Jump to content

Մակեդոնիայի անվան վիճարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիայի աշխարհագրական և քաղաքական բաժանումը      Մակեդոնիա (Հունաստան)      Հյուսիսային Մակեդոնիա

Մակեդոնիայի անվան վիճարկում (հուն․՝ Μακεδονία διαφωνία ονομασία), տարածաշրջանային ոչ զինված հակամարտություն հարավեվրոպական երկու պետությունների՝ Հունաստանի և նախկինում Հարավսլավական համադաշնության մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության միջև։ Հատկանշական է, որ հակամարտության նախադրյալները ձևավորվել են 20-րդ դարի առաջին տասնամյակում՝ Բալկանյան պատերազմների ֆոնին։ Մակեդոնիա երկրամասի անվան վիճարկումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում վերաճել է ռազմական հակամարտության և հանգեցրել Հարավսլավիայի կազմալուծմանն ու Մակեդոնիայի Հանրապետության (ի սկզբանե՝ Մակեդոնիայի նախկին սոցիալիստական հանրապետություն) անկախացմանը։ Այդ ժամանակից ի վեր այդ հակամարտությունն իր էական ազդեցությունն է թողնում Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի երկրների միջազգային հարաբերությունների վրա[1]։

Հույն-մակեդոնական հակամարտության վեճի առարկան Մակեդոնիայի հնագույն թագավորության ներկայիս տարածքի հյուսիսում Հարավսլավիայի տարրալուծումից հետո առաջացած հարավսլավոնական պետության կողմից որպես երկրի պաշտոնական անվանում «Մակեդոնիա» պատմական եզրույթի կիրառությունն է, որն իր հերթին արտացոլում է վերջինիս տարածքային հավակնությունները Հունաստանի Հանրապետության անքակտելի մաս կազմող մակեդոնական երկրամասերի նկատմամբ։ Հաշվի առնելով պատմական հանգամանքները, Հունաստանը դեմ է Մակեդոնիայի Հանրապետության կողմից «Մակեդոնիա» տեղանվան օգտագործումը և սատարում է վերջինիս անվանափոխությունը «Հյուսիսային Մակեդոնիա»-յի՝ նկատի ունենալով աշխարհագրական գործոնը[2]։ Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ միլիոնավոր հույներ իրենց համարում են էթնիկ մակեդոնացիներ՝ պատմական Մակեդոնիա պետության ժողովրդի ժառանգական իրավահաջորդներ։ Անվիճելի է նաև այն, որ սլավոնները որևէ գենետիկական կապ չունեն Հին Մակեդոնիայի բնակչության հետ և իրենց արմատներով սերում են Առաջավոր Ասիայից գաղթած և Արևելյան Եվրոպայում հաստատված հարավսլավոնական ցեղերի հետ։ Այնուամենայնիվ, Հունաստանն օբյեկտիվորեն օգտագործում է «մակեդոնացի» և «մակեդոներեն» եզրերը որպես հարևան երկրի ազգաբնակչության և ինքնատիպ լեզվի բնորոշիչներ։ Մակեդոնիայի Հանրապետությունը մեղադրվում է պատմականորեն հունական մշակույթի մաս հանդիսացող խորհրդանիշների յուրացման և նացիոնալիզացման մեջ։ Այս պնդման վառ ապացույցն է Մակեդոնիայի Հանրապետության 1991-1995 թվականների դրոշի վրա Հին Մակեդոնիայի և արդիականության ավանդույթների կապի խորհրդանիշ հանդիսացող Վերգինայի աստղի օգտագործումը, ինչպես նաև աշխարհակալ տիրակալ Ալեքսանդր Մեծի հորջորջումը որպես սլավոնական հերոսի։ Մակեդոնիայի Հանրապետության այս պնդումներն ու իրեդենտական քաղաքական հայացքները առաջ են քաշում տարածքային պահանջներ Հունաստանին, Բուլղարիային, Ալբանիային և Սերբիային։ Վեճը քննարկվում է միջազգային միջնորդության ամենաբարձր ատյանների օրակարգերում։

1995 թվականին Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, որից հետո կողմերը ձեռնամուխ են լինում ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների մեկնարկին։ Մի շարք երկրներ չեն ընդունում հարավսլավոնական այս պետության սահմանադրական անվանումը և վերջինիս անվանում են «Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն»։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայն են ընդունել բանակցությունների արդյունքում որոշված երկրանվանումը։ 2018 թվականի հունիսի 12-ին Սկոպյեում տեղի է ունենում Ալեքսիս Ցիպրասի և Մակեդոնիայի նախագահ Զորան Զաևի հանդիպումը, որի արդյունքում մակեդոնական կողմը համաձայնություն է տալիս «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» սահմանադրական անվանման օգտագործմանը[3]։ Վեճի հանգուցալուծումը պարզ կդառնա սպասվելիք հանրաքվեի անցկացումից հետո։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտության ակունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Մակեդոնացի՝ մակաեդոնական աշխարհակալ տերության տիրակալ, որի պետության սահմանները տարածվել են Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։

Մակեդոնիայի ներկայիս Հանրապետության տարածքում հեռավոր անցյալում գոյություն է ունեցել Պեոնիայի թագավորությունը, որը վասալական կախման մեջ է գտնվել Մակեդոնի հունամակեդոնական տերությունից։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա կայսրությունը բռնում է հետադիմության ուղին և ապա անկում ապրում։ Մ․թ․ա․ 168 թվականին հռոմեացիները նվաճում են Հունաստանը և վերջինիս ենթարկում նոր վարչատարածքային բաժանման։ Պատմական Հունաստանի բազմաթիվ հյուսիսային տարածքների հետ միասին Պեոնիան ևս մտում է «Մակեդոնիա» նահանգի կազմի մեջ։ Հատկանշական է այն, որ այս նահանգի մեջ ներառվում են նաև բազմաթիվ հունական տարածքներ, որոնք նախկինում Մակեդոնական թագավորության մաս չեն կազմել։ Նույն վարչատարածքային միավորը Հռոմեական կայսրությունից անցնում է վերջինիս արևելյան իրավահաջորդ Բյուզանդիային։ Բյուզանդական կայսրության կազմում ևս Պեոնիայի երկրամասը համընկնում էր Մակեդոնիայի Հանրապետության ներկայիս տարածքի հետ։ Իրավիճակը կտրուկ փոխվում է այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը ապաստակում է հունական աշխարհ և զավթում արևելյան Հռոմեական կայսրության մնացորդները։ Մակեդոնիան շարունակում է մնալ օսմանյան լծի տակ մինչև 1913 թվականը։ 1893 թվականին Մակեդոնիայում սկսվում է հակաթուրքական հեղափոխական շարժում, որը վերաճում է համամակեդոնական ապստամբության։ Այնուամենայնիվ, Իլինդենական ապստամբությունը խեղդվում է արյան մեջ, իսկ Հարավային Եվրոպայի թրքահպատակ տարածքներում՝ Բուլղարիայում, Հունաստանում և Սերբիայում, սկսվում են մոլեգնել ազգային-ազատագրական շարժումները։ Մակեդոնիայի տարածքը ևս դառնում է անկախության համար պայքարի գոտի և վերածվում ռազմական գործողությունների թատերաբեմի։ Մակեդոնիայի համար պայքարը երեք տերությունների միջև սկզբնավորվել է այս ժամանակներից։ Այդ մրցակցությունը 1912 թվականին հանգեցնում է Բալկանյան պատերազմների մեկնարկին, որի արդյունքում էլ Օսմանյան Թուրքիան վերջնականապես զրկվում է Բալկանյան թերակղզու իր տարածքներից (բացառությամբ Արևելյան Թրակիայի)։ Հաջորդ տարի սկսվում է Բալկանյան երկրորդ պատերազմը, որն ուղղված էր տարածաշրջանային ազդեցության բարձրացմանն ու սահմանների վերաձևմանը։ Այդ նպատակով միմյանց դեմ պայքարի էին բռնկվել Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան և Չեռնոգորիան։ Պատերազմի ավարտին կնքվում է Լոնդոնի պայմանագիրը, որով Չեռնոգորիան անցնում է Սերբիային, իսկ Հոնիական ծովի որոշ կղզիներ՝ Հունաստանին։ Առաջին աշխարհամարտի բռնկումը Բուլղարիային հնարավորություն է ընձեռում զբաղեցնել Արևելյան և Վարդարյան Մակեդոնիան։ Այս գործում բուլղարացիներին աջակցում էր Ավստրո-Հունգարիան, որը ռազմի դաշտում փայլուն հաղթանակ է տանում Սերբիայի նկատմամբ։ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բուլղարիան կապիտուլացվում է, իսկ արևելյան Մակեդոնիան բաժին է հասնում սերբերի, խորվաթների և սլովենների պետությանը։ Միևնույն ժամանակահատվածում Հունաստանի տարածքում ևս ստեղծվում է մակեդոնական պետություն[4]։ Դաշնային պետությունը 1929 թվականին վերանվանվում է՝ դառնալով Հարավսլավիայի թագավորություն, իսկ մերօրյա Մակեդոնիայի Հանրապետության տարածքը ներառվում է Հարավային Սերբիայի մեջ՝ կոչվելով Վարդար Բանովինա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում առանցքի ուժերը բռնազավթում են Հարավսլավիայի տարածքի մեծ մասը։ Առանցքի ուժերի մաս կազմող բուլղարական բանակը նույն տարում ներխուժում է Մակեդոնիայի Հանրապետության տարածք և ապա՝ նաև հունական Մակեդոնիա։ 1941 թվականի հունիսին Մակեդոնիայի Հանրապետության տարածքը բաժանվում է Բուլղարիայի և Իտալական Ալբանիայի միջև։ Հարավսլավիայի ժողովուրդների ազատագրական պատերազմը Մակեդոնիայի Հանրապետության տարածքում պաշտոնապես սկսվում է 1941 թվականին։ Նույն տարում Մակեդոնիայի ժողովրդի ազատագրման հակաֆաշիստական ժողովը Սերբիայում հանդիպում է ունենում Իլինդենական ապստամբության մասնակիցների հետ։ Վերջիններիս օրակարգում քննարկվում է Հարավսլավիայի սահմաններում մակեդոնական կիսանկախ պետության ստեղծանը վերաբերվող հարցեր։ Բանակցությունների արդյունքում Հյուսիսային Մակեդոնիայի 25 հազար կմ² տարածքների վրա ստեղծվում է Մակեդոնիայի սոցիալիստական հանրապետությունը, որն ի սկզբանե անվանվում էր Ժողովրդավարական Մակեդոնիա։ Միևնույն ժամանակ Հարավսլավիայի դաշնային ժողովը համադաշնությունը վերանվանում է Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՄՆՀՀ անվան վիճաբանություն Արխիվացված 2018-01-13 Wayback Machine, Հունական հանրապետություն, Արտաքին գործերի նախարարություն
  2. «Մակեդոնիայի Հանրապետություն թե՞ Հյուսիսային Մակեդոնիա». Կաթիմերինի. 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  3. «Մակեդոնիայի վարչապետը կոչ է անում հանրաքվե անցկացնել նոր անվան վերաբերյալ». Պոլիտիկո (անգլերեն). 2018 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. «Ռադիո ֆրի Եվրոպ». Osaarchivum.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.