Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
11:02, 27 Մայիսի 2023 տարբերակ, Գարիկ կյուրեղյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հեռավորությունից, հանդիսատեսը կարող է տեսնել միայն հարթ պատկեր։

Ռաստրային էկրանի վրա պրոյեկտման ավելի կատարյալ համակարգ է բազմաստերեոզույգային պրոյեկտումը, երբ էկրանի վրա միաժամանակ պրոյեկտվում է տարբեր կետերից նկարահանված միևնույն օբյեկտի պատկերների հաջորդական սերիա։ Մշակվում են ստերեոկինոն հոլոգրաֆիայի միջոցներով իրականացնելու եղանակներ։

Ստերեոկինո ստեղծելու փորձեր արվել են XIX դ․ վերջերին։ 1928-ին Է. Նոայոնը (Բելգիա) ցույց է տվել ստերեոկինոյի համար ռաստրային էկրանների օգտագործման սկզբունքային հնարավորությունը։ Առանց ակնոցի ստերեոկինոյի առաջին ցուցադրումը ՍՍՀՄ–ում իրականացվել է 1937-ին (Ս․ Պ․ Իվանովի 1935-ին առաջարկած եղանակով)։ Մոսկվայում և այլուր ցուցադրվել են «Ռոբինզոն Կրուզո» (1947), «Մեքենա 22–12» (1949), «Ոչ և այո» (1967), «Խորհրդավոր վանականը» (1968) և այլ ստերեոֆիլմեր։

ՍՏԵՐԵՈՍԿՈՊ (ստերեո... և հուն. σхοπέω-դիտել), օպտիկական սարք՝ տեղանքի կամ առանձին առարկաների նկարների դիտման համար՝ նրանց ծավալային ընկալմամբ: Նկարները պետք է ստացվեն երկու կետից և զույգ-զույգ ծածկվեն մեկը մյուսով, որն ապահովում է օբյեկտների հաղորդումն այնպես, ինչպես դրանք առանձին-առանձին տեսնում են մարդու աջ և ձախ աչքերը: Բոլոր ստերեոսկոպները կառուցված են նկարների վրա դիտվող ընդհանուր կետերից (օբյեկտների պատկերներից) եկող ճառագայթների այնպիսի շեղումների հաշվարկով, որ այդ կետերն ընկալվում են համատեղված ձևով:

Ստերեոսկոպը կիրառվում է գլխավորապես նկարների վերծանման համար, ընդ որում հայտնի են այդ սարքերի մոտ 100-ի հասնող զանազան կոնստրուկցիաներ։ Ստերեոսկոպները լինում են դյուրակիր, սեղանի և ստացիոնար։ Սեղանի և ստացիոնար ստերեոսկոպների մի մասը պատրաստվում է այնպես, որ հնարավորություն է տալիս կատարել նկարների մի շարք ստերեոզույգերի միաժամանակյա դիտում, սարքի սեղանի և նրա օպտիկական համակարգի փոխտեղաշարժման միջոցով։ Գիտատեխնիկական լուսանկարների առանձնապես մանրակրկիտ ուսումնասիրման համար օգտագործում են ստերեոմիկրոսկոպներ (խոշորացնում են մինչև 70, հատուկ գլխադիրներ կիրառելու դեպքում՝ 200 անգամ)։ ՍՍՀՄ–ում և արտասահմանում ստերեոսկոպների դյուրակիր և սեղանի մի քանի տեսակներ թողարկվում են չափիչ և գծագրային հարմարանքների հետ։

ՍՏԵՐԵՈՍԿՈՊԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ, լուսանկարչական ապարատ՝ նույն օբյեկտի երկու լուսանկարների միաժամանակ ստացման համար, որոնք կազմում են ստերեոզույգ։ Հանդերձված է երկու միանման օբյեկտիվներով, որոնք տեղադրված են միմյանցից 65 մմ հեռավորության վրա (մարդու աչքերի բիբերի միջև եղած հեռավորությունը, այսպես կոչված, աչքի ստերեոբազիսը)։

ՍՏԵՐԵՈՍԿՈՊԻԿ ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ, երկու օբյեկտիվով կինոնկարահանման ապարատ, որը նախատեսված է ստերեոսկոպիկ կինոնկարահանման համար։ Սովորաբար այդպիսի կինոապարատի հիմք է ծառայում մասնագիտական որևէ կինոնկարահանման ապարատ, որի կաոուցվածքում որոշակի փոփոխություններ և լրացումներ են կատարվում։ Նկարահանման ժամանակ կինոժապավենի վրա ստանում են ստերեոզույգի աջ և ձախ պատկերները, որոնք դասավորված են մեկը մյուսից վերև։ Ժապավենի շարժումը կատարվում է միանգամից կադրի կրկնակի բարձրության չափով։ Պրիզմային տարբեր գլխադիրների օգնությամբ կարելի է փոխել կինոնկարահանման ստերեոբազիսը։ Պատկերի մասշտաբի փոփոխման համար օգտագործում են փոխովի օբյեկտիվներ։ Օբյեկտիվների յուրաքանչյուր զույգը հանդերձված է այնպիսի հարմարանքներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ փոխել օբյեկտիվների հարաբերական բացվածքը և իրականացնել նրանց կիզակետումը։ Նախատեսված է օբյեկտիվների օպտիկական առանցքների դիրքը փոփոխելու հնարավորություն, որը թույլ է տալիս համընկեցնելու դիտման ճառագայթները։ Ստերեոսկոպիկ կինոնկարահանման ապարատը հանդերձված է ստերեոդիտոցով, որի միջով նկարահանման ժամանակ օպերատորը տեսնում է նկարահանվող օբյեկտների ծավալային պատկերը։ 70 մմ-անոց ժապավենի վրա ստերեոնկարահանում կատարելիս ստերեոզույգի աջ և ձախ պատկերները տեղադրվում են ժապավենի լայնքով՝ կողք կողքի։

ՍՏԵՐԵՈՏԻՊ (< ստերեո... և հուն. τύπος – այստեղ՝ տպահետք), բարձր տպագրության տպաձևի պատճենը (շարվածքը և կլիշեն)՝ 2–25,1 մմ հաստության թիթեղի ձևով։ Ստերեոտիպը երևան է եկել XVII դ․։ Լայնորեն կիրառվում է բազմատպաքանակ հրատարակությունների տպագրման համար։ Կախված պատրաստման եղանակից (տես Ստերեոտիպիա)՝ ստերեոտիպը անվանում են ձուլածո, գալվանապլաստիկ և մամլած։ Ըստ նյութի տեսակի ստերեոտիպերը լինում են մետաղե (բաղկացած տպագրական համաձուլվածքից կամ այնպիսի համաձուլվածքից, որի տպագրող մակերևույթին արված է ավելի ամուր մետաղի շերտ), պոլիմերային (պլաստմասսայե և ռետինե) և մետաղապոլիմերային (աշխատանքային կողմը՝ մետաղե, իսկ ներքևինը՝ պոլիմերային)։ Կոշտ ստերեոտիպերը (մետաղե և մետաղապոլիմերային), կախված տպագրական մեքենայի տեսակից, պատրաստում են հարթ (տիգելավոր և հարթ տպագրական մեքենա) կամ աղեղանման (այսպես կոչված կլոր կամ ռոտացիոն՝ ռոտացիոն մեքենաների համար)։

ՍՏԵՐԵՈՏԻՊ ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ, շարժուն նույնատիպություն (ֆիզիոլոգ․), մարդու և բարձրակարգ կենդանիների պայմանառեֆլեքսային գործունեության համեմատաբար կայուն համակարգ, որը մշակվում է որոշակի հաջորդականությամբ կրկնվող գրգռիչների ազդեցությամբ։ Դինամիկական ստերեոտիպ առաջացնող և պահպանող պայմանների խանգարման դեպքում այն կարող է փոփոխվել կամ անհետանալ։ Դինամիկական ստերեոտիպը գլխուղեղի կեղևի վերլուծող և սինթետիկ