Հոգեբանական դիտում
Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։
Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։
Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։
Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։
Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։
Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։
Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։
Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։
Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։
Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.
- Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
- Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
- Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
- Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
- Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
- Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
- Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։
Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։
Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։
Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.
- Իրական կամ արհեսատական
- Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
- Ինքնաբերական կամ կազմակերպված
- Ստանդարտ կամ յուրահատուկ
- Սովորական կամ էքստրեմալ
- Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։
Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.
- Անմիջական և ոչ անմիջական
- Վերբալ և ոչ վերբալ
- Կարճաժամկետ և երկարաժամկետ։
Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։
Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.
- Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
- Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
- Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
- Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
- Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։
Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտիվ (արտաքին) դիտում-ինքնադիտում (ներքին դիտում)
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտիվ դիտումը դիտում է դրսից. դիտողից դուրս գտնվող արտաքին օբյեկտների դիտում։ Որպես ուսումնասիրության ինքնուրույն միջոց՝ կիրառվում է հոգեբանության բոլոր բաժիններում, հատկապես սոցիալական, կրթության հոգեբանության մեջ և այլն; Դիտման այս տեսակի դեպքում ուրիշների հոգեկան երևույթների ուսումնասիրումը կապված է նրանց արտաքին դրսևորումների՝ շարժողական և վեգետատիվ ռեակցիաների, վարքի ընկալման հետ։
Ինքնադիտումը կամ ինտրոսպեկցիան սուբյեկտի՝ ինքն իրեն դիտումն է՝ սեփական գիտակցության և վարքի նկատմամբ։ Որպես գլխավոր տարր՝ մտնում է աուտոգեն մարզումների, աուտոհիպնոսի, հոգեբանական թրեյնինգի կազմի մեջ, որոնցում պահանջվում է հետևել սեփական ապրումներին և վարքին։
Դաշտային (բնական)-լաբորատոր (արհեստական) դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտային դիտումը օբյեկտների, նրանց առօրյա կյանքի և գործունեության դիտումն է իրական պայմաններում։
Լաբորատոր դիտումը դիտումն է արհեստականորեն ստեղծված պայմաններում։ Այդ արհեստականության մակարդակը տարբեր է՝ նվազագույնից՝ բնական զրույց սովորական պայմաններում, մինչև առավելագույն՝ հետազոտություն՝ հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Ընդ որում, դիտման այս տեսակը կիրառելի է ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլև արհեստական ցանկացած իրավիճակներում։ Բժշկական պրակտիկայում դիտման այս տեսակն անվանում են կլինիկական դիտում. հիվանդի նկատմամբ դիտում նրա բուժման գործընթացում։
Անհատական-կոլեկտիվ դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական դիտումն իրականացվում է մեկ դիտողի կողմից։ Կոլեկտիվ կամ խմբային դիտումն իրականացվում է մի քանի դիտողների համատեղ աշխատանքի միջոցով։ Ընդ որում, համատեղությունը որոշվում է, առաջին հերթին, ուսումնասիրության ընդհանրացվածությամբ (միասնական պլան, նպատակ, մեթոդիկա)։
Պատահական-մտադրված դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատահական դիտումը նախօրոք չպլանավորված դիտումն է, որն իրականացվում է անսպասելիորեն ստեղծված պայմաններում։ Դիտման այս տեսակը մեծ դեր ունի հատկապես հազվադեպ երևույթների ուսումնասիրման համար, որոնք կանխատեսել անհնարին է։ Օրինակ՝ մարդկանց վարքն արտակարգ իրավիճակներում։ Ուստի շատ կարևոր է, որ դիտողը նախապես պատրաստ լինի նման իրավիճակների, ունենա անսպասելիի նկատմամբ դիրքորոշում։
Տարբերում են պատահական դիտման երկու տեսակներ՝ կենցաղային, որը կատարվում է ցանկացած մարդու կողմից, ինչպես նաև մասնագետ-հոգեբանի կողմից ինքն իր և շրջապատող մարդկանց կամ կենդանիների նկատմամբ, և մասնագիտական, որն իրագործվում է պատահական՝ մասնագիտական գործունեության ընթացքում։ Այս կերպ գիտության մեջ շատ բացահայտումներ են կատարվել։ Օրինակ՝ պայմանական ռեֆլեքսը Պավլովի կողմից բացահայտվել է մարսողության ֆիզիոլոգիայի հետազոտության ընթացքում, այսինքն՝ այլ նպատակի ուսումնասիրման ժամանակ։
Մտադրված դիտումը նախօրոք պլանավորված դիտումն է, որը պահանջում է որոշակի նպատակներ։
Համակարգված-չհամակարգված դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգված դիտումը մտադրված դիտումն է, որն իրականացվում է նախօրոք մշակված պլանով, և, որպես կանոն, նախօորոք կա��մված գրաֆիկի համաձայն։ Այս մեթոդը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ ընթացակարգային և ժամանակային։
Առաջինը պահանջում է դիտման նպատակի և խնդիրների հստակ պատկերացում, դիտողի գործողությունների որոշակիություն և կանոնակարգվածություն, դիտվողների վարքային դրսևորումների գրանցման հստակ համակարգ։
Ժամանակային ասպեկտը բազմակի դիտումների պլանավորումն է և հաշվեկշռումը։ Այն շատ հաճախ օգտագործվում է լոնգիտյուդ (երկայնական) հետազոտություններում։
Չհամակարգված դիտումը ոչ խիստ դիտումն է՝ առանց որոշակի պլանի։ Ընթացակարգային տեսանկյունից ոչ համակարգվածությունը կարող է արտահայտվել դիտման որոշակի խնդիրների բացակայության, գրանցվող փաստերի չկանխատեսելու մեջ։ Ժամանակային ասպեկտում արտահայտվում է բազմակի դիտումների պատահականության մեջ։ Այսինքն՝ դիտման այս տեսակը բացառում է ուսումնասիրման գործընթացի ամբողջականությունը, ինչը հանգեցնում է հետազոտության ոչ հուսալի արդյունքների։ Այս մեթոդը նպաստում է մյուս կողմից անհատի կամ խմբային վարքի ընդհանրացված պատկերի ձևավորմանը։
Ամբողջական- ոչ ամբողջական դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջական դիտման ընթացքում դիտողի համար մատչելի առավելագույն ինֆորմացիան։ Նպատակն է օբյեկտի հստակ, մանրամասն ուսումնասիրումը։ Սակայն, «ամբողջականություն» հասկացությունը հարաբերական է, և նրա մակարդակը կախված է դիտողի օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորություններից։
Ոչ ամբողջական դիտման ընթացքում ուշադրություն է դարձրվում իրավիճակի և դիտվողների վարքի օպտիմալ պարամետրերի վրա։ Դրանց գրանցումը նախօրոք է որոշվում ՝ կախված դիտման պայմաններից։ Որպես կանոն, գործընթացի կարգավորումը չի սահմանափակում դիտողի գործողությունները, թույլ է տալիս մանրամասն հետևել գլխավոր խնդրին և մեծացնում է լրացուցիչ կարևոր փաստերի հայտնաբերման հավականությունը։
Համընդհանուր-ընտրողական դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համընդհանուր դիտումը օբյեկտի անընդհատ դիտումն է՝ առանց ընդմիջման։ Սովորաբար կիրառվում է կարճաժամկետ ուսումնասիրման դեպքում ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար։
Ընտրողական դիտումն իրականացվում է դիտողի կողմից ընտրված հատուկ ժամանակամիջոցներում։
Հաստատուն-գնահատողական դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատուն դիտման ընթացքում նկատված երևույթները և գործողությունները միայն գրանցվում են և քննարկման ենթակա չեն։ Այսինքն՝ դիտումն ուղեկցվում է դիտված երևույթների ամբողջական գրացմամբ, բայց առանց դիտողի վերաբերմունքի և գնահատականի արտահայտման։
Գնահատողական դիտումն ուղեկցվում է դիտողի կողմից իրավիճակի և գրանցված երևույթների գնահատմամբ։ Որպես գնահատողական դիտման տեսակներ՝ առանձնացվում են ընդհանրացնող դիտումը, որն ուղեկցվում է սեղմ գրանցումով՝ արտացոլելով դիտողի կողմից առավել նկատված փաստերը, մեկնաբանական դիտումը հիմնվում է համեմատման, դասակարգման գործընթացների վրա։
Ստանդարտ-ոչ ստանդարտ դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտ դիտումն իրագործվում է նախօրոք մշակված սխեմայով, գրանցման ձևով։ Ընդ որում, այս դեպքում հաճախ օգտագործվում են բլանկներ։ Կիրառվում է, երբ ուսումնասիրվող գործընթացը հասկանալի է, և պահանջվում է միայն ճշգրտում և լրացուցիչ ինֆորմացիայի ստացում։
Ոչ ստանդարտ դիտումը չկարգավորված դիտումն է, որի ընթացքում կատարվածի նկարագրումը դիտողի կողմից արտահայտվում է ազատ ձևով։ Այս մեթոդը թույլ է տալիս նոր ձևով դիտարկել օբյեկտը և տեսնել նախկինում չնկատած օրիանաչափությունները։
Բաց-փակ դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաց դիտման ընթացքում դիտվողները գիտեն որպես ուսումնասիրման օբյեկտ իրենց դերի մասին։ Սովորաբար հայտնի է նաև դիտողը։ Սակայն դիտողի հարաբերական ազատությունը այստեղ ուղեկցվում է որոշակի դժվարություններով։ Բացահայտելով ուսումնասիրման նպատակները՝ դիտողը կարող է զրկվել դիտվողի հետ համագործակցությունից և չկարողանալ ազդել նրա վարքի վրա։ Այս դեպքում դիտվողի վարքը կարող է դառնալ արհեստական։
Փակ դիտման ժամանակ հետազոտվողին չեն հայտնում այդ մասին, իրականացվում է նրանից անկախ։ Սակայն այս մեթոդը ուղեկցվում է դժվարություններով, երբ դիտվողն արդյունքում պարզում է, որ ինքը եղել է դիտման օբյեկտ։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ բացառում է փորձարկվողի վրա դիտողի ազդեցությունը։
Ներառված-չներառված դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառված դիտման ընթացքում դիտողը ներառվում է հետազոտվող խմբի մեջ և ուսումնասիրում այն, այսպես ասած, ներսից։ Առավելություններն են վառ տպավորությունները, հնարավորությունն ավելի խորը ներթափանցելու խմբի մթնոլորտի մեջ և հասկանալու մարդկանց ներաշխարհը։
Ներառված դիտման յուրահատուկ տարատեսակ է աշխատանքային մեթոդը, որի ընթացքում դիտողն ինքը կատարում է աշխատանքային գործողություններ այս կամ այն ոլորտում՝ ընդ որում համատեղ աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտում իրեն հետաքրքրող երևույթները։
Ոչ ներառված դիտումը դիտում է կողքից՝ առանց օբյեկտի վրա դիտողի ազդեցության։
Ուղղակի-անուղղակի դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղակի (անմիջական) դիտումն իրականացվում է հենց անմիջական դիտողի կողմից։
Անուղղակի դիտումն իրականացվում է միջնորդների միջոցով։ Միջնորավորում կարող է իրագործվել ոչ միայն մարդկանց կողմից, այլև տեխնիկական միջոցներով . օրինակ՝ դիտվողի բացակայության ժամանակ ձայնագրման սարքի օգտագործումը։
Դիտավորյալ-ոչ դիտավորյալ դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտավորյալ դիտման ընթացքում դիտողը դիտվողին դրդում է որոշակի գործողության։ Դա կիրառվում է ուսումնասիրվող երևույթի ընդգծման համար։
Ոչ դիտավորյալ դիտման ընթացքում բացակայում է հետազոտողի հատուկ դրդողական ազդեցությունը դիտվողի վրա։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանյան Ռ. Գալստյան Ա. Հոգեդիագնոստիկա։ Ուսումնական ձեռնարկ/ ԵՊՀ հրատ.,2012. 210 էջ։
- Ավանեսյան Հ. Մ՚. Փորձարարական հոգեբանություն։ Ուսումնական ձեռնարկ.-Եր.։ Էդիթ Պրինտ, 2010։
- Ананьев Б.Г. О проблемах современного человекознания։ 2-е издание-СПб.։ Питер,2001, с 206-214.
- Общая психодиагностика։ Учебное пособие/под. ред. Бодалева А. Столина В. В-изд. МГУ, 1987.
- Психологическая диагностика։ Учебное пособие/ под. ред. К.М. Гуревича и Е.М. Борисовой.-УРАО, 1997.
- Дружинин В.Н. Экспериметальная психология.-СПб։ Издательство Питер, 2000-320с.։-ил (Серия «Учебник нового века»).
- Никандров В.В. Экспериментальная психология, Учебное пособие. – СПб.։ Издательство «Речь», 2003. – 480 с.