելու ձգտումն է` ոչ միայն իր հավաքածը հանրագումարի բերելու, ինքն իրեն ճանաչելու, իրեն` իր համար բացահայտելու միտումը։ Ամեն դեպքում, Մարո Մարգարյանը, նաև ճանաչելով կյանքի խորդուբորդները, դեռ համեստ մի աղջնակ` վստահորեն է մտել նրա մեջ` համոզված, որ պետք է աշխատի դույզն-ինչ հարթեցնել այդ խորդուբորդն իր ցանած բարության, հավատարմության սերմերով։
Մարո Մարգարյանի «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուն մեզ հաղորդակից դարձրեց պոետական մի նուրբ ու թրթռուն աշխարհի հետ, ուր թախիծը ողողված է լույսով, զայրույթը բարությամբ։
Այս խառնածին գոյության մեջ,
Լույսը մեր խոր էության մեջ.
Անմրցակից,
Անզուգահեռ,
Վավերական ու վեր ենք մենք
Ինչ վախենք մենք մութից,
Ուր էլ կախեն լապտեր ենք մենք։
Դեպի էությունը, խորքը գնալու մղումը որքան դժվարությունների ու որոնումների հետ է կապված, նույնքան էլ կապված է նոր հայտնագործությունների հետ, խոսքի շերտերն ավելի լայն են ու մաքուր։ Հեղինակը հանգես է բերել էպիկական խտություն, որ պայմանավորված է ոչ միայն կյանքի խտությամբ, այլև անսքող մարդասիրությամբ ու հայրենասիրությամբ։ Ուշագրավ է նաև այն, որ բանաստեղծուհու մոտ ամեն պատկեր ու բանաստեղծություն հանգում է իրականի ու ռոմանտիկականի թախծոտ ու լուսավոր հանդիպման։ Մարգարյանի 60-ական թթ. –ի ժողովածուներն են ՝ «Լիրիկա» 1962, «Ձնհալից հետո» 1965։ «Ձնհալից հետո» ժողովածուն Մարո Մարգարյանի պոեզիան պիտի դասվի այն լավագույն արժեքների թվին, որ բանաստեղծության մեջ ստեղծաբանել է Հայ Հոգին։ Մարո Մարգարյանին սիրում են պոեզիայի իրավ երկրպագուները՝ նրբին զգացումներով ապրող մարդիկ։ Բայց ավելի սիրում են նրանք, ովքեր ճանաչում են նրն։ Ապրել ժողովրդի համար, անձնուրաց բարձրացնել Հայ Հոգին, նվիրաբերվել անմնացորդ, չճանաչել ոչ մի անձնական շահ, սիրել՝ երբեք չմտահոգվելով սիրվելու, գնահատված լինելու մասին - ահա իմաստը Մարո Մարգարյանի բանաստեղծական հայտնության։ Նա մարդկանց զգում էր սրտով։ Ճանաչում էր սրտով։ Եվ չէր սխալվում։ Փնտրում էր բարի ու պայծառ հոգիներին, որովհետև հավատում էր և կյանքն ուզում էր տեսնել պայծառ ու բարի։ Իր կյանքում ոչինչ չունի իր ջերմ սրտից բացի։ Շարժուն, հոգատար, ներող ու անքեն հոգի, որ ամենուր իր հետքն է թողնում, ինչին մոտենում, ապրեցնում է իրենով։ Մարո Մարգարյանը մեր այն բանաստեղծներից է, որոնք ունեն իրենց ստեղծագործական ինքնատիպությունը, իրենց խորապես ապրած և նախասիրած թեմաները։ Նրա պոեզիան հավակնոտ չէ, նա չի ձգտում «ընդգրկել» կյանքի որքան կարելի է շատ կողմեր ու շատ փաստեր, ինչպես վարվում են որոշ բանաստեղծներ՝ երևույթների բազմաքանակությունը շփոթելով իրականության արտացոլման լայնության ու խորության հետ։ Մ . Մարգարյանի լավագույն բանաստեղծությունների բնորոշ հատկությունը այն ջերմ, սրտակից ու մտերիմ ոճն է, որով հեղինակը հաղորդում է իր նվիրական հույզերն ու մտորումները։ Այդ հատկության շնորհիվ նա կարողանում է հոգեկան կապ և հարազատություն ստեղծել ընթերցողի հետ։
Բանաստեղծուհու ստեղծագործությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում բնությունը, որի հետ նա կարծես անընդհատ զրուցում է։ Այդ առումով, հատկանշական է «Ծովը» բանաստեղծությունը, որտեղ զրույցն արդեն վերաճում է սրտացավ հանդիմանության.
Ի՞նչ ես վշշում, ի՞նչ ես թշշում
Ու պարզ ջրերդ պղտորում.
Ինչ ես քո խենթ ալիքներով
Սեպ ժայռերի սիրտը փորում։
Ինչ ես եղել տակն ու վրա
Ու ափ նետում հսկա քարեր,
Ինչն է այդպես քո անհնար
Ու այդքան մեծ սիրտը վառել։
Սևացրե՞լ են նախանձից մի
Բարերարի,
Թե՞ վաստակդ տարիների
Ջուրն են ածել.
Մեծարե՞լ են մի անազնիվ
Անարդարի,
Թե՞ ընկերդ ամենամոտ
Տված խոստումն է ուրացել։
Ի՞նչ է եղել որ չես կարող
Քո ափերում լուռ սպասել,
Ի՞նչ է եղել, որ չես ասում
Ու չես կարող նաև չասել։
Իր բանաստեղծություններում Մարո Մարգարյանն աչքի է ընկնում հուզականությամբ ու անկեղծությամբ։ Ահա ինչպիսի բաց տեքստով է ներկայացնում նա իր կյանքի հերթական պարտությունը.
Նորից մի անգամ ինձ ապտակեցին,
Հավատի համար իմ այս մանկամիտ,
Որ մնացել է դեռ նյարդերիս մեջ
Երազանքների այս հիմար քամին։
Եվ ծիծաղում են,
Ծիծաղում վրաս
Մարդիկ անարեվ,
Մարդիկ աներազ։
Որ դեռ լույսեր ու հույզեր են հորդում
Հոգուս հատակից,
Առանց կատակի.
Եվ ես սրտնեղած ինձ հարց եմ տալիս...
Այս որ անգամն ես դեմ առնում պատին...
Իսկ նրա հետևյալ տողերը կարելի է SOS ազդանշան համարել նաև այսօրվա մարդու համար.
Ինձ խենթացնում է մարդկային ոգու
Ոլոր մոլորը,
Որ արդեն մոլի չափեր է առնում։
Այսպիսի հուզականությամբ օժտված բանաստեղծուհին, բնականաբար, պետք է լավ սրտերի կարիքը զգար.
Տարիները եկել, դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ։
Սակայն բանաստեղծուհու տոկուն սիրտը չի պարտվում և «Հիշեցում» բանաստեղծության մեջ նա
արդեն փիլիսոփայորեն է նայում կյանքին ու հիշեցնում ճարպիկ երկերեսանուն.
Նրանց, որոնք հեշտ են ապրում
Դժվարի մեջ.
Նրանց, որոնք շատ են առնում
Եղած քչից.
Նրանց, որոնք երկու պատկեր
Ունեն տարբեր,
Մեկը իրենց խորքերի մեջ,
Մեկն աշխարհին ցուցադրած.
Փրփուրներից թեթև սահում,
Տակից փլում ու կործանում
Եվ երեսից սիրախոսում։
Մեկ է` թե ով ինչ է անում,
Ուր ընթանում.
Ամեն մեկը թող իմանա`
Որ ամեն սիրտ, ամեն հոգի
Իրեն արժան ճամփաներով
Ինչ տվել է, այն է տանում։
Ընթերցողի համար որքան էլ անսպասելի կարող է լինել, բայց փխրուն հոգու տեր բանաստեղծուհին կարող է նաև մոլեգնել և հանդիմանել անգամ աստվածներին` նրանց պասսիվության համար.
Աստվածները հիմա
Ընդհատակ են անցել,
Անդունդներն են իջել աստվածները.
Գույները անգույն,
Ձևերը անձև
Ու մեռնելու չափ դատարկ է վերը։
Աստվածները հիմա
Անդունդներն են իջել,
Մետաղներին զիջել կապույտները.
Եվ կապույտների
Ափերին բոլոր
Մեռնում է սերը։
Մարո Մարգարյանին սակայն չի պատում հուսահատությունը և նրա բանաստեղծությունների մեծ մասում ճառագում է լուսավոր լավատեսությունը։ Ահա նրա իմաստուն պատգամը, որը նա կարծես գրել էր այսօրվա համար և որն արժե կրել մեզ հետ` մեր ամբողջ կյանքի ընթացքում.
Դու ձայն եղիր, ոչ` արձագանք,
Արձագանքն ի՞նչ պիտի ասի,
Անդունդը ի՞նչ պիտի խոսի,
Դու ձայն եղիր ոչ` արձագանք.
Ոչ էլ՝ ոտքի տակից քաշվող,
Գետնատարած, լռիկ մաշվող,
Անհուր, անսեր շուք ու ստվեր։
Կյանքն անսահման,
Կյանքն անհատնում,
Լույս ճամփաներ շատ ունի դեռ՝
Հավատ ամուր ու հիացում,
Շող հույսերի ոսկի թելեր,
Արդար կռիվ ու անրջանք,
Աշխարհ ցնցող շքեղ սերեր`
Կարոտների լույսով օծուն,
Անհերքելի, անգին ու թանկ...
Դու ձայն եղիր, դու ձայն եղիր,
Դու ձայն եղիր, ոչ` արձագանք։
Մ. Մարգարյանը սիրո թեմային դիմում է հետևողականորեն։ Նրա գրքի համարյա բոլոր սիրային բանաստեղծություններում ընդգծվում է սիրո զգացման ոչ միայն անձնական, այլև հասարակական նշանակությունը։ Սիրելի անձնավորության և հարազատ երկրի, հայրենասիրական ազնիվ աշխատանքի հասկացողությունները սերտորեն առնչվում են իրար, մեկն առանց մյուսի աներևակայելի է։ «Ես քեզ սիրում եմ իմ աշխարհի հետ, քեզ առանց նրան, նրան առանց քեզ ես չեմ պատկերում»,- գրում է բանաստեղծուհին։ Ահա թե ինչու Մ. Մարգարյանը բանավիճում է սիրո նեղ, քաղքենիական ըմբռնման դեմ.
Ասում են սերը մասնավոր բան է,
Կարևոր չէ, թե ով ում է սիրում,
Ասում են սերը թող մնա տանը,
Սիրո երգերը սրտում են գրում։
Սխալ է' սերն այդ առաջին չափն է,
Թե քո աշխարհին ինչպես ես նայում,
Սրտի ու երկրի առաջին կապն է
Թե աշխարհում քեզ ինչն է հմայում։
Մարո Մարգարյանը տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ձայնին, իր նախասիրություններին Մարո Մարգարյանի ստեղծագործությունները եղել են ու կմնան ժամանակին համապատասխան՝ չհնացող ստեղծագործություններ. Մարգարյանը ունի տողի ու բառի նկատմամբ յուրօրինակ մոտեցում, և բանաստեղծություններում կոնկրետ ասելիք, որը ճիշտ մոտեցմամբ մատուցում է ընթերցողին։ Մանկության օրերից եկող շնչառությունը, բոլոր բանաստեղծությունները դարձնում է կիսով չափ իրական, կիսով չափ՝ անիրական, մեր ձեռքից բռնած տանում է հայրենի խրճիթ և նման բովանդակություններով բանաստեղծությունները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը։
Մրցանակներ
- «Ժողովուրդների բարեկամության շքանշան», 1985
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար)
- Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար)
Երկերի մատենագրություն
- Մտերմություն (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1940, 55 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1945, 80 էջ։
- Մոր ձայնը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 131 էջ։
- Փշատենի (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 162 էջ։
- Լիրիկական լուսաբաց (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1957, 331 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Մ. Մարգարյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1962, 322 էջ։
- Ձնհալից հետո (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1965, 252 էջ։
- Լցված լռություն (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 152 էջ։
- Օրերի խորքից (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 452 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1978, 424 էջ։
- Նվիրումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 156 էջ[8]։
- Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 324 էջ։
- Սիրո երգեր, Երևան, «Սովետական գրող», 1984, 164 էջ[9]։
- Հատընտիր, Երևան, «Սովետական գրող», 1985, 544 էջ։
Մարո Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն։
Թարգմանություններ (ռուսերենից)
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շեֆը։ Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1943, 96 էջ։
- Սերգեյ Միխալկով, Այնտեղ, ուր ապրում ես դու, Երևան, Հայպետհրատ, 1943, 8 էջ։
- Սերգեյ Միխալկով, Մանուկների համար (թարգմանեցին Գևորգ Էմինը և Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1949, 67 էջ։
- Պավլո Տիչինա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
- Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
- Ստեփան Շչիպաչյով, Պավլիկ Մորոզով, Երևան, Հայպետհրատ, 1953, 64 էջ։
- Ուկրաինական քնար (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
- Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
- Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
- Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
- Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի։ Ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
- Չեխ և սլովակ բանաստեղծներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1966, 238 էջ։
- Լեսյա Ուկրաինկա, Լիրիկա (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
- Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների Ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 272 էջ։
- Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 165 էջ։
- Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
Ընտանիքի անդամներ
- Եղբայրը՝ աստղագետ Բենիամին Մարգարյան
- Ամուսինը՝ արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Բայանդուր
- Դուստրը՝ հայ թարգմանչուհի, Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավապաշտպան Անահիտ Բայանդուր
- Որդին՝ նկարիչ Աշոտ Բայանդուր
Գրականություն
- Ֆելիքս Բախչինյան, Կարոտի թագավորություն, Երևան, 2003։
- Նաիրա Համբարձումյան, Մարո Մարգարյանի քնարերգությունը, Երևան, 2003։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, 59 էջ։
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 366-367։
- ↑ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, Երևան, «Սովետական գրող», 1981, էջ 305։
- ↑ Ափինյան, Աբգար (2015). «Մարո Մարգարյանի Հայաստանը» (PDF). Նոր-Դար. թիվ 4: էջ 3.
- ↑ Մարգարյան, Մարո (1978). Բանաստեղծություններ. Սովետական գրող. էջ 312.
- ↑ Մարգարյան, Մարո (1982). Նվիրումներ. "Սովետական Գրող" Հրատարակչություն.
- ↑ Մարգարյան, Մարո Եղիշեի (1984). Սիրո երգեր։ (Բանաստեղծություններ). Սովետական գրող.
Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մարգարյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մարգարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 302)։ |