Jump to content

Ֆիլիպ Զիմբարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Զիմբարդո
Philip George Zimbardo
Ծնվել էմարտի 23, 1933(1933-03-23)[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 14, 2024(2024-10-14)[3] (91 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Բնակության վայր(եր)Սան Ֆրանցիսկո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսոցիալական հոգեբան, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, հոգեբան, սցենարիստ և հեղինակ
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Եյլի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտՍոցիալական հոգեբանություն և հոգեբանություն[4]
Պաշտոն(ներ)Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ
ԱնդամակցությունԱմերիկյան հոգեբանական ասոցիացիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲրուքլինի քոլեջ (1954), Եյլի համալսարան (1959) և Ջեյմս Մոնրոյի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Գիտական ղեկավարՆիլ Էլգար Միլլեր
Եղել է գիտական ղեկավարՍքոթ Պլուս
Պարգևներ
Ամուսին(ներ)Կրիստինա Մասլակ և Rose Zimbardo?
Կայքzimbardo.com(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Philip Zimbardo Վիքիպահեստում

Ֆիլիպ Զիմբարդո (անգլ.՝ Philip George Zimbardo, մարտի 23, 1933(1933-03-23)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 14, 2024(2024-10-14)[3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի սոցիալական հոգեբան, Սթենֆորդի բանտային գիտափորձի կազմակերպիչ (1971), 2002 թվականի Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ, ��Հոգեբանությունը և կյանքը» դասագրքի, բազմաթիվ ներածական հոգեբանության գրքերի, քոլեջի ուսանողների համար դասագրքերի հեղինակ։ Հայտնի աշխատություններն են՝ «Լյուցիֆերի էֆեկտը», «Ժամանակի պարադոքսը», «Ժամանակի բուժումը» և այլն։ Նա «Հերոսական երևակայություն նախագծի» հիմնադիրն էր և նախագահը[9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Զիմբարդոն ծնվել է Երկարատև դեպրեսիայի (անգլ.՝ Long Depression) տարիներին՝ 1933 թվականի մարտի 23-ին, Սիցիլիայից ԱՄՆ ներգաղթած չքավոր ընտանիքում՝ Նյու Յորքի հարավային Բրոնքս շրջանում։

Զիմբարդոն բազմանդամ ընտանիքի ավագ զավակն էր։ Մանկության տարիներին ընտանիքի աղքատության և դժվար պայմաններում տարբեր հիվանդությունների (ասթմա, թոքաբորբ) պատճառով բուժվել է չքավորների համար նախատեսված հիվանդանոցներում։ Փոքր տարիքից մայրը լավատեսություն էր սերմանում ասելով.

Ամերիկայի համար բարի գործ արա, և Ամերիկան քեզ համար բարի գործ կանի։

Ընթերցանության նկատմամբ հետաքրքրության շնորհիվ դեռահաս Ֆիլիպը գրադարանից օգտվելու հնարավորություն է ստանում։ Նրա համար ցնցող նորություն է լինում ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կյանքի պատմությունը։ Իմանալով, որ Ռուզվելտն էլ իր նման հիվանդոտ երեխա է եղել, բայց բաց երկնքի տակ ֆիզիկական վարժություններով կոփել է իրեն, 12 տարեկան Ֆիլիպը որոշում է կոփվել «Ռուզվելտի բաղադրատոմսով»։ Գրեթե բոլոր հանգստյան օրերին ոտքով ճանապարհորդում էր ընկերների հետ, գիշերում էր Նյու Ջերսիի անտառներում, վրանների տակ։ Աստիճանաբար այնքան էր կոփվել, որ ձմռանն էլ էր վրանում քնում։ Սկսում է մասնակցել տարբեր սպորտային խաղերի։

Մոնրո բարձրագույն դպրոցը (Monroe High School) նրա համար «Գետտոյից դուրս գալու տոմս էր», քանի որ ուսուցիչները նրա ուշադրությունը կենտրոնացրեցին այլ բանի վրա. նա պետք է վարժվի իր հաճույքները հետաձգել, նպատակասլաց դառնալ, պլանավորել և քայլ առ քայլ հասնել մշակված պլաններին և վայելել նպատակներին հասնելու բերկրանքը։ Նրանք Ֆիլիպին կողմնորոշեցին դեպի ապագա, «թևեր աճեցրեցին, որ կարողանա բարձրանալ թռիչքի համար», առօրեական բավականություններից ու սահմանափակումներից վեր բարձրանա։

Արդեն բարձր դասարաններում Ֆիլիպը բարձրահասակ և ամրակազմ երիտասարդ էր, առաջնորդի հեղինակություն էր վայելում, դասարանի և եղբայրության նախագահ ընտրվեց։ Նրա դպրոցական ընկերը Սթենլի Միլգրեմն էր (հետագայում 20-րդ դարի փայլուն սոցիալական հոգեբան)։

Կրթության այդ տարիները հաճույքով էր հիշում` մինչև ընտանիքը տեղափոխվում է Կալիֆորնիա։ Այստեղի դպրոցում Ֆիլիպը հասկանում է ինչ է նշանակում մերժված լինել.

Դու իտալացի ես Նյու Յորքից, հնարավոր է, որ հանցագործների, իտալական մաֆիայի հետ կապ ունես, այդ պատճառով վախենում են քեզ հետ շփվել[11]։
- Համադասարանցիներից մեկի բացատրությունը Ֆիլիպին

Նրա մոտ սկսվում է ծանր հոգեսոմատիկ ասթմա և ընտանիքը ստիպված վերադառնում է հարազատ քաղաք, որտեղ արագ ապաքինվում է[11]։

Դպրոցն ավարտելուց հետո, ընդդիմանալով հոր կամքին, ընդունվում է Բրուքլինի քոլեջ։ Գումար հայթայթելու համար նա Բրոդվեյի թատրոններից մեկում ըմպելիքներ, ներկայացման ծրագրեր էր վաճառում, իսկ ընդմիջումների ընթացքում դասերն էր սովորում։

Եյլի համալսարանի տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին բակալավրի աստիճանը ստանալուց հետո ուսումը շարունակում է Եյլի համալսարանում։ Նա առաջին կիսամյակում գիտելիքներով հետ էր մնում իր ընկերներից։ Քրտնաջան աշխատանքի արդյունքները մեծ չէին։ Ծննդյան տոներից հետո ուսումը թողնելու մասին որոշումը անսպասելի էր ընտանքի համար, և մայրը նրբորեն խնդրել էր, որ մի կիսամյակ հետո թողնի ուսումը, քանի որ տանը պայմաններ չկան նրա մշտական բնակության համար։ Դա էր պատճառը, որ Ֆիլիպը սովորում է Եյլի գիտական լեզուն։ Նա սկսում է սահուն խոսել, գնում է կոստյում (tweed suit and tweed trousers) և «եյլական» դառնում։ Ավելի ուշ ամուսնանում է Բրուքլինի քոլեջի իր համադասարանցի Ռոզա Աբդելնուրի հետ։

Զիմբարդոն Եյլի համալսարան ընդունվել էր սոցիալական հոգեբանություն ուսումնասիրելու համար, սակայն որոշ ժամանակ առնետ-ալբինոսների վարքի ուսումնասիրությամբ էր զբաղվել։ Իրվինգ Ջանիսի պաթոլոգիական հոգեբանություն կուրսը հաճախելով սկսել էր հասկանալ, թե հանուն ինչի արժե սովորել համալսարանում։ Նա հաճախում է կոգնիտիվ դիսոնանսի տեսության դասերին։ Պատիվ ուներ լսել այդ տեսության հիմնադիր Լեոն Ֆեսթինգերի, Ջեկ Բրեմի դասախոսությունները, համատեղ հետազոտություններ կատարել Կառլ Հովլանդի (անգլ.՝ Carl Iver Hovland) հետ, որը Զիմբարդոյի հետ կատարած աշխատանքը կիրառել է Մուզաֆեր Շերիֆի հետ համագործակցելիս։

1955 թվականին մագիստրոսական կոչում ստանալուց հետո սկսում է դասավանդել Եյլի համալսարանում։ 1959 թվականին Եյլի համալսարանում ստանում է դոկտորական կոչումներ[12]։

Նյու Յորքի համալսարանի տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ղեկավար Նիլ Միլլերի խորհրդով Զիմբարդոն աշխատանքի է անցնում Նյու Յորքի Բրոնքսի համալսարանում[11][13]։ Աշխատանքի ընդունելիս հանձնաժողովի նախագահ Կենդլեռը հարցրել էր.

Ինչն է քեզ համար կարևոր՝ փառքը, ճանաչումը, թե փողը։

Զիմբարդոն ընտրել է ճանաչումը` ստանձնելով ավելի ցածր վարձատրվող (տարեկան 6000 դոլլար) դոցենտի աշխատանքը։

1960-1967 թվականներին Նյու Յորքի համալսարանում աշխատելուց հետո 1967-1968 թվականներին դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, իսկ 1968 թվականից Զիմբարդոն պրոֆեսորի պաշտոն է ստացել Սթենֆորդի համալսարանում։ 2002 թվականին ընտրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։

Հպարտությունը վեր հանելու ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հառլեմ գետով բաժանում է Հառլեմը (ձախից) Բրոնքս շրջանից (աջից)

1962 թվականի Կարիբյան ճգնաժամը, ավելի ուշ Վիետնամի պատերազմը ամենուր մեծացրել էր լարվածությունը։ Զիմբարդոյին մեղադրվել է Վիետնամի պատերազմը դադարացնելու օգտին ելույթներին և ցույցերին մասնակցելու մեջ։ Նա չէր մոռացել գետտոյում իր մանկության տարիները։ Այդ պատճառով ավելի ուշ, 1965 թվականին Նյու Յորքի համալսարանի ուսանողներից և պրոֆեսորներից կամավորների խումբ հավաքելով Հառլեմի դպրոցներում կամավորական ամառային աշխատանք է կազմակերպել։ Դասավանդում էին թվաբանություն, գրաճանաչություն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով, որոնցից մի մասը Ֆիլիպ Զիմբարդոն էր մշակել։ Դա մի նախագիծ էր, որտեղ աֆրոամերիկյան դեռահասների համար դասախոսություններ էին կարդում համալսարանի լավագույն պրոֆեսորները, նրանց հետ հանդիպումներ էին ունենում լավագույն իրավաբանները։ Աֆրոամերիկյան դեռահասների համար «Հպարտությունը վեր հանելու ծրագիր» էր իրականացվում, հրավիրել էին հայտնի աֆրոամերիկացիներ քաղաքի միջոցառումներին մասնակցելու համար, ներառյալ Էլլա Ֆիցջերալդի համերգները, ֆոտոցուցահանդեսները և այլն։ Ֆիլիպն ու իր գործընկերներն են ֆինանսավորում այդ նախագիծը (հիմնականում երեխաների սնունդը ապահովելու վրա է գումար ծախսվել)[11]։

Սթենֆորդի համալսարանի տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականը Ֆիլիպ Զիմբարդոյի կյանքում նշանավորվել է հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր աշխատելու հրավերով։ Այդ պաշտոնն իրենից առաջ զբաղեցնում էր իր պաշտելի Լեոն Ֆեստինգերը։ Նյու Յորքի համալսարանից Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորի պաշտոն անցումը Զիմբարդոն համարել է «ազգային մասշտաբի թռիչք»։ Եթե Նյու Յորքի համալսարանում իրեն զգում էր «մեծ ձուկ փոքր ակվարիումում», ապա Սթենֆորդում «շնաձկների հսկա ջրամբարի սովորական քառթակ»։ Այդտեղ դասավանդում էին Էնթոնի Աթկինսոնը, Ալբերտ Բանդուրան, Էլեանոր Մակկոբին, Ռոջեր Շեպարդը և այլ փայլուն հետազոտողներ և պրոֆեսորներ։

Կալիֆորնիա տեղափոխությունց հետո Զիմբարդոն խորացել է իր աշխատանքի մեջ։ Նա զբաղվել է իր «Հոգեբանությունը և կյանքը» գրքի ութերորդ հրատարակությամբ։ Այս դասագիրքը մեծ ճանաչում է ստացել, վաճառվել է 100 հազար օրինակ։ Սթենֆորդի պայմաններում կարողացել է նա լայն հետազոտական աշխատանք կատարել։ Այդպիսինն է նրա Սթենֆորդի բանտային գիտափորձը։

Սթենֆորդի բանտային գիտափորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Զիմբարդոն ստանձնել է Սթենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսորի պաշտոն։ ԱՄՆ Naval Research գրասենյակի կառավարության դրամաշնորհով նա անցկացրել է Սթենֆորդի բանտային գիտափորձ ուսումնասիրությունը։ Նպատակն էր ուսումնասիրել բանտային հոգեբանությունը։ Այդ նպատակով քոլեջի 24 լիովին ադեկվատ ուսանողներին պատահականության սկզբունքով բաժանել են «բանտարկյալներ» և «բանտապաններ» խմբերի, իսկ որպես «բանտ» ծառայել է հոգեբանության ֆակուլտետի նկուղը։ Պարզվել է, որ խաղի մասնակիցները շատ արագ ներգրավվել են իրենց դերերում. բանտապանները սկսել են սադիստական էմոցիաներ և մտադրություններ ցուցաբերել, իսկ բանտարկյալները՝ անհուսալիություն և դեպրեսիա դրսևորել։ Չնայած գիտափորձը պլանավորված է եղել իրականացնել երկու շաբաթվա ընթացքում, սակայն այն դադարացվել է ժամկետից շուտ՝ վեց օր անց, մասնակիցների էմոցիոնալ տրավմաների խորացումից խոսափելու համար[14]։

Այս գիտափորձը նմանեցվում է 1963 թվականին Յեյլի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Սթենլի Միլգրեմի կատարած Միլգրեմի գիտափորձի իրավիճակին, որը նկարագրված է նրա «Հնազանդության վարքագծային ուսումնասիրություն» (անգլ.՝ Behavioral Study of Obedience) հոդվածում։

Գիտափորձի ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի ընթացքում բանտի կառավարչի դերում եղել է Զիմբարդոն։ Գիտափորձը լուրջ ազդեցություն է ունեցել նաև հենց Զիմբարդոյի վրա։

Գիտափորձի ընթացքում ես աստիճանաբար սկսեցի մտածել որպես բանտի պետ։ Այսինքն ինձ համար առավել կարևոր էին բանտապանները և բանտը, քան բանտարկյալները։ Երբ ես տեսնում էի, թե ինչպես են տառապում այդ տղաները, ես չէի մտածում նրանց հուզական վիճակի մասին[15]։
- Դոկտոր Զիմբարդո
Ես ընդամենը ուզում էի տեսնել, թե երբ կսկսեն բողոքել, կպատասխանեն ինձ նույն կերպ։ Սակայն, ի զարմանս ինձ, որևէ հակաճառելու, ինձ զսպելու փորձ չեղավ... Նրանք պարզապես ընդունում էին այն, ինչ ես ասում էի։ Ես ասացի. «Գնա ու ասա այն տղային, որ ինքը կեղտի կտոր է», ու նրանք հնազանդորեն դա արեցին։ Ես իսկական նողկալի բաներ էի ասում, բայց նրանք, միևնույն է, լռում էին։ Ինչու՞[16]:
- Զիմբարդոն բանտապանների վարքագծի վերաբերյալ

Գիտափորձի թեմայով գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենֆորդի բանտային գիտափորձի մասին Ֆիլիպ Զիմբարդոն գրել է «Լյուցիֆերի էֆեկտը» գիրքը (2007 թվական), որտեղ օր առ օր նկարագրված են իրադարձությունները, նաև ներառված են մասնակիցների հարցազրույցները[16]։

Գիտափորձի թեմայով ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձը լուսաբանել են բազմաթիվ ֆիլմեր, հարցազրույցներ։ Այդ թվում՝

  • Լյուցիֆերի էֆեկտը գրքի հիման վրա 2015 թվականին նկարահանվել է համանուն՝ «Սթենֆորդի բանտային գիտափորձ» ամերիկյան գեղարվեստական ֆիլմը (ռեժիսոր՝ Կայլ Պատրիկ Ալվարես, Զիմբարդոյի դերում՝ Բիլ Կռուդապ)[17]։
  • Վավերագրական ֆիլմ՝ «Սթենֆորդի բանտային գիտափորձը ֆիլմի առանձնահատությունը»[18]։

Ընտանեկան խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յեյլի համալսարանում աշխատանքի անցնելուց հետո Զիմբարդոն ամուսնանում է Բրուքլինի քոլեջի իր համադասարանցի Ռոզա Աբդելնուրի հետ։ 1962 թվականին ծնվում է Զիմբարդոյի որդին՝ Ադամը։ Ընտանիքում լարվածությունն աճում էր, քանի որ Ֆիլիպը շատ ծանրաբեռնցած էր աշխատանքով։ Հրաշալի հիշողությամբ և լեզուների նկատմամբ ընդունակությամբ էր օժտված որդին։ Սակայն նա քնում էր ընդամենը երկու ժամ և սուր ցավերից տառապում էր իր կյանքի առաջին 18 ամիսների ընթացքում։ Երբ թերապևտներից մեկը պատճառը պարզելով անհրաժեշտ դիետա նշանակեց, ընտանիքը կարողացավ հանգիստ քնել։ Զիմբարդոն և կինը՝ Ռոզին շատ էին աշխատում ընտանիքի բարեկեցությունն ու իրենց կարիերան ապահովելու համար։ 1968 թվականին Կալիֆորնիա տեղափոխվոլը չփրկեց նրանց ամուսնությունը։ Զույգը որոշեց բաժանվել։ Զիմբարդոն ծանր էր տանում այդ փաստը և լիովին խրվեց աշխատանքի մեջ։

Ֆիլիպ Զիմբարդոյի և Կրիստինա Մասլաչի հարսանեկան նկարը, 1972 թվական

Զիմբարդոյի երկրորդ կինը Կրիստինա Մասլաչն է (ծնվել է 1946 թվականի հունվարի 21, Սան Ֆրանցիսկո), Բերքլի համալսարանի սոցիալական հոգեբան, հոգեբանության պրոֆեսոր։ 1971 թվականի օգոստոսին նա նոր էր ավարտել իր դոկտորականը Սթենֆորդի համալսարանում և Բերքլի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում որպես դոցենտ դասավանդելու առաջարկ էր ստացել։ «Սթենֆորդի բանտային գիտափորձի» մասին նա լսել էր իր փեսացուից՝ Զիմբարդոյից և նրա ընկերներից, սակայն տեղափոխության հետ կապված զբաղվածության պատճառով որևէ մասնակցություն չէր ցուցաբերել նախապատրաստական և ընթացիկ աշխատանքներում։ Սակայն Գիտափորձի հինգերորդ օրը Զիմբարդոյի խնդրանքով նա գնաց բանտ՝ որպես անձնական ծառայություն, մասնակիցների հետ հարցազրույց վարելու նպատակով։ Նա մեծ ցնցում ապրեց իր տեսածից։ Կրիստինա Մասլաչը բարձրաձայնեց է իր առարկությունը բանտում տեղի ունեցող պայմանների և գիտափորձը շարունակելու անբարոյականության վերաբերյալ։ Այդ կապակցությամբ նրա մասնագիտական ուղղվածության վերաբերյալ Ֆիլիպ Զիմբարդոն գրում է.

Ես հարցրեցի, թե ինչպես նա կարող է լինել լավ հետազոտող, եթե գիտափորձի ընթացքը այդպիսի բուռն էմոցիաներով է ընկալում։ Ես ասեցի, տասնյակ մարդիկ են իջել այս բանտ, և ոչ մեկը այդպես չի արձագանքել... Նա համարում էր, որ ես սխալ եմ։ Այդ երիտասարդները տառապում են։ Որպես գիտական ղեկավար ես պատասխանատվություն եմ կրում նրանց տառապանքի համար։ Նրանք բանտարկյալներ չեն, փորձարկվողներ չեն, այլ տղաներ, երիտասարդներ, որոնց հակահումանիստականացնում են և անպատվում այլ տղաներ, որոնք կորցրել են բարոյական կողմնորոշումները[19]։
- Ֆիլիպ Զիմբարդո Լյուցիֆերի էֆեկտ. ինչպես են լավ մարդիկ չարագործներ դառնում

Փորձը դադարեցնելը մեծ ջանքեր պահանջեց Կրիստինա Մասլաչից. ամբողջ գիշեր Զիմբարդոյի հետ բուռն վիճաբանության արդյունքում, վերջինս ի վերջո համաձայնվեց դադարեցնել փորձը։

Կրիստինա Մասլաչը գիտափորձի վերաբերյալ նկարահանված ֆիլմի մասին հարցազրույցում՝ «ո՞րն է ֆիլմի և իրականության տարբերությունը» հարցին պատասխանել է այսպես.

Ֆիլմի վերջում Ֆիլը և ես կարճ վիճաբանություն ենք ունենում և ես անհետանում եմ, հետո Ֆիլը վերադառնում է բանտ, տեսաժապավեններով տեսնում է ինչ է տեղի ունեցել և որոշում է կայացնում դադարեցնել հետազոտությունը, բայց իրականում ես և Ֆիլը մեծ վիճաբանություն ունեցանք այդ գիշեր և ի վերջո նա ասաց.- «Դու ճիշտ ես, ես հենց հիմա կանգնեցնում եմ դա»։ Այսինքն նա հետազոտությունը կանգնեցնելու որոշումը կայացրել էր մինչև բանտ վերադառնալը[20]։

Այդ փորձից շատ կարճ ժամանակ անց նրանք ամուսնացան (1972

Մարդասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Զիմբարդոն շարունակում է ուսումնասիրել անհատի վրա իշխանության ազդեցությունը.

Իմ նոր ուսումնասիրությունների նպատակն է ձերբազատվել բռնաճնշման վրա կողմնորոշված կառավարման հին մոդելներից, և իշխանությունը կիրառել հասարակության մեջ մարդասիրական ինստիտուտներ ստեղծելու համար[15]։
- Ֆիլիպ Զիմբարդո

Այլ ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սթենֆորդի բանտային գիտափորձից հետո մարդկանց օգնելու ուղիներ փնտրելով Զիմբարդոն սկսել է հետաքրքրվել է մեծերի և փոքրերի ամաչկոտությամբ։ Այսօր Զիմբարդոն այդ բնագավառի առաջատար փորձագետ է։ Նրա «Ամաչկոտություն. ինչ է դա և ինչ անել դրա հետ» գիրքը թարգմանվել է 10 լեզուներով։ «Ամաչկոտ երեխա» գիրքը բազմաթիվ անգամ վերահրատարակվել և բեսթսելլեր է դարձել։ 1970-ականներին հիմնել է Ամաչկոտության կլինիկա Կալիֆորնիայի Պալո Ալտո և Մենլո Պառկ քաղաքներում[21]։ Կլինիկաներում ամաչկոտության ճանաչողական նորարարական թերապիան արդյունավետորեն գործում է արդեն 25 տարի։ Նա կատարել է ուսումնասիրություններ ուղեղների լվացման (անգլ.՝ mind control) և խարիզմատիկ պաշտամունքային վարքագծի վերաբերյալ[22]։
  • 2006 թվականի սեպտեմբերից Զիմբարդոն Պալո Ալտո համալսարանի հոգեբանության պրոֆեսոր է, որտեղ սոցիալական հոգեբանության դոկտորական ուսանողներին կլինիկական հոգեբանություն է դասավանդում։
  • Այսօր Ֆիլիպ Զիմբարդոն Սթենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր է, որպես հոգեբանության բազմաթիվ ոլորտների ստեղծագործ հետազոտող համաշխարհային ճանաչում է վայելում։ Բազմաթիվ մրցանակներ է ստացել իր մանկավարժության և գրքերի համար, հետազոտությունների և մեդիա արտադրանքի համար։
  • ��իմբարդոն համահեղինակ է «Հոգեբանությունը և կյանքը» խորագրով ներածական հոգեբանության դասագրքի, որն օգտագործվում է ամերիկյան բազմաթիվ համալսարանների բակալավրիատի հոգեբանության դասընթացներում։
  • Զիմբարդոն «Ժամանակակից հոգեբանության ձայն և կերպար» է անվանվել PBS հեռուստատեսությունում Discovering Psychology հեռուստատեսային վավերագրական ֆիլմաշարի համար, որոնք կիրառվում են հեռավար ուսուցում իրականացնելու համար[23] և «Հոգեբանություն և կյանք» դասագրքի հանրաճանաչության համար, որը լույս է տեսել 17 անգամ։
  • 2002 թվականին նա ընտրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։
  • 300 -ից ավելի մասնագիտական հրատարակումների հեղինակ է, այդ թվում 50 գիրք։
  • Զիմբարդոն ունիվերսալ է իր հետաքրքրություններում և հետազոտություններում, չնայած նրա հիմնական գործը սոցիալական հոգեբանությունն է։ Նա ուսումնասիրում է տասից ավելի ոլորտներ՝ կենդանիների վարքից մինչև մարդու ուսումնասիրություն. դավանանք, համոզմունքներ, հիպնոս, վանդալություն, բռնություն, ահաբեկչություն, չարություն, զայրույթ, ժամանակի հոգեբանություն և ժամանակային հեռանկարներ։
  • 2015 թվականին Զիմբարդոն համահեղինակեց «Տղամարդն անջատված է. Ինչպես է տեխնոլոգիան սաբոտաժի ենթարկել այն, ինչ նշանակում է լինել տղամարդ» (Man (Dis)connected: How Technology Has Sabotaged What It Means To Be Male)[24] գրքի համահեղինակությամբ, որում հավաքված հետազոտություններն հաստատում են այն թեզը, որ տղամարդիկ գնալով ավելի են անջատվում հասարակությունից։ Նա պնդում է, որ երկու ծնողից բաղկացած տնային տնտեսությունների բացակայությունը և իգական սեռի վրա հենված կրթությունն ավելի գրավիչ են դարձրել վիրտուալ աշխարհը՝ վիդեո խաղերից կամ պոռնոգրաֆիայից կախվածության վտանգ ներկայացնելով[25]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Influencing Attitudes and Changing Behavior. Reading, MA: Addison Wesley Publishing Co., 1969, ISBN 0-07-554809-7
  • The Cognitive Control of Motivation. Glenview, IL: Scott, Foresman, 1969
  • Canvassing for Peace: A Manual for Volunteers. Ann Arbor, MI: Society for the Psychological Study of Social Issues, 1970, ISBN
  • Stanford prison experiment: A simulation study of the psychology of imprisonment, Philip G. Zimbardo, Inc., 1972
  • Influencing Attitudes and Changing Behavior (2nd ed.). Reading, MA: Addison Wesley., 1977, ISBN
  • Shyness: What It Is, What to Do About It, Addison Wesley, 1990, ISBN 0-201-55018-0
  • The Psychology of Attitude Change and Social Influence. New York: McGraw-Hill, 1991, ISBN 0-87722-852-3
  • Зимбардо Ф. Застенчивость. — М.: Педагогика, 1991.
  • Зимбардо Ф. Застенчивость: Что это такое и как с ней справляться: Исследования проведены в сотрудничестве с П. А. Пилконисом. — СПб.: Питер: Питер-пресс, 1995.
  • Psychology (3rd Edition), Reading, MA: Addison Wesley Publishing Co., 1999, ISBN 0-321-03432-5
  • The Shy Child: Overcoming and Preventing Shyness from Infancy to Adulthood, Malor Books, 1999, ISBN 1-883536-21-9
  • Зимбардо Ф. Социальное влияние / [Пер. с англ. Н. Мальгина, А. Федорова]. — СПб.: Питер, 2000.
  • Зимбардо Ф., Андерсен С. Объяснение контроля сознания: экзотические и повседневные манипуляции сознанием // Журнал практического психолога. — 2000. — № 1-2. էջ 8—34. անգլերենից ռուսերեն թարգմանություն Ե. Ն. Վոլկով, Ի. Ն. Վոլկովա
  • Violence Workers: Police Torturers and Murderers Reconstruct Brazilian Atrocities. Berkeley, CA: University of California Press, 2002, ISBN 0-520-23447-2
  • Psychology - Core Concepts, 5/e, Allyn & Bacon Publishing, 2005, ISBN 0-205-47445-4
  • Psychology And Life, 17/e, Allyn & Bacon Publishing, 2005, ISBN 0-205-41799-X
  • Зимбардо Ф., Рэдл Ш. Застенчивый ребенок: как преодолеть детскую застенчивость и предупредить ее развитие / անգլերենւց ռուսերեն թարգմանությունը Ե. Դոլինսկայի — М.: АСТ: Астрель, 2005.
  • The Lucifer Effect: Understanding How Good People Turn Evil, Random House, New York, 2007, ISBN 1-4000-6411-2
  • The Time Paradox: The New Psychology of Time That Will Change Your Life, Simon & Schuster, New York, 2008, ISBN 1-4165-4198-5
  • The Journey from the Bronx to Stanford to Abu Ghraib, pp. 85–104 in "Journeys in Social Psychology: Looking Back to Inspire the Future", edited by Robert Levine, et al., CRC Press, 2008. ISBN 0-8058-6134-3
  • Зимбардо Ф., Бойд Дж. Парадокс времени. Новая психология времени, которая улучшит вашу жизнь / [Пер. с англ. О. Гатановой] — СПб.: Речь, 2010.
  • Зимбардо Ф. «Эффект Люцифера. Почему хорошие люди превращаются в злодеев.» Լյուցիֆերի էֆեկտ անգլերենից ռուսերեն թարգմանությունը Ա. Ստատիվկա, Մոսկվա, Альпина нон-фикшн հրատարակություն 2013 ISBN 978-5-91671-106-6.
  • Salvatore Cianciabella (prefazione di Philip Zimbardo, nota introduttiva di Liliana De Curtis). Siamo uomini e caporali. Արխիվացված 2013-08-12 Wayback Machine Psicologia della dis-obbedienza. Franco Angeli, 2014. ISBN 978-88-204-9248-9.
  • Man (Dis)connected, Zimbardo, Philip, Coulombe, Nikita D., Rider/ Ebury Publishing, United Kingdom, 2015, ISBN 978-1846044847

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Philip G. Zimbardo
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. https://www.spssi.org/index.cfm?fuseaction=page.viewpage&pageid=938
  8. WILBUR CROSS MEDAL RECIPIENTS BY YEAR 1966 – 2023Yale University.
  9. Phil Zimbardo, Ph.D. Heroic Imagination Project.
  10. Heroic Imagination Project Psychology Teacher Network | November 2012
  11. 11,0 11,1 11,2 11,3 ЛЕГЕНДЫ ПСИХОЛОГИИ. ПРОФЕССОР ФИЛИПП ДЖ. ЗИМБАРДО Психологическая газета 21.09.2006
  12. Tugend, Alina (January 10, 2014). In Life and Business, Learning t՝o Be Ethical. Նյու Յորք Թայմս
  13. Phil Zimbardo Remembers Neal Miller April 15, 1954. Retrieved November 7, 2011.
  14. The Stanford Prison Experimen
  15. 15,0 15,1 Виктория КУПЧИНЕЦКАЯ«Общество удачи» для заключенного. АМЕРИКАНА. «Настоящее Время», Նյու Յորք 2015 թվական 16 հուլիսի
  16. 16,0 16,1 Зимбардо Ф. «Эффект Люцифера. Почему хорошие люди превращаются в злодеев.» «Լյուցիֆերի էֆեկտը» գրքի անգլերենից ռուսերեն թարգմանությունը Ա. Ստատիվկա, Մոսկվա, Альпина нон-фикшн հրատարակություն, 2013, ISBN 978-5-91671-106-6.
  17. Psychology: The Stanford Prison Experiment BBC Documentary. 2015 թվական փետրվարի 20
  18. Feature Film - The Stanford Prison Experiment (Documentary)
  19. Philip Zimbardo. «The Lucifer Effect: Understanding How Good People Turn Evil»
  20. «Professor Emerita Christina Maslach recalls famous prison study, now a movie. Where does it most diverge?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  21. «"The Palo Alto Shyness Clinic"». web.archive.org. 1996 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 1996-11-14-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.
  22. What messages are behind today's cults? The APA Monitor/May 1997 By Philip Zimbardo, PhD
  23. «Resource: Discovering Psychology: Updated Edition». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  24. Zimbardo, Philip; Coulombe, Nikita D. (2015 թ․ մայիսի 7). Man Disconnected: How technology has sabotaged what it means to be male (անգլերեն). Random House. ISBN 978-1-4735-2769-0.
  25. Jeffries, Stuart (2015 թ․ մայիսի 9). «Psychologist Philip Zimbardo: 'Boys risk becoming addicted to porn, video games and Ritalin'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին.
  26. Award: Phil Zimbardo to receive the APA's Gold Medal Award. Արխիվացված 2013-01-16 Wayback Machine Stanford University Psychology Department.
  27. Málková, Olga «Havel ocení odborníka na temné stránky duše» (in Czech). Mladá fronta DNES (2005-10-05).
  28. Caprara, G. V.; Barbaranelli, C.; Zimbardo, P. G. (6 February 1997). "Politicians' uniquely simple personalities". Nature 385 (6616)։ 493. Bibcode:1997Natur.385..493C. doi:10.1038/385493a0.
  29. A simple choice. The Guardian. Guardian News and Media Limited.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Զիմբարդո» հոդվածին։