ոլորմանը, հարթ և տարածական, ինչպես նաև խառն ու կոնտակտային խնդիրներին։
Երկ. Арутюнян Н. Х. и Абрамян Б. Л., Кручение упругих тел, М., 1963.
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Եվգենի Արամի (ծն. 1930), հայ սովետական ինժեներ֊ֆիզիկոս։ Տեխ. գիտ. դ֊ր, պրոֆեսոր (1968)։ Ծնվել է սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում։ 1953-ին ավարտել է Մոսկվայի մեխանիկ, ինստ֊ը։ 1953–58-ին՝ Մոսկվայի Կուրչատովի անվ. ատոմ. էներգիայի ինստ֊ի գիտ. աշխատող, 1958-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի միջուկային ֆիզիկայի ինստ֊ի (Նովոսիբիրսկ) բետատրոնների լաբորատորիայի վարիչ։ Միաժամանակ գլխավորում է Նովոսիբիրսկի էլեկտրատեխնիկական ինստ֊ի էլեկտրաֆիզիկական տեղակայումների և արագացուցիչների ամբիոնը։ Զբաղվում է բարձր էներգիաների արդյունաբերական սարքերի և ուժեղ֊հոսանքային արդյունաբերական արագացուցիչների հետազոտման, մշակման ու նախագծման աշխատանքներով։
Երկ. Бетатрон со спиральным накоплением электронов (группа авт.), «Журнал технической физики», 1965, т. 35, в. 4; Импульсный безжелезный синхротрон там же; On possibilities of transformer type accelerators, «Nuclear instruments and methods», 1968, v. 59, №1.
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Էդուարդ Ասլանի (ծն. 1923), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ծնվել է մայիսի 22-ին, Թբիլիսիում։ 1950-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ 1951–53-ին որպես կոմպոզիտոր կատարելագործվել է Մոսկվայում։ Հեղինակ է դաշնամուրային 2 կոնցերտների (1950, 1953), սոնատի, 24 պրելյուդների, վարիացիաների, համերգային պիեսների։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են՝ «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»֊ը։ Պրելյուդներից բացի լայն տարածում են գտել ռոմանսները (այդ թվում՝ Ա. Իսահակյանի խոսքերով՝ «Ես երգիչ եմ», «Սև աչերեն», «Հայրենիքիս», «Գիշերն եկավ»)։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Լևոն Հարությունի (ծն. 1928), հայ սովետական փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ծնվել է մարտի 11-ին, Ախալքալաքում։ Ավարտել է Մոսկվայի պետ. համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1950)։ 1957–69-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում որպես ավագ գիտաշխատող, 1969-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնում։ Զբաղվում է դիալեկտիկական մատերիալիզմի իմացության տեսության հարցերով։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խորեն Բաբկենի (ծն. 1930), հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1969)։ Ծնվել է ապրիլի 1-ին, Երևանում։ 1951-ին ավարտել է Երևանի թատերական ինստ֊ի դերասանական ֆակուլտետը, նույն տարվանից աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում։ Ա֊ի դերակատարումներից են՝ Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս», 1955), Ալեքսանդր (Վ. Փափազյանի «Ժայռ», 1957), Արմեն (Բորյանի «Կամուրջի վրա», 1959), Դրագադանօղլու (Յավորովի «Վիտոշի փեշերին», 1966, Բուլղարիայի ժողովրդական Հանրապետության կուլտուրայի և արվեստի կոմիտեի մրցանակ), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո» 1969), Մյասնիկյան (Դարյանի «Հանրապետության նախագահը», 1970)։ Կինոյում նկարահանվել է Արսենի («Առաջին սիրո երգը», 1958), Գևորգի («Սարոյան եղբայրներ», 1968, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1970 և Կիևի, Մինսկի համամիութենական կինոփառատոների մրցանակներ՝ 1969, 1970), Պավլեի («Մենք ենք, մեր սարերը», 1969) և մի շարք այլ դերերում։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խորեն Հարությունի (1900–1937), սովետական ռազմական գործիչ, դիվիզիայի կոմիսար։ Ծնվել է Նախիջևան քաղաքում։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Մասնակցել է Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը և քաղաքացիական կռիվներին, Միջին Ասիայում՝ բասմաչության վերացմանը։ 1930-ին ավարտել է Լենինգրադի Տոլմաչովի անվ. ռազմա֊քաղաքական ակադեմիան։ Եղել է Հայկական 76-րդ Կ. Վորոշիլովի անվ. լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար, քաղբաժնի պետ, ՀԿԿ Կենտկոմի անդամ (1933), ՀՍՍՀ ԿԳԿ֊ի (1931) և ԱՍՖՍՀ ԿԳԿ֊ի (1935) անդամ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մեդեա Վարդանի (ծն. 1932), հայ սովետական թավջութակահարուհի։ ՀՍՍՀ վաստ. արտիստուհի (1963), Հ. Վիհանի անվ. թավջութակահարների մրցույթի դափնեկիր (1955, Պրագա, 2-րդ մրցանակ)։ Ծնվել է մարտի 8-ին, Երևանում։ Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի (1956-ից)։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1956)՝ աշակերտելով Մ. Ռոստրոպովիչին։ Ելույթներ է ունեցել Ռումինիայում, ԱՄՆ֊ում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ 1962-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ռուբեն Թադեոսի (1881–1951), հայ իրանագետ֊լեզվաբան։ Բանասիրական գիտ. դ֊ր, պրոֆեսոր (1935)։ Ծնվել է փետրվարի 3-ին, Վայոց ձորի (այժմ՝ Եղեգնաձորի շրջան) Գնիշիկ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում (1909), Պետերբուրգի համալսարանում (1911)։ Զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում (1912–20), Իրանում (1921–46)։ 1935-ին Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946-ին վերադարձել է Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911-ից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն֊պարսկերեն֊հայերեն֊ռուսերեն֊անգլերեն բառարան»֊ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտ. 26-ին, Երևանում։
Երկ. Ֆերղովսին և իր Շահնամեն, հ. 1, Թեհրան, 1934։ Սայաթ֊Նովայի տաղերը․ ներածական հոդվածով, լեզվի ուսումնասիրությամբ, բառարանով և այլ հոդվածներով ու դիտողություններով, Թեհրան, 1943։ Dialectes des Israélites de Hamadan et d'Ispahan et dialecte de Baba Tahir, Tehran, 1936.
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սարգիս Ավետիսի (1915–1969), հայ սովետական գրող, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է դեկտեմբերի 29-ին, Շոշ (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակերտի շրջանի Շուշիքենդ) գյուղում։ Ապրել և ստեղծագործել է Ղարաբաղում։ Աշխատել է որպես մարզի ժողկրթության բաժնի վարիչ, կուլտուրայի մարզային վարչության պետ, կուսակցության Ղարաբաղի մարզկոմի քարտուղար ևն։ Լույս են տեսել Ա֊ի «Սերունդների հետ» (1957–1958) երկհատոր վեպը, «Մեր քաղաքը» (1963), «Ոլորաններում» (1967), «Հավատարմություն» (1967) գրքերը և այլ վիպակներ ու պատմվածքներ, որոնց նյութը Ղարաբաղի աշխատավորության ժամանակակից կյանքն է ու լեռնաշխարհի բնությունը։ Մահացել է հունիսի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սերգեյ Գյանջումի (ծն. 1925), հայ սովետական լեզվաբան։ Բան. գիտ. դ֊ր (1966), պրոֆեսոր (1970), ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ֊ի ժամանակակից հայոց լեզվի սեկտորի վարիչ (1959)։ Ծնվել է փետր. 14-ին, Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ա. զբաղվում է ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի համակողմանի ուսումնասիրությամբ («Արդի հայերենի դերանունները», 1956, «Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր», 1962, «Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական