Գմբեթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գմբեթ (այլ կիրառումներ)
Գմբեթ, հիմնականում կիսագնդաձև կամ տարբեր ուռուցիկության տարածական սնամեջ ծածկ կամ ծածկը կրող կոնստ��ուկցիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվելով հնագույն ժամանակներից հայկական ժողովրդական բնակելի տան ճարտարապետության մեջ՝ գմբեթը կատարելության է հասել միջնադարյան Հայաստանի եկեղեցական շենքերում (սրբագործված որպես երկնքի խորհրդանիշ, եկեղեցու հոգևոր իշխանության ընդհանրականության խորհրդապատկեր), որոնցից մեզ հայտնի վաղագույն օրինակներն են Էջմիածնի Մայր տաճարը (301–303, վերակառուցված 484 թվականին և 17-րդ դարում), պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի նկարագրած Շաղատի քառախորան, արտաքուստ ութանիստ, կենտրոնագմբեթ Ս. Ստեփանոս եկեղեցին (306–353) և Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի՝ 462 թվականին կառուցած Սրկղոնքի եռախորան, վերնահարկով, արտաքին սրահներով, երկգմբեթ Կաթողիկե եկեղեցին։ Գմբեթի կիրառման անուղղակի վկայությունն է, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլքում 4 սյուների վրա բարձրացող խորանարդաձև գմբեթի նկարագրությունը. «Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա»[1]։
Հայաստանում պահպանված հնագույն գմբեթը Տեկորի Ս.Սարգիս վկայարանինն է (478–490)[1]:
Հայկական գմբեթաշինությունն ունեցել է երկու զուգահեռ ուղղություն. մի կողմից՝ բազիլիկ եկեղեցիների գմբեթավորում, մյուս կողմից՝ կենտրոնագմբեթ կառույցների զարգացում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական գմբեթները կառուցվել են թմբուկներով, որոնք վաղ միջնադարում բազմանիստ էին (խորանարդաձև, վեցանիստ, մեծ մասամբ՝ ութանիստ, սակավ՝ 12- և 16-նիստանի), կղմինդրե սաղավարտաձև կամ քարե բրգաձև ծածկով, իսկ 10-րդ դարից՝ նաև գլանաձև, հովանոցաձև կամ կոնաձև վեղարով։ Հայաստանում կիրառվել է նաև կլոր հիմքի վրա առանց թմբուկի կիսագնդաձև գմբեթ (Բարձրյալ խաչ, 5–7-րդ դարեր)։ Սկզբնապես գմբեթատակ քառակուսուց անցումը թմբուկին կատարվել է տրոմպների միջոցով, իսկ 6-րդ դարի վերջից՝ նաև առագաստներով (Ավանի կաթողիկոսության Սուրբ Հովհաննես եկեղեցի)։ 7-րդ դարից հայկական ճարտարապետությունը, բացառապես գմբեթավոր դառնալով, ստեղծել է քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների մի շարք տիպեր, որոնք նորույթ էին քրիստոնեական ճարտարապետության մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 216 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1986։
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
- Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 3, Նյու Յորք, 1944։
- Թորամանյան Թորոս, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, 2, Երևան, 1942, 1948։
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1993։
- Токарский Н.М., Архитектура Армении Ⅳ— ⅩⅣ вв., Ереван, 1961.
- Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.
- Khatchaturian A., L'Architecture Arménienne de Ⅳe au Ⅵe siècle, Paris, 1971,
- Hasratian M., La coupole dans l'architecture arménienne aux Ⅳe—Ⅴe siecle, "Atti de Quinto Simposio Internazionale di Arte Armena — 1988", V., 1992.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գմբեթ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 108)։ |